Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ գնալով նոր, ավելի ստոր դրսեւորումներ է ընդունում, ինչը գործող իշխանությունների փոքրոգության ու չարակամության մասին է խոսում: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն արդեն սկսել է հակաեկեղեցական պայքարի մեջ լայնորեն ներքաշել նաեւ թիմակիցներին՝ պարզ է, որ անցած տարեմուտի շռայլ պարգեւավճարները սիրուն աչքերի համար չէր բաժանում, ամեն ոք պետք է կոնկրետ «գործով» ապացուցի իր հավատարմությունը կուսակցությանն ու նրա առաջնորդին: Առաջիններից մեկը «գործին» լծվեց Սուրեն Պապիկյանը, որն օրեր առաջ հայտարարեց բանակում Հոգեւոր ծառայության գործունեությունը փետրվարի 1-ից դադարեցնելու մասին:
Ըստ այդմ՝ Պնախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում դեռ 2000 թվականից գործող կարգավորումը, եւ ՀԱԵ-ի կողմից նշանակված հոգեւոր ծառայողները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։ Գնդերեցների գունդը փաստացի լուծարվում է: Պարզ է, որ սա կառավարչական կամ տեխնիկական որոշում չէ։ Սա ՔՊ-ական փոքրիկ խմբակի կողմից ՀԱԵ-ի դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է։ Բանակը կորցնում է կարեւոր մի ինստիտուտ, որն ավելի քան քառորդ դար եղել է զինվորի կողքին՝ ոչ միայն աղոթքով, այլեւ խղճի ու հավատքի խոսքով, ծանր պահին զինծառայողին անսալու, նրա ոգին անսասան պահելու պատրաստակամությամբ։
Ասում են՝ դրա փոխարենը ներդրվում է վարչական վերահսկողության տակ գտնվող, արժեհամակարգային բովանդակությունից զուրկ «թույլատրելի հավատքի» մոդել։ Իհարկե՝ կարող են պաշտոնապես ասել, որ հավատքը չեն արգելում։ Բայց փաստացի լուծարում են դրա կազմակերպված համակարգը։ Ավելին՝ այս որոշմամբ Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն։ Հոգեւորականներին դուրս մղելով եկեղեցական հովանու տակից՝ իշխանությունը փաստացի ուղի է հարթում կարգալույծ, վարչականորեն կախված «հոգեւոր գործիչների» ներգրավման համար՝ ձեւավորելով հակաեկեղեցական ենթամշակույթ հենց Հայոց բանակի ներսում։
Սա արդեն ոչ միայն եկեղեցու դեմ քայլ է, այլեւ փորձ է՝ վերաձեւելու բանակի ներքին արժեհամակարգը։ Երբ պետությունը զինվորից խլում է հոգեւոր հենարանը, իսկ բանակը դարձնում է գաղափարական փորձադաշտ՝ դա բարեփոխում չէ, այլ՝ քաղաքակրթական ընտրություն, որի գինը վճարելու է առաջին հերթին հայ զինվորը: Փաստը մնում է փաստ, որ պետությունը՝ ի դեմս պաշտպանության գործող նախարարի, ստորագրել է ապօրինի մի հրամանագիր, որով վերացվում է գնդերեցների գունդը: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱԵ-ին ուղղված հերթական հարված, որը նոր չէ, առնվազն 8 տարվա պատմություն ունի, եւ այդ ողջ ընթացքում ՔՊ-ական խմբակը փորձում է բոլոր անօրինական միջոցներով խարխլել 1700-ամյա մեր ազգային եւ հոգեւոր ինստիտուտի հիմքերը:
Ձեզ խորը հիասթափություն է սպասում, տիկնայք եւ պարոնայք: Ձեր արածները ձեր դեմ են աշխատելու, վկան վերջին շրջանում անցկացված Սուրբ պատարագներն են, ինչպես նաեւ սոցիոլոգիական հարցումները, որոնց արդյունքները ձեր օգտին չեն խոսում: Ավելին՝ դուք ձախողման եզրին եք: Հայ Առաքելական եկեղեցին շատ փորձություններ է տեսել ու հաղթահարել, այս մեկն էլ է հաղթահարելու, որովհետեւ հավատավոր հայ ժողովուրդն իր եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի կողքին է: Ընդմի՛շտ:
Փետրվարի 4-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) մեկնած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Նույն օրը Փաշինյանը եւ Ալիեւը մասնակցել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակաբաշխությանը եւ արժանացել մրցանակի, որը խորհրդանշում է երկրների միջեւ խաղաղության հաստատման գործընթացը: Կողմերն ընդունել են, որ «երկու հասարակություններն էլ առօրյայում ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին»։
Մինչ մրցանակը ստանալու արարողությունը, Փաշինյանն ու Ալիեւը հանդես են եկել ելույթով եւ դրվատել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը եւ այդ համատեքստում արժեւորել անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի վկայությամբ կայացած՝ Խաղաղության գագաթաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պահպանման եւ առաջմղման կարեւորությունը՝ երկկողմ ձեւաչափով:
Խոսքը, ըստ երեւույթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, երկկողմ առեւտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպեսեւ 3-րդ երկրներից հացահատիկի, այլ ապրանքների տարանցման իրականացման մասին է՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան: Իր հերթին՝ ՀՀ կառավարությունը կազմել է Ադրբեջան արտահանելու հավանական արտադրատեսակների ցանկ՝ փորձելով ընդլայնել առեւտրատնտեսական երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Մասնավորապես՝ դիտարկվում է ամենամոտ ժամանակներս ՀՀ-ից փոխադարձաբար Ադրբեջան արտահանել ալյումինի փայլաթիթեղ, կոնյակի հումք, ծխախոտ, տեքստիլ արտադրանք, ֆերոմոլիբդենի հումք, գյուղմթերք եւ այլն: Բայց հարց է ծագում՝ կգնե՞ն մեր ապրանքն Ադրբեջանում. չէ՞ որ Հայաստանում եւս ոմանք՝ պայմանավորված հասկանալի բարդույթներով, հրաժարվում են ադրբեջանական նավթամթերք գնելուց: Եվ երկրորդ՝ ուզում ենք Ադրբեջանին փայլաթիթեղ առաջարկել, երբ Ադրբեջանն ինքը ալյումինի խոշոր արտադրող երկիր է: Սումգայիթի ալյումինի գործարանը, որն, ի դեպ, ԽՍՀՄ տարիներին կառուցվել է Հայաստանից գործուղված մասնագետների ուժերով, այսօր բավականաչափ ֆոլգա է թողարկում՝ փայլաթիթեղ:
Նույնը կարելի է ասել ՀՀ կառավարության ցանկում ներառված գյուղմթերքի մասին՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենաէժան գյուղմթերք արտադրող տնտեսություններն ունի, քանի որ ձմռան պայմաններում ջերմոցներում բանջարանոցային բույսեր աճեցնելու համար պահանջվող գազը գրեթե ձրի է: Այնպես որ, միամտություն է, կարծել, թե Ադրբեջանը մեզանից, օրինակ, լոլիկ կառնի, երբ ամբողջ տարածաշրջանին ինքն է գյուղմթերք մատակարարում: Ինչ վերաբերում է կոնյակի հումքին՝ ապա դրան պետք է զգույշ վերաբերվել. չի կարելի քո բրենդային խմիչքի հումքը վաճառել հարեւանիդ՝ նրան տալով հնարավորություն, որպեսզի Աղդամում կոնյակ լցնի:
Կարծես թե՝ մի փոքր շեղվեցինք: Հիմա գանք բուն թեմային՝ ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառման հայտնի օրակարգին, որն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաստատված խաղաղության մասին էր: «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխության հաղթողներ ճանաչվեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը միշտ հասնում է իր ուզածին, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եթե մի քիչ արժանապատվություն ունենար, կհրաժարվեր մրցանակից, քանզի նույն պահին Բաքվի դատարանում ցմահ բանտարկության էին դատապարտվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Իսկ Բաքվի բանտային պայմաններում ցմահը հավասարազոր է մահապատժի: Երբեմն՝ ավելիին:
Փաստացի դա մահվան դատավճիռ էր՝ուղղված ոչ միայն մեր անմեղ հայրենակիցներին, այլեւ ողջ հայ ժողովրդին: Ալիեւը դա էր ուզում ցույց տալ աշխարհին, եւ դատավճիռների հրապարակման օրվա հետ ԱՄԷ-ում տեղի ունեցած մրցանակաբաշխության համընկնումը պատահական չէր: Նիկոլի բերած խաղաղությունը, որի համար Ալիեւը նրան մրցանակի արժանացրեց, իրականում աներեւույթ, ամորֆ ու պատրանքային մի գոյացություն է, որն ամեն պահի կարող է հօդս ցնդել: Ալիեւի ռազմական հռետորաբանությունը, պետական բյուջեում ռազմական ծախսերի ավելացումը դրա ցայտուն առհավատչյան են:
Ապշերոնի միապետը մի ձեռքով մահացու զենք է գնում, մյուսով շոյում է Նիկոլի գլուխը, որն Իլհամին դեռ շատ պետք կգա, ուստի ամեն ինչ կանի, որպեսզի ՀՀ խորհրդարանական ընտրություններում ապահովվի նրա վերարտադրությունը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանի Պնախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 2-ին ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի ԶՈՒ պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով եւ նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարեւորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Դեկտեմբերի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ եւ մեկ քահանա: Այս մասին գրառում էր արել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել էր, որ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերվում է Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը նաեւ 3 օր առաջ կարգալույծ էր հռչակվել Վեհափառի տնօրինությամբ: «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում է հարուցվել ԳՀԽ հոգեւորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»,- ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարությունում:
«Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր Սահմանադրության տեքստ, որը ենթակա կլինի հրապարակման». այս մասին մարտի 4-ի ասուլիսում իր ներածական խոսքում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու: Ավելի վաղ նախարարն ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից: Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է: Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա:
Փետրվարի 4-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել եւս ութ վագոն ցորեն՝ հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջը»։ Ըստ հաղորդագրության, վագոնները Հայաստան են բերում՝ 560 տոննա ռուսական ցորեն, մինչ այժմ այս ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է հասել 20.660 տոննա հացահատիկ (ներառյալ այսօրվա 560 տոննան)։ Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական եւ ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1.300 տոննա ադրբեջանական բենզին:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին հայտնել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան։ Նրա խոսքով՝ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվել եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցությանը եւ այդ ուղղությամբ երկխոսությանը: Սիմոնյանը հանդիպել է նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, որի հետ համատեղ ասուլիս է անցկացվել. «Ընկալումը, թե Հայաստանը փորձում է փոխել ուղղությունը մի բեւեռից մյուս բեւեռ, սխալ է», ռուս լրագրողի հարցին ի պատասխան, ասել է ԱԺ խոսնակը:

