25.11.2024

Аналитика

Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են աշխարհի համար

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Կարծես թե գնալով գերակշռող է դառնում տեսակետը, որ Արցախում այսօր լուծվում է ավելի համապարփակ խնդիր, քան երկու հայկական պետությունների սահմանների ու բնակավայրերի անվտանգության պաշտպանությունը: Խոսքը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծած թուրք-ադրբեջանական ելուզակների նկատմամբ ՀՀ զինուժի, ըստ էության, պատժիչ գործողությունների մասին է, ինչը միանգամայն տեղավորվում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության տրամաբանության ծիրում: Այլ կերպ ասած` սա պատերազմ է ոչ միայն հայոց հողի ու հայրենիքի համար, այլ նաեւ Հարավային Կովկասին ուղղված լրջագույն մարտահրավերների դեմ: Իսկ արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը վկայում է այդ երկրի հեռագնա նպատակների ու մտադրությունների մասին կամ ավելորդ անգամ վերահաստատում է դրանց առկայության փաստը:

Ակնհայտ է, որ Թուրքիայի` Հարավային Կովկաս մտնելու եւ այնտեղից ծավալվելու նախագիծը երկար, մանրազնին մշակված նախապատրաստական փուլ է անցել, որի մեջ միայն վերջին շրջանում ներառված էին Տավուշի սահմանին այս տարվա հուլիսի 12-ին հրահրված մարտական գործողությունները, օգոստոսին Նախիջեւանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունները եւ սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ այս հարձակումը, որն արդեն բազում ավերածություններ ու մարդկային զոհեր է պատճառել, եւ որի վերջը դեռ չի երեւում: Այլեւս գաղտնիք չէ, որ Թուրքիան այս պատերազմի գլխավոր դերակատարն է, որը տարածաշրջանում կենտրոնացրել է ամենաարդիական զենք-զինամթերք, Բաքու է գործուղել թուրք մասնագետներ, սպաներ եւ Մերձավոր Արեւելքից Ադրբեջան տեղափոխած մեծաքանակ ահաբեկիչներ, որոնք հերթափոխով կռվում են առաջնագծում:

Եվ եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա փոքրիկ Արցախի դեմ կռվում են ահաբեկչական ոչ պակաս հակումներ ունեցող Թուրքիան, Ադրբեջանը եւ Մերձավոր Արեւելքից փողի դիմաց բերված ահաբեկչական հոծ խմբավորումներ: Խնդիրն ավելի լայն համատեքստում դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը` սիրիացի վարձկան ահաբեկիչների հետ մեկտեղ, ձեռնամուխ է եղել օսմանյան հայտնի գաղափարախոսության իրագործմանը` իբրեւ պատրվակ օգտագործելով արցախա-ադրբեջանական հակամարտության արագ կարգավորման հրամայականը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական փաստարկն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 30 տարի ի վիճակի չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: «Եվ քանի որ արդյունք չկա, դրան հասնելու ժամանակն է եկել, եւ Ադրբեջանը սկսել է քայլեր ձեռնարկել ինքնուրույն «պորտալարը կտրելու» ուղղությամբ»,- Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Էրդողանը:

Իրականում ո´չ Ադրբեջանի եւ ո´չ էլ, առավելեւս, Թուրքիայի համար բուն Լեռնային Ղարաբաղն օրախնդիր չէ: Սա Էրդողանի համար ուղղակի երջանիկ պատեհություն է համաթուրանական ծրագրի շրջանակում կատարելու վճռորոշ քայլը` հայաթափելու Հայաստանը եւ ամրանալու տարածաշրջանում` հետզհետե դառնալով առանցքային դերակատար: «Ժամանակին Թուրքիան ՆԱՏՕ-ի հլու-հնազանդ երկիր էր, այսօր նեոօսմանական գաղափարախոսությամբ տառապող Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, որը 14-15 երկրներում ունի սեփական ռազմահենակետերը։ Թուրքիան ձգտում է դառնալ ավելի կարեւոր ռեգիոնալ խաղացող` գլոբալ մասշտաբի, եւ հիմա պատեհ առիթ է իր ամբիցիաներն իրականացնելու համար»,- «168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ Ըստ նրա, Թուրքիայի` Անդրկովկաս մտնելու նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ, ընդհանրապես, Եվրոպայի  համար։

Անտարակույս է, որ Էրդողանի ախորժակը` հատկապես Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու հարցում, անհագ է: Նախորդ վերլուծականում հղում կար նրա նշանավոր խոսքին, թե հայերը մեր սրի մնացուկն են, «եւ հայերի հետ մեր գործը տակավին ավարտված չէ»: Այս արտահայտությունից հինգ ամիս է անցել, եւ Էրդողանը ցանկանում է ապացուցել, որ Հայոց մեծ եղեռնը շարունակելու մասին իր ակնարկները հենց այնպես քամուն նետված խոսքեր չեն: Դե, հո պարզ չէ՞ր ասելու, որ Հայաստանն ու Անդրկովկասի հայերը միակ խոչընդոտն են դեպի հյուսիս, հյուսիս-արեւելք եւ արեւելք Թուրքիայի ծավալման եւ «Մեծ Թուրանի» բաղձալի նպատակի կենսակոչման ճանապարհին, եւ պիտի չքվեն այդ ճանապարհից, եթե չեն ուզում կոտորվել: Էրդողանի` «Հայերի հետ մեր գործը տակավին ավարտված չէ» ասույթը ինքնին պարզ սպառնալիք է: Եվ այս օրերին մեզանում ժամանակ առ ժամանակ հնչող ահազանգերը, թե հայերն այս պատերազմում պարտվելու իրավունք չունեն, թե մենք կենացմահու կռիվ ենք տալիս, թե սա օրհասական, բախտորոշ գոյամարտ է եւ այլն, այնքան էլ հիմնազուրկ չեն:

Ավելի քան մեկդարյա վաղեմության Հայոց մեծ արհավիրքի ուրվականը էրդողանների կերպարանքով նորից է հայտնվել` շարունակելու ապուպապերի ոճիրը` բնաջնջելու հայերին եւ ամայացնելու մեր ոստանները: Բարեբախտաբար` հայը հարյուր տարի առաջվա խեղճ ու կրակ, անպաշտպան ու անհայրենիք հանրույթը չէ եւ ի զորու է ոչ միայն պաշտպանել սեփական հողը, երկիրը, ընտանիքն ու մարդկային արժանապատվությունը, այլեւ համարժեք հակահարված հասցնել իր սրբությունների դեմ սուր ճոճող անկոչ, ամբարտավան քոչվորի մռութին: Ավելին` հայոց բանակն այսօր սոսկ անվտանգության եւ Արցախում պետականության ու ազգի համար գոյաբանական նշանակություն ունեցող խնդիրներ չէ, որ լուծում է: Իրականում նրա գործողությունները դուրս են հայկական զույգ պետությունների անվտանգային տիրույթից եւ առնչվում են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համակարգին, որի պաշտպանությունը, հանձին Արցախի եւ Հայաստանի զինված ուժերի, հուսալի ձեռքերում է:

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համոզմունք է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը Էրդողանն է: «Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում, աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա է Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը։»,- ասել է Սիրիայի նախագահը։ Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից ԼՂ հակամարտության գոտի վարձկաններ տեղափոխելու մասին տվյալներ է բացահայտել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԿ): «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ նոր հարթակ միջազգային ահաբեկչական կառույցների համար, որտեղից գրոհայինները կներթափանցեն Ադրբեջանի ու Հայաստանի հարեւան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասել է այդ երկրի ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը` հավելելով, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ ու միանշանակ աջակցությունը ԼՂՀ-ում այժմյան սրացման նոր արտաքին գործոն է:

Նարիշկինի խոսքը մասնավորապես «Ջաբաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաեւ քրդական ծայրահեղ խմբավորումների մասին է, որոնցում ընդգրկված հազարավոր ծայրահեղականներ, ըստ երեւույթին, հույս ունեն գումար աշխատել արցախյան նոր պատերազմում։ Ահա թե ինչու հայկական զինուժը ստիպված է տեղային բնույթի անվտանգության գործառույթներ իրականացնելուց զատ` հանդես գալ տարածաշրջանում Թուրքիայի առաջխաղացումը եւ դեպի բաղձալի նպատակ նրա հետագա էքսպանսիան զսպողի դերում: Թե ինչ է սա նշանակում թուրքական ահաբեկչական բանակի ծավալապաշտական նկրտումները խափանելու եւ հայկական զինված ուժերի կարեւոր միջազգային առաքելությունը գիտակցելու առումով, կարծում եմ` հավելյալ պարզաբանումների կարիք չկա: Ռուսաստանը, կարծես թե, արդեն հասկանում է:

Իսկ գիտակցո՞ւմ է արդյոք միջազգային հանրությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, նույնիսկ` տարածաշրջանի, այլեւ աշխարհի համար: Եթե չի գիտակցում` ուրեմն ՀՀ դիվանագիտական-քաղաքական վերնախավը, ԱԳ նախարարությունը, դեսպանական-հյուպատոսական անձնակազմերը եւ խորհրդարանական դիվանագիտությունը վատ են աշխատում: Դա է, թերեւս, պատճառը կամ պատճառներից մեկը, որ այսօր աշխարհում, ինչպես ցույց է տալիս պատերազմը, մենք ավելի քիչ իրական բարեկամներ ունենք, քան «ֆեյք» բարեկամներ, եթե չասենք` բացահայտ թշնամիներ: Մեր համապատասխան պետական կառույցներն այդպես էլ չկարողացան թուրք-ադրբեջանական լրջագույն սպառնալիքը, որն ամենեւին էլ նոր չէ, դարձնել հնարավորություն` աշխարհին ցույց տալու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հայկական պետությունների իրական տեղն ու դերը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության երաշխավորի նրանց անփոխարինելի առաքելությունը:

Փա´ռք ու պատիվ հայոց պանծալի Զինված ուժերին, հազար փա´ռք թշնամու ողնաշարը ջարդող մեր քաջակորով տղաներին:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.