Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Նիկոլ Փաշինյանն իր նոսրացող խմբակով շարունակում է հակաեկեղեցական արշավի շրջանակներում մասնակցել կիրակնօրյա պատարագներին: Փետրվարի 22-ին խմբակը, Փաշինյանի առաջնորդությամբ, ուղեւորվեց Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որտեղ նրա «խոփը», կարծես, «դեմ առավ քարի». պատարագիչ քահանա Տեր Ստեփանոս Իգնաթեւոսյանը չզեղչեց Վեհափառի անունը՝ թեեւ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գնում է բացառապես այն պատարագներին, որտեղ չպետք է հնչի Կաթողիկոսի անունը։ Ըստ նրա, պայմանավորվածությունը ձեռք է բերվում նախապես:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Փաշինյանը պարզաբանել է, որ Գարեգին Բ Հայոց Հայրապետի անունը զեղչելու հարցը թեմերի առաջնորդների ու պատարագիչ քահանաների հետ կանխավ համաձայնեցնում են տարբեր միջնորդներ՝ մի դեպքում ԱԱԾ աշխատակիցը կարող է լինել, մյուս դեպքում՝ ծանոթ-բարեկամ եւ այլն: Սեւանում Տեր Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը նշեց, որ պատարագից հետո որեւէ խնդիր չեղավ. «Ես չեմ իմացել, որ վարչապետը գալու է, ոչինչ չեն ասել, պատարագն էլ արվել է այնպես, ինչպես ամեն կիրակի է արվում։ Մինչեւ հիմա որեւէ խնդիր չկա եւ կարծում եմ՝ չի էլ լինի»,– ասել է նա:
Փաշինյանն իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել, ինչից երեւում է, որ Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում պատարագին մասնակցում է նաեւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: NEWS.am կայքը կապ էր հաստատել Հայր Իսահակի հետ, որպեսզի հասկանա նրա տեսակետը՝ արդյո՞ք միացել է Փաշինյանի կողմն անցած հոգեւորականներին. «Ես,- ասել է նա,- ոչ մեկի օրակարգին չեմ միանում, ես իմ ծառայության մեջ եմ: Փաշինյանը, այլ հավատացյալների պես, եկեղեցի է այցելել, մենք մեր պատարագն ենք արել, այն կատարվել է ըստ պատշաճի, ոչ մի զեղչում չի եղել, պատարագի վերջում էլ երգվել է «Ամեն հայի…» հայրապետական մաղթերգը: Ոչինչ չի փոխվել»:
Այնուամենայնիվ՝ նախորդ շրջիկ պատարագների համեմատ, ինչ-որ բան, կարծես թե, փոխվել է: Այս անգամ Փաշինյանի գործողություններում որոշ «առաջընթաց» է նկատվում: Նա պատարագին ներկայացել է աննկատ, չի հրահանգել զեղչել Վեհափառի անունը, եւ ծեսն անցել է ըստ կարգի, առանց ավելորդ լարվածության: Մի՞թե սրանով վերջակետ է դրվում հակաեկեղեցական արշավին, թե՞ Փաշինյանը ժամանակավոր դադար է տալիս՝ զգուշանալով ընտրություններին ընդառաջ մարդկանց սադրելուց, բախումների գնալուց կամ միգուցե հասկացել է, որ ՀԱԵ-ի հարցում չունի հանրային աջակցություն, այնինչ ընտրությունների նախաշեմին իրեն օդուջրի պես աջակցություն է անհրաժեշտ:
Հնարավոր է՝ Փաշինյանն այս անգամ որոշեց եկեղեցի գնալ յուրայիններից ու եկեղեցու սպասավորներից ծածուկ, որպեսզի տեսնի իրական պատկերը՝ առանց պետական կառույցներից իր իսկ հրահանգով զոռով հավաքած-բերած մարդկանց: Եվ նա տեսավ, որ եկեղեցին լիքն է, անիմաստ ծափողջույններ չհնչեցին ու ամեն ինչ ընթացավ իր բնականոն հունով, ինչը շատ ավելի հաճելի է եւ ինչից պետք է դասեր քաղել, եթե ուզում ես առողջ մթնոլորտ, անեղծ հարաբերություններ ու բարենպաստ միջավայր հաստատել երկրում, որի լավ ապագայի համար մոլորված ժողովրդից վստահության մանդատ ես ստացել: Բայց ո՞ւմ ես ասում… հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար ու մեկ:
Չհասկացողի կամ տգետի պակաս ՀՀ-ում, ինչպես երեւում է, չկա: Ավելի ստույգ՝ ՀՀ կառավարությունում: Դրանցից մեկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, ով մեր հանրությանը հայտնի է նրանով, որ Գարեգին Նժդեհին՝ հայ ժողովրդի նվիրյալ զավակին, համարում է ֆաշիստ, Հայոց պատմությունը՝ նորովի վերաշարադրման ենթակա, իսկ Եկեղեցու պատմությունը՝ գլխացավանք: Մի խոսքով՝ հանրակրթական ուսումնական ձեռնարկները՝ գլխավորապես հայագիտական առարկաների մասով, ըստ նախարարի, կարիք ունեն բարենորոգման: Ճիշտ այնպիսի «բարենորոգման», ինչպիսին Փաշինյանը նախատեսում է Հայ Առաքելական Եկեղեցու համար:
Բայց կենտրոնանանք հանրակրթության թեմայի վրա՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարուհի օրերս ստորագրած մի որոշման, համաձայն որի՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանում փակվում է 231 գործող դպրոց: Արդյունքում 7.880 աշակերտ զրկվում է սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից, եւ գործազուրկ են դառնում 2.300 ուսուցիչ ու 2.400 օժանդակ աշխատող: Հատկանշական է, որ այս դպրոցներից 55-ը գտնվում է սահմանամերձ գյուղերում, ընդ որում 27-ը՝ Սյունիքում: Չլինի՞ Սյունիքում դպրոցներ են ազատվում այն 300 հազար ադրբեջանցի փախստականների երեխաների համար, որոնց Ալիեւը պատրաստվում է բերել, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան»:
Ամեն դեպքում՝ ընդունված որոշումը խոցելի է եւ կարող է հանգեցնել սահմանամերձ բնակավայրերի դատարկման հետեւանքի, ուստիեւ՝ ժողովրդագրական աղետի: Էլ չասած կրթության որակի անկման մասին՝ եթե նկատի ունենանք դպրոցականների համար գյուղից գյուղ գնալու մի շարք անբարեհարմարություններ՝ հատկապես ձմռանը: Պարզ է, որ ձմռան ամիսներին աշակերտների մեծամասնությունը կանոնավոր դպրոց հաճախելու հնարավորություն չի ունենա: Սա՞ է ՔՊ-ի խոստացած ապագան՝ դատարկված գյուղեր, կիսագրագետ սերունդներ:
Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ թիվ մեկ ՔՊ-ականը, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գումար է խոստանում թոշակառուներին՝ 10 հազար-ական դրամ ամսական: Երկու ամիս առաջ ասում էր՝ ի՞նչ անհրաժեշտություն կա 10 հազարով բարձրացնել կենսաթոշակները, ի՞նչ են անելու թոշակառուներն այդ գումարը, ավելի լավ է այն ներդնել առողջության ապահովագրության համակարգում, որպեսզի մեր սիրելի տատիկներն ու պապիկները օգտվեն հունվարի 1-ից գործող այդ համակարգից: Փետրվարն ավարտվում է, իսկ խնդրո առարկա համակարգը խառնաշփոթ վիճակում է, տակավին հայտնի չէ, թե երբ է սկսելու անվճար բուժծառայություններ մատուցել, այդ թվում՝ «սիրելի տատիկներին ու պապիկներին»:
Հիմա ի՞նչ փոխվեց, որ Փաշինյանը որոշեց թոշակ բարձրացնել եւ այդ մասին ուրախալի լուրը բոլոր ալիքներով հայտնել հուսախաբված թոշակառուներին՝ անձամբ, սակայն մի տեսակ վախվորած ու խեղճացած: Մտադրությունը տեսալիորեն թափանցիկ է, որպեսզի շահառուն չնկատի եւ չհասկանա նրա մտքինը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ մոտալուտ ընտրություններում վերարտադրվելու անհագ ցանկություն ունեցող այդ անձը տասը հազարով ուզում է գնել շուրջ 600 հազար կենսաթոշակառուների քվեն, որոնց երկու ամիս առաջ «ավելորդ բերաններ» էր համարում՝ կշտամբելով, թե 63-ն ինչ տարիք է, կարող են դեռ աշխատել, բայց «աղքատությունն իրենց գլխներում է»:
Թե ում գլխում ինչ կա՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ վերջին 4 տասնամյակում անցկացված համապետական ընտրությունների բանալի բառը, որ շատերին գայթակղում էր, 5 հազար կամ 10 հազար դրամն էր, ինչը առանձին անձանց համար մտածողություն է դարձել: Այդպես վաճառվել է երկիրը, եւ պատրաստակամություն է նկատվում այդկերպ նորից վաճառել, իսկ գնորդներ, ցավոք, միշտ գտնվում են: Դրանք մարդու այն տեսակն են, ում համար իր փորը թանկ է Հայրենիքից, փողը՝ արժանապատվությունից: Այ, երբ որ այս մտածողությունը կոտրվի, այնժամ կդառնանք պետություն՝ ամուր, ուժեղ եւ պատվական:
Հիմա ընտրություններից երեք ամիս առաջ՝ ապրիլի 1-ից, Նիկոլ Փաշինյանը թոշակ է բարձրացնում՝ 2026թ. բյուջեում չունենալով համապատասխան հատկացում: Պարզ է, որ դա արվելու է արտաքին պարտքն ավելացնելու գնով: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է՝ Փաշինյանը կաշառում է թոշակառուներին՝ նրանց զավակներին պարտքի տակ գցելու, հարկային բեռն ավելացնելու եւ էլի նման այլ վնասներ պատճառելու հաշվին: Նիկոլի նպատակը վերարտադրվելն է, որպեսզի գլուխն ազատի արդարադատությունից: Դրանից հետո թե ինչ կլինի, դա իրեն չի հետաքրքրում: Բայց մի բան պարզ է՝ հետո բոլորի քթից հանելու է: Եվ լավ էլ կանի: Փողի, փորի, պաշտոնի, կաշառքի, պարգեւավճարի դիմաց Հայրենիք տվողներին հասնում է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-26-ը երկօրյա պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում էր: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նա հանդիպում է ունեցել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես են եկել հայտարարություններով: Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել նախագահ Կարոլ Նավրոցկիի եւ Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ: Փաշինյանն այցելել է միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
«Հաշտեցումը դժվար գործ է». հաշվի առնելով Բաքվում դեռեւս պահվող 19 հայ կալանավորվածների, անհետ կորած անձանց ճակատագրերի ու բռնի անհետացման դեպքերի պարզաբանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ աղավաղված պատմական նարատիվները, փետրվարի 23-ին Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը: «Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղու հետագա իրականացմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ 2025-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը «ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջեւ, այլեւ հարթեց առեւտրի, կապի եւ մարդկանց միջեւ շփումների ճանապարհը»:
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 24-ին հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Ազիզ Նասիրզադեի հետ։ Նրանք նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Պապիկյանը եւ Նասիրզադեն՝ բարձր գնահատելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը:
Փետրվարի 25-ին Ադրբեջանից Հայաստան ուղարկվեց 4 հազար 500 տոննա դիզելային վառելիք, ինչի մասին հայտնեցին ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այն ուղարկվել է երկաթուղով: Անցած հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով ՀՀ տեղափոխվեց ռուսական եւ ղազախական ծագման ցորեն: Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:
Անցած երեքշաբթի ՆԳ նախարարն աշխատանքից ազատել է երեք փոխոստիկանապետերին. երկուսին նշանակել է նախարարի խորհրդական, մեկին էլ՝ օգնական: Կադրային փոփոխություններն արվել են նախորդ շաբաթ Երեւանում հնչած կրակոցների եւ սպանությունների ֆոնին: Աշխատանքից ազատվել են փոխոստիկանապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, մյուս փոխոստիկանապետ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը եւ երրորդ փոխոստիկանապետ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը: Ազատվածներից Խուդինյանը նշանակվել է նախարարի օգնական, իսկ մյուս երկուսը՝ խորհրդականներ:

