Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Սերժ Սարգսյանն անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցել է Դիլիջանում անցկացված` տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում էին մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, համայնքներում իրականացվող տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ եւ այլք: Քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, երկրում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: ՀՀ նախագահը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով եւ, ի թիվս այլ հայտարարությունների, նշել է, որ մի քանի տարի հետո հասնելու ենք մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի 10 հազար դոլարին համարժեք ցուցանիշի:
… Անկեղծ ասած` նախագահը քաղաքական գործունեության ընթացքում մեծադղորդ խոստումներ շատ է տվել, որոնք այդպես էլ մնացել են անկատար: Բավական է սկսել հրաշագործ «Արմենիկումի» հետ կապված ծիծաղաշարժ պատմությունից, հիշատակել Ստեփանակերտ-Երեւան ինքնաթիռի առաջին ուղեւորը լինելու, «մեծ ձկներին» գլխից բռնելու խոստումները եւ ավարտել եռամյա վաղեմության այն հավաստիացումներով, թե Ռուսաստանը մեզ չի ստիպում միանալ ԵԱՏՄ-ին, եւ Հայաստանի միանշանակ նախընտրությունը Եվրամիության Ասոցացման համաձայնագիրն է: Տարիներն անցան-գնացին, բայց «Արմենիկումը» բլեֆ դուրս եկավ, Արցախի օդանավակայանից ոչ մի ինքնաթիռ օդ չբարձրացավ, «մեծ ձկների» գլուխները մնացին իրենց տեղում անվնաս, իսկ ԵԱՏՄ-ի մասով փուչիկը պայթեց ընդամենը մեկ գիշերվա մեջ: Հիմա մարդիկ ինչո՞ւ պիտի հավատան, որ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն «մի քանի տարում» (էշ, մի սատկիր, գարուն կգա) կհասնի 10 հազար դոլարի, ասել է թե՝ կաճի ներկայիս համեմատ գրեթե երեք անգամ: Մեր երկրում կանոնավոր աճող միակ բանը պետական պարտքերն են, որոնք Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հատել են վտանգավոր սահմանագիծը եւ այժմ հավասարվել պետական բյուջեի 60 տոկոսին: Իր ելույթում գործող նախագահը երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի համար կշտամբում էր բոլորին՝ բացի իրենից. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանո՞ւմ եք, պետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել»,- գանգատվել է նախագահը: Ապա՝ դիմելով համայնքապետերին, ասել է. «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»: Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ ամոթն այն է, որ տանո՞ւմ են ժողովրդի փողերը, թե՝ այն, որ իրե՛նց տուն են տանում: Ի դեպ, խրոնիկ խոստումնազանցությունը, ժողովրդին պարբերաբար սին խոսքերով կերակրելը նույնպես ամոթալի երեւույթներ են: Արժե այդ մասին լրջորեն մտածել:
Մամուլի տեղեկացման համաձայն` կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Դրանով առաջարկվում է դադարեցնել գնման մի պայմանագրի գործողությունը, որով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու՝ Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն վերանորոգման աշխատանքներն այդտեղ անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, իսկ մեր ափամերձ տարածքները հսկվում են Ռուսաստանի Դաշնության 23/93 սահմանապահ զորամասի կողմից: Փաստորեն` հայ շինարարների աշխատանքը, ինչպես նշված է խնդրո առարկա նախագծի դադարեցումը հիմնավորող դրվագում, խոչընդոտում են ռուս սահմանապահները:
… Խնդրի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել սոցցանցերում, այնուհետեւ Ազգային ժողովի ամբիոնից այն հնչեցրեց «Ելք» դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանը: Ի՞նչ իրավունքով է ինքնիշխան պետության տարածքում տերուտնօրինություն անում ռուս զինվորականությունը: Կառավարության նիստից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պարզաբանում է տվել՝ վստահեցնելով, թե վրիպակ է տեղի ունեցել, եւ լրագրողները սխալ են հասկացել: Հարությունյանի ասելով՝ ռուսական սահմանապահ զորամասը կատարվածի հետ որեւէ կապ չունի, այդ իրանական կողմն է, որ չի տվել իր համաձայնությունը ափամերձ վթարային հատվածը վերանորոգելու համար: «Իրանական կողմի հետ մեր բանակցությունները շարունակվում են»,- իր պարզաբանման մեջ նշել է ՀՀ ջրային տնտեսության պետկոմի ղեկավարը: Մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում, կարդում ենք. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկում է ՌԴ-ի 23/93 զորամասը, ուստի անհրաժեշտ է կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերել այդ հատվածում աշխատանքների ավարտման համար: Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ռուսական զորամասից համաձայնություն չստանալու հետ»: Ամեն ինչ կարծես թե պարզ է դառնում. մեր պետական բարձրաստիճան պաշտոնյան փորձում է «սվաղել» իրականությունը՝ մեղքը գցելով լրագրողների վրա: Բա ո՜նց... հո չէ՞ր ասելու խոչընդոտողները ռուսներն են, որոնք վաղուց Հայաստանը դիտարկում են իբրեւ ռուսական մի գուբեռնիա, որտեղ իրենք են որոշում՝ ինչը կառուցել կամ ինչը նորոգել: Հասկացանք՝ սահմանը ռուսական կողմն է հսկում՝ ընդ որում, եթե չենք սխալվում, մեր բյուջեի հաշվին: Ուրեմն նա կարող է բանակցություններին մասնակցել ոչ թե ձայնի իրավունքով, այլ՝ ընդամենը որպես սահմանապահ: Կարծում եք՝ մանրո՞ւք է: Ո՛չ: Մտածելակերպ է, իսկ միգուցե՝ հոգեվիճակ:
«Եվրասիական միության անդամակցությունը եւ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը յուրահատուկ կարգավիճակ են ստեղծում Հայաստանի համար»։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Շնորհավորելով Հայաստանին համաձայնագրի ստորագրման առթիվ՝ դեսպանը նշել է, որ նախորդ շաբաթ Ճապոնիան եւս ԵՄ-ի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը, ըստ նրա, եւս մեկ ընդհանրություն է, եւ երկու երկրները կարող են ԵՄ-ի միջոցով ավելի սերտ համագործակցություն ծավալել։ Դեսպանի հավաստմամբ` ճապոնացի գնորդին հետաքրքրում են հատկապես հայկական գինին, մեղրը եւ չրերը:
…Ինչպես երեւում է, ճապոնական կողմին հայկական խիստ սահմանափակ ապրանքատեսակներ են հետաքրքրում՝ հիմնականում այնպիսիք, որոնք, կարծես թե, ավելի շուտ բնության պարգեւ են, քան մարդկային մտքի, ձիրքի ու ձեռքի «զտարյուն» արգասիք: Անշուշտ, մեր ոչ այնքան որակյալ գինիները, Եվրոպայի կողմից քանիցս խոտանված մեղրը եւ անհայտ ծագման չրերը չես համեմատի ճապոնական արտադրության աշխարհահռչակ մեքենաների, կենցաղային տեխնիկայի, բժշկական սարքերի ու սարքավորումների հետ: Բայց, չնայած դրան, լավագույն տեխնիկայի ու տեխնոլոգիաների երկիրը պաշտոնապես համագործակցություն է առաջարկում Հայաստանին, ինչի համար պետք է գոհ լինել եւ կարողանալ գոհացնել գործընկերոջը:
Դիվանագետը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն 2018 թվականին Ճապոնիայում անցկացվելիք սննդի ավանդական ցուցահանդեսին եւ այդտեղ ներկայացնեն իրենց արտադրանքը՝ գինի, կոնյակ մեղր եւ չիր: Դա լավ պատեհություն է, որպեսզի մեր ներկայացուցիչները զուգահեռաբար գործարար հարաբերություններ հաստատեն ճապոնացիների հետ, գործակցության եզրեր փնտրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում, ուսումնասիրեն այդ ճյուղերում ներդրումների երկուստեք խթանման հնարավորությունները: ՀՀ կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց դրսից ներդրողներ բերելու համար, սակայն չհաջողվեց Սամվել Կարապետյանից բացի ներգրավել այլ անձանց: Խնդիրն այստեղ ոչ այնքան արցախա-ադրբեջանական հակամարտության չկարգավորվածությունն է՝ չնայած դա եւս որոշ բացասական դեր է խաղում, որքան Հայաստանի անհրապույր ներդրումային միջավայրը, համապատասխան օրենսդրական դաշտի անկատարությունը, կոռուպցիան եւ այլն: Եվրամիության արեւելյան գործընկերության շրջանակներում ճապոնական ներդրումները միանգամայն հնարավոր են, եթե կառավարությունը կարողանա հաղթահարել վերը նշված խոչընդոտները, հասնի այն բանին, որպեսզի օտարերկրացի ներդրողը օրենքով իրեն պաշտպանված զգա:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը