26.11.2024

Еженедельный Обзор

9-16 հունվարի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նրա հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ: Չորս ժամ տեւած բանակցություններից հետո կողմերը ստորագրել են հայտարարություն Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին: «Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ այդ նպատակով կձեւավորվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները: Առաջիկայում նրանք կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տարածաշրջանի տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր։

…Հայկական կողմի համար անկյունաքարային է ռազմագերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողական-փրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Այս մասին Փաշինյանի՝ Մոսկվա այցի նախօրեին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը: Նրա պարզաբանմամբ՝ առանց նշված հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, «եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»: Փորձելով փարատել «Մեղրիի միջանցքի» առնչությամբ որոշ շրջանակների մտահոգությունները, խոսնակը վկայաբերել է 2020 նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի մեջ, ըստ նրա, չկա ոչ Մեղրիի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Խոսնակն իրավացի է՝ «Մեղրիի միջանցք» բառեզր ո՛չ նոյեմբերի 10-ի, ո՛չ էլ հունվարի 11-ի հայտարարության մեջ օգտագործված չէ, սակայն խնամքով փաթեթավորված ձեւակերպմամբ այդ դրույթը տեղ է գտել մոսկովյան վերջին եռակողմ փաստաթղթի 4-րդ կետում: Այնտեղ սեւով սպիտակի վրա նշված է, որ մինչեւ 2021թ. մարտի 1-ը կողմերը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնեն Ադրբեջանի (հասկանալ՝ Նախիջեւանի) եւ Հայաստանի (հասկանալ՝ Մեղրիի) տարածքով իրականացվող «միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման ու կառուցման միջոցառումների իրականացման ցանկը եւ ժամանակացույցը»: Այնուհետեւ շարադրանքը շարունակվում է ավելի պարզեցված. «…նույն կերպ՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Մեծ հաշվով՝ Հայաստանի օրակարգում տրանսպորտային հաղորդակցությունների անհրաժեշտության հարց չկա, եւ դա միանգամայն հասկանալի է: Հայաստանը չունի հզոր արդյունաբերություն, հետեւաբար եւ՝ մեծաքանակ բեռնափոխադրումների կարիք, մեր երկրի ապագան, ինչպես բազմիցս ընդգծվել է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որի համար խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքների առկայություն չի պահանջվում: Մեր ներքին ճանապարհները՝ գումարած կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղին, բավարարում են մեր պահանջմունքները: Ստացվում է, որ Սյունիքում նախատեսվող ծրագրերը բոլոր առումներով շահեկան են Ռուսաստանի, Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի համար, բայց՝ ոչ Հայաստանի: Ավելին, տնտեսագետների համոզմամբ՝ Սյունիքում թուրքական կապիտալի ներկայությունը մեր երկրի տնտեսության տակ դրված դանդաղ գործողության ական է:

Մոսկովյան հանդիպումից Նիկոլ Փաշինյանը վերադարձավ ձեռնունայն, եթե չասենք՝ պարտված: Նրա «դուխը» չհերիքեց անգամ օրակարգ բերել ռազմագերիների վերադարձի հարցը, որին ժամ առ ժամ սպասում են դժոխային պայմաններում պահվող գերիներն ու նրանց հարազատները: Ըստ երեւույթին, Ադրբեջանն ավելի մեծ ակնկալիքներ ուներ, չնայած նոյեմբերի 10-ի հայտարարությամբ նա ստացել էր այն ամենը, ինչ ցանկանում էր: Նույնիսկ այդ հայտարարության որոշ կետեր անարգել խախտել էր եւ շարունակում է խախտել իր օգտին: Բերենք մեկ օրինակ. փաստաթղթի 1-ին կետում հստակ ասված էր, որ կողմերը կանգ են առնում «այս պահի դրությամբ» իրենց զբաղեցրած դիրքերում: Նշյալ պահի դրությամբ դեռ հայկական վերահսկողության տակ էին Խծաբերդը, Հին Թաղերը, Հադրութը, անգամ՝ Շուշին: Ուրեմն այդ ինչպե՞ս ստացվեց, որ Լեռնային Ղարաբաղի անբաժանելի տարածքները շատ հեշտ ու հանգիստ հայտվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Միգուցե՝ «բանավոր պայմանավորվածությա՞մբ»: Եթե՝ այո, ապա այդ մասին պետք է հանրությունն իմանա: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ «բանավոր պայմանավորվածություն» կոչվածը բացառապես մեկ կողմի օգտին է միշտ աշխատում: Այսպես՝ սահմանների տեղորոշման ընթացքում, որը GPS համակարգով միակողմանիորեն իրականացնում է ադրբեջանական կողմը, որպես կանոն, հայկական գյուղեր, ճանապարհներ, այգիներ, առանձին տներ, վարելահողեր ու արոտավայրեր են անցնում Ադրբեջանին, ընդորում՝ հազարավոր հեկտարներով: Շուռնուխ գյուղում հակառակորդի տարածքում է մնացել նույնիսկ գյուղացու տան մերձակայքում կառուցված անասնագոմի մի մասը: Մարդ չի իմանում՝ խնդա՞, թե լա: Որոտան գյուղում տեղի ունեցածը հաստատ լացելու բան է: Ադրբեջանցիները ներխուժել են գյուղացու երկհարկանի շքեղ առանձնատուն, դուրս հանել տանտերերին եւ հաստատվել այդտեղ՝ անգամ չթողնելով, որ մարդիկ հավաքեն իրենց իրերը: Սահմաններին բացարձակ անտերություն է: Միակ համակարգը, որն այս օրերին անխափան աշխատում է, պաշտոնյաների պարգեւավճարային «հոսքագիծն» է:

Այս ամենի համապատկերին զավեշտալի է հնչում մոսկովյան հանդիպման ժամանակ Փաշինյանի մտահոգությունը, թե՝ «Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը: Դա ամենազգայուն հարցն է»: Կարելի է մտածել, որ մյուս բոլոր հարցերը լուծել է, մնացել է այդ մեկը: Իրականում պարտության խորհրդանիշ հանդիսացող առաջնորդն այլեւս անկարող է հարց լուծել՝ լինի ներհայաստանյան, թե արտաքին քաղաքական: Ինչ վերաբերվում է ռազմագերիներին, ապա այդ հարցն անձամբ Ալիեւի վերահսկողության տիրույթում է եւ կարող է լուծում ստանալ միայն այն դեպքում, երբ նա ցանկանա: Իսկ Ադրբեջանի նախագահն այդ հարցում շտապելու ոչ մի մոտիվացիա չունի: Բանն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա ՀՀ-ն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել նրա բոլոր գերիներին՝ այդ թվում Արցախում խաղաղ բնակիչների սպանություն կատարած եւ ցմահ դատապարտված երկու անձի:

Բաքվում պահվող մեր ռազմագերիների ստույգ թիվը հայտնի չէ, պաշտոնապես հաղորդվում է 110-120 մարդու մասին, սակայն իրականում մի քանի անգամ ավելին է: Մի մեծ խմբի՝ 62 հոգու, որոնց գերեվարել էին Հադրութում իրենց զինվորական ծառայությունն իրականացնելիս, Ալիեւը համարում է ահաբեկիչներ եւ պատրաստվում է դատել որպես ռազմական հանցագործների: Չնայած չի բացառվում, որ նրանց վերադարձնելու դիմաց որեւէ տարածք կամ ենթակառուցվածք պահանջի: Իլհամի ախորժակը բացվել է, Նիկոլը դարձել է նրա «ոսկե ձկնիկը»: Երկրի աղետալի ընթացքը կասեցնելու միակ տարբերակը, ըստ «Հայրենիքի փրկության շարժման», դավաճան իշխանության հեռացումն է:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը հունվարի 11-ին հրապարակել է առողջությունը վերականգնելու նպատակով Անգլիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որում նկարագրված է բովանդակային պետության կառուցման անխուսափելիության բանաձեւը: «Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը»,- իր հոդվածն այսպես է սկսում Սարգսյանը՝ նշելով, որ պետականությունը վերականգնելու՝ հայության երազանքը բխում էր ոչ միայն սեփական մշակույթը, ինքնությունն ու պատմությունը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտությունից, այլ նաեւ սեփական ճակատագրի տերը դառնալու ձգտումից:

…Հոդվածագրի դիտարկմամբ՝ միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զոհը, ինչպես եղավ հայերիս հետ Օսմանյան կայսրության օրոք: «Այն ազգերը, որոնք կարողացան ժամանակին սթափ վերլուծել իրենց անհաջողությունների ու տառապանքների պատճառները, աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական եւ զարգացման ծրագրեր, կարողացան ստեղծել համակարգային բարձր որակի պետություններ՝ ունակ ոչ միայն բավարարելու իրենց քաղաքացիների ներքին կարիքներն ու նրանց պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, այլեւ պայմաններ ապահովել, որոնք թույլ են տալիս մրցակցել ռեգիոնալ եւ նույնիսկ մեծ տերությունների հետ, համադրել նրանց հետ սեփական շահերը կամ առանձին դեպքում դառնալ իրական ու կարեւոր դաշնակից»,- նկատում է Սարգսյանը:

Ըստ նրա, առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված եւ չլուծված խոր արմատական խնդիրների հետեւանքն են: Նախագահը համարում է, որ մեզ չհաջողվեց կապիտալացնել նախորդ դարի 90-ական թվականների ռազմական հաջողությունները, երբ հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ պատմական տարածքներ ետ բերեցինք հակառակորդի կողմից պարտադրված պատերազմում: «Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե իրականում ինչքան ենք թերագնահատել պատմության այդ նվերը: Փոխանակ փոքր երկրների եւ ժողովուրդների հաջողված օրինակների հիմքի վրա պետական ու ազգային շինարարության բովանդակալից ծրագրեր կազմելու, մենք զբաղվեցինք առավելապես իմիտացիոն գործունեությամբ»,- գրում է Սարգսյանը՝ նկարագրելով իշխանության երեք ճյուղերի միջեւ պատասխանատվության իրական բաժանման վրա հիմնված պետական կառավարման համակարգի արդյունավետ մոդելի իր տեսլականը:

Հետադարձ հայացք ձգելով 1994-ի Արցախի ազատագրումից ի վեր ընդհուպ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածի վրա, նախագահն ընդգծում է, որ ավելի քան քառորդ դար մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ հայեցակարգ: Հոդվածագրի խոսքով՝ գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու մարտավարություն, որն ի սկզբանե դատապարտված էր: Մեր հակառակորդը, ըստ նրա, քսան տարի շարունակ պնդում էր, որ թույլ չի տալու Կովկասում երկրորդ հայկական պետության ստեղծում, ձեռք էր բերում ժամանակակից զենքեր, զբաղվում ակտիվ միջազգային լոբբինգով, իր ազդեցության ցանցերն էր ստեղծում ամբողջ աշխարհով հանուն մեկ նպատակի՝ ռեւանշի: «Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման եւ ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին եւ ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը եւ այլն»,- համոզմունք է հայտնում հեղինակը:

Արմեն Սարգսյանն այնուհետեւ շարունակության մեջ նշում է, որ մենք տանուլ տվեցինք նաեւ տեղեկատվական պատերազմում՝ թե արտաքին, թե ներքին դաշտում, եւ տարիներ շարունակ ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Այդ առնչությամբ նա գրում է. «Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երեւակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն եւ գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ եւ դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ»: Այս ամենը թոթափելու համար, ըստ Սարգսյանի, մեզ հսկայական ջանք է պետք, դառն իրականության աչքերին նայելու կամք եւ քաջություն:

Ռազմի դաշտում եւ արտաքին ճակատում տանուլ տված կառավարությունը, հոդվածի հեղինակի համոզմամբ, պետք է պատասխանատվություն կրի: Տեղի ունեցածի մեջ նա արծարծում է նաեւ իր՝ ՀՀ նախագահի դերի ու պատասխանատվության խնդիրը՝ նշելով, որ առկա իրավիճակում միակ տրամաբանական եւ քաղաքակիրթ դեղատոմսը ողջամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ ԸՕ-ի եւ Սահմանադրության փոփոխություններով: «Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձեւավորվի Ազգային համաձայնության կառավարություն»,- գրում է Սարգսյանը: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը նա տեսնում է երեք նպատակների իրականացման մեջ՝ ա/ պատերազմի անմիջական հետեւանքների վերացում, բ/ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից պետության դուրսբերում եւ գ/ գալիք ընտրությունների համար խելամիտ ժամկետներում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի եւ, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ:

«Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլեւս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ եւ նպատակասլաց: Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը եւ անհետեւողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարներն ու մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ»,- հոդվածն ամփոփում է նախագահը՝ հավելելով, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, եւ այս անգամ՝ չսխալվելու, գրագետ ու պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով: «Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միեւնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ»,- եզրափակում է Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ «Չորրորդ Հանրապետությունը» կդառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային եւ բովանդակային հիմքը:

Հոդվածում ներառված են որոշակի ծրագրային տարրեր, որոնք կարող են օգտակար լինել նոր կառավարության ռազմավարությունը մշակելիս: Այն բովանդակում է փորձի ու գիտելիքի բավական հուսալի պաշար, որի օգտագործումը, անշուշտ, կխթանի Հայաստանում առկա հասարակական-քաղաքական, տնտեսական, գաղափարական եւ բարոյահոգեբանական կոլապսի հաղթահարումը, ընդհանուր մթնոլոտի առողջացումը: Մնում է ափսոսալ, որ նախագահն անցած երկուսուկես տարում գործնական կիրառության հուն չէր տեղափոխել այն ամեն դրականն ու արժեքավորը, որոնք արծարծված են սույն ծրագրային հոդվածում: Բայց գոնե լավ է ուշ, քան՝ երբեք:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին հեռավար խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Նույն օրը Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ` ռուս-հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հունվարի 11-ից Հայաստանում կարանտինը երկարաձգվում է եւս վեց ամսով՝ մինչեւ 2021 թվականի հուլիսի 11-ը ժամը 17:00-ն: Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս ՀՀ-ում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող սահմանափակումների որոշակի մեղմացումներ: Ի մասնավորի՝ ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը եւ փակ միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

Արցախի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը» եւ դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանն ու խաղաղապահ ջանքերի խաթարմանը: Հունվարի 13-ին տարածված հաղորդագրությունում նշված է, որ նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է եւ հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում:

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի ՊԲ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:

Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա երկաթգծի կառուցման ծախսը գնահատվում է 434 միլիոն դոլար։ Նման հաշվարկ է արել Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների եւ հաղորդակցության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վյուսալ Գասըմլին։ Նրա խոսքով՝ Կարս-Նախիջեւան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգիծը Ադրբեջանը կկապի Նախիջեւանի ինքնավարության հետ, իսկ Հայաստանը կարող է տրանսպորտային կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Գասըմլին նշել է, որ օգտագործելով Ադրբեջանի հնարավորությունները, Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ կապ ունենալ երկու երկաթգծով՝ Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու եւ Իջեւան-Ղազախ-Բաքու ուղղություններով։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.