15.10.2024

Еженедельный Обзор

29 հունիսի - 6 հուլիսի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ինչպես վաղօրոք հայտարարվել էր, Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 28-30-ը Սյունիքում էր, որտեղ սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների օրացույցով Սրբազանը եղավ մարզի մի շարք բնակավայրերում, զրույցներ ունեցավ տեղաբնակների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: Առաջին կանգառը Մեղրի եւ Ագարակ համայնքներն էին, ավարտականը՝ Գորիսն ու Սիսիանը: Այդ ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բարձրացել է Խուստուփ լեռը, հարգանքի տուրք մատուցել լեռան լանջին գտնվող՝ Նժդեհի շիրիմին, այնուհետեւ շրջայցերը շարունակել դեպի Ներքին Հանդ, Դավիթ Բեկ, Շուռնուխ գյուղերը, Կապան մարզկենտրոն, Տաթեւի վանք եւ այլուր:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդին եւ նրա գլխավորած խմբին ամենուրեք դիմավորում էին աղուհացով, զուռնա-դհոլով, սիրով ու ցնծությամբ: Սյունեցիներն անկեղծորեն հերոս-մահապարտ են համարում այն հայորդուն, ով բոլորիս համար այս օրհասական ժամին, երբ երկիրը գահավիժման վտանգի տակ է, իսկ հանրությունը՝ հուսալքության մեջ, կհամաձայնի ստանձնել պետության ղեկը՝ տառապյալ ժողովրդին «հուսո եզերք» դուրս բերելու ծանր հանձնառությամբ: Տեղի բնակչության հետ հանդիպումներում Բագրատ Սրբազանը հայտարարում է, որ իր պայքարից չի նահանջելու, եւ մարդիկ աներկբայորեն հավատում են նրան:

Սրբազանը սեր եւ համերաշխություն է բաշխում չորս բոլորքը, երբեք չի չարախոսում, ազգի մեջ ատելություն, երկպառակություն չի սերմանում: Նրա համար հավասարապես թանկ ու սրտամոտ են բարի, արարող, ճշմարտախոս, արդարադատ, մտահասու եւ ժողովրդանվեր անձինք, որոնց պատրաստ է օգնել ու սատարել՝ ինչով եւ ինչպես կարող է: Սա է նրա հավատամքը, նրա ապրելու բանաձեւը, որին միշտ հավատարմորեն ծառայել ու շարունակում է ծառայել: Դրա մասին է վկայում մինչեւիսկ երկամսյա իր պայքարի այս կարճ հանգրվանը՝ ներառյալ մարզային այցելությունները եւ, մասնավորապես, սյունիքյան եռօրյա հանդիպումները:

Որքան էլ իշխանական շրջանակները փորձեն հանրությանը մատուցել կեղծ լուրեր, թե Սյունիքի սահմանամերձ գյուղերում լուծման ենթակա հարցերը հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի են՝ ակնհայտ է, որ սյունեցիների մտահոգության թիվ մեկ առարկան անվտանգությունն է, ավելի ստույգ՝ դրա բացակայությունը, ինչը վերջին չորս տարում իշխանությունների վարած անխոհեմ եւ ապազգային քաղաքականության հետեւանք է: Թե ինչ տեղի ունեցավ Տավուշի գյուղերում, մենք տեսանք՝ Կիրանցում մարդկանց մի մասին գումարով, մյուսին՝ համոզելով, ստիպեցին, որ ՀՀ օրենքով իրենց տրված կադաստրի վկայականներից հրաժարվեն՝ հօգուտ Ադրբեջանի։

Այսօր Սյունիքին գրեթե նույն ճակատագիրն է սպասվում. իրավիճակից դրդված՝ գյուղացուն այլ բան չի մնում, քան լքել գյուղը: Դատեցեք ինքներդ. Ներքին Հանդի գերեզմանոցը թշնամու վերահսկողության տակ է՝ սահմանի այն կողմում, եւ մարդիկ չեն կարողանում այցելել իրենց ննջեցյալների շիրիմներին, հուղարկավորությունների համար էլ անվտանգ տեղ են փնտրում: Շուռնուխում Ադրբեջանի դրոշը տիկին Անահիտի տան դիմաց է՝ մի քանի մետր հեռավորության վրա, հայկական հողում: Ազերի թուրքը պարզ ասում է. «Մենք այդ տարածքներին պետք է տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին»: «Ավելին», ըստ երեւույթին, Շուռնուխը նվաճելն է եւ Սյունիքի խորքը մխրճվելը:

Թշնամու թիրախում Սյունիքը շատ վաղուց է հայտնվել, բայց նրան տիրանալու երազանքի իրագործմանը երբեք այնքան մոտ չէր եղել, որքան Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, եւ շատ ավելի մոտ՝ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ փաշինյանական վարչախմբի լռելյայն համաձայնությամբ Ալիեւը հակաահաբեկչական գործողության կեղծ պատրվակով զինված ներխուժում ձեռնարկեց Ստեփանակերտի վրա՝ իրականացնելով ավելի քան 110 հազար հայ բնակչության էթնիկ զտում եւ 2-3 օրում հայաթափելով Արցախը: Այժմ Էրդողան-Ալիեւ զույգի գրգռված ախորժակը Սյունիք է ուզում, եւ միայն մեր հարավային հարեւանի՝ Իրանի շնորհիվ է, որ Սյունիքը դեռ կանգուն է:

 

Շաբաթը դարձյալ տխուր լուր բերեց բանակից. հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Այս մասին հաղորդել է ռազմական գերատեսչությունը՝ հավելելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում: Տարեսկզբից սա զինծառայողի մահվան 20-րդ ցավալի դեպքն է, ընդ որում՝ ոչ մարտական պայմանների հաշվարկով՝ 16-րդը:

Ասել է թե՝ 2024-ի անցած կես տարում թշնամու գնդակից զոհված զինծառայողների թիվը 4-ն է, մյուս 16 ողբերգական միջադեպերն արձանագրվել են հարաբերականորեն խաղաղ պայմաններում՝ դժբախտ պատահարների, ոչ կանոնադրական ենթամշակույթի դրսեւորումների, ինքնասպանությունների կամ ինքնասպանության դրդելու հետեւանքով: Ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրեական վարույթ հարուցվել նաեւ հունիսի 3-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի զորամասերից մեկում զինծառայություն իրականացնող Սարգիս Խաչատրյանի մահվան փաստով:

Վերջինս, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հենց մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ էլ՝ գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում մահացել է: Մամուլի տեղեկությամբ՝ ինքնասպանությամբ կյանքին վերջ տված պայմանագրային զինծառայողը Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ էր: Բանակում ինքնասպանվածի հարազատները, նրան ճանաչողները, որպես կանոն, հերքում են ինքնասպանության վարկածը՝ պնդելով, որ իրենց զավակը կամ ճանաչած անձն ընդունակ չէ նման արարքի:

Այդուհանդերձ՝ ԶՈՒ-ում, չգիտես ինչու, պատասխանատու անձինք հակված են ոչ մարտական պայմաններում մահացու ելքով դեպքերը վերագրել ինքնասպանության՝ չնայած այդ երեւույթը դատարկ տեղը չի լինում. եթե երիտասարդ մարդը դիմում է նման քայլի՝ նշանակում է բանակային բարքերի, միջանձնային հարաբերությունների եւ, ընդհանրապես, կարգապահության հետ մի բան այն չէ: Նշանակում է հրամանատարի կամ ծառայակցի կողմից մարդը պարբերաբար արժանացել է նվաստացումների, սպառնալիքի, պատվի ու արժանապատվության նսեմացման, մի խոսքով՝ անհարգալից վերաբերմունքի:

Անշուշտ՝ նախկինում էլ մեր բանակում, որը հարավկովկասյան տարածաշրջանում ամենամարտունակի համբավ ուներ, ցավալի դեպքեր, ճիշտ է, նվազագույն չափով, բայց լինում էին: Հիմա՝ ոչ մարտական իրադրությունում վեց ամսվա կտրվածքով 20 զինվորի մահը ոլորտում լուրջ թերացումների ու հանցավոր, անարհեստավարժ գործելակերպի մասին է խոսում: Երբեմնի ընդդիմադիր Փաշինյանն այն ժամանակ մեծ-մեծ «բրդում» էր, թե բանակում բարձիթողի վիճակ է, զինվորի հացը գողանում են, թալանում են եւ այլն: Ես սովորություն չունեմ Հայոց հաղթական բանակի մասին վատ բան գրել, բայց, կներեք, սա ի՞նչ վերաբերմունք է ռազմաքաղաքական ղեկավարության, անձամբ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից:

Սա արդյունքն է այն բանի, որ մեկուկես տարի առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ կրակի ճարակ էին դարձել մեր 15 լույս-տղաները, ցայսօր անորոշության ու կասկածանքների մշուշով է պատված: Բոլորը լավ գիտեն, թե ով ծածկադմփոց արեց, «ջրեց» գործը՝ դեպքից ընդամենը 1-2 ժամ անց մանրազնին «նկարագրելով» տեղի ունեցածը, երբ գործի նախաքննություն դեռ չէր էլ սկսել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւ ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերը հուլիսի 3-ին անդրադարձել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումներին, մտքեր են կիսել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Փաշինյանն ընդգծել է օրերս Երեւանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարեւորությունը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ գործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Խորվաթիայում հունիսի 29-ին անցկացված Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ալբանիայի իր գործընկերոջ՝ Իգլի Հասանիի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը: Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է մեծահարուստ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աղջկանից եւ փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 264 հազար դոլարի պահանջի իրավունք, երկու անշարժ գույք եւ բաժնեմասեր: 3 տարի տեւած ուսումնասիրությունից հետո Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել՝ եզրակացնելով, որ այս ունեցվածքը Ծառուկյանն ու ընտանիքի 11 անդամներն ապօրինի են կուտակել: Ի պատասխան՝ փաստաբանների թիմը հակադարձել է, նշելով, որ իր կարողությունը՝ 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 213 միլիոն դոլար, բաժնեմասեր մոտ 40 ընկերություններում, որոնք պետությունն ուզում է բռնագանձել, Ծառուկյանը կուտակել է արդար քրտինքով:

Ադրբեջանի նախագահը հուլիսի 1-ին վերստին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարեւոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Իլհամ Ալիեւի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիեւը Կանադայի նորանշանակ դեսպան Քեւին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս: «Ադրբեջանը չէ, որ պետք է Հայաստանին ներքին օրակարգ թելադրի»,- ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել էր ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հայաստանը հուլիսի 1-ին ստանձնեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նախագահությունը, ինչի կապակցությամբ նույն օրն աշխատանքային այցով Երեւան էր ժամանել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն: Այս մասին մամուլին հայտնել են Հայաստանի ԱԳ նախարարությունից, որտեղ կայացել է Միրզոյանի եւ Կոմանեսկուի հանդիպումը: Կազմակերպությունում մեր երկրի նախորդ նախագահությունը եղել էր 2018 թվականի առաջին կեսին:

Թուրքիայի ԶԼՄ-ները կարգավորող գերատեսչությունը հուլիսի 3-ին պատժամիջոց է սահմանել Ստամբուլում գործող ռադիոկայանի նկատմամբ, երբ այդ լրատվամիջոցի եթերում հյուրը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ կիրառելով հենց Ցեղասպանություն բառեզրը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է: Այդ երկրի ռադիո-հեռուստահաղորդումների ոլորտը վերահսկող RTUK-ը, մասնավորապես, հինգ օրով զրկել է Acik Radyo-ին հեռարձակումից՝ խնդրո առարկա հայտարարությունը որակելով «ատելության հրահրում»: Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարել է, որ RTUK-ի որոշումը հարված է խոսքի ազատությանը: «RTUK-ը պետք է անկախ կառույց լինի եւ պետք է անհապաղ չեղարկի այս որոշումը»,- տարածած հաղորդագրության մեջ պնդել է լրագրողական կազմակերպությունը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.