25.11.2024

Еженедельный Обзор

Դեկտեմբերի 16-23

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Դեկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին: Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստան-ՆԱՏՕ կապերին, Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ռոուզ Գոթեմյոլերն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի վճռական մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային խաղաղապահ գործողություններին: Նա գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր եւ արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թվականների 5-րդ ծրագիրը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

... Անշուշտ, ողջունելի է Արեւմուտքի հետ սերտ համագործակցությունը՝ որպես անվտանգության եւ տնտեսական զարգացման կարեւոր գործոն։ Ոչ մի երկրի նախագահ դրանից չի հրաժարվի: Ճիշտ հակառակը՝ խելացի ղեկավարն ամեն ինչ կանի սեփական երկրի ու ժողովրդի համար շահեկան կապերն էլ ավելի խորացնել՝ առաջնորդվելով արդար, հավասար գործընկերության, փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխան պետության առաջնորդի արժանապատվության սկզբունքներով: Հիմա եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք՝ կոնկրետ ի՞նչ են մեզ տվել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները, որոնք արդեն 25 տարվա պատմություն ունեն: Եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ տվել են ընդամենը տարաբնույթ ծրագրերում ներգրավվելու հնարավորություն եւ... լիքը խորհուրդներ: Ի՞նչ արած՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների ցածր մակարդակը, այսինքն՝ համագործակցության խորհրդի անդամի կարգավիճակը, ավելին թույլ չի տալիս: Օրերս՝ խոսելով ՆԱՏՕ-ի հետ վարվող բանակցությունների մասին, Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը շեշտել էր, թե ՆԱՏՕ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն. «Այդ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն զենք-զինամթերք գնելով, այլ իր մեջ ներառելու է տարբեր բաղկացուցիչներ»,- ասել է նա: Փաստորեն քառորդդարյա համագործակցությունն ի զորու չեղավ տեսանելի դարձնել որեւէ իրական արդյունք, եւ հիմա այդ արդյունքները տեսնելու համար ստիպված ենք սպասել ե՞ւս 25 տարի: Որ պաշտպանության ոլորտում վերջին երկու-երկուսուկես տասնամյակում մեծ փոփոխություններ չեն եղել՝ նկատելի է անգամ անզեն աչքով. նույն բանակն է՝ իր հոռի բարքերով, նույն կրակոցներն են սահմանին, որոնք ժամանակ առ ժամանակ մատաղ կյանքեր են խլում, զինվորական վերնախավի նույն համբռգած դեմքերն են՝ չնչին բացառություններով, անվտանգության համակարգի խախուտության նույն հոգսը, որը միայն հայ զինվորի ուսերին է ծանրացած: Երբեմն իշխանական շրջանակներից տեսակետներ են հնչում, թե դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամագրվելու մասին: Քիչ է մնում մտածես՝ չլինի՞ այստեղ դարձյալ խառն է Ռուսաստանի մատը, այդ նա՞ է, որ չի ցանկանում Հայաստանի լիարժեք ու լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հայաստանն էլ, դե գիտեք, ամեն մեծ ու փոքր հարցում հանձնառու է տեղավորվել Ռուսաստանի ցանկությունների ծիրում:

 

«Ելք» խմբակցությունը բոյկոտեց Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստը եւ լքեց դահլիճը։ Այդ օրը խորհրդարանում քվեարկության էր դրվել կառավարության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։ Ըստ առաջարկվող փոփոխության, Երեւանում կլինի միայն մեկ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ դատավորներին իրավունք կվերապահվի տուգանել փաստաբաններին։ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները նախքան քվեարկությունը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու այս փոփոխություններին։ Օրենքը պետք է ընդունվեր 63 պատգամավորների «կողմ» ձայներով, եւ ընդդիմադիրները եզրակացրին, որ այն չի ընդունվի: Եվ իսկապես, ցուցատախտակի վրա «կողմ» քվեարկածների թիվը 61 էր, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենքն ընդունվել է, ինչը «Ելք» խմբակցության անդամների զայրույթի պատճառ դարձավ, եւ նրանք սկսեցին հարվածել սեղաններին։

… Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական զեղծարարություններն ում ասես, որ հայտնի չեն: Բայց այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում օրինագծի քվեարկության արդյունքները լուսատախտակին պատկերվելուց հետո, վեր էր ամենավառ երեւակայությունից: Օրենքը սահմանադրական էր, ուստիեւ առաջին ընթերցմամբ որպեսզի ընդունվեր, պահանջվում էր պատգամավորների 63 «կողմ» քվե: Ըստ երեւույթին` ցանկալի թիվը ստանալու համար, ինչպես միշտ, նախապես հոգացել էին ներխորհրդարանական «մուկուչյանները»: Բայց այս անգամ «գետը գաթա չբերեց»` լուսատախտակի վրա 61 թիվն էր, չէր հերիքում ընդամենը 2 ձայն: Սակայն դա չվհատեցրեց էքստրեմալ իրավիճակների սովոր Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալ Շարմազանովին. նրանք շատ արագ գտան օրինագիծը «սղղացնելու» ելքը: Պարոն Բաբլոյանն ուղղակի հայտարարեց, որ օրենքն ընդունվել է: Դահլիճը մեկեն ղժժաց: Մի կերպ հանդարտացնելով ընդդիմադիր կրքերը` նա հայտնեց, որ 61 «կողմ» քվեներին ավելանում է եւս երկուսը` «կողմ» քվեարկած պատգամավոր Ռ.Մախմուդյանի ձայնը, որի քվեարկության կոճակը, ըստ Բաբլոյանի, «պարզապես չի աշխատել», եւ հանրապետությունից բացակայող Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով նամակով տեղեկացրել է իր «կողմ» դիրքորոշման մասին: Ապարդյուն անցան «Ելք» խմբակցության պատգամավորների առարկությունները, թե Արփինե Հովհաննիսյանի նամակն իրավական ուժ չի կարող ունենալ, քանի որ ծրարը բաց վիճակում է եւ, բացի դրանից, չի կնքված: ԱԺ ղեկավարությունն անդրդվելի էր, կրկնակի քվեարկության պահանջը՝ մերժված, որոշումն` անբեկանելի: Օրը ցերեկով, բոլորի աչքի առջեւ տեղի ունեցավ բացահայտ աճպարարություն` այս անգամ երկրի օրենսդիր մարմնի ամենապատասխանատու անձանց կատարմամբ: «Ելք»-ին ոչինչ չէր մնում անել, քան ի նշան բողոքի՝ մի կարճ ժամանակ բռունցքներով թխկթխկացնել սեղանները, ապա ցուցադրաբար լքել դահլիճը: Մեծն Խորենացին կասեր. «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ...»:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.