Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Մայիսի 26-ին տեղի ունեցավ Մ. Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, եթե կարելի է այսպես ասել, «կայծակնային» այցը Երեւան, որն ընդամենը րոպեներ տեւեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այն կրում էր աշխատանքային եւ ռազմավարական բնույթ: Ռուբիոն ժամանել էր տիկնոջ հետ. նրան դիմավորել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ իր տիկինը՝ «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում էլ կազմակերպվել էր սահմանափակ ձեւաչափով ընդունելություն: Տարածված ծանուցման համաձայն՝ նախատեսված էր նաեւ ԶԼՄ-ների մասնակցությամբ մամուլի ասուլիս, որը, սակայն, փաստացի չեղավ:
Տեղի չունեցավ նաեւ այցի շրջանակում հայտարարված՝ նախարար Միրզոյանի եւ պետքարտուղար Ռուբիոյի առանձնազրույցը, որին էլ պետք է հաջորդեր մամլո ասուլիսը՝ օդանավակայան հրավիրված լրագրողների ներկայությամբ: Բայց այցի ընթացքը լրիվ այլ էր: Բարձրաստիճան հյուրին դիմավորելուց մինչեւ ճանապարհում 47 րոպե տեւեց, իսկ բուն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագրի նախաստորագրման արարողությունը, ինչպես նաեւ պաշտոնյաների բացման ու փակման խոսքերը միասին վերցրած՝ 15 րոպե:
Առանձնազրույցի փոխարեն պաշտոնյաներն ընդամենը մի քանի րոպե առանձնացան, որից հետո միասին ներկայացան սրահ՝ մասնակցելու փաստաթղթի նախաստորագրման արարողությանը։ Ստորագրման արարողությունից հետո Ռուբիոն նշեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ վարչապետը հարթում են նոր ճանապարհ դեպի ավելի անկախ Հայաստան: «Այս ամենից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Միրզոյանն էլ հայտարարեց, որ ստորագրված փաստաթուղթը նոր փուլ է բացելու ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում՝ ընդգծելով, որ այն կարող է ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական, ինստիտուցիոնալ եւ զարգացման ծրագրերի ոլորտներում։
Կողմերն արձանգրեցին, որ համագործակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ բերել: Մասնավորապես ընդգծվեց Հայաստանի հետ հանքային եւ ռեսուրսային ոլորտներում փոխըմբռնման առկայությունը։ Պաշտոնական մակարդակում, սակայն, մանրամասն չներկայացվեց, թե կոնկրետ ինչ ձեւաչափով է նախատեսվում այդ համագործակցությունը եւ բովանդակային ինչ ուղղություններ են փաստաթղթում ներառված: Չպարզաբանված մնաց հանքանյութերի մասով պայմանավորվածությունը, ինչը շարժել է նաեւ քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետաքրքրությունը:
Կասկածահարույց է հատկապես փաստաթղթի դրույթներից մեկը, համաձայն որի՝ եթե ՀՀ հաջորդ իշխանությունը առարկություն ունենա, ասենք, հանքանյութերին վերաբերող դրույթի շուրջ, ապա չեղարկման որոշումը կարող է ուժի մեջ մտնել այդ մասին դիմելու օրվանից տասնամյակներ հետո։ Սա նշանակում է մինչեւ անցանկալի դրույթի չեղարկումը ունենալ բավականաչափ ժամանակամիջոց, այսպես ասենք, մեր ընդերքի «հերն անիծելու» համար: ԱՄՆ պետքարտուղարի այցը կարելի է գնահատել որպես չկշռադատված, «ոտքի վրա», հապճեպ մի գործընթաց, որում շեշտը դրվել է համաձայնագրի ստորագրման ձեւի վրա՝ առանց հանրային լայն հաղորդակցման:
Այսպիսով՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ ու արագացված աշխատանքային օրակարգով այցը ՔՊ-ի համար, թերեւս, ավարտվեց երկու հավանական վերջաբանով եւ, ինչպես ասում են, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Լավն այն է, որ Մարկո Ռուբիոյի պաշտոնական այցը Փաշինյանի համար քարոզչական նոր հոլովակի եւ խոսույթի առիթ կդառնա, թե ԱՄՆ-ի հետ այլ՝ բարձր մակարդակի համագործակցություն ենք սկսել: Իսկ վատ վերջաբանը գործընթացի հապճեպությունն էր, որից դատելով՝ Վաշինգտոնը ստույգ տեղյակ է ընտրություններում Փաշինյանի կրելիք պարտությունից, ուստի շտապում են բոլոր փաստաթղթերի ստորագրումն ավարտել մինչեւ հունիսի 7-ը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 28-ին այցելեց Սարդարապատի հուշահամալիր: Իրեն գահից հեռացնելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» մտադրության մասին հարցերը Վեհափառն անպատասխան թողեց: Գարեգին Երկրորդի ու մի շարք բարձրաստիճան հոգեւորականների դեմ ծավալած շուրջ մեկ տարվա պայքարից հետո Նիկոլ Փաշինյանը նաեւ «Քաղպայմանագրի» նախընտրական ծրագրում է ամրագրել Վեհափառին հեռացնելու իր պլանը՝ ընտրողներին ներկայացնելով ճանապարհային քարտեզը:
Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին մեկնարկեց նաեւ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը: Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, եւ ցուցադրվելու է այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել 2022-ից հետո: «Զորահանդեսը շատ նուրբ երեւույթ է եւ կարող է նաեւ տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու եւ հրաժարվելու: Մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որեւէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասել էր Փաշինյանը:
Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի ՌԴ-ի ու Հայաստանի միջեւ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը՝ բնական գազի, նավթամթերքի եւ հում ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին, եթե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի. այս մասին մայիսի 27-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։ Մարիա Զախարովան հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ռուսական կողմը դեսպանատան միջոցով Երեւանին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի նամակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որում այդ մասին զգուշացում կա:
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 23-ին Էջմիածնում էր, որտեղ դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է իշխանություն-եկեղեցի առճակատմանը: «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնել. «Սամվել Կարապետյանի առաջարկն է, որ Էջմիածինն առանձնանա՝ որպես հատուկ քաղաք եւ դառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել, որ ողջ աշխարհում, ինչպես երկրորդ Վատիկան, քրիստոնյա մարդը գոնե մեկ անգամ տեսնի այս հրաշքը, տեսնի, բայց գա եւ մնա այստեղ: Եվ դա մեր աշխատանքի ճանապարհն է»,- ասել է Կարապետյանը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ մայիսի 27-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է ՀՀ բանակի նոր զինանշանը: Այս փոփոխությունը, ըստ հրապարակման, բանակի կերպափոխման շրջանակում է: Տեսանյութում պնդում են, թե նախորդ զինանշանն ուներ մի շարք թերություններ: Զինանշանի նոր տարբերակում ավելացել է Հայաստանի քարտեզը, փոխվել դրոշի ու արծվի ներկայացման ձեւը: Ըստ ՊՆ-ի՝ նոր զինանշանում հստակ երեւում են արծվի մարմինը, գլուխը, թեւերը, ճանկերը… մի խոսքով՝ այնպես է հասկացվում, որ 44-օրյա պատերազմը տանուլ չէինք տալ, եթե 2020-ի սեպտեմբերին ունենայինք նման նկարագրով զինանշան: Պատկերացնո՞ւմ եք…

