25.11.2024

Еженедельный Обзор

7-14 մայիսի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման համազգային  հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով մի քանի քայլեր, գործողություններ եւ սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն այս իշխանությունների հեռացումից հետո։ Նա նշեց, որ ապազգային իշխանության մեղքով վտանգված են Արցախը եւ Հայաստանի անկախությունը: Ելույթի առանցքը այն բանաձեւն էր, թե ինչպիսի Հայաստան է ուզում պայքարի ելած ընդդիմությունը եւ ինչպես է պատրաստվում հասնել դրան: Հիշեցնենք, որ մայիսի 2-ից Երեւանում եւ մարզերում ամենօրյա ռեժիմով խաղաղ անհնազանդության ակցիաներ են անցկացվում գործող իշխանությունների հրաժարականի պահանջով:

 

Մեկնաբանությունը

Տարբեր հաշվարկներով՝ մայիսի 9-ի հանրահավաքին մասնակցում էր 40 հազարից մինչեւ 50 հազար մարդ: Այն «Դիմադրություն» շարժման փողոցային պայքարի ընթացիկ փուլի ամենաբազմամարդ հանրահավաքներից էր եւ բովանդակային առումով՝ թերեւս ամենից արդյունավետը: Առաջին անգամ լայն տարրապատկերով հանրությանը ներկայացվեց գործող ՔՊ-ական կառավարության հեռացումից հետո ձեռնարկվելիք միջոցառումների, քայլերի ու անելիքների հստակ ճանապարհային քարտեզը, որն արտացոլված էր Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ծրագրային ելույթում:

Ըստ այդմ՝ անվտանգություն-համերաշխություն-կայունություն-առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստան կերտելու մեջ է ընդդիմությունը տեսնում ստեղծված ծանրագույն իրավիճակից երկիրը դուրս բերելու ելքը: Բայց ինչպե՞ս: Սաղաթելյանի ներկայացրած բանաձեւում կետ առ կետ մատնանշված են խնդրի լուծման այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն օրվա իշխանություններին հեռացնելուց հետո ձեւավորված՝ ազգային համաձայնության անցումային կառավարության հիմքի վրա իշխանության եկած արհեստավարժ կադրերի կողմից: Այդ քայլերը ենթադրում են.

  1. Ապահովել թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգության համակարգը: Այն խարսված է ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, Հայաստանի զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա:
  2. Վերահաստատել Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ ՀՀ-ի հանձնառությունը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում եւ առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ: Գործուն քայլերն ուղղված են լինելու 1994թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը:
  3. Բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը:
  4. Ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելուց:
  5. Բացառել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը:
  6. Առաջնահերթ կարեւորություն տալ պարենային անվտանգությանը եւ պետական պահուստի խնդիրներին։
  7. Կարեւորագույն խնդիր դիտարկել հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։
  8. Վարել արհեստավարժության հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը:

Սաղաթելյանի խոսքով՝ «Պետության կառավարումից իսպառ բացառվելու են պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործությունը, անպատասխանատվությունը, կոռուպցիայի բացահայտ եւ թաքնված ցանկացած դրսեւորում, խրախուսվելու են աշխատասիրությունը, պետական եւ ազգային մտածելակերպը, անհատական եւ հավաքական պատասխանատվությունը: Սկզբունքորեն ձեւավորվելու է գործունակ եւ արդյունավետ պետական կառավարման նոր կառուցվածք, որի գերակայություններից մեկը լինելու է գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունների վերականգնումը, իրավապահ համակարգի վերակառուցումը:

Քաղաքում եւ գյուղում բնակվող մարդու բարեկեցությունն է, ըստ Շարժման համակարգողի, լինելու վարվող ոլորտային քաղաքականության, պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշը: Սա նշանակում է, որ տնտեսական աճն ուղղակիորեն պետք է արտացոլվի կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ «Մարդկանց վարկային եւ պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից»,- հայտարարեց Սաղաթելյանը: Նա միաժամանակ շեշտեց, որ նոր իշխանությունները վերականգնելու են ներքին համերաշխությունը՝վերացնելով խորացող ատելությունը, պառակտվածությունը եւ անտարբերությունը:

Անդրադարձ կատարվեց նաեւ մեր կյանքից անբաժան արատավոր երեւույթներից մեկին, որը թե՛ անցյալում, թե ներկայում ցնցումների մեջ է պահել երկիրը: Խոսքը հանրահավաքի վայրում հայտնվող, այսպես ասած, օդիոզ դեմքերի մասին է, որոնք ժամանակին պաշտոն են զբաղեցրել, բայց աշխատանքում դրսեւորել ոչ վայել վարքագիծ՝ պաշտոնը ծառայեցնելով սեփական գծուծ նպատակներին: «Նախկինում վարկաբեկված, պաշտոնը չարաշահած որեւէ պաշտոնատար անձ, որն անընդունելի է հանրության կողմից, չի ընդգրկվելու նոր իշխանության կազմում՝ չնայած մասնակցում է հանրահավաքներին»,- պարզաբանել է Շարժման համակարգողը:

Ի՞նչ է, ուրեմն, անհրաժեշտ ցանկալի իշխանություն կազմավորելու համար: Ընդդիմության հայեցակարգում պատասխանը հանգամանորեն շարադրված է: Ահավասիկ.

  • Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում: Սա նշանակում է, որ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձեւավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը:
  • Գործող կառավարության հեռանալուց հետո այն 250 բարձրակարգ մասնագետների անունների հրապարակում, որոնք առաջիկա տարիներին կլինեն նոր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը: «Նրանք իսկական հայրենասերներ են, պրոֆեսիոնալներ, որոնց գործունեությամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:
  • Կարեւորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացման բացառում։ Վարչապետը պաշտպանության եւ անվտանգության հարցերով կարող է որոշումներ կայացնել միայն Անվտանգության խորհրդի հետ համաձայնությամբ։
  • Վարչապետի գերլիազորությունների սահմանափակում, իրական խորհրդարանական կառավարման գործիքակազմի ներդրում։ Անվտանգության խորհրդի եւ կառավարության կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ նոր օրենքների ընդունում։
  • ԶՈՒ բարձրագույն հրամկազմի արագ ձեւավորում, դիվանագիտական կորպուսի ուժեղացում: Համակարգ կվերադարձվեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերը, նվազագույնի կհասցվեն քաղաքական նշանակումները:

Ժամանակավոր կառավարության մասին խոսելիս խորհրդարանի փոխնախագահը հատուկ նշել է, որ անմիջապես ձեւավորվելու է քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը բացառապես ազգային-պետական շահերից ելնելով՝ կբանակցի Ադրբեջանի, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Ամեն դեպքում այդ խումբը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ դրանք կազմակերպվելու են իրավիճակի կայունացումից հետո՝ ենթադրաբար 1-1,5 տարվա ընթացքում, եւ լինելու են ազատ, արդար եւ մրցակցային։

Վերջում խոսք է բացվում գործող իշխանություններին հեռացնելու տեխնոլոգիաների մասին, ինչին ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանը վարչախմբին իշխանությունից զրկելու երկու փուլ է մատնանշում՝ երկիշխանություն, որի նախանշաններն արդեն իսկ առկա են, եւ իշխանությունների հեռացում՝ նրանց նկատմամբ հանրային ճնշումն ուժեղացնելու միջոցով: «Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի եւ երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո նրա հրաժարականը կդառնա անխուսափելի»,- համոզված է Սաղաթելյանը։

Անշուշտ՝ ներկայացված հայեցակարգի նախագծում առողջ դատողություն կա: Բայց կա նաեւ հասկանալի մտավախություն, որ սույն ծրագրային դրույթները կարող են մնալ որպես բարի ցանկություններ, ինչին բախվել է հանրությունը եւ արդեն չորս տարի «ճաշակում» է դրա դառն պտուղները: Ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Հանրությունն ավելի զգուշավոր է դարձել՝ չլինի նորից սխալվի, եւ այդ պատճառով քաղաքացիների մի զգալի հատված չի կարողանում հաղթահարել հիասթափվածությունը գործող իշխանություններից, ուստիեւ նախընտրում է դուրս չգալ փողոց:

Բայց՝ իզուր: ՔՊ-ական իշխանակարգը երկիրը տանում է երկրորդ կապիտուլյացիայի եւ չպայքարել դրա դեմ՝ նշանակում է լռելյայն համաձայնվել ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, այլեւ Հայաստանի թրքացման հեռանկարին եւ մեր պետականության կորստյան վտանգին: Կա աքսիոմատիկ մի ճշմարտություն՝ եթե դու պայքարում ես հանուն ինչ-որ գաղափարի կամ արդար գործի, հնարավոր է, որ կհաղթես: Իսկ եթե չես պայքարում՝ արդեն պարտվել ես: Մտածել եւ արագ որոշում ընդունել է պետք: Մեր ժամանակը սուղ է:

 

«Դիմադրություն» շարժումը մայիսի 8-ին ավտոերթով մեկնել էր Գյումրի: Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկել էր Աշտարակի խճուղու սկզբնամասից եւ ժամը 13:00-ին պետք է լիներ ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում, որտեղ նախատեսված էր ընդդիմության հանրահավաքը: Սակայն ճանապարհին պատահած միջադեպերի պատճառով ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջնորդությամբ ընդդիմադիրները Գյումրի հասան որոշ ուշացումով՝ թեեւ դա չխանգարեց բավական բազմամարդ հավաքի անցկացմանը: Բանն այն է, որ Երեւան-Գյումրի խճուղու երկու հատվածում մի խումբ քաղաքացիներ ճանապարհը փակել էին ավտոերթի մասնակիցների առջեւ: Հոռոմ գյուղի խաչմերուկում իշխանությունների հրահանգով փողոց փակողներն Ադրբեջանում պահվող գյումրեցի ռազմագերիների հարազատներն էին (կամ այդպես ձեւացնում էին), իսկ խճուղու մյուս հատվածում՝ ձվերով «զինված» տարեց մարդիկ, որոնց նպատակը, ըստ երեւույթին, սանդրանքներ հրահրելն էր:

 

Մեկնաբանությունը

Ակնհայտ է, որ վերջին շրջանում ընդդիմության հանրահավաքային գործողությունների աշխուժացմանը զուգահեռ իշխանական շրջանակները՝ մասնավորապես ուժային կառույցների օժանդակությամբ, սկսել են ապօրինի հակաքայլեր ձեռնարկել մեկ մարդու իշխանությունն անառիկ պահելու հատուկ ջանադրությամբ: Գրեթե ամեն օր հարյուրներով բերման ենթարկվող ցուցարարները, ընդդիմադիր գործիչների բնակարաններում տեղի-անտեղի կատարվող խուզարկությունները, ձերբակալությունները, սադրանքները իշխանության վախերի մասին վկայող վառ օրինակներ են:

Կոնկրետ Հոռոմի խաչմերուկում ընդդիմադիրների երթը խոչընդոտած քաղաքացիների ավելի քան 95 տոկոսը, ինչպես տեղում պարզվել է, Գյումրիի հետ որեւէ աղերս չունեցող մարդիկ էին: Այսպես՝ գյումրեցի գերու մայր ներկայացած ամենաակտիվ տիկինը՝ «Ախուրյանցի Անոն», պարզվեց, որ բնորդուհի է: Համագյուղացիների վկայությամբ՝ տիկինը ո՛չ ռազմագերու ծնող է, ո՛չ էլ զոհված զինծառայող ունի եւ, ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել: Տունն էլ, նրանց ասելով, Հոռոմի խաչմերուկից 55-60 կմ հեռու է: «Ո՞վ չգիտի Անոյին,- աղաղակում էին նրան ճանաչողները,- երբ պետք է՝ սելիտրա չունեցող կարտոֆիլագործ կդառնա տեսախցիկների առաջ, երբ պետք է, որդեկորույս մայր կխաղա»: Մի խոսքով՝ պատվերով համերգ տվող:

Պակաս հետաքրքրական չէ տարեց մարդկանց նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու դրվագը, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն անգամ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, թե մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: «Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 եւ 84 տարեկան քաղաքացիներ են»,- ասված է հաղորդագրությունում:

Տարեցների հանդեպ անհարգալից վերաբերմունքը մեր ազգային խառնվածքին ոչ հարիր խիստ արգահատելի վարքագիծ է: Մեծահասակի վրա ձեռք բարձրացնող անձը չի կարող զերծ մնալ հասարակության պարսավանքից, եւ դա մեր ժողովրդի բարոյական կերպարի դրական բնութագրիչներից մեկն է համարվում: Խելքը գլխին ոչ մի մարդ հավատա չի ընծայի Քննչական կոմիտեի այն ձեւակերպմանը, թե «մի խումբ երիտասարդներ՝ իջնելով մեքենայից, մոտեցել են կանգառում կանգնած տարեց մարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել…»: Նման դիպաշար ուղղակի դժվար է պատկերացնել: Հենց այնպես մեքենայից իջնել ու անմեղ մարդկանց ծեծե՞լ: Եփած հավի ծիծաղը կգա:

Մինչդեռ ականատեսների պատմածների համաձայն՝ այդ «անմեղ» մարդիկ դուրս էին եկել ընդդիմադիրների ավտոշարասյան դեմը եւ ձվերով (ոմանց ասելով՝ նույնիսկ քարերով) խփել, վնասել մեքենաներին: Մի քանի հոգի իսկապես իջել էին առջեւի մեքենայից, որպեսզի բացեն ճանապարհը եւ թույլ չտան անկարգություններ հրահրել: Վիճաբանություն է ծագել, եւ չի բացառվում, որ 1-2 տաքգլուխ երիտասարդ տրված լինեն սադրանքին, ինչը, այո, քստմնելի է: Նույնքան քստմնելի է նաեւ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ այդ երիտասարդների բնական արձագանքը «հանցավոր արարքներ» որակելը: Հանցավոր լինել-չլինելը բացառապես դատարանի որոշելիքն է:

Այսօրվա մեր իրականության մեջ, առհասարակ, հետաքրքիր փոխակերպումներ են տեղի ունենում: Մեկ մարդու ստերն ու մանիպուլյացիաները աննկատ ներթափանցում են պետական համակարգ եւ այնտեղից պաշտոնական մեդիա-խողովակներով մատուցվում հանրությանը: Ստերը ձեռք են բերում պետական կարգավիճակ: Ինչ-ինչ, բայց նման բաներ նախկինում չէին պատահում: Ընդհանրապես՝ Հայաստանում այսպիսի ապաշնորհ, թույլ եւ անպատասխանատու կառավարություն երբեք չի եղել: Ինչպես ասում են՝ Աստված էլ բեթարից փրկի բազմաչարչար հայ ժողովրդին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մայիսի 9-ի վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին։ Պետության ղեկավարները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Նույն օրը ժամը 11-ին Արցախում հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում զոհվածների:

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մայիսի 10-ի հանրահավաքի ընթացքում դիմել է դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այլեւս չի կարող ներկայացնել ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը: «Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, եւ տեղի ունեցող զարգացումները ձեւավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ»,- ասել է Սաղաթելյանը: ԱԺ փոխխոսնակը հորդորել է դիվանագիտներին այս մասին հայտնել իրենց մայրաքաղաքներ եւ կենտրոնական գրասենյակներ:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում էր: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Նիդերլանդների՝ իր պաշտոնակցի՝ Մարկ Ռութեի, Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի, ինչպեսեւ խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նա մասնակցել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, շրջել Խաղաղության պալատում, ներկա եղել Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր ռուսական կողմը։ Քննարկման օրակարգը հայտնի չէ։ Ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, Միրզոյանը հանդիպումներ է անցկացրել նաեւ ԱՊՀ երկրների գործընկերների հետ։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.