Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Քննչական կոմիտեն դարձյալ իր տարերքի մեջ է: Քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն արդեն ՀՀ-ում սովորական են դարձել: Այս անգամ իրավապահների քրեական հետապնդման «ցանցում» ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էր: Հուլիսի լույս 19-ի գիշերը դատարանը նրա նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքի վճիռ կայացրեց՝ իշխանության զավթմանն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով: Ինչպես շատ հաճախ, քրեական գործի հիմք էր հանդիսացել մամուլի հրապարակումը, Հակոբյանի դեպքում՝ նրա վերջին հարցազրույցներից մեկը: Նախկին պատգամավորը, սակայն, մեղադրանքը չի ընդունում:
Որոշ դիտորդների պնդմամբ՝ խնդրո առարկա հարցազրույցում Հակոբյանի թիրախային արտահայտությունը, որի հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել, միտված է ոչ թե ապագային, այլ անցյալին, հետեւաբար՝ չի կարող որեւէ կոչ պարունակել, այդ թվում՝ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություն: Անցյալ ժամանակով ձեւակերպված միտքը ամեն դեպքում կարող է ունենալ այս կամ այն ոլորտում թույլ տրված վրիպումներն ու թերացումները քննադատելու կամ անցյալի սխալներից դաս քաղելու համատեքստ, ոչ ավելին: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում հարուցված քրգործերով մեղադրանք առաջադրված անձանց գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ գրեթե բոլորը, իրենց մեղավոր չեն ճանաչում: Սա շատ խոսուն ցուցանիշ է:
Ռուբեն Հակոբյանի, ինչպես նաեւ նույն «հանցակազմով» ավելի վաղ կալանավորված մի շարք անձանց նկատմամբ մեղադրանք են առաջադրվել շաբաթներ ու ամիսներ, անգամ 1-2 տարի առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Այս պայմաններում հարիր չէ առողջ տրամաբանության ներքո խոսել «կոչ» երեւույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։ Ի՞նչ է ստացվում. քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք ընդարձակելով՝ ՔՊ-ական վարչախումբը փորձում է ստանալ «մեկ դարպասով խաղի» էֆեկտ, երբ իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի եւ, ընդհանուր առմամբ, մյուս քաղկալանավորների հանդեպ քրեական հետապնդումները քննադատական խոսքը լռեցնելու տիպական դրսեւորումներ են։ Եվ 2026-ի խորհրդարանական ընտրությունները մոտենալուն զուգընթաց՝ այդ դրսեւորումների թիվը մեծանալու է:
Բռնապետական հակումները, սակայն, միշտ չէ, որ ավելացնում են իշխանությունների շահաբաժինը: Ժողովրդի ասած՝ գետը միշտ գաթա չի բերում: Հուլիսի 23-ին Ստոկհոլմից ստացված լուրը սառը ցնցուղ էր իրեն ամենակարող ու անզուսպ բռնապետի պես պահող քաղաքական ուժի՝ ՔՊ իշխանության առաջնորդի համար: Սեփականության իրավունքով Կարապետյանների ընտանիքին պատկանող ՀԷՑ ՓԲԸ-ն պետականացնելու՝ Փաշինյանի ձեռնարկած ապօրինի գործընթացը, ինչպես սպասվում էր, նախաձեռնողի բկին մնաց:
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած արտակարգ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաեւ «ՀԷՑ» ՓԲԸ-ի բռնագրավման հետագա քայլերից»։ Այսինքն՝ պարզ հասկացրեց դժվար հասկացողներին, որ պետության գործողությունները ոչ իրավաչափ են:
Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում ՀՀ կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ 1995թ. հունվարի 18-ին կնքված «Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության համաձայնագրով» սահմանված կարգով։ Այս մասին հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ նշելով, որ Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ ա/ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները. բ/ փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը. գ/ հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները եւ դ/ որեւէ կերպ սահմանափակել ընկերության բնականոն բիզնես գործունեությունը:
Արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման: Իսկ ի՞նչ կարող է լինել արբիտրաժի որոշումը չկատարելու դեպքում: «Մի քանի ամիս արհեստական ձգձգումներից հետո Կառավարությունը կնահանջի, որովհետեւ իրականում այլ տարբերակ չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավագիտության թեկնածու, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը: ՔՊ քարոզչախումբը, ըստ երեւույթին, լուրջ սխալներ է թույլ տվել քարոզչության ճակատում: Շատ արձագանքներից դատելով՝ կարելի է ասել, որ ՀՀ կառավարությունը հանդես է գալիս իրավաքաղաքական առումով անգրագետ պատասխան տեքստով, որը եւս չի անցնում քարոզչության բեկման տեսանկյունից:
Ողջ լրատվական դաշտն ու սոցիալական ցանցերը պայթում են արբիտրաժի որոշման աղմուկից: Տեղի ունեցածը, մեղմ ասած, իրավաքաղաքական առումով մեծ հարված է ՀՀ իշխանությանը. Սամվել Կարապետյանը բանտում նստած լինելով՝ հօդս է ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ը խլելու գործողությունը: Ի՞նչ է որոշում անել Փաշինյանն ինքը այդ ընթացքում. «Ասեմ՝ չեք հավատա. տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է իր եւ Աննա Հակոբյանի չամուսնության պատճառների մասին»,- գրել է ֆեյսբուքյան սրամիտներից մեկը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ալթայի «Մանժերոկ» հանգստավայրում հուլիսի 24-ին մեկնարկել է ՌԴ-ի եւ Հայաստանի վարչապետների երկկողմ հանդիպումը, որի ժամանակ Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ «Մենք կենտրոնացել ենք առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա»,- ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրանց հանդիպումը կայացել է Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում։
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 22-ին քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտարարությունը: Ըստ ՀԱԿ առաջնորդի՝ վարչապետը նպատակ ունի ջախջախել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող ուժը: Նա Փաշինյանի այդ քայլն արտառոց ու վտանգավոր է համարում՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակից ելքը փոխադարձաբար հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները դադարեցնելն է, ինչպես նաեւ Էջմիածնում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազանների ու Սամվել Կարապետյանի ազատ արձակումը՝ քայլ, որը ՀՀ-ի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցն է։
Սյունիքի ճանապարհի շուրջ աշխուժացած քննարկումների հենքին հուլիսի 19-ին հեռախոսազրույց են ունեցել ՀՀ-ի եւ Իրանի ղեկավարները: Հայկական կողմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանցի ու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցին նախորդել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական տարաձայնությունները հարթելու համար ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարով վարձակալել Իրանի հետ սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհը: ՀՀ վարչապետն իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակը ամերիկյան առաջարկն է, բայցեւ՝ նշել, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա: Երեւանն այլ մանրամասներ չի հայտնում:
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթող է ճանաչվել Լաս Վեգասում ընթացող՝ «Մեծ սաղավարտի» «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում: «Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս եւ երկրպագուներիս։ Միշտ առաջ»,- Ֆեյսբուքում գրել է Լեւոն Արոնյանը։ Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ աշխարհի 4 ուժեղագույն շախմատիստների՝ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի եւ Հանս Նիմանի նկատմամբ: Մրցանակային ֆոնդը $200 հազար էր: