26.11.2024

Еженедельный Обзор

29 օգոստոսի - 5 սեպտեմբերի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունը եւ նրան միացած եւս մի քանի այլ ՀԿ-ներ ու քաղաքական ուժեր` նախորդ շաբթվանից սկսած, բողոքի գործողություններ էին իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության շենքի առջեւ` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ցուցարարները բողոքում էին բարեփոխումների անվան տակ հայագիտական առարկաներում թուրքական հայեցակարգից ներմուծված նոր, ապազգային չափորոշիչների, դպրոցներում սեռական կրթության դասավանդման, միասեռականության քարոզի, ուսումնական ծրագրերից Հայոց եկեղեցու պատմություն եւ Ռազմագիտություն առարկաների չեղարկման, Արցախյան պատերազմում տարած հաղթանակի արժեզրկման փորձերի, խորհրդարանի առաջիկա նիստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման եւ ազգային այլ արժեքների ոտնահարումների դեմ:

Նախատեսված է սեպտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարարության շենքին հարող տարածքում անցկացնել մեծ հանրահավաք` նախարարի հրաժարականի պահանջով:

…Հայաստանի ակադեմիական շրջանակներն իրար խառնվեցին, երբ հայտնի դարձավ, որ «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Համաշխարհային պատմություն» դասագրքերի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ, 2017-2019 թթ. աշխատել են թուրքերի հետ համագործակցաբար` հեղինակելով «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատություն եւ այլընտրանքներ») աշխատությունը: Դրանում մանրամասն ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում եւ Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Չափորոշիչների հիմքում, ըստ էության, դրված է թուրքական հայտնի կոնցեպտը, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենազրկման ժխտում: Դասագրքերից դուրս են մնում թուրքերին անհաճո մի շարք բառեզրեր ու դրվագներ:

Այս պատմության մեջ ամենաարտասովորը թուրքական ժխտողականության ու կեղծիքի հերթական դրսեւորմանը հայկական կողմի գործուն մասնակցության փաստն է: Մասնակիցների կազմը լեգիտիմացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` Հայ-թուրքական «հաշտեցման» օրակարգի շրջանակում: Ամեն ինչ` թե´ կազմի ընտրության մրցույթը, թե´ թուրքերի հետ հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունեցել կիսագաղտնի պայմաններում: Նախագծի ֆինանսավորումն իրականացրել է երրորդ կողմը` ամենայն հավանականությամբ «Սորոս պապիկի» անհատնում միջոցներից: Առարկայական չափանիշների համատեղ մշակման ժամանակ հայ փորձագետների խումբը, ամենամեղմ բնորոշմամբ, կուրորեն ապավինել է թուրք մասնագետների բարեհաճությանը` հաշվի առնելով հանգամանքը, որ նրանք Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունող եւ այն դատապարտող հազվագյուտ թուրք գիտնականներից էին: Համենայն դեպս` այդպես են մերոնք արդարացնում իրենց պարզամտությունը կամ, միգուցե, շահադիտական նկրտումները: Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ուղղորդվող դրամաշնորհային այդ ծրագրերի քննարկումներին, բացի տխրահռչակ Լիլիթ Մկրտչյանից, մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության ձեւավորած թիմի անդամ Կարեն Գասպարյանը, ԱԺ իմքայլական պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Մարիա Կարապետյանը եւ այլք:

Այժմ կփորձենք հպանցիկ անդրադառնալ անընդունելի կետերին, որոնք ի հայտ են եկել «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչներում: Այդ առումով ուշագրավ են ոլորտի գիտակների տեսակետները: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը սխալ է համարում, որ իբրեւ հայոց պատմության սկիզբ` դասագրքերում նշվում է Ուրարտուի պատմությունը, ինչի արդյունքում այդ շրջանին նախորդող 2000-ամյա պատմությունն ուղղակի դուրս է մնում: Հետո պատմությունը գալիս-հասնում է մինչեւ 14-րդ դար` ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, այնուհետեւ այդտեղից ետ է գնում 5-րդ դար: «Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ` սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս, որը երեխայի մոտ աղավաղելու է սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը»,- համոզված է պրոֆեսորը:

Պատմաբանի դիտարկմամբ` մյուս խնդիրը, որը շատերին է ցնցել` դառնալով լուրջ մտահոգություների առիթ, վերը նշված գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արեւելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված բացառապես թուրքական բառեզրերն են` Արեւելյան Անատոլիա կամ ուղղակի Կովկաս: Ասել է թե` Արեւելյան Հայաստանը Կովկասն է։ Սա տխմարության գագաթնակետն է, որն ամեն մի նորմալ մարդու քմծիծաղը կառաջացներ, եթե այսքան մտահոգիչ չլիներ: Եվ սրանք սոսկ չնչին մասն են այն անհեթեթությունների, որոնցով ողողված են մեր ուսումնական ծրագրերը: Այսպես, չգիտես ինչ տրամաբանությամբ, ծրագրերից հանվել են հայկական կամավորական շարժումները, որոնք ազգային-ազատագրական շարժման հիմնական մասն են: Իսկ «Պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատություն եւ այլընտրանքներ» աշխատության հեղինակները, այդ թվում «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը, 12-րդ դասարանի պատմության դասագրքի հեղինակներին հանդիմանում են նրա համար, որ ընդգրկել են դրվագներ 2016 թվականի ապրիլյան պատերազմից:

Ի դեպ, պատմության նոր դասագրքերում «հայրենասիրություն» բառը ոչ մի անգամ չի օգտագործված: Ավելին` այդ բառն այսօր ոմանք գավառամտության դրսեւորում են համարում: Նախընտրելի կատեգորիա է դարձել կեղծ խաղաղասիրությունը, որը գալիս է հայտնի շրջանակներից: «Հայոց պատմության» դասագրքերի վերաբերյալ ծագած բանավեճի առիթով իր տեսակետն է Ilur.am-ում ներկայացրել ՀՀ առաջին նախագահը. «Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական եւ ադրբեջանական պատմագիտություններին»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Մեր դիտարկման նյութը այս անգամ միայն Հայոց պատմության ուսումնական ձեռնարկն էր, սակայն նույն վիճակը վերաբերելի է նաեւ հայագիտական մյուս դասագրքերի առարկայական չափորոշիչներում տեղ գտած աղավաղումներին եւ, առհասարակ, մեր պատմության հերոսական անցյալի, հաղթանակների արժեզրկման փորձերին, ինչն անընդունելի է ժողովրդի գերակշռող մեծամասնության համար: Աճող սերնդին պարտադրվում են դրսից ներմուծվող արժեքներ, որոնք խորթ են մեր ազգային հոգեկերտվածքին, մշակույթին, ավանդույթներին ու սովորություններին: Նորի, առաջադիմականի ընդօրինակումը, անշուշտ, կարեւոր է: Բայց ժողովուրդն ինքը պետք է որոշի` ինչը ընդունել եւ ինչը մերժել: Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունն ու նրան միացած եւ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող մյուս ուժերը, անհատ քաղաքացիները ժողովրդի հենց այդ պատվերն ու պատվիրանն են ուզում իրականացնել ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ:

 

Անցած շաբաթավերջին Սարդարապատի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի ու ՀՀ կառավարության անդամները, պետական այրեր, գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:

Մինչ պետական բարձր պարգեւները Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Այնուհետեւ Տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգեւատրվել է Ազգային հերոսի կոչումով` Հայրենիքի շքանշանով։ Պարգեւները հանձնել է Նիկոլ Փաշինյանը:

…Ինչ խոսք, մեր քաջարի զինվոր-զինվորականները, հայրենի սահմանների մեր աննկուն պաշտպանները արժանի են պարգեւների, եւ ուրախ ենք ի խորոց սրտի շնորհավորել բոլոր պարգեւատրվածներին` մաղթելով նրանց բարի ու անփորձանք ծառայություն: Ուրախ ենք «Մարտական խաչ» 1-ին աստիճանի 16 շքանշանակիրների շարքում տեսնել նաեւ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովին, ում անմիջական ղեկավարությամբ էր, որ մեր զորաբաժանումները կարողացան Տավուշում փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները: Ուրախ ու հպարտ ենք Ազգային հերոսի կոչման եւ Հայրենիքի շքանշանի արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանի մարտական սխրանքներով, մյուս-մյուսների անձնուրաց ու պատասխանատու ծառայությամբ: Եվ, վերջապես, ուրախ ենք, որ հայ զինվորը լավ է պատկերացնում իր առաքելությունը եւ պատվով է կատարում այն:

Երկիրը երկիր է դառնում, երբ յուրաքանչյուր քաղաքացի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, իր տեղում է եւ պարտաճանաչորեն կատարում է իր գործը: Շատերի համար տարակուսելի էր, որ Սարդարապատի հուշահալիրում օգոստոսի 28-ին տեղի ունեցած արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր պարգեւները հանձնում զինծառայողներին: Բայց ինչո՞ւ Փաշինյանը… Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է ՀՀ շքանշաններով ու մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Իրավական նույն կարգավորումն ամրագրված է նաեւ «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում, որի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ «պետական պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչումներ շնորհում է Նախագահը:

Ուրեմն ինչո՞ւմն է բանը: Եթե պետական պարգեւների ու պատվավոր կոչումների շնորհում-հանձնումը Սահմանադրությամբ եւ օրենքով վերապահված է Նախագահի ինստիտուտին, այդ դեպքում ինչո՞ւ անսահմանափակ լիազորություններով օժտված վարչապետն ուզում է նախագահի` առանց այն էլ աղքատիկ լիազորություններից մեկն էլ «իրենով անել»: Ո՞ր օրենքով: Չեմ ուզում մտածել, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի օրենքի կամ Սահմանադրության վրա, չնայած ոչինչ չի բացառվում: Երեւի փաստաբան Նորայր Նորիկյանը չի չափազանցում, երբ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մեկ անգամ եւս համոզվեցի, որ գործող Սահմանադրությունը, որպես թղթի կտոր, պետք է պատռել ու նետել աղբարկղը: Մեկ անգամ եւս համոզվեցի, որ գործող կառավարման համակարգը կեղծ, անկենսունակ ու չաշխատող համակարգ է, որը խժռում, նսեմացնում է պետական բոլոր ինստիտուտները, իշխանության օրենսդիր ու դատական ճյուղերը»:

Ասում են` հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն անտեր է: Տավուշի սահմանին հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումներում Նիկոլ Փաշինյանը որեւէ դերակատարություն չի ունեցել: Նա ինքն է այդպես որոշել, եւ դա նրա հազվագյուտ ճիշտ որոշումներից է, որ ռազմական իրավիճակի հետ կապված խնդիրը թողել է ռազմական գործիչներին, որոնք գերազանց կատարեցին իրենց գործը` հաղթանակով դուրս եկան ծանր փորձությունից: Եվ այժմ հաղթողներին պետական պարգեւների հանձնումը լավ պատեհություն է ինչ-որ չափով հաղորդակցվելու այդ հաղթանակին, ասոցացվելու ռազմական հաջողության հետ, դառնալու նրա կարեւոր «բաժնետերերից» մեկը: Մյուս կողմից` վարչապետի ձեռքից շքանշան ստանալը նրա նկատմամբ որոշակի պարտավորվածության զգացում է առաջացնում յուրաքանչյուր շքանշանակիր զինծառայողի հոգում: Եթե հաշվի առնենք, որ խոսքն այստեղ ոչ միայն 71 պարգեւատրված զինծառայողի մասին է, այլ նաեւ` նրանց ընտանիքների ու մերձավոր շրջապատի, վարչապետի նոր կողմնակիցների բավական տպավորիչ թիվ կարող է ստացվել:

Բայց մի՞թե հանուն այդ ամենի Փաշինյանը որոշեց անցնել ինչպես նախագահի, այնպես էլ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների «վրայով», թե՞ ավելի խորքային պատճառներ կան: Միանշանակ չես ասի: Մի բան սակայն հաստատ է` հերոսների պարգեւատրման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ըստ էության, հաղթանակի «տիրոջ» զգացողությունն ուժեղացնելու, որոշակի ընտրազանգված իր կողմը գրավելու փորձ էր: Օրինակ` հետեւյալ միտքը. «Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը»: Կամ` այս մեկը. «Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնեց Հանրապետության օրը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի եւ Հայաստանի ղեկավարները: Իր ուղերձում շնորհավորելով ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. «Այս կարեւորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի եւ սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ»:

Արցախի Հանրապետության տոնը շնորհավորել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը: Սեպտեմբերի 2-ին Սարգսյանը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ` նրան եւ բոլոր արցախցիներին եւս մեկ անգամ շնորհավորելով Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթելով խաղաղություն, բարեկեցություն եւ անսասան հավատ ապագայի նկատմամբ:

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ օգոստոսի 30-ին այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նրանց զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության խորացմանն ու հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Նույն օրը Փաշինյանը Արցախի նախագահի ուղեկցությամբ այցելել է սահմանապահ դիրքեր, ծանթացել իրավիճակին, զրուցել սահմանապահների հետ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները: Այն հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը` օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

Հիշեցնենք, որ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երեւանից, 1-ը` Կոտայքի մարզից: Գրանցվել է մահվան 14 դեպք: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված 3 անձ, նախաքննությունը շարունակվում է:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.