26.11.2024

Еженедельный Обзор

Դեկտեմբերի 2-9

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասերում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին: Երկու նախագահները դիտել են Պաշտպանության բանակի համահավաք զորախմբի զորավարժությունները, ներկա գտնվել մի շարք զորանոցների եւ այլ օբյեկտների բացման արարողություններին: Սարգսյանն ու Սահակյանը այցելել են «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարական-տեխնիկական բնութագրերը եւ նշանակությունը, ինչից հետո նախագահները դիտաշտարակից հետեւել են դրանց կիրառման ընթացքին: Դեկտեմբերի 5-ին նախագահները մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին:

... Դիտորդների վկայությամբ՝ Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ առկա ռազմական համագործակցության շրջանակներում անցկացվել էին մեծածավալ, նախադեպը չունեցող զորավարժություններ, որոնց նպատակն էր՝ ցույց տալ ստորաբաժանումների պատրաստվածությունը թշնամու հարձակողական գործողությունների ժամանակ: Դիպաշարը հետեւյալն էր. հակառակորդը ճեղքել է հայկական կողմի առաջնագիծը, եւ վերջինս պետք է կասեցնի նրա առաջխաղացումը, ինչը եւ կատարվեց ռազմատեխնիկական բարձր մակարդակով: Որքան էլ ասենք՝ զորավարժությունները ծրագրային, բնականոն գործընթաց են, դրանք գրեթե միշտ աշխարհաքաղաքական տվյալ ժամանակամիջոցին բնորոշ ուղերձ են պարունակում: Ո՞րն էր, ուրեմն, արցախյան զորավարժությունների չերեւացող դիտանկյունը: Դա հասկանալու համար կարեւոր է հակիրճ անդրադառնալ զորավարժություններին նախորդած օրերին Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ հայ-ադրբեջանական կնճռին այս կամ այն կերպ առնչվող զարգացումներին: Եվ այսպես՝ նոյեմբերի 16-20-ը Երեւանի «քթի տակ»՝ Նախիջեւանում, զորավարժություններ էր անցկացնում ադրբեջանական բանակը, եւ ինչպես միշտ՝ շռնդալից: Մի քանի օր անց՝ նոյեմբերի 29-ին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Թուրքիան ջանք է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, այդ հարցի շուրջ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանի հետեւյալ խոսքը. «Մենք պաշտպանում ենք բոլոր բանաձեւերը, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին»: Նոյեմբերի 30-ին Մինսկում անցկացվեց ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, որին մասնակցում էին 6 անդամ երկրների, այդ թվում Հայաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը: ՀԱՊԿ-ը կոչ արեց շուտափույթ կարգավորել Սիրիայում եւ Արցախում տիրող իրավիճակը: Անդամ երկրները վերահաստատեցին իրենց հավատարմությունը հակամարտությունների լուծման քաղաքական ու դիվանագիտական միջոցների գերակայության սկզբունքին: Դեկտեմբերի առաջին օրը Բաքվում առաջին անգամ տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունված փաստաթղթում «եռյակը» վճռական աջակցություն հայտնեց պետությունների անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը: Դեկտեմբերի 6-ին էլ Վիեննայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, կայացավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ առանձնազրույցի ձեւաչափով, որտեղ քննարկվեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների իրագործման ուղիները: Մամեդյարովի խոսքով՝ հանդիպումը «դրական եւ կառուցողական» էր:

Արցախի խնդրի շուրջ այս լարված օրակարգի խորապատկերին ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ղարաբաղ, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների տարեվերջյան ավանդական խորհրդակցության անցկացումը, զորավարժությունների դիտարկումը, մյուս միջոցառումները, որոշ իմաստով՝ նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը, հավանաբար, հիշեցում են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որ Արցախը եւս աջակիցների պակաս չունի: Չի բացառվում նաեւ, որ գործող նախագահի այս օրերի աննախադեպ աշխուժացումը 2018-ից առաջ միավորներ հավաքելու լավ պատեհություն է: Կամ, Աստված մի արասցե, տարածքներ հանձնելու դեմ ջանքերի ցուցադրության իմիտացիա: Ժամանակը ցույց կտա:

Անցնող շաբաթ Ազգային ժողովում մեկնարկել էր կառավարության հավանությանն արժանացած` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրինագծի քննարկումների փուլը: Խորհրդարանում այն ներկայացնում էր արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Ավելի վաղ օրինագիծը դրվել էր հանրային քննարկման եւ ենթարկվել հիմնարար փոփոխությունների: Նոյեմբերի 6-7-ը շարունակվող քննարկումներում փաստաթղթի վերաբերյալ պատգամավորների կարծիքներն ու գնահատականները խիստ հակասական էին: ԱԺ-ն ուրբաթ առավոտյան քվեների 73 կողմ, 12 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը:

... Օրենքը, փաստորեն, կոչված է ընտանիքում իրականացնել երեք կարեւոր գործառույթ՝ կանխարգելել, պաշտպանել եւ վերականգնել խաթարված համերաշխությունը: Շրջանցելով ԱԺ-ում օրինագծի հարուցած թեժ քննարկումներն ու բուռն բանավեճերը, նկատենք, որ առհասարակ ընտանիքներում, իսկ դարավոր ավանդույթներ ունեցող հայկական ընտանիքում՝ առավել եւս, հատուկ օրենքի անհրաժեշտություն չկա: Բռնությունը՝ բռնություն է՝ լինի դա ընտանիքում, փողոցում, դպրոցում, թե այլուր: Իսկ բռնության համար, բնականաբար, օրենքով նախատեսված պատասխանատվություն կա քրեական եւ քաղաքացիական օրենսդրություններում, ենթաօրենսդրական ակտերում: Քանի՞ լումա արժե այն համերաշխությունը, որն ընտանիքում ուզում ենք վերականգնել օրենքի ուժով: Եվ արդյո՞ք հնարավոր է այդպես համերաշխություն վերականգնել: Կարծում ենք՝ ոչ: Իսկ այ, կանխարգելել՝ հնարավոր է: Պարզապես ընդունենք, որ ընտանեկան բռնության պատճառները շատ ավելի խորն են, ուստիեւ պայքարի միջոցները շատ ավելի համապարփակ պետք է լինեն: Թե՛ հասարակության ներսում, թե՛ ընտանիքում, որը հասարակության մի բջիջն է, բռնությունները կանխարգելելու առավել արդյունավետ ու համալիր քայլեր պետք է ձեռնարկի պետությունը՝ սկսած աղքատության նվազեցումից, որը 30 տոկոսի է հասնում, վերջացրած բռնություններ հանրահռչակող հեռուստասերիալների եւ նմանատիպ այլ հաղորդումների խստիվ արգելմամբ: Ընտանիքի ամրության հիմքում ոչ թե օրենքը պետք է դրվի, այլ՝ սերը, վստահությունը եւ փոխադարձ հարգանքը՝ պարզ հասկացություններ, որոնք, սակայն, օրենսդրական կարգավորումների ենթակա չեն:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.