Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Վերջին շրջանում ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական ճակատներում տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռելու փոխարեն, ինչի պահանջարկը հանրության մեջ ակնբախ է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հուլիսի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում ավելի խճճեց երեք տասնյակ լրագրողների մասնակցությամբ դիտարկվող հարցերը, սովորության համաձայն՝ գործի դնելով մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը: 2018-ի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» հետո անցած 7 տարիները, նրա ներկայացմամբ, մեծ հաջողությունների, ձեռքբերումների ու փայլուն ապագայի կերտման ժամանակաշրջան էր:
Այս անգամ Փաշինյանը պերճախոսությամբ գերազանցեց ինքն իրեն: Նրա նկարագրած մերօրյա Հայաստանին կնախանձեին աշխարհի ամենահարուստ ու բարգավաճ երկրների ժողովուրդները: Պարզվում է՝ Հայաստանն աշխարհում մեծ հեղինակություն է վայելում, իսկ Նիկոլ Փաշինյանին ամենուրեք ընդունում են գրկաբաց, մանավանդ՝ Թուրքիայում, որի հանդեպ մեծ ակնածանք է տածում եւ զարմանում է, երբ ինչ-որ մեկը «թթու» խոսք է ասում այդ երկրի հասցեին. «Թուրքիայի պես պետության հետ ուրիշ ինչպե՞ս կարելի է հարաբերվել, եթե ոչ բարեկամաբար… հո չե՞ս կռվելու հետը»,- այսպես է դատում:
Ավելին՝ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի պետականության հարատեւության, ինքնիշխանության, անկախության տրամաբանության եւ ռազմավարության մեջ Թուրքիայի հետ բնական հարաբերությունները շատ կարեւոր նշանակություն ունեն։ Նրա խոսքով՝ դա նշանակում է Թուրքիայից եկող սպառնալիքների ընկալման հաղթահարում, ինչպես նաեւ սպառնալիքների կառավարում եւ դրանց կրճատում։ «Դրա արդյունքում մենք ավելի շատ տարածք կունենանք անկախության համար։ Դա ակնհայտ է, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ, ի վերջո, Հայաստանն ու Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, եւ կբացեն սահմանները:
Թուրքիայի հանդեպ գորովանքից բաժին է հանում Ադրբեջանին եւս: Ասուլիսում հնչած հարցի առնչությամբ, թե արդյո՞ք Ալիեւը վերջին հանդիպմանը բարձրաձայնել է ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման հարցը, օրվա բանախոսն ասել է. «Այդ հարցը Աբու Դաբիում չի քննարկվել: Բայց ամեն դեպքում մեր արձագանքը հրապարակայնորեն հնչել է, եւ մենք այն համարում ենք օրինական ու արդարացված»,- նշել է Փաշինյանը։ Այլ պատասխան չէր էլ կարելի սպասել ընտրական քվեի «ծարավ» ունեցող մի մարդուց, որը պատրաստ է վերարտադրվելու համար նույնիսկ հայրենիքը դնել զոհասեղանին: Իսկ որ ՀՀ-ում այդ թվով ադրբեջանցիների բնակեցումն անվտանգային լուրջ սպառնալիք է՝ ոչ մի տարակույս չի կարող լինել:
Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը որքան հարգալից ու հանդուրժող է թշնամական տանդեմի նկատմամբ, նույնքան ատելությամբ ու կոշտ հռետորաբանությամբ է համակված յուրայինների հանդեպ. խոսքը, մասնավորապես, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) եւ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար ու հիմնադիր, հայտնի բարերար Սամվել Կարապետյանի մասին է, որին փաշինյանական դատարանը երկամսյա կալանքի է դատապարտել զուտ ՀԱԵ-ի եւ Ամենայն Հայոց Հայրապետի կողքին կանգնելու, նրան զորակցելու համար: «Ինչ անում եմ՝ անում եմ հանուն Եկեղեցու եւ ոչ թե դրա դեմ»,- հայտարարում է նա՝ փորձելով «թոզ փչել» մարդկանց աչքերին, թե որքան թանկ ու հարազատ է ՀԱԵ-ն իր եւ իր ընտանիքի համար:
Ասուլիսում ամենաշատն արծարծվածներից է Մեղրիով անցնող «միջանցքի» թեման՝ արտապատվիրակման սկզբունքով այն 100 տարով Միացյալ Նահանգներին փոխանցելու համատեքստում: Եվ, չնայած առաջարկն ամերիկյան կողմից է, Փաշինյանը չի բացառում, որ Սյունիքով անցնող ճանապարհն արտապատվիրակվի ռուսական ընկերության. «Որեւէ քննարկվող տարբերակ մենք դիտարկելու ենք ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության շրջանակներում, ինչպես, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանը, հարավկովկասյան երկաթուղին եւ այլք»,- մեկնաբանել է բանախոսը: Սակայն փորձագետներից ու խնդրին տիրապետող անձանցից շատերն այդ համեմատությունը տեղին չեն համարում:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի վստահեցմամբ՝ դա կոմերցիոն գործարք չէ. «Դա ինքնիշխանության զիջում է, որն իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք»,- գրել է Օսկանյանը: Տարբերությունը պարզ է եւ հիմնավոր՝ ծառայությունների արտապատվիրակումը կառավարման գործիք է, իսկ «միջանցքի» արտապատվիրակումը՝ տարածքային զիջում:
Բոլոր հիմքերը կան՝ եզրակացնելու, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն պարտվում են արտաքին գործերում, այլեւ ձախողել են մոտ երկու տարի առաջ թշնամու կողմից էթնիկ զտման ենթարկված ու հնամենի բնօրրանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը: Ինչքն ու իրենց հարազատների գերեզմանները հարկադրաբար լքած 140 հազար արցախահայությունը, որի մեծամասնությունն ապաստան է գտել Մայր հայրենիքում, ստիպված է դուրս գալ փողոց՝ պահանջելու իրեն հասանելիք ուշադրությունը հայրենի կառավարողներից, բողոքի ձայնը բարձրացնելու իր անձի անտեսված, մոռացման մատնված լինելու համար:
Հուլիսի 12-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի եւ նստացույցի ակցիայի մասնակիցներն ավելի վաղ Կառավարությանը ներկայացրել էին 12 կետից բաղկացած իրենց պահանջները՝ հուսով, որ գործադիրն ըմբռնումով կմոտենա արցախցու հոգսերին ու մտահոգություններին, օր-օրի վատթարացող նրա կենսակերպին, եւ ողջամիտ ժամկետում լուծում կտա նրա խնդիրներին: Բայց՝ ավաղ: Հանրահավաքին ներկա՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս քայլերը, որ իրականացվում են արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից, ծայրահեղ դրսեւորումներ են: Իրավիճակը հասել է այն կետին, որ նույնիսկ սահմանափակումներ են մտցվում նրանց խաղաղ հավաքների իրականացման հարցում»:
Արցախցիների սոցիալական խնդիրներն, անշուշտ, կարեւոր են, բայց կան նաեւ այլ, ոչ պակաս հրատապ հարցեր, որոնք հանրահավաքի ընթացքում բարձրաձայնվեցին եւ որոնք եւս դուրս են մնացել գործող իշխանությունների ուշադրությունից: Այդ հարցերը սկսվում են արցախցիների կազմակերպված տունդարձի պահանջից եւ ավարտվում՝ Բաքվում հանիրավի դատվող մեր ռազմագերիների ազատ արձակման պահանջով: Փոխանակ այս հարցերով զբաղվելու՝ իշխանությունները խոչընդոտում են մարդկանց խաղաղ երթերի ու հավաքների իրականացումը, ինչը թույլատրված է Սահմանադրությամբ, իսկ Հայաստանը, որքան հիշում ենք, «ժողովրդավարության կղզյակ» է:
Ավելին՝ վերջերս արցախահայության վրա բարոյահոգեբանական ճնշման ավելի ճղճիմ լծակ գործադրվեց՝ ՀՀ կառավարությունը ետ է պահանջում Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը, որը մի տեսակ կորսված Արցախ աշխարհի խորհրդանիշն էր դարձել՝ «Պապ ու տատի» քանդակի հիշողությունը: Գլխավոր դատախազությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Ն.Զարյան փողոցի թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Պարզ ասած՝ Կառավարությունը փորձում է խլել արցախցիների միակ հավաքատեղին եւ պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը` կարծես ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է տրամադրված Արցախի էջը փակելու եւ ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում: Բա «անհայրենիքությունը», որի մասին այնքան խոսում են, պոզով-պոչո՞վ է լինում…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ այդ օրը նախատեսված էր եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Փաշինյանը հանդիպել է նաեւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի եւ Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մեկ այլ հաղորդմամբ՝ նույն օրը Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Ֆրանսիա, որտեղ նախատեսված էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ նրա հանդիպումը: Ի դեպ՝ հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Ազգային տոնը, որի առթիվ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին: Ելիսեյան պալատում տեղի ունեցավ Մակրոն-Փաշինյան առանձնազրույցը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու իր հանձնառությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են համատեղ ծրագրերի ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Վարչապետը հուլիսի 17-ին որոշում է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Համաձայն Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում հրապարակված որոշման՝ ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։ «Ազատության» տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանն է: Նա ՊՎԾ ղեկավար էր նշանակվել 2021թ. դեկտեմբերին, մինչ այդ զբաղեցրել է շրջակա միջավայի նախարարի, Կոտայքի մարզպետի պաշտոնները:
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հուլիսի 17-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Գրիգորյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության եւ տարածաքային ամբողջականության վրա։ Ահմադիանը վերահաստատել է ապաշրջափակման հարցում Իրանի դիրքորոշումը եւ աջակցություն հայտնել Հայաստանի դիրքորոշմանը: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման հրամայականը, ինչպես նաեւ քննարկել Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:
Առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քան կապասառեցնի իր անդամակցությունը, հուլիսի 16-ի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Երեւանը անցած տարի հայտարարեց, թե սառեցնում է ռազմական դաշինքին իր անդամակցությունը, քանի որ «ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»։ ՌԴ-ն ի պատասխան հայտարարել էր, թե դա պաշտոնական Երեւանի որոշելիք հարց է։ Կրեմլի խոսնակը միաժամանակ փաստել էր, որ առայժմ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից. «Կհետեւենք՝ ինչ որոշումներ են կայացվում Երեւանում»,- ասել էր նա: