Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցնող շաբաթը նշանավորվեց կարեւոր մի իրադարձությամբ, որի համատեքստում ե՛ւ ակնածանք կար, ե՛ւ մտահոգություն: Մայիսի 4-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երեւան, եւ մայիսի 9-ին շարժման մասնակիցներն արդեն Երեւանում էին: Քայլերթի հանդեպ ակնածանքի վկայություն էին սեփական իրավունքների համար եւ հանուն հայրենյաց ոտքի ելած ժողովրդի պայքարի դրական արձագանքները: Բայց եւ նույնքան մտահոգիչ էին իշխող ուժի ու նրա համախոհների կողմից շարժումն անվանարկելու եւ քաղաքականացնելու փորձերը՝ չնայած ի սկզբանե այն զերծ էր քաղաքական տրամաբանությունից:
Հիմնական խնդիրը, որի շուրջ կիսվել էին հանրության եւ իշխանության ընկալումները, մեծ հաշվով, հայրենատիրության, իրավունքների ու արժանապատվության մասին է: Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են թշնամուն արվող միակողմանի հողային զիջումներին, ինչը տեղի է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանի տավուշյան հատվածում մեկնարկած սահմանազատման-սահմանագծման գործընթացի շրջանակներում: Դրա արդյունքում Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի, Բերքաբերի բնակիչները բախվում են անհաղթահարելի դժվարությունների եւ ստիպված են լքել մշտական բնակության վայրերը: Բայց երանի դժվարությունն այդքանով ավարտվեր:
Ամենամեծ խնդիրն այդ հատվածում հայկական սահմանապահ ուժերի հետքաշման եւ դիրքերի հանձնման պայմանավորվածությունն է, ինչը նշանակում է խոցելի դարձնել մեր լավագույն պաշտպանական բնագծերը: Դա իր հերթին նշանակում է թշնամու առջեւ բացել Հայաստանի արեւելյան դարպասները, եւ համեցեք անել: Բա դավաճանությունը պոզով-պոչով է լինո՞ւմ: Էլ չասած, որ հակառակորդի վերահսկողության տակ էին մնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որը ալիեւյան վարչակարգը սիրտն ուզած ժամանակ կարող է շրջափակել, եւ Հայաստան մտնող գազատարը, որի փականը տալիս ենք նույն Ալիեւի ձեռքը, ով ամիսներ առաջ ցրտաշունչ ձմռանն առանց գազի ու հոսանքի էր թողել Արցախի մեր հայրենակիցներին:
Իշխանություններն էլ իրենց դժգոհությունն ու պահանջներն ունեն ընդդիմախոսներից: Նրանք վերոնշյալ գյուղերի բնակիչներին եւ Տավուշի թեմի առաջնորդին մեղադրում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման աշխատանքները խոչընդոտելու համար, ինչը հանգեցնելու է մեծ պատերազմի: Հետեւաբար, ըստ իշխանական կողմի, պետք է համակերպվել ազերիների հարեւանությամբ հաշտ ու խաղաղ ապրելու նոր իրավիճակին՝ ոչինչ որ սահմանագիծն անցնելու է Կիրանցի թաղամասերից մեկով, իսկ գերազմանոցի մի մասը մնալու է սահմանի մյուս՝ թշնամական կողմում: Մեկ այլ դեպքում սահմանն անցնելու է ուղիղ դպրոցի բակով: Ու այդօրինակ բազմաթիվ անհարմարություններ:
Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հավաստիացնում է, որ Կիրանցում, Բաղանիսում, Ոսկեպարում եւ Բերքաբերում «ոգին» հաղթել է «դուխին»: Ասել կուզի, որ գյուղացիները չեն տրվել «դուխով» իշխանությունների ձեռնածություններին, այլ կանգնել են խաթարված սահմանադրական կարգի եւ իրենց իրավունքների պաշտպանության դիրքերում՝ պահանջելով վերջ տալ սահմանում տեղի ունեցող ապօրինություններին: «Ես նորից եմ ասում՝ սա ստի ու ճշմարտության պայքար է… «Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա սեւ ու սպիտակի նկատմամբ Եռագույնի հաղթանակ»,- ընդգծել է Սրբազանը:
Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդի դեմ, բնականաբար, կեղտոտ արշավ է սկսվել, բայց իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը՝ պնակալեզների, ֆեյքերի, պալատական սազանդարների աղբակույտը չափազանց թույլ ու անունակ է՝ աղարտելու ճիշտ ժամանակին թափ առած շարժումը: Հնգօրյա քայլերթի տեսագրությունը, ժամ առ ժամ նրա շարքերի ստվարացումը ոգեղենության, համերաշխության վաղուց մոռացված անեղծ մթնոլորտի ու վերահաս փոփոխությունների առհավատչյան են: Շատերի երազած զարթոնքը, կարծես թե, եկել է: Բայց ամենադժվարը դեռ առջեւում է՝ Նեռը եւ նրան ծառայող դժխեմ ուժերը դիմադրում են: Կհնչե՞ն Հայ առաքելական եկեղեցու զանգերը, կնյութականանա՞ համահայկական երազանքը՝ ցույց կտա ժամանակը:
Հ.Գ. Մայիսի 9-ին՝ Երեւան հասնելուն պես, շարժումն անցկացրեց առաջին բազմամարդ հանրահավաքը, որտեղ հավաքվածները, երկրի կործանման ընթացքը կասեցնելու մտահոգությամբ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրան մեկ ժամ ժամանակ տրվեց ձեւակերպելու իր հրաժարականը կամ այդ օրակարգով բանակցելու Բագրատ Սրբազանի հետ: Սակայն ցուցարարների պահանջին արձագանքեց գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը եւ կից մակագրելով. «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»: Հանրահավաքը որոշեց մայիսի 10-ից անցնել անհնազանդության գործողությունների՝ որտեղ դա հնարավոր է, եւ զուգահեռաբար ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
ՀՀ վարչապետը մայիսի 8-ին մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովին եւ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վաղը մեկնելու եմ Մոսկվա, որտեղ նախագահելու եմ ԵԱՏՄ գագաթաժողովում: Նախատեսված է նաեւ իմ հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ»,- նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել էր Փաշինյանը: Վերջինս տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համատեքստում անդրադարձել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն ամեն տեղ «վաճառքի» է հանում, սակայն «գնորդ» չի գտնվում:
Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Այս մասին մայիսի 8-ին մամուլին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց եւ դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Դրա հետ մեկտեղ, ըստ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի, ՀՀ-ն չի առարկում կազմակերպության 2024թ. բյուջեի սահմանափակ ձեւաչափով հաստատման դեմ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքին Երեւանի անդամակցությունը դե ֆակտո սառեցված է, եւ չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից:
Պաշտոնական այցով Հունգարիա մեկնած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամլո ասուլիս: Ավելի վաղ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Հայաստանն ու Հունգարիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարել էին 2022թ.-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնատար անձանց եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության՝ այցի նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ ՀՀ կառավարության գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին՝ ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաեւ դիտարկել միջազգային ու ազգային գործընկերների հետ ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը եւ հիմնական առաջնահերթությունները: Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր: