Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հունվարի 6-ին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, որի առիթով նախօրեին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Ճրագալույցի պատարագ մատուցվեց: Պատարագին մասնակցում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների տարբեր պաշտոնյաներ: Ներկա էին նաեւ հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնական մասը արցախցիներ:
Ճրագալույցի երեկոյին տեսաուղերձով ժողովրդին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանը՝ այս անգամ ընթերցելով «Թագավորը հույսը դնում է տիրոջ վրա» սաղմոսը, որի ընտրությունը, հավանաբար, պատահական չէր. սաղմոսում կան մեղսագործ «թագավորի» հոգեվիճակը նկարագրող տողեր. «Հանուն քո անվան, Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատիր ինձ վշտերից, տես իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողություն արա իմ բոլոր մեղքերին… Տես, թշնամիներս որքան բազմացան եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին: Պահպանիր ինձ ու փրկիր ինձ, եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի քեզ վրա»:
Իսկ վերջում իրեն թույլ է տալիս սաղմոսից դուրս, բայց, իբր, նույն ոգով հավելել. «Փրկիր, Աստված, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից»: Լավ, մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այսկերպ կարող է խոսել Ամենայն հայոց հայրապետը, մի կողմ դնենք նույնիսկ Արցախի անունը հնչեցնելու նրա զարմանալի համարձակությունը: Ինչպե՞ս հասկանալ, որ Արցախի «բոլոր նեղություններից» խոսում է վերջինիս ամենաշատ նեղությունները պատճառած անձը: Ի՞նչ կմտածեն քո մասին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում այդ պահին հավաքված արցախցիները, որոնց հազարամյա հայրենիքն առանց աչքդ թարթելու նվիրեցիր թուրք ազերուն:
Եվ, ի վերջո, քանի՞ գրոշ արժե Սուրբծծնդյան տոնի կապակցությամբ ժողովրդին հղած տեսաուղերձը մի ղեկավարի, որը փոքրոգաբար արգելել էր տարեմուտի գիշերը «Հ1»-ով հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը: Ըստ երեւույթին, Փաշինյանի «սրտով» չէր ուղերձի հետեւյալ հատվածը. «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, եւ զորեղ մնա հավատն առ Աստված»։
Սակայն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա խորհրդատուները չարաչար վրիպել են. նրանց հաշվարկները հակառակ արդյունքն են տվել՝ Վեհափառի ուղերձի արգելումը զանգվածային աննախադեպ ընթերցում է ապահովել Հայաստանում եւ նրանից դուրս: Իզուր չեն ասում. «Արգելված պտուղը քաղցր է լինում»:
Նոր տարին ՀՀ կառավարության ղեկավարը սկսեց աղմկոտ քննարկումների առիթ դարձած մարզային ստուգայցերով, որոնց ընթացքում արդեն շահագործման պատրաստ նորակառույց դպրոցներում, մարզադահլիճներում եւ այլ շինություններում ի հայտ եկան թերավարտ, կիսակատար գործեր: Փաշինյանի թիրախում գլխավորապես մանրուքներն էին՝ մարզադպրոցներում հագուստի կախիչները, դռների բռնակները, լոգասենյակներում ցնցուղները, ծորակները, այլ մանր-մունր մասեր: Նա անձամբ էր ստուգում դրանց որակը եւ շինարարների ու վերանորոգողների բարեխղճությունը՝ տեղ-տեղ ուժի գործադրմամբ փորձելով կախիչների կամ ծորակների ամրացվածությունը:
Մարզեր կատարած այցերի արդյունքներից դժգոհ Փաշինյանը չվարանեց զբաղեցրած պաշտոններից ազատել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: Բայց աշխատանքից ազատելը, ըստ էության, չարիքի փոքրագույնն էր, առանցքային իր կադրերից երեքին նա հանրորեն ստորացրեց, նրանց արժանապատվությունը հողին հավասարեցրեց մի բանի համար, որի մեղավորն անմիջական ղեկավարն էր՝ աշխղեկը, տեղամասի պետը, տեխվերահսկիչը, բայց ոչ նախարարը: Նախարարը տվյալ ոլորտի զարգացման քաղաքականության մշակողն ու իրականացնողն է:
Իհարկե, նախարարները եւ, ընդհանրապես, փաշինյանական կադրերն ամենախիստ քննադատության են արժանի: Բայց ոչ լոգասենյակում թույլ ամրացված ցնցուղի կամ սանհանգույցի դռան թափանցիկ ապակու համար: Վերին աստիճանի տհաճ տեսարան էր, երբ վարչապետ կոչվող անձը տեսախցիկների առջեւ քանդում է ցնցուղը, մեկնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հանձնարարելով նրան իմանալ, թե տեխնիկական բնութագրով ինչ արժե եւ շինարարն ինչ գնով է ձեռք բերել։ Տիկինը՝ ի պատիվ իրեն, չի վերցնում ցնցուղը, եւ անհարմար իրավիճակը հարթում է նախարարուհու կողքին կանգնած տղամարդը՝ Փաշինյանի՝ օդում կախված ձեռքից վերցնելով այն:
Խոշոր հաշվով՝ ի՞նչ է նշանակում այս էժանագին զավեշտախաղը, երբ երկրի ներսում կուտակված սոցիալական, անվտանգային եւ բազում այլ խնդիրների հենքին պետության թիվ մեկ ղեկավարը տարին սկսում է մանրաթեմա, անկարեւոր գործերից ու աղմկալի պաշտոնանկություններից: Հանուն ինչի՞ նա որոշեց զոհաբերել թիմակիցներին, քանզի պատիժն ակնհայտորեն համարժեք չէր նախարարներին վերագրելի «մեղքին»: Ոմանք Փաշինյանի գործողությունները համարում են հնարավոր արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկ, ուրիշները՝ նրա գահավիժող վարկանիշը փրկելու ազդակ կամ «տեր-տիրականի» իր դիրքն ընդգծելու մղում:
Ամեն դեպքում պատճառը զուտ անձնական ինչ-ինչ շահագրգռություն է, սեփական իշխանությանը սպառնացող ինչ-ինչ վտանգի զգացողություն: Չի բացառվում, որ նա պատրաստվում է նոր զիջումների, եւ սույն «ցնցուղապատումը» ուղղակի հանրության զգոնությունը բթացնելու, իրեն «սրտացավ», «խստապահանջ ղեկավարի» կերպարով ցույց տալու միջոց է:
Շաբաթն աղետաբեր էր ՀՀ զինված ուժերում. հունվարի 9-ին՝ մեկ օրվա ընթացքում, երկու զինծառայող մահացավ, ընդ որում՝ ոչ մարտական պայմաններում: Առավոտյան ժ. 06:20-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով. գործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել: Դրանից ժամեր անց մեկ այլ զորամասի պահպանության տեղամասում էլ հայտնաբերվեց ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ դարձյալ հրազենային վնասվածքով: ՀՀ ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է քննություն:
Ի դեպ, երկրորդ միջադեպին, որը տեղի էր ունեցել ժամը 11:30-ին, ՊՆ լրատվականն անդրադարձել էր ուշ երեկոյան, երբ լրատվամիջոցներում արդեն շրջանառվում էր ավագ լեյտենանտի մահվան գույժը: Չլիներ մամուլի արագ արձագանքը՝ պաշտոնական հաղորդում վայ թե, ընդհանրապես, չտարածվեր, ծածկադմփոց արվեր: Այժմ նախնական վարկածով առաջին դեպքի առնչությամբ կա կասկածյալ՝ ի դեմս ձերբակալված ժամկետային զինծառայողի, իսկ երկրորդ դեպքը փորձում են ներկայացնել իբրեւ ինքնասպանություն: Սակայն ինչ էլ որ լինի պատճառը, զինվորի մահը անսփոփելի վիշտ է բոլորիս համար, եւ մեղավորը պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվի:
Որքան էլ իշխանությունները ճամարտակեն բանակում կատարվող բարենորոգչական միջոցառումների մասին, ակնհայտ է, որ խորքային բարեփոխումներ այդպես էլ տեղի չեն ունենում: Ավելին՝ անկազմակերպվածությունը, ոչ կանոնադրային հարաբերությունները, անպատժելիության եւ անպատասխանատվության մթնոլորտը խթանում են Զինված ուժերում արատավոր բարքերի ու քրեական ենթամշակույթի խորացումը: Հակոտնյա բոլոր երեւույթների հիմքում համակարգի ղեկավարության հանցավոր անտարբերությունն է, որը վերադասի կողմից միշտ մնում է անպատիժ:
Եկեք անկեղծ լինենք. մի անորակ մանրուքի՝ ցնցուղի կամ թույլ ամրացված կախիչի պատճառով Փաշինյանը նախարար է ազատում զբաղեցրած պաշտոնից, մինչդեռ տարրական հարմարություններից զուրկ, գոմատիպ մի շինությունում կրակի ճարակ դարձած 15 զինծառայողի կյանքի համար թիվ մեկ պատասխանատու Պնախարար Սուրեն Պապիկյանը ցայսօր շարունակում է պաշտոնավարել, աճել ու բարգավաճել: Մի՞թե մեր զինվորների կյանքն այդքան ցածր է գնահատվում երկրի վայ-կառավարիչների կողմից: Մեկնաբանությունն ավելորդ է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Կաթոլիկ եկեղեցու հովվապետ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այս մասին Հռոմի պապը հայտարարել է հունվարի 8-ին Վատիկանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարված իրավիճակը մտահոգիչ է»,- հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ Vatican News պաշտոնական գործակալության հայալեզու կայքի փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոսը խոսել է նաեւ արցախահայերի՝ հայրենիք օրինական եւ անվտանգ վերադարձի մասին:
Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հունվարի 11-ին «Ազատության» հարցին ի պատասխան՝ վերահաստատել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով. այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման, Թեհրանի համար ընդունելի չէ։ «Ազատության» հարցին՝ «եթե խախտվեն այդ տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, Իրանը կոնկրետ քայլեր կձեռնարկի՞ այս ուղղությամբ», դեսպանը պատասխանել է. «Չի խախտվի»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին Երեւանում, ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գրիգորյանն ու Բոնոն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանաման միջոցը փոխելու եւ նրան կրկին կալանավորելու նպատակով՝ մամուլին փոխանցել է Գլխավոր դատախազի խորհրդականը: 2023-ի դեկտեմբերին Խաչատուրովը 9-ամսյա կալանքից հետո ազատ էր արձակվել՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել է, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։ Փաստաբանը, սակայն, չի հասկանում, թե ինչու է դատախազությունն ուզում կրկին կալանավորել Խաչատուրովին, քանի որ փետրվարի 16-ին լրանում է նրա մեղադրանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ դրանից հետո գեներալին ազատազրկել այլեւս չեն կարող:
«Այն, ինչ մենք արել ենք 30 տարի անց Ղարաբաղի ազատագրման համար, Անկարայի անկախ քաղաքականության դրսեւորում է»,- հունվարի 10-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ազգային հետախուզական ծառայության ստեղծման 97-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ Անկարան առաջնորդվում է «սեփական շահերով»: