17.04.2026

Еженедельный Обзор

5-12 հուլիսի 2025թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ներքաղաքական իրավիճակը երկրում շարունակում է մնալ կայուն լարված: Չգիտես՝ ով ում ձեռն է կրակն ընկել, ով ում պատանդն է՝ ժողովո՞ւրդը Փաշինյանի, թե՞ Փաշինյանը թուրք-ադրբեջանական զույգի: Շաբաթվա լրահոսը պայթում է նոր ձերբակալությունների, խուզարկությունների, ապօրինի կալանավորումների մասին հաղորդումներից: Բայց սկսենք ԱԺ-ի՝ հուլիսի 8-ին տեղի ունեցած նիստից, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո վերածվեց վեճի ու քաշքշուկի: Այդ պահին ԱԺ-ում քննարկվում էր վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ընդդիմադիր պատգամավորը մեղադրվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «գործի» շրջանակում: Այսինքն՝ նրան եւս, իբրեւ Բագրատ սրբազանի «խմբի» անդամի, վերագրվում են ահաբեկչություն նախապատրաստելու եւ իշխանությունը յուրացնելու հոդվածներով նախատեսվող ծանր մեղադրանքներ: «Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորման որոշումն էլ կա, այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ էստեղ, որոշել եմ այդ ժամանակը իմ չորս անչափահաս երեխաների ու իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ եւ կգնամ Քննչական»,- ելույթն այսպես ավարտեց պատգամավորը եւ արագաքայլ ուզում էր դուրս գալ դահլիճից, բայց…

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում պարզորոշ երեւում է, թե ինչ տեղի ունեցավ հետո: Հենց Սարգսյանը դուրս է գալիս դահլիճից, ՔՊ-ական Վահե Ղալումյանը վազում է նրա հետեւից եւ հասցնում հընթացս հարվածել: Ղալումյանին ակնթարթորեն միանում են եւս 2-3 ՔՊ-ականներ ու խմբով ծեծում ուր-որ է կալանավայր տեղափոխվող իրենց գործընկերոջը: Դահլիճում հնչում են փոխադարձ վիրավորանքներ, իրար են խառնվում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները, սկսում քաշքշել միմյանց: Ուշացած միջամտում են անվտանգության աշխատակիցները, եւ նիստն ընդմիջվում է:

Ուշիմ դիտորդի աչքից չէին վրիպի ՔՊ-ականների գործողություններում խնամքով թաքնված կազմակերպվածությունն ու ներդաշնակությունը: Կարծես՝ աներեւույթ մի ձեռք վարագույրի հետեւից համակարգում էր այս խայտառակությունը, որի իշխանական կողմի մասնակիցներից յուրաքանչյուրը ջանում էր հավատարմության առումով հնարավորինս դուր գալ թիմի պարագլխին: Վահե Ղալումյանը՝ Փաշինյանի հայրենակիցն ու նրա քավորի եղբայրը, խորհրդարանական ծեծկռտուքների հմուտ կազմակերպիչ է, եւ Փաշինյանն այդ «կարեւոր գործը» միշտ նրան է հանձնարարում: Կալանքի գնացող մարդու վրա ձեռք բարձրացնելը տմարդության, փչացածության գագաթնակետն է: Բայց՝ հասկացողի համար:

Հետանկախական գումարումների հայոց խորհրդարանները բարենորոգչական տրամաբանությամբ առանձնապես աչքի չեն ընկել, իսկ ա՛յ, ծեծկռտուքների, վեճերի, լեզվակռիվների պակաս երբեք չեն ունեցել: Նման միջադեպերի նախաձեռնությունը հիմնականում գալիս է քաղաքական մեծամասնությունից: Կշտամբանքներին ի պատասխան՝ սովորաբար ասում են՝ դե, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ այդպիսի դիպվածներ լինում են: Է, հետո՞ ինչ, նրանք, անշուշտ, մեզ նման խնդիրներ չունեն, կարող են միգուցեւ իրենց թույլ տալ, իսկ Հայաստանը լիքն է հազար ցավ ու չոռով, մանավանդ՝ Փաշինյանի պես ղեկավար եւ Էրդողան-Ալիեւ զույգի պես դրացիներ ունեցող Հայաստանը:

Հիմա վերադառնալով ՀՀ ներքաղաքական սրացումներին՝ մասնավորապես թափ առած զանգվածային բռնություններին ու իրավական ամենաթողությանը, կարելի է արձանագրել, որ դրանք՝ հակառակ ժողովրդի ակնկալիքների, մեղմացման չեն գնում: Ի՞նչ ենք մենք տեսնում. գետնի վրա թատերականացված ներկայացում՝ ի դեմս հրապարակ նետված շինծու «հեղաշրջման պլանի» եւ «նախապատրաստվող ահաբեկչության», իսկ ԱԺ-ում՝ ՔՊ-ի ոհմակային հարձակում կալանքի դատապարտված պատգամավորի վրա: Ընդ որում՝ ապօրինի՛ կալանքի: Այս ամենը միանշանակ նախընտրական իրադարձությունների տրամաբանության ծիրում է, որի շահառուն փաշինյանական կլանն է:

Ասում են՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան իշխանական զույգը մտադիր է գալիք խորհրդարանական ընտրություններին,- հերթական թե արտահերթ,- գնալ բացառապես նոր թիմով: Ավելին՝ «Քաղպայմանագրի» համամասնական ցուցակն արդեն պատրաստ է, որտեղ, ըստ տարբեր լուրերի, ներկաներից գրեթե մարդ չկա: Ահա թե ինչու են իշխող քաղաքական ուժի պատգամավորներն իրենց «կոտորում» Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու եւ նախընտրական ցուցակում իրենց անունները զետեղած տեսնելու համար: Իսկ թե վերարտադրվելու համար ինչերի է պատրաստ ինքը՝ Փաշինյանը, ասելն ավելորդ է: Ամեն ինչ այնքան ակնհայտ է ու ամեն բան այնպես խոսուն, ինչպես՝ երբեք:

 

Բայց եթե ներհայաստանյան արեալում ծավալվելու հնարավորություններն ավելի մեծ են ու ձեռքերն՝ ավելի ազատ, արտաքին քաղաքական ճակատում նույնը չէ, որովհետեւ այնտեղ ասողը Փաշինյանը չէ, այնտեղ Փաշինյանը լսողն է: Հուլիսի 9-10-ը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում՝ պատվիրակությունների բավական տպավորիչ կազմերով, տեղի ունեցավ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, որտեղ Նիկոլը հույս ուներ, որ գոնե այս անգամ կհաջողվի «կառուցողական» գործընկերոջից, ի վերջո, «խաղաղություն» վերտառությամբ մի «թուղթ» պոկել: Հինգ ժամ տեւած երկկողմ եւ պատվիրակություններով միասին բանակցություններից հետո էլ անորոշությունն այդ հարցում չփարատվեց:

Երեւանը խաղաղության պայմանագրի շուրջ որեւէ կոնկրետ համաձայնության մասին տեղեկատվություն չի հաղորդել: Հայկական կողմի հրապարակած միակ փաստաթուղթը ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրությունն էր, համաձայն որի՝ կողմերը հաստատել են, որ «երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձեւաչափն են, եւ այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»: ՀՀ վարչապետի գրասենյակը բանակցությունների մեկնարկին հարցերի շրջանակը չէր կոնկրետացրել, շատ ընդհանուր ձեւակերպմամբ նշել էին, թե Փաշինյանն ու Ալիեւը հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում:

Մինչ հայկական որեւէ լրատվամիջոց տեղից լուրեր չէր հաղորդում, ադրբեջանական մամուլը Աբու Դաբիից փոխանցում էր, թե «լուրջ ու բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման եւ զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման եւ այլ հարցերի շուրջ»: Ադրբեջանական Haqqin.az-ը մանրամասներ էր փոխանցում, որ հանդիպումը նախ ընդլայնված կազմով է անցել, ապա՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ են այն շարունակել, իսկ ժամը 2-ի սահմաններում բանակցություններն ավարտվել են:

Հետաքրքիր է, թե ամբողջ հինգ ժամ ինչ էին քննարկում, եթե իրականում Փաշինյանն անգիր գիտեր՝ ինչ է զիջելու, Ալիեւն էլ գիտեր ստանալիքը: Էլ ի՞նչ քննարկման մասին կարող է խոսք լինել: Թե՞ ուղղակի ձեւացնում էին, թե իբր այնպես չէ, որ հայկական կողմն առանց դիմադրության հեշտ ու հանգիստ համաձայնվում է Ալիեւի բոլոր պահանջներին: Թող բոլորը մտածեն, թե լարված բանակցություններ են ընթանում՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Մինչդեռ իրականությունն այլ է, մենք դրանում բազմիցս համոզվել ենք: Եվ այժմ էլ՝ չնայած ժլատ տեղեկատվությանը, տարբեր խողովակներով լուրեր են գալիս, որոնցում ճշմարտության հատիկներ կարող ես գտնել՝ ասվածին հավելելով քո անձնական դիտարկումները:

Ամփոփենք՝ բերելով Աբու Դաբիում համաձայնեցված մի քանի ուշագրավ դրվագներ՝ ըստ ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Պողոսյանի.

ա) Հայաստանը վերադարձնում է անկլավներ կոչված տարածքները՝ Տիգրանաշեն-Քյարքին եւ Տավուշի երեք հայտնի գյուղերը մինչեւ օգոստոսի վերջը;

բ) ԵԱՀԿ քարտուղարությանն ուղղված համատեղ պաշտոնական նամակով՝ մեկ ամսվա ընթացքում, Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացնում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ավարտման կապակցությամբ մտադիր են ՄԽ-ն լուծարելու հարցով ս.թ. դեկտեմբերին դիմել ԵԱՀԿ-ին: Սա արդեն կլինի գրավոր հանձնառություն՝ մինչեւ պայմանագրի ստորագրումը;

գ) Մինչեւ տարեվերջ ՀՀ-ում ավարտին է հասցվում նոր Սահմանադրության տեքստի մշակումն ու դեկտեմբերին սկսվում են դրա հանրային քննակումները: Նիկոլ Փաշինյանը հանձնառու է հայտարարել, որ նոր Սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու 2026թ. ընտրությունների հետ միաժամանակ: Հանվելու է հղումը Անկախության հռչակագրին, հատուկ ֆիքսվելու է, որ Հայաստանը տարածքային որեւէ պահանջ չունի հարեւանների հանդեպ, սահմանադրական հիմք է ստեղծվելու ազգայնական ուժերին ու խմբերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, փակվելու են ազգայնական ու ծայրահեղական որակված բոլոր կազմակերպությունները՝ այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն;

դ) Հայ-ադրբեջանական պայմանագրում չի լինելու որեւէ անդրադարձ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տեքստում լինելու է ընդհանուր դրույթ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին եւ վերջ: Փոխարենը ԵՄ-ի հետ Նիկոլն առաջիկայում ստորագրելու է նոր փաստաթուղթ, որով արձանագրվելու է՝ ՀՀ-ով անցնող կապուղիները բացվում են ՀՀ-ԵՄ համագործացության ու «Միջին միջանցքի» համատեքստում: Հատուկ կօգտագործվի «Խաղաղության խաչմերուկ» խաբուսիկ անունը, որպեսզի Փաշինյանը հայությանը խաբի, թե միջանցք չի տվել: Իրականում դա լինելու է ադրբեջանաթուրքական միջանցք: Հայաստանը կորցնելու է իր սուվերեն վերահսկողությունը Իրանին կապող այդ հատվածի նկատմամբ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հուլիսի 5-ին Հայաստանը նշեց Սահմանադրության օրը: 1991թ.-ին Անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, եւ այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների. առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրության ընդունումից 30 տարի անց Մայր օրենքի հարցը առանցքային է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: Բաքուն հրաժարվում է ստորագրել համաձայնեցված տեքստը՝ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը ու պնդելով, թե Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագիրը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Հայաստան» խմբակցության եւս մեկ պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը, հուլիսի 8-ին զրկվեց անձեռնամխելիությունից: Դա տեղի ունեցավ իշխող խմբակցության քվեարկության 62 կողմ ձայներով՝ հօգուտ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության: Ընդդիմությունը բոյկոտել էր նիստը եւ չէր մասնակցել քվեարկությանը: Սարգսյանին մեղադրանք կառաջադրեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով: Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նա մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Նախօրեին ԱԺ-ը անձեռնմխելիությունից զրկել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) անցած երեքշաբթի իր խոր մտահոգությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների՝ «այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահների ձեռնարկած գործողությունների եւ բարձրաստիճան հոգեւորականների ձերբակալությունների մասին տեղեկությունների առթիվ»։ Այս մասին նշված է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։ ԵՀԽ գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ «ապահովել բոլոր կրոնական առաջնորդների եւ հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են դիտվել որպես կրոնական կառույցների թիրախավորում կամ նրանց հանդեպ հանրային թշնամանքի հրահրում»:

Հուլիսի 8-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն այդտեղից չեն մեկնաբանում, թե ինչ գործի շրջանակներում է մեծահարուստ գործարարը հարցաքննվել եւ դատավարական ինչ կարգավիճակ ունի: «Ազատության» տեղեկություններով՝ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, նա որպես վկա է հարցաքննվել: Հակակռուոպիցոն կոմիտեի օրինակով՝ ԲՀԿ առաջնորդի գրասենյակը եւս լռություն է պահպանում վերջինիս հարցաքննության առնչությամբ, իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հեռախոսազանգերին չի արձագանքում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.