26.11.2024

Еженедельный Обзор

6-13 մայիսի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մայիսի 9-ը մեր Եռատոնի օրն է, որի երբեմնի պանծանքը, սակայն, արդեն երրորդ տարին՝ չի թեւածում հայոց աշխարհում: Խամրած փառքի ու ջլատված հպարտության զգացողությամբ ժողովուրդը դիմավորեց նաեւ այս տարվա մայիսի 9-ը: Պետության բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիի ազատագրման 31-ամյակի օրը չայցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, անգամ հանդես չեկան ավանդական ուղերձով: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՌԴ նախագահի հրավերով ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի միջոցառումներին, իսկ մյուս պաշտոնյաները նույն առիթով այցելել էին «Հաղթանակ» զբոսայգի:

ԱԺ խոսնակը, ՀՀ նախագահը, Կառավարության անդամների ու ՔՊ խմբակցության պատգամավորների հետ, ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ որպես հարգանքի տուրք Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին: Պետական այրերն այս անգամ եւս ժողովրդից մեկուսի` մասնակցեցին համապետական միջոցառմանը եւ, խույս տալու համար հայտնի «պիտակից», ոստիկաններով օղակված հեռացան զբոսայգուց: Միայն դրանից հետո բացվեցին զբոսայգու դարպասները ժողովրդի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջեւ, որը Հայրենական պատերազմում եւ Արցախյան հերոսամարտերում նահատակված հայորդիների հիշտատակին իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ:

Ասում են՝ Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը ենթականերին կարգադրել էր չայցելել «Եռաբլուր» եւ անտեսել Շուշիի թեման՝ գերապատվությունը տալով 1941-1945թթ. Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային միության հաղթանակի 78-ամյակի հիշատակմանը: Անշուշտ՝ Հայրենական պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ, որոնց փառքն անմար է, հիշատակը՝ մշտատեւ: Բայց հայ ժողովրդի 90-ականների սխրալից պատմությունը երբեք չպետք է շրջանցի Շուշիի ազատամարտի փառահեղ էջը:

 

Եթե Հայաստանում մայիսյան Եռատոնի օրը, ըստ էության, բավականաչափ անշուք էր, Արցախում այն, կարծես թե, հավակնում է երկար մնալ աճող սերնդի հիշողության մեջ: Այդ օրը «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի ու 120 հազար ստորագրահավաքի նախաձեռնող խումբը` հիմնականում երիտասարդներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր համաժողովրդական հանրահավաք, որին ներկա էին Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահները, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պատգամավորներ, քաղաքական այլ գործիչներ։ Երիտասարդական ձեռնարկը, որ բավական բազմամարդ էր, մեկնարկեց լռության րոպեով, ինչին հաջորդեց տերունական աղոթքը՝ Արցախի թեմի հոգեւոր սպասավոր Տեր Վաչագան քահանայի օրհնության խոսքով:

«Եռատոնը տարիներ շարունակ բոլորիս համար եղել է ուրախության եւ ուժի աղբյուր։ Եվ չնայած այսօր մայիսյան տոները դադարել են այդպիսին լինելուց, չեն դադարում մեզ ուժ տալ, քանզի ներկայի որեւէ անհաջողություն չի կարող արժեզրկել անցյալի սխրանքը, սերն ու նվիրումը»,- նշել է Տեր Վաչագան քահանան: Նրա միտքը զարգացրել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը՝ նշելով, որ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է։ «35 տարի առաջ այս ձեւով է սկսվել պայքարը։ Այս ստորագրահավաքը նոր համախմբման շարժում է եւ վերահաստատում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի՛ լինելու: Մենք պայքարելու ենք մեր տանն ապրելու իրավունքի համար»,- ասել է նա:

Պայքարի ոգին համահայկականացնելու գաղափարն է իր ելույթում ընդգծել Արցախի նախկին պետնախարարը: Դիմելով ՀՀ կառավարությանը, իշխանության մյուս ճյուղերին, Վարդանյանը շեշտել է. «Ի՞նչն է ձեզ խանգարում հայ մնալ, մարդ մնալ, միանալ այս շատ կարեւոր շարժմանը: Դուք, ձեր երեխաները ինչո՞ւ չեն ստորագրել… Բոլորդ խոսում եք Արցախի մասին ձեր տաք տեղերից, ինչո՞ւ կանգնած չեք Արցախի կողքին: Արցախի համար պայքարը ողջ հայկական աշխարհի համար է»: Ապա նշվեց, որ արցախցիների պահանջներն ուղղված են միջազգային բոլոր հանձնառու կողմերին՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, հատկապես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ին:

Այս շարքում բացառություն չէ նաեւ Հայաստանի վարչապետը՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի նկատմամբ իրավական ու քաղաքական պարտավորություն ստանձնած երկրի ղեկավար: Ելույթ ունեցողները շեշտել են, որ հանրահավաքը հայ ժողովրդի միասնության ու կամքի ցուցադրություն է, եւ այդ հրապարակից արցախցին, ի լուր աշխարհի, հայտնեց, որ ինքն է որոշելու, թե ինչպես ապրել, որտեղ եւ ում հետ: Կոչ է հղվել ՀՀ քաղաքացիներին՝ թույլ չտալ գործող իշխանություններին Արցախի անունից ստորագրել արցախցիների ինքնորոշման իրավունքը վտանգող փաստաթուղթ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ տեր կանգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի անվերապահ կատարմանը:

 

Շաբաթվա հարցը, որի շուրջ հանրության հետաքրքրությունը երկար ժամանակ չէր նվազում, հետեւյալն էր. կապամոնտաժվի՞ արդյոք «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որի տեղադրումը Անկարայի եւ Բաքվի կողմից պաշտոնապես դատապարտվել է: Ավելին՝ Թուրքիան այդ պատճառով փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անգամ սպառնացել է՝ ասելով. «եթե արձանը չհանեք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չէ, դեռ մի բան էլ՝ պատասխան քայլեր կանենք»:

Թուրքիայի համապետական ընտրությունների նախաշեմին Չավուշօղլուի կոշտ հռետորաբանությունն այնպիսի մի զգայուն հարցի շահարկմամբ, ինչպիսին «Նեմեսիս» գործողությունն է, որոշակի առումով կարելի է վերագրել գործող իշխանության օգտին հավելյալ քաղաքական շահաբաժին բերելու՝ նրա ջանադրությանը: Մյուս կողմից՝ ուրիշ ի՞նչ կարելի է սպասել Ուրուգվայում «Գորշ գայլերի» նշանը հայ ցուցարարներին ցույց տվող եւ ազգային ատելություն հրահրող այդ գործչից, որն ուղղակի օգտվելով ՀՀ իշխանությունների խեղճացած վիճակից, փորձում է ընդգծել իր գերիշխող դերը տարածաշրջանում:

Առաջին անգամը չէ, որ թուրքական իշխանությունները՝ անտեսելով դատական ատյանների (այդ թվում՝ Թուրքիայի) կայացրած դատավճիռները, շարունակում են դատապարտել, ահաբեկիչներ որակել հայ վրիժառուներին եւ հերոսացնել իրենց ոճրագործներին, կանգնեցնել նրանց հուշարձաններն ու նրանց անուններով փողոցներ անվանակոչել: Ինչ վերաբերում է հայկական կողմի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վախվորած արձագանքին, ապա այն ընդամենը թույլ իշխանությանը բնորոշ պահվածք է: Օրերս՝ անդրադառնալով «Նեմեսիս»-ի տեղադրմանը, Փաշինյանն ԱԺ-ում ասել էր, թե քաղաքային իշխանությունն այդ քայլին գնացել է, որպեսզի չասեն դավաճան:

Հետո սկսել է ինքնարդարացման պատրվակներ բերել՝ դա իրեն լավ է հաջողվում: «Ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում, եւ որոշման իրականացում է եղել սխալ»,- չքմեղացել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել հուզական մի իրավիճակում, երբ ՀՀ-ում «շատերը շատերին դավաճան էին համարում եւ շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար պատերի տակ գնդակահարել»: Եթե մի պահ կտրվենք թեմայից՝ կնկատենք ձեւակերպման խորամանկ կառուցվածքը, որն անցյալ ժամանակով է: Իբր թե՝ հուզական վիճակ էր, մարդիկ իրար սպառնում էին, դավաճան էին համարում, հիմա այդ ժամանակներն անցել-գնացել: Ստո՛պ: Ոչ մի բան էլ չի անցել, ամեն ինչ դեռ նոր է սկսելու: Սա՝ ի միջի այլոց:

Ամենավիրավորականն այն է, որ Թուրքիան քիթը խոթում է իրեն չվերաբերող գործի մեջ, իսկ մենք լռելյայն հանդուրժում ենք կամ, որ ավելի վատ է, պաշտոնապես ինքնարդարացումներ ենք փնտրում: Բայց մխիթարական մի բան գոնե կա՝ Երեւանի քաղաքապետարանում գտնվեցին պաշտոնյաներ, որոնք հայտնեցին, որ քաղաքային իշխանությունը «Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն չունի։ Ուրեմն՝ փա՛ռք, դեռ ամեն ինչ կորած չէ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը ՌԴ նախագահի հրավերով մեկնել էր Մոսկվա, որտեղ Կարմիր հրապարակում հետեւել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառումներին: Այնուհետեւ նա Կրեմլում մասնակցել է Պուտինի եւ ԱՊՀ մի շարք ղեկավարների հետ ոչ պաշտոնական նախաճաշին:

Մայիսի 11-ին ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը, ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, կորուստներ չունի՝ ունենք 4 վիրավոր, երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար: Նրանց կյանքին վտանգ չի սպառում: Ժամը 17:40-ի դրությամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացել էր: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Կարմիր խաչի  հետ, եւ միջազգային բոլոր հարթակներն օգտագործվում են ադրբեջանցիների կողմից շտապօգնության մեքենայի վրա կրակելու դեպքի հետ կապված հանգամանքները պարզաբանելու համար:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին Կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ գործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՔԺԿ նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Թե ինչ հարցեր են քննարկվել, հաղորդագրության մեջ չի ասվում:

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են 2023թ. պետբյուջեն վերանայելիս ավելացնել պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը. մայիսի 10-ին այդ մասին հայտարարել է երկրի նախագահը: «Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակն՝ առաջ ենք գնում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, եւ մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ասել է Ալիեւը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության եւ ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոս:

ՄԻԵԴ-ը մայիսի 11-ին մերժել է ՀՀ սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Ըստ հաղորդման՝ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել հարիր դիրքորոշում առ այն, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում, եւ համապատասխան ապացույցներ ներկայացրել ՄԻԵԴ: «Եվրոպական դատարանը, ըստ այդմ, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,- ասված է հաղորդագրությունում։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.