Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջի ամենաքննարկված իրադարձությունը, որի արձագանքները շարունակվում են ցայսօր, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ հունիսի 20-ի աշխատանքային այցն է Թուրքիա: Այցից մեկ օր առաջ նա սոցցանցերում բացեիբաց գրել էր. «Այո, վաղը գնալու եմ Թուրքիա, հանդիպելու եմ պարոն Էրդողանի հետ, քննարկելու ենք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այո, ես գնալու եմ զիջումների՝ հանուն խաղաղության: Ոմանց համար դրանք զիջումներ են, ոմանց համար՝ ձեռքբերում, որն է խաղաղությունը»:
Մարդը պարզ խոստովանում է, որ մեկնում է Թուրքիա՝ հայցելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքման հարցում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը: Նա վստահ է, որ «պարոն Էրդողանի» միջնորդությամբ կհաջողվի համոզել Իլհամ Ալիեւին, որպեսզի նա ստորագրի պայմանագրի՝ արդեն բոլոր 17 կետերը երկուստեք համաձայնեցված տեքստը: Միաժամանակ հայտնում է, որ հանուն այդ բաղձալի «թղթի», պատրաստ է գնալ զիջումների՝ չնայած ամեն դեպքում զիջումների գնում է: Ավելին՝ առնվազն 44-օրյա պատերազմից ի վեր՝ շուրջ չորսուկես տարի, զբաղված է «կիրթ» գործընկերոջ պահանջների իրագործմամբ:
Հիշողությամբ թվարկենք պահանջներից մի քանիսը. Արցախի հանձնում, Բանակի քանդում, Եկեղեցուն հայտարարված պատերազմ, Հայոց ցեղասպանության ու Արեւմտյան Հայաստանի ուրացում, պատմության աղճատում, անվտանգային համակարգերի փլուզում, պետական խորհրդանիշների խեղաթյուրումներ՝ ըստ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկության ու ճաշակի եւ այդպես շարունակ: Հերթում մեկ տասնյակից ավելի կատարելիք զիջումներ կան դեռ՝ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության ձեւախեղում, ԵԱՀԿ ՄԽ լուծարում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում ՀՀ տարածքում 300 հազար ադրբեջանցիների բնակեցում եւ այլն:
Մենք բերեցինք Փաշինյանի իշխանավարման շրջանում արված ու շարունակաբար արվելիք միակողմանի զիջումների ոչ ամբողջական ցանկը: Հիմա ի՞նչ սպասելիք կարող է ունենալ բզկտված Հայաստանի քաղաքացին այս նոր՝ «Զիջումներ խաղաղության դիմաց» կասկածելի բանաձեւից: Լոկ մեկ սպասելիք՝ հիասթափության խորացում: Փաշինյանից հանրօգուտ ինչ-որ բան չէինք էլ սպասում: Նա Թուրքիա է գնացել ոչ թե ռազմավարական որեւէ խնդիր լուծելու, այլ 2026թ. խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու իր շահն առաջ մղելու համար, ինչի մասին մենք հպանցիկ խոսեցինք վերը նկարագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համատեքստում:
Խաղաղությունը, հարեւանների հետ սերտ համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, անտարակույս, կարեւոր են, սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում՝ հաշվի առնելով պատմական, աշխարհաքաղաքական ու աշխարհայացքային որոշակի առանձնահատկություններ, մերձեցումը խնդրահարույց է դառնում, եթե չասենք՝ անհնար: Նման պայմաններում հարցերի հարցն այն է, թե որն է լինելու խաղաղության գինը: Եթե խաղաղության գինը լինելու են խիղճ, ամոթ եւ «կարմիր գծեր» չճանաչող զիջումները, ուրեմն պետք չէ մեզ այդպիսի խաղաղությունը:
Ամենաուշագրավն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բավական անկեղծ են իրենց լկտի հավակնություններում. առաջինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանի բոլոր ցանկությունների կատարմամբ, իսկ երկրորդն այդ հարաբերությունների բարելավման համար հայկական կողմին հստակ նախապայմաններ է թելադրում, որոնք ոչ թե բանակցության հիմք են, այլ պետականությունը կազմաքանդող վերջնագիր: Բայց փույթ չէ կարծես. 7 տարի «նույն դասարանում մնացած» տգետների մեր կառավարությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջումների՝ ի սեր «խաղաղություն» վերտառությամբ թղթի մի կտորի, որն իրենց անփառունակ իշխանությունը եւս մեկ ժամկետ քարշ տալու հավաստագիր է:
Իշխանությունը կորցնելու վախը, իրապես, ինչ անհեթեթ, ապօրինի գործողությունների ասես, որ չի մղի հանրային վստահությունը կորցրած անբարեհույս ՔՊ-ական խմբակին: Թուրքիա մեկնելուց առաջ՝ հունիսի 18-ին, Փաշինյանն առցանց գրառմամբ հրահանգել էր իրավապահներին՝ կալանավորել ռուսաստանաբնակ գործարար, բարեգործ, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, ով այդ օրերին՝ գտնվելով Երեւանում, զորակցություն ու բարոյական աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Վեհափառ Հայրապետին:
Օրենքի հայ քաջարի պահապանները հաջորդ իսկ օրն առավոտյան անցան գործի՝ խուզարկեցին գործարարի առանձնատունը, բերման ենթարկեցին տան մոտ հավաքված տասնյակ քաղաքացիների, հետո էլ փաշինյանական «պատվերով դատարանն» ասաց իր խոսքը՝ Կարապետյանին մեղադրելով իշխանազավթման կոչերի համար ու նրա նկատմամբ կայացնելով երկամսյա կալանավորման դատավճիռ: Ավելի վաղ ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ նա ասել էր. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խիստ կասկածելի է, բայց, ըստ դատարանի գնահատանքի, սա իշխանազավթման կոչ է:
Թուրքիայից վերադառնալուց հետո՝ զգալով, որ «Տաշիր գրուպ»-ի սեփականատիրոջն առաջադրված մեղադրանքը, այնուամենայնիվ, համոզիչ չէ, Փաշինյանը մտածեց կամ, հնարավոր է, նրա մերձավոր շրջանակից գլխի գցեցին, որ կալանավորմանը նախորդող ներքաղաքական իրավիճակին պետք է սրացման երանգ հաղորդվի՝ ապահովելու համար գործողությունների հավաստիության հենքը: Ու այդպես հղանում է նախապատրաստվող «Հեղաշրջման պլան» կոչված ցնցող գաղափարը: Սա հնարավոր դիպաշարերից մեկն է, որը Փաշինյանին թույլ կտա անհրաժեշտության դեպքում արդարանալ միլիարդատիրոջը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կամ այլ կերպ՝ ԱԱԾ շենքի նկուղում փակելու համար՝ հիմնավորելով, որ ինքը պետական հեղաշրջման փորձ է կանխել:
Իրականում «Հեղաշրջման պլան» ցնդաբանությունը, որի բնագիր տեքստը թվագրված է 2024թ. հուլիսի ամսաթվով, ոչ թե իրավական գործընթաց է, այլ մեկ մարդու քմահաճույքի ու քաղաքական վախերի արդյունք: «Պլան»-ը, ՏՏ ոլորտի եւ ռազմական փորձագետների գնահատմամբ՝ ստեղծված է արհեստական բանականությամբ եւ պատահական անձանց՝ այստեղից-այնտեղից հավաքած կցկտուր խոսակցությունների մոնտաժման եղանակով: Այն պարզապես քաղաքական հետապնդումների գործիք է՝ ուղղված ընդդիմախոսներին լռեցնելու, հարկ եղած դեպքում նրանց նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու համար:
Ներկայացնենք մասնագիտական բազմաթիվ կարծիքներից մեկը. «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական սենսացիոն ձայնագրություններն եմ լսում։ Ակնհայտ է, որ շատ տարբեր (ամենայն հավանականությամբ՝ նաեւ անցյալ, իսկ գուցե նաեւ նախանցյալ տարվա) զրույցներից մանր կտրտած եւ իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել։ Կուզեն «հեղաշրջման փորձ» կհավաքեն, կուզեն՝ «ահաբեկչության նախապատրաստություն։ Առավել եւս, որ ցանկացած ընդդիմադիրի պարբերաբար նաեւ սադրիչներ եւ ուղղակի ոչ ադեկվատ մարդիկ են մոտենում, ու դրանց ոնց էլ ցրես, ամեն դեպքում «սենսացիոն բաներ» ձայնագրել կարելի է»։
Շատ փորձագետներ արդեն չեն էլ հիշում, թե որերորդ դեպքն է, որ «գաղտնալսումների «փրթիկները» մոնտաժելով»՝ ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում, որոնք տարիների քաշքշուկներից հետո հօդս են ցնդում: «Հիմա էլ որեւէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու»,- հաստատում է Վրթանեսյանը՝ գրառումն ավարտելով սրամտությամբ. «Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլեւ զրուցել»: Այսքանից հետո միայն խղճալ կարելի է անողնաշար այն քննիչներին, որոնք նման կեղծապատիր, նվաստացուցիչ եւ հանրությանը մոլորեցնող էժանագին պատվերներ են ընդունում:
Իսկ իշխանության փարսեցիության մասին մենք չ մի բառ չենք ասի: Իրենք իրենց մասին ամեն ինչ ասացին գործադիրի հունիսի 26-ի նիստում: Ահավասիկ. «Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը… Կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ-ի, դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պետական պարգեւի»,- ասել է Փաշինյանը: Դատեք ինքներդ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 25-ին իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: «Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի սանձազերծած հաշվեհարդարին, ինչի առիթը գործարարի արած հետեւյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Ընդհանուր համոզմամբ՝ խնդրո առարկա խոսքը սովորական քաղաքական հայտարարություն է, ինչի իրավունքը, որպես ՀՀ քաղաքացի, նա ունի: Առաջին նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է. «Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաեւ Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Բաքվի զինդատարանում հունիսի 23-ին շարունակվում էր ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այդօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա պատասխանել է դատախազների՝ ԼՂՀ-ի բանկային համակարգին վերաբերող հարցերին։ Ադրբեջանական աղբյուրների տեղեկացմամբ՝ Հարությունյանը մասնավորաբար նշել է, որ «Արցախբանկը» գրանցված է եղել Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից եւ «հայաստանյան այլ բանկերի համեմատ որեւէ արտոնություն կամ առավելություն չի ունեցել»։ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետեւանքով գերեվարված 16 անձինք։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը մեղադրում է ադամանդների հափշտակման կապի մեջ։ Այս մասին նշված է ծառայության հունիսի 23-ին տարածած հայտարարության մեջ։ Դրա համաձայն՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Алроса ընկերությունից ադամանդների սիստեմատիկ հափշտակման դեպքեր են բացահայտել, որոնցում ներգրավված են եղել կոնցեռնի աշխատակիցներից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին եւ ՀՀ-ի ու ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող Արմեն Պետրոսյանը եւ Արման Սահակյանը։ ФСБ-ի պնդմամբ՝ հափշտակված ադամանդները առաքվում էին Հայաստանում գործող «Դայմոնդ» ընկերությանը, որի շահառուն է գործարար եւ ԱԺ պատգամավոր Սուքիասյանը։
ՀՅԴ Գերագույն մարմինը (ԳՄ) հայտնում է կուսակցության մի քանի անդամների՝ այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Ա.Սարգսյանի տանը հունիսի 25-ին կատարված խուզարկությունների մասին: Ըստ ԳՄ-ի, խուզարկում են ԳՄ անդամ Ի.Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ (ԿԱ) Վարդան Ավագյանի, Հրազդանի ԿԱ Արտաշես Հունանյանի եւ Նոյեմբերյանի ԿԱ Վարազդատ Ամիրաղյանի բնակարանները: «Ազատության» թղթակիցը հայտնում է, որ Ի.Սարգսյանի տանը խուզարկությունն ավարտելուց հետո իրավապահները նրան տեղափոխել են Քննչական կոմիտե: Իրավապահների գործողությունների մասին հայտնել են նաեւ այլ քաղաքական ուժեր, ինչպես նաեւ «Սրբազան պայքար» անունն ստացած շարժումը: Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտարարել է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին: