26.11.2024

Еженедельный Обзор

3-10 հունիսի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Փաշինյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով Անկարայում էր՝ ներկա գտնվելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրան ուղեկցում էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Նախագահական համալիրում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղուն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա Երեւանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն է այդ արարողությանը։ Մինչ օրս ՀՀ-ն Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով: Դա 9 տարի առաջ էր՝ 2014-ի օգոստոսին, Ս.Սարգսյանի իշխանության օրոք՝ դարձյալ Էրդողանի երդմնակալությանը մասնակցել էր նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով Թուրքիայի նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ վարչապետը նույն օրը գլխապատառ շնորհավորեց Էրդողանին, իսկ հունիսի 3-ին մեկնեց Անկարա՝ մասնակցելու վերջինիս երդմնակալությանը: Փաշինյանի՝ Թուրքիա այցը Երեւանում ընդունվեց ոչ միանշանակ: Էրդողանի տոնին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մասնակցությունը հարուցեց հանրային եւ փորձագիտական լայն շրջանակների իրավացի զայրույթը: «Էդ նույն Էրդողանն ամբողջ մարմնով թաթախված է հայկական արյան մեջ, էդ մարդուն գնում է Փաշինյանը շնորհավորելո՞ւ»,- տարակուսանքով նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Օրվա միջոցառումը լուսաբանող տեսանյութերից ու անկախ լրատվական աղբյուրների հաղորդումներից երեւում է, որ Թուրքիա Փաշինյանին հրավիրել են ոչ հյուրամեծարանքի մղումներով: Անկարայի նախագահական նստավայրում նրան ցուցադրաբար նստեցրել են երկրորդ շարքում՝ ուղիղ առաջին կարգում տիրականորեն բազմած Ալիեւի թիկունքի հետեւում, իսկ Էրդողանը հարգարժան հյուրերի թվում ՀՀ վարչապետին չհիշատակեց, երբ ողջունեց ու երախտիքի խոսքեր ուղղեց արարողությանը մասնակցող պետությունների եւ կառավարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Վենեսուելայի, Ղրղըզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հասցեին:

Ուշագրավ եւս մեկ նրբերանգ. Անկարայում վայրէջք կատարած ինքնաթիռից իջնելիս՝ Փաշինյանին ուղեկցում էր եւ նրա գլխավերեւում հովանոց էր բռնել թուրք թիկնապահը, ինչը, ըստ էության, խորհրդանշական ուղերձ ուներ՝ ՀՀ-ի հովանավորչությունը Թուրքիայի կողմից ստանձնելու պատրաստակամության իմաստով: Ի դեպ, նախորդ անգամ էլ՝ 2022թ. հոկտեմբերին, Սոչիում եռակողմ բանակցություններից առաջ Փաշինյանը հայտնվել էր Ադրբեջանի եւ ՀՀ-ի ղեկավարներին մուտքի մոտ սպասող ՌԴ նախագահի անձրեւանոցի տակ: Այն ժամանակ եւս հեռուստակայաններն այս դրվագը հատուկ շեշտել էին՝ որոշակի քաղաքական «մեսիջ» դնելով դրա մեջ. Ալիեւն իր անձրեւանոցով, Փաշինյանը՝ Պուտինի անձրեւանոցի տակ:

Երկու օրինակում էլ բովանդակությունը նույնն է. Հայաստանին՝ որպես մանրադրամի, պահել սեփական շահերի ու նախապայմանների ուղեծրում՝ անհրաժեշտության դեպքում նրան զոհասեղանին դնելու համար: Փաշինյանը պիտի որ մոռացած չլինի Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Թուրքիայի վճռորոշ մասնակցությունը եւ, մասնավորաբար, 2020-ի հոկտեմբերի 1-ին իր իսկ հնչեցրած գնահատականը, թե հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը: Պիտի որ մոռացած չլինի, որ Թուրքիան է Արցախ ուղարկել սիրիացի վարձկաններին, թուրքական «բայրաքթարների» հարվածներից են զոհվել մեր 18-20 տարեկան զինվորները:

Ամո՛թ նրան, որ այսքանը հիշելով՝ գնացել է դարավոր թշնամու ոտքը, երկրպագելու նրան, նվաստանալու եւ նվաստացնելու հայ ժողովրդին: Ամո՛թ մեր հանրությանը, որ հանդուրժում է պետության ու ժողովրդի անունից կատարվող այս ստորացումը: Երիցս իրավացի է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ գրելով. «Ողբերգությունն այն է, որ հայ հասարակությունը դրանից չի վիրավորվելու։ Ու հարյուրավոր հայեր նրան դիմելու են «մեծարգո»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ»: Իրոք, սա համազգային ողբերգություն է: Մտածել է պետք՝ ժամանակը շտապեցնում է:

 

Հունիսի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, կրկին կալանավորեց Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար մեղադրվող որդեկորույս մորը՝ Գայանե Հակոբյանին՝ մեկ ամիս 15 օր ժամկետով: Վերաքննիչն ավելի վաղ բեկանել էր կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք, որը, ըստ էության, մի քանի ժամ տեւեց: Զոհված զինծառայողի մայրը մեղքը չի ընդունում, եւ նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Վերջիններս համոզված են, որ դատարանի վրա ճնշում է գործադրվում իշխանության ամենավերին մակարդակով։

Նախորդ թողարկումներում «Հայացքն» անդրադարձել է մայիսի կեսերից հարուցված այս շինծու գործի գրեթե բոլոր հանգամանքներին՝ մասնագիտական դիտարկումների ու գնահատականների հիման վրա վերհանելով քրգործում առկա ապօրինի, արհեստածին եւ անտրամաբանական դրվագները: Հեռուն չգնանք՝ անօրինական էր նաեւ հունիսի 5-ին դատարանի կողմից ընդունված մեկուկես ամսյա կալանքի վճիռը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը: «Անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ»,- պարզաբանել է իրավաբանը: Մի՞թե Շահվերդյանը, որը դատավոր է նշանակվել ՔՊ-ական իշխանության օրոք, օրենքի այդ կետը դեռ չի հասցրել սերտել:

Կամ, միգուցե, ազդվե՞լ է դատական նիստում Փաշինյան կրտսերի դատողությունից, թե «իմ մոտեցմամբ՝ տնային կալանքը կարող է մեղմ լինել էս դեպքի համար»: Չի բացառվում, որ դատավորական փորձի սղություն ունեցող Շահվերդյանը Աշոտիկի հուշումը համարել է իրեն ուղղված ցուցում, որով եւ առաջնորդվել է: «Հրապարակ» թերթի տվյալով՝ մինչեւ դատավոր նշանակվելը Շահվերդյանը տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Նա նաեւ նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է, որի որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ՝ երկու ամիսը մեկ անգամ: «Նրան հրահանգված է դատը ձգել, քանզի եղած ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի»,- գրում է պարբերականը:

Սա է մեր դատաիրավական համակարգի իրական դեմքը: Մի երկրի, որի ձախողված ղեկավարն ու նրա արբանյակները՝ միմյանց հերթ չտալով, օրնիբուն գլուխ են արդուկում դատավորների «վեթինգի» եւ աշխարհում ժողովրդավարության «բրենդ» ճանաչված Հայաստանի մասին իրենց հեքիաթներով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սոչիում հունիսի 7-8-ը տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում էր եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը։ Քննարկման օրակարգում արդիականության տարբեր ոլորտների առնչվող մեկուկես տասնյակ հարցեր էին՝ կլիմայական պայմանների շուրջ ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումներից մինչեւ ինտեգրացված տեղեկատվական համակարգի եւ միության թվային օրակարգի հետագա զարգացում։ Նիստի ավարտին ստորագրվել է համաձայնագիր` ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին:

Հունիսի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ նրա առանձնատանը կայացել է հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին հայտնել են Հայ ազգային կոնգրեսից։ Առաջին նախագահն ու դեսպանը անդրադարձել են Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։ Այլ տեղեկություններ հանդիպումից չեն հաղորդվում:

Շաբաթ երեկոյան՝ հունիսի 14-ին, Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո, ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կարճատեւ հանդիպում։ CNN Türk-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը «քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման», «նոր հանդիպման» վերաբերյալ հարցեր։ Ոտքի վրա կայացած զրույցին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 6-ին Երեւանում էր, նրան այդ օրն ընդունել են ՀՀ վարչապետը, փոխվարչապետը եւ ԱԳ նախարարը։ Փաշինյանն ու Կլաարը քննարկել են, մասնավորապես, Բրյուսելում եւ Քիշնեւում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել թուրք նորանշանակ պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ՝ հայտնում են ԱԳՆ-ից։ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հարաբերությունները կարգավորել փորձող երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատել ամբողջական կարգավորման ուղղությամբ: Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT):

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.