26.11.2024

Еженедельный Обзор

13-20 մայիսի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենանշանակալի  իրադարձությունը, որի շուրջ փորձագիտական եւ հանրային լայն քննարկումներ էին ծավալվել, մայիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներն էին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Նորաբակի, Շորժայի հատվածներում ադրբեջանական կողմի սանձազերծած նոր բախումների խորապատկերին: Միջազգային հարթակներում տեղի ունեցող բանակցություններից առաջ սահմանին լարվածության օջախների ստեղծումն այդ երկրում ավանդույթ է դարձել, եւ բրյուսելյան բանակցություններն այդ առումով բացառություն չէին:

Ընդհանրապես՝ վերջին շրջանում Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարծես թե, նոր փուլ է թեւակոխում՝ սահուն անցնելով արեւմտյան ազդեցության գոտի: Մայիսի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունները հանդիպեցին ինտենսիվ քառօրյա բանակցությունների համար, որոնք հովանավորվում էին ԱՄՆ-ի կողմից: Ամերիկայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գոհունակություն էր հայտնել Վաշինգտոնում կայացած բանակցություններում «շոշափելի առաջընթացից»՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը «տեսանելի է»:

Բրյուսելում եւս, ըստ Շառլ Միշելի, բանակցություններում կողմերն առաջընթաց են գրանցել՝ փոխադարձաբար հաստատելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ հարգելով Հայաստանի 29.8 հազար քառ. կմ ու Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները: Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթաժողովի շրջանակներում: Հնգակողմ ձեւաչափով այս նոր հանդիպմանը ներգրավված են լինելու ԵԽ նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Սակայն պետք է ընդունել, որ մի բան են բարձրաստիճան անձանց պաշտոնական հայտարարությունները եւ բոլորովին այլ բան՝ իրական գետնի վրա մեր աչքի տեսածը: Իրականում թե՛ Վաշինգտոնում եւ թե՛ Բրյուսելում անցկացված «բուռն» քննարկումները դույզն-ինչ չեն փոխել Հայաստանում եւ Արցախում առկա աղետալի վիճակը: ՀՀ-ում կան Ադրբեջանի կողմից բռնազավթված հազարավոր քառակուսի կմ հողատարածքներ, ճանապարհներ, դիրքեր, որոնք գրավվել են հրադադարի մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ոսոխի ուղիղ նշանառության տակ են հայտնվել սահմանամերձ գյուղերն ու արոտները, այգիներն ու դաշտերը, որոնք գրեթե ամեն օր գնդակոծում են՝ պատճառելով զոհ ու ավեր:

Արցախում իրադրությունը շատ ավելի օրհասական է: Կես տարի Ադրբեջանը «կողպեքի տակ» է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը: Չճանաչված հանրապետությունում հումանիտար աղետը եւ ցեղասպանության վտանգը գնալով ահագնանում են: Բաքվի բռնապետը ոչ միայն լկտիաբար ոտնահարում է արցախցիների իրավունքները, այլեւ արհամարհում է Վաշինգտոնից եւ Բրյուսելից հնչող հորդորները, նույնիսկ Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի այս տարվա փետրվարի 22-ի որոշումը: Հայաստանի եւ Արցախի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ոչ այլ ոք է, քան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը:

Շառլ Միշելի հայտարարությունից, նեղվել պետք չէ: Այն, ըստ էության, բովանդակում է բոլոր նույն թեզերը, ինչը վերջին տարիների ընթացքում այս կամ այն ձեւակերպումներով ասել ու ասում են ՀՀ իշխանությունները եւ անձամբ ինքը՝ Փաշինյանը: «Հենց Փաշինյանն է նախաձեռնել բանակցային գործընթացում նշաձողն իջեցնելու գործընթաց: 1-2 շաբաթ առաջ նա խոսում էր անգամ ինքնավարության մասին՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրել «դավաճան»-ի պիտակը, դա իրեն որեւէ ձեւով չի անհանգստացնում, պատրաստ է կրել դրա խարանը»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Անշուշտ՝ ամոթ ու թասիբ չունեցող անձը, ով խոստովանում է, որ «թուրք» անվանվելուց չի վիրավորվում կամ «դավաճան» պիտակից իրեն վատ չի զգում, ընդունակ է ցանկացած նողկալի արարքի, ցանկացած ստորության: Ցավալի է, բայց՝ փաստ:

 

Արտաքին քաղաքականությունը ձախողած փաշինյանական իշխանակարգը, կարծես թե, իր տեղն ուզում է գտել թմրաբիզնեսում: Մայիսի 16-ին աղմկոտ տեղեկատվությունը ցնցեց լրատվադաշտը. հայտնի դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկային է առգրավվել՝ 2,7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղներում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկայինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստից Հայաստան ուղարկելու համար: ՊԵԿ-ը հայտարարել է, թե չգիտեն՝ ում անունով էր թմրանյութերով թաքնված բանանի բեռը մտնելու Հայաստան:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ անհրաժեշտություն էր առաջացել ստուգելու 12 մետրից ավելի երկարությամբ 78 տոննա բանան պարունակող երկու սառնարանային բեռնարկղները: «Թմրանյութն ունեցել է շատ բարձր մաքրություն, գտնվել է կատարյալ վիճակում, եւ մաքսանենգությունն իրականացնողներին կարող էր բերել ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ»,- ասված է հաղորդագրությունում: Առգրավված թմրանյութը ոչնչացնելու համար Իտալիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Guardia de Finanza-ի (Ֆինանսական ոստիկանություն) 30 մասնագիտացած զինվոր է ներգրավվել: Ի դեպ՝ Ջոյա Տաուրո նավահանգստում 2021թ. հունվարից այս կողմ հայտնաբերվել ու առգրավվել է մոտ 37 տոննա կոկային:

Ամենահետաքրքիրն այն է, որ նշված դեպքից 4 օր առաջ արդեն Հայաստան էր ներկրվել կոկային տեսակի մոտ 1 տոննա քաշով եւ 250 մլն եվրո արժողության թմրամիջոց, որը հայտնաբերվել ու ներկայումս պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում Այդ տեղեկությունը, որը հայտնի է դարձել մայիսի 13-ին, մեր քաջարի ԱԱԾ-ն հարկ է համարել հայտնել մայիսի 17-ին՝ Իտալիայում առգրավված եւ ՀՀ չհասած 2,7 տոննա թմրանյութի վերաբերյալ տեղեկությանը զուգահեռ: Պաշտոնական հաղորդագրությունից երեւում է, որ թե՛ տեղ հասած 1 տոննայի եւ թե՛ կես ճանապարհին մնացած 2,7-ի երթուղին նույնն է՝ Էկվադորից տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի, Վրաստանի տարածքներով մինչեւ Հայաստան:

Ամենայն հավանականությամբ՝ «թանկագին» բեռը ՀՀ-ում երկար չի մնա, կտեղափոխվի երրորդ երկիր, քանի որ 2 միլիոն բնակչության համար 4 տոննա կոկայինը «չի ուտվի»: Կասկածից դուրս է նաեւ, որ թմրանյութի այդչափ ահռելի քանակության հետեւին բարձրաստիճան, ազդեցիկ իշխանավորներ են կանգնած, որոնք համակարգում են ապրանքի շարժը եւ, շահույթի առյուծի բաժինը, բնականաբար, նրանց գրպանն է մտնում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի համոզմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը լավ գիտի, թե որ ընկերությունն է բանան ներկրել, որի արկղներում թմրանյութ է եղել: «Այդ ընկերությունն առանց վերեւից հովանավորության չէր կարող 1 մլրդ դոլարի ապրանք ներմուծել»,- լրագրողներին ասել է պատգամավորը։

Դատելով վիճակագրական տվյալներից, ՀՀ-ում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հանցագործությունները վերջին 5 տարվա կտրվածքով կտրուկ աճել են: Այսպես՝ եթե 2018-ին գրանցվել է նմանատիպ 877 դեպք, ապա 2019-ին այն կազմել է 1.088 դեպք, 2020-ին՝ 1.226, 2021-ին՝ 1.544 եւ 2022-ին՝ 2.268 դեպք: Աննախընթաց աճը նկատելի է նաեւ իշխանական շատ պատգամավորների վարքագծից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի չհերքված մի տեղեկության, 2017թ.-ին Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ, որն այժմ ՔՊ խմբակցության քարտուղարն է, քրգործ էր հարուցվել թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով, որը 2018-ին կարճվել է:

Հիշարժան է նույն խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Էդուարդ Աղաջանյանի տարօրինակ հայտարարությունը, որը մատնում էր 2018-ի «թավշյա հեղափոխության» զավակների ներաշխարհի սնանկությունը: «Այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում»,- ասել էր Աղաջանյանը, որին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոն էին վստահել:

 

Անցնող շաբաթը, հիրավի, ծանր փորձությունների մի փոքրիկ շրջափուլ էր՝ Արցախի եւ Հայաստանի շուրջ անցանկալի զարգացումներ եվրոպական հարթակներում, չդադարող կրակոցներ Սոթքի սահմանին, ինչը հայ զինծառայողների կյանքեր է խլում, տոննաներով թմրանյութեր ժողովրդավարական Հայաստանի համար… Ո՞ր մեկը ասես: Այս ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար իշխանություններին մի ցնցող թեմա էր պետք, եւ այն գտնվեց: Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում տեղեկություն սփռվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Թերթի մեկնաբանմամբ՝ զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին՝ նստել իրենց մեքենան, սակայն կես ճանապարհին նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով քերծել է ոտքը:

Աշոտը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել, եւ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որն իր վարած մեքենայով «առեւանգում» էր վարչապետի որդուն: Թե որքան մոտ կարող է լինել իրականությանն այս պատմությունը, թողնենք յուրաքանչյուրի խղճին ու հայեցողությանը: Ուրեմն մեքենայում երկուսով են, ղեկին՝ մի կին, կողքի նստատեղին՝ 23 տարեկան, պատերազմի արհավիրքներով անցած եւ ծնողների խոսքով՝ հայրենիքին խիզախաբար ծառայած մի երիտասարդ: Ի՞նչ առեւանգման մասին կարող է խոսք լինել:

Ուրեմն ինչո՞ւ Աշոտիկը որոշեց նետվել դռնից, եւ առհասարակ, ի՞նչ էր նա կորցրել Վերաքննիչ դատարանի մոտերքում, որտեղ հավաքվել էին որդեկորույս ծնողները եւ իրենց դարդն էին լացում: Այս պարզ հարցերի պատասխանը ոչ ոք չունի: Լսենք դեպքի ականատեսներից մեկի՝ Գայանե Եղիազարյանի պատմածը, որը նույնպես զոհվածի մայր է եւ ցավակիցների հետ կանգած էր դատարանի առջեւ. «Մենք Աշոտ Փաշինյանին տեսնելով՝ մոտեցել ենք եւ ասել, որ ցանկանում ենք իր հետ խոսել: Ինքն ընդունել է, որ իր ծնողները մեղավոր են, ներողություն է խնդրել նրանց փոխարեն, ասել է, որ նրանց հետ կապ չունի, չի կարող պատասխան տալ նրանց փոխարեն… Մենք բոլոր հիմքերն ունենք՝ ենթադրելու, որ Աշոտ Փաշինյանը դիտավորյալ էր եկել դատարանի տարածք»:

Լրագրողների հետ տիկին Եղիազարյանի զրույցին միանում են նաեւ այլ ծնողներ ու «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներ: Մարդիկ իրար հերթ չտալով՝ պատմում են, որ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ այս միջադեպը հատուկ է կազմակերպված եւ նպատակ ունի ճնշել, ընկճել իրենց զավակների մահվան իրական հանգամանքները պարզելու համար պայքարող ծնողներին: «Պետք է հստակեցնենք մեկ բան՝ նշված երիտասարդն իր հոժար կամքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետեւ մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։ Նրանք ասում են, որ զոհվածի մայրը բոլորիս ներկայությամբ նրան առաջարկում էր գնալ Եռաբլուր եւ սեփական աչքով տեսնել, թե ի՜նչ տղաներ են այնտեղ հանգչում:

Ծնողների պատմածներից կարելի է եզրակացնել, որ Փաշինյան կրտսերը համաձայնել էր տիկին Գայանեի հետ նրա մեքենայով գնալ Եռաբլուր, բայց կես ճանապարհին, թերեւս, փոշմանել էր կամ մտածել էր, որ շեղվում է «սցենարից» եւ, պահը որսալով՝ որոշել է «թռնել»: Թվում է՝ «կռված տղան» ազնիվ կգտնվեր ու իրավապահ մարմիններին կպատմեր եղելությունը, բայց՝ ոչ, նա Ոստիկանություն է ներկայացրել իրեն առեւանգելու մասին հաղորդում, որի հիման վրա ՔԿ Երեւան քաղաքի ՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ինչը 4-8 տարվա ազատազրկում է ենթադրում:

Կարդում ես դեպքի առթիվ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը, սարսուռ է պատում մարմինդ, թե որքան առաձգական ու անսահման են մարդկային մտքի շրջանակները եւ թե ինչպես կարող են գույների խտացմամբ ոչնչից մեծ գործ «թխել»: Հոյակապ է դա տրվում փաշինյանական կադրերին: Բայց գետը միշտ գաթա չի բերի…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրն աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի՝ Ռեյկյավիկում մայիսի 16-17-ն անցկացված 4-րդ գագաթաժողովի բացման արարողությանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն այցի շրջանակում նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ ու պատվիրակությունների ղեկավարներ:

Իտալական «Ինտեր»-ը, որի առաջատար խաղացողներից է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ: Մայիսի 16-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «Ինտեր»-ը 1:0 հաշվով առավելության հասավ իտալական նույն քաղաքի մյուս ակումբի՝ «Միլան»-ի նկատմամբ: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը եւս ավարտվել էր «Ինտեր»-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով, այս խաղում երկրորդ գոլի հեղինակը Մխիթարյանն էր: Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կխաղա ֆուտբոլի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները եւ համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի անվտանգության եւ բնակչության կենսագործունեության ապահովմանը: Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:

Մայիսի 19-ին Մոսկվայում կրկին հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ՌԴ իրենց պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մայիսի 16-ին հայտարարել է երկրի երկու քաղաքացիների՝ 1980թ. ծնված Ռաշադ Ահմեդովի եւ 1991թ. ծնված Ռովշան Ամիրովի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են ՀՀ հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի եւ Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Առաջինը մեղադրվում է դավաճանության, ահաբեկչություն նախապատրաստելու, երկրորդը՝ դավաճանության եւ օտարերկրյա կազմակերպությունների ցուցումով պետության դեմ կոչ անելու մեջ:

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն այդ մասին հայտնել է մայիսի 15-ին՝ ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կբողոքարկեն Վերաքննիչում, ինչպեսեւ որոշման դեմ գանգատ կներկայացնեն եվրոպական դատարան: Վերմիշյանը 2020թ. փետրվարին ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի մարտից։ Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, ապա՝ կալանավորվել:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.