30.09.2025

Еженедельный Обзор

16-23 օգոստոսի 2025թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մինչ հերթական աշխատանքային արձակուրդում գտնվող «Հայացքի» խմբագրակազմը ամառային տապից լավագույնս պատսպարվելու փնտրտուքների մեջ էր, Հայաստանում չէին հանդարտվում «միջանցքային» կրքերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված՝ Թրամփ-Փաշինյան-Ալիեւ բանակցությունների շուրջ: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է Սյունիքով որեւէ մեկին միջանցք տրամադրելուն՝ լավ հասկանալով, որ 99 տարով ԱՄՆ-ին «արտապատվիրակվող» 43 կմ երկարությամբ ճանապարհային հատվածը՝ ներառյալ Սյունիքը, այլեւս երբեք ետ չի բերվելու: Սյունիքի դարպասները,- ականջը կանչի ՀՀ գործող նախագահի,- արդեն բացվում են, թյուրքական աշխարհի հարյուրամյա ծրագիր-երազանքն իրականացվում է:

Այժմ ավելի քան ակնհայտ է՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համաձայնագրերը չչեղարկվելու դեպքում 2025թ. օգոստոսի 8-ը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի իբրեւ Հայաստանի առաջին բաժանման եւ Սյունիքի գաղութացման օր: Դարձյալ ի դերեւ ելան Փաշինյանի հավաստիացումներն առ այն, թե «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, ինչպես նաեւ՝ բոլորովին վերջերս արած հայտարարությունը, թե արտապատվիրակման մասին ԱՄՆ-ի առաջարկն անընդունելի է, քանի որ հարիր չէ ՀՀ ինքնիշխանությանը: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչպես միշտ, ետ կանգնեց իր իսկ համոզմունքից ու գնաց պատահմունքին համընթաց՝ որքան էլ այն տրամագծորեն ներհակ է Հայաստանի ազգային շահերին:

Եվ ոչ միայն՝ Հայաստանի: Վաշինգտոնյան խայտառակ համաձայնագրերից ժամեր անց Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻՀՀ), Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեի ներկայացուցիչ եւ միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքպեր Վիլայաթիի միջոցով, պաշտոնապես զգուշացրել էր՝ ՀՀ հարավային հատվածը, որն արտապատվիրակվելու է ԱՄՆ-ին, «կվերածվի Թրամփի վարձկանների գերեզմանոցի», եւ որ Իրանը թույլ չի տա որեւէ նման միջանցքի ստեղծում՝ ինչ անվամբ էլ այն լինի։ Սա ենթադրում է, որ ՀՀ տարածքում կարող է դաժան պատերազմ մղվել հզորագույն ուժերի միջեւ։ Ահա թե իր ժողովրդին ինչպիսի խաղաղություն է բերում Փաշինյանը ԱՄՆ-ի մայրաքաղաքից:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի ղեկավարների ստորագրությամբ Հռչակագրում հատուկ պայմանակարգ է արձանագրվում բացառապես ՀՀ տարածքով անցնող ճանապարհահատվածի նկատմամբ, Ադրբեջանի որեւէ տարածքի առնչությամբ նման հատուկ կարգավորում չի ամրագրվում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը դիտարկվում է որպես «հակամարտության առարկա» կամ «վիճելի տարածք»: Եթե համարենք, որ ԱՄՆ-ը բանակցային գործընթացի կողմ չէ, այլ միջնորդ է հարավկովկասյան երկու երկրների միջեւ, ինչպես թափանցիկ ակնարկներով հասկանալ էր տալիս Թրամփը, ապա ստացվում է, որ իրավաքաղաքական հանձնառությունների բեռ է դրվում միայն Հայաստանի վրա: Թե որքան թանկ կարժենա այն մեր երկրի ու ժողովրդի համար՝ ցույց կտա ժամանակը:

 

Այժմ գանք Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հանդիպման կարճ ամփոփմանը: Եվ այսպես՝ կողմերից Ադրբեջանը ստացավ ա/ ՀՀ-ի համաձայնությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Միսկի խումբը, ինչը նշանակում է, որ ԼՂՀ հակամարտություն այլեւս գոյություն չունի, բ/ կասեցվեց այդ երկրի դեմ տարիներ շարունակ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակության ցուցաբերումը, գ/ Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ, եւ դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։ «Անխոչընդոտ»-ը, ի դեպ, Ալիեւի մեկնությամբ, հայկական 43 կմ հատվածի վրա որեւէ հայի երես չտեսնելու ցանկությունն է:

Իսկ ի՞նչ չստացավ Հայաստանը. ա/ ադրբեջանական զորքը դուրս չբերվեց ՀՀ-ի ավելի քան 200 քառ. կմ ինքնիշխան տարածքից, բ/ հայ ռազմագերիներն ու պատանդառված անձինք, այդ թվում՝ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարները, շարունակեցին մնալ Բաքվի բանտերում եւ գ/ չշոշափվեց արցախահայության վերադարձի հարցը: Ավելին՝ Փաշինյանը հերթական անգամ օրինակարգայնացրեց Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը: Ի հավելումն այս ամենի՝ ստացանք ցայժմ գաղտնի պահվող, նախապայմաններով առլեցուն «խաղաղության» պայմանագրի՝ ոչինչ չասող «նախաստորագրում» եւ Թրամփի տղայական խոստումը, թե խնդիր ունենալու դեպքում զանգեք, կլուծեմ։

Կարելի է այս ցանկը շարունակել՝ հիշատակելով խորքային այն խնդիրները, որոնցում կարող է ներքաշվել Հայաստանը՝ մասնավորապես, Իրանին եւ Ռուսաստանին առնչվող հնարավոր բացասական հետեւանքներով պայմանավորված: Փոքրիշատե միակ օգուտը քաղեց Նիկոլ Փաշինյանը, որը հնարավորություն ստացավ դարձյալ ժողովրդին խաբելով, մանիպուլացնելով, «խաղաղության» եւ «իրական» Հայաստանի կեղծ հայեցակետերով մարդկանց «կերակրելով»՝ ապահովել իր վերարտադրությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններում՝ արտահերթ, թե հերթական:

 

Քանի որ Թրամփ-Փաշինյան-Ալիեւ եռյակի վաշինգտոնյան գագաթաժողովը լրջագույն մտահոգություններ ու թեական զգացողություններ էր առաջացրել թե՛ հայ հանրության եւ թե՛ սփյուռքահայության շրջանակներում, Փաշինյանը ստիպված էր միջոցառումից 10 օր անց՝ օգոստոսի 18-ին, հանդես գալ ուղերձով եւ հնարավորինս մեղմել ցնցակաթվածային վիճակում գտնվող մարդկանց ցասումը. շատերը վստահ են, որ «արտապատվիրակում» կոչվածը Սյունիքի աստիճանական հայաթափմանն ուղղված քայլ է: Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում էին տեւական խաղաղություն հաստատելու եւ Ադրբեջանի հետ հակամարտության էջը փակելու՝ Փաշինյանի հեքիաթներին, խոր հիասթափություն էր սպասվում:

Բանն այն է, որ Փաշինյանի ուղերձը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան խոստովանություն վաշինգտոնյան գործընթացի ձախողման մասին: Ուղերձի բովանդակությունն ուշագրավ բացահայտումներ է անում՝ ի մասնավորի, պարզ է դառնում, որ ժողովրդի ու պետության հաշվին Ալիեւին արվող զիջումների, ադրբեջանական նոր պահանջների վերջը տակավին չի երեւում: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի խորշում կամ ստիպված է ուղիղ եթերից հայտարարել, թե մեր վերահսկողության տակ դեռեւս կան ադրբեջանական տարածքներ, որոնց վերադարձման շուրջ ինքն այժմ բանակցում է: «Խաղաղության նորամանուկին» փայփայելու խորհուրդը Փաշինյանը զիջումների մեջ է տեսնում եւ նույնը հորդորում բոլորիս:

Ուղերձի մյուս բացահայտման համաձայն՝ ադրբեջանական զորքերը մտադրություն չունեն դուրս գալու գրավյալ տարածքներից՝ չնայած ամիսներ առաջ Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում էին, թե սահմանազատման-սահմանագծման շրջանակում այդ հարցն ինքնաբերաբար լուծվելու է: Այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտարարելով, որ հայկական վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Փաշինյանը փակեց թշնամական զորքերի դուրսբերման խնդիրը, ինչով էլ դուռ բացեց նոր տարածքային զիջումների առջեւ: Դարձյալ հաղթեց Իլհամ Ալիեւի այն համոզմունքը, որի մասին քանիցս հայտարարել էր՝ ցանկացած տարածք, որին դիպել է ազերի զինվորի ոտքը, ադրբեջանական հող է:

Փառաբանելով իր ջանքերով հաստատված «խաղաղությունը», ուղերձի հեղինակը չի կարողանում հիմնավորել, թե ինչ «խաղաղության դարաշրջանի» մասին կարող է խոսք լինել, երբ հայ գերիները չեն վերադարձել, երբ ադրբեջանական զորքը ՀՀ տարածքում է եւ երբ չի քննարկվում արցախահայության իրավունքների հարցը, որոնց ոտնահարումն է հանգեցրել այս հակամարտությանը: Փաշինյանը հիշեցնում է այս տարվա մարտին իր արած հայտարարությունը, թե «մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը», եւ քաղաքացիներին կոչ է անում հեղափոխություն անել, եթե համաձայն չեն Ղարաբաղի հարցում իր մոտեցման հետ: Եթե ցայսօր հեղափոխություն չեղավ, ուրեմն, ըստ նրա, ժողովուրդն իր հետ համամիտ է:

Փաշինյանի այս եզրակացությանը հակադարձում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ գրելով. «Լավ, եթե մեր երկրում իր վարած քաղաքականության դեմ ընդվզում չկա, 2022թ. հունիսի 3-ին ինչո՞ւ կրակեցին ժողովրդի վրա, 42 հոգու կալանավորեցին, ինչո՞ւ նույնն արեցին 2024թ. հունիսի 12-ին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով 101 քաղաքացու, կալանավորելով 18-ին: Եթե ընդվզում չկա՝ այսօր Սրբազան պայքարի ընկերների դատն ինչի՞ մասին է»: Ավելի տեղին հակափաստարկներ դժվար է մտաբերել: Այո, միշտ կարելի է ուժային ռեսուրսներով ճնշել բողոքի խաղաղ գործողությունները, բանտերը լցնել ընդդիմախոսներով ու հայտարարել, որ իր վարած քաղաքականության դեմ բողոք չկա:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանն ընդունել է օգոստոսի 19-20-ն աշխատանքային այցով Երեւան ժամանած՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Արծարծվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ծավալների շարժընթացին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում «հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված որոշ նրբերանգների» եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Երեւանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «միջանցք» ստեղծելու ծրագրերում:

Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը օգոստոսի 18-ին դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման, դատարանը որոշեց նաեւ Արամ Նավասարդյանից բռնագանձել 4 մլն դրամ՝ վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 834 հազար դրամ՝ փորձաքննության ծախսերի համար: Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազը պահանջել էր Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաեւ որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայորին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: Վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում էր պահանջում:

Խորհրդարանի իշող ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օգոստոսի 20-ին հրաժարականի մասին գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: «Ազատության» տեղեկությամբ՝ նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կնշանակվի: ԱԺ կանոնակարգ օրենքով՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի վերաբերյալ իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե ետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը:

Օգոստոսի 19-ին Երեւանի քրեական դատարանում սկսվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նույն՝ ահաբեկչության գործով մեղադրվող 17 անձանց դատավարությունը: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը՝ ի պատասխան լրագրողների հարցերի, հայտարարել է, որ իրենք ահաբեկիչ չեն, ուղղակի իշխանություններն են ահաբեկված: Ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու փորձի գործով 18 մեղադրյալ կա: Բագրատ Գալստանյանի գործով քննությունը տեւել էր մեկուկես ամիս: Ըստ «ԴատաԼեքս»-ի՝ գործում 103 փաթեթ իրեղեն ապացույց կա:

Չորեքշաբթի ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար (2007-2012թթ.), ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը։ Լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Թե ով է մյուս անձը, հատկապես ինչ գործի շրջանակներում են այս ձերբակալությունները, այս պահին իրավապահ կառույցը փակագծեր չի բացում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.