Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական մամլո ասուլիսով, որը տեղի է ունեցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Ի թիվս մի շարք այլ հարցերի, Փաշինյանն անդրադարձել է սոցիալ-տնտեսական զարգացման ցուցիչներին, Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հնարավոր հետեւանքներին, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, «Մարտի 1»-ի գործին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաժարականին եւ այլն: Վարչապետի ասուլիսը տեւել է շուրջ հինգ ժամ: Լրագրողների հետ մեծ ձեւաչափով նրա վերջին հանդիպումը մայիսին էր` Ազգային պատկերասրահում, երբ Փաշինյանն ամփոփում էր պաշտոնավարման մեկ տարին:
…Նախորդ անգամվա պես վարչապետն իր ասուլիսը սկսեց ՝ ներկայացնելով 100 փաստ, որոնք վկայում են անցած տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատ տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի մասին: Կառավարության ղեկավարը կարեւորում է այդ ձեւաչափը, որը, ըստ նրա, երկրի զարգացման շարժընթացը հանրությանը հասցնելու ամենամատչելի եղանակն է: Այսպես, ուրեմն, 2019թ. 7 ամսվա տվյալներով՝ ՀՆԱ-ի աճը, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, կազմել է 6,8 տոկոս. արդյունաբերությունն աճել է 8,4 տոկոսով, շինարարությունը՝ 4,5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունները՝ 15,2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5,9 տոկոսով: Աննախադեպ աճ է արձանագրվել հարկային եկամուտների հավաքագրման մասով, որն առաջին կիսամյակի հաշվով կազմել է 25 տոկոս, այսինքն՝ նախորդ տարվա արդյունքը գերազանցվել է 152 միլիարդ դրամով: 2018թ. մայիսից մինչեւ օրս բացվել է 65.037 աշխատատեղ: Նոր գրանցված աշխատողների կողմից պետական բյուջե մուտքագրվել են 6 միլիարդ դրամի հարկ եւ տուրք: Իսկ երկրի հազար խոշոր հարկատուների կողմից 2019-ի հունվար-հունիս ամիսներին ապահովվել է 511 միլիարդ դրամի հարկային մուտք: Նախորդ տարվա կիսամյակի նույն ցուցանիշը 446 միլիարդ է, ինչը նշանակում է, որ հավելաճը կազմում է 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ:
Եվ այդպես՝ փաստեր, փաստեր... մեկը մեկից խոսուն, մեկը մեկից տպավորիչ: Դրանք ցույց են տալիս, որ բոլոր առանցքային ուղղություններով կայուն հաջողություններ են ձեռք բերվել: Խոսքն, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի ու արդյունաբերական ապրանքների արտահանման, ճանապարհաշինության, անշարժ գույքի, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում գրանցված ձեռքբերումների, ինչպես նաեւ ստվերային տնտեսության կրճատման եւ արտաքին պետական պարտքի նվազման միտումների մասին է: Անշուշտ, ձեռքբերումներ, բացասական երեւույթների շտկման վկայություններ կան ու կլինեն: Բայց դրանց կողքին շարունակում են տեղ գտնել նաեւ սայթաքումները, չլուծված խնդիրները, արատավոր բարքերը, որոնք խոչընդոտ են առաջընթացի ճանապարհին, եւ մարդիկ իրավիճակի որեւէ էական փոփոխություն իրենց ու իրենց հարազատների կյանքում չեն տեսնում: Մինչդեռ իրական առաջադիմությունը հենց սա՛ կլիներ, այլ ոչ թե այն, որ, ասենք, Սեւանա լճի մակարդակը 3 սմ բարձրացել է:
Մարդկային կյանքը շատ ավելի բազմոլորտ ու բազմաշերտ է, այն չես չափի 100 կամ նույնիսկ ավելի մեծաքանակ փաստերով: Այդպիսիք ցանկացած ժամանակ, ցանկացած երկրում ու ցանկացած իշխանության օրոք կարելի է «պեղել»: Մանավանդ որ, թվերն ու փաստերը՝ անշուշտ ոչ բոլոր դեպքերում, բայց ունեն «մանիպուլացվելու» հատկություն: Օրինակի համար՝ վերը բերված տվյալներից փորձենք դիտարկել նոր աշխատատեղերի հետ կապված թվերը: Այսպես՝ ավելի քան 65 հազար գրանցված աշխատատեղերը, ըստ եկամտահարկի սանդղակի, վարչապետը բաղդատում է երեք խմբի՝ մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ստացածներ, որոնց քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11.536 մարդ, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ եկամուտ ստացածներ՝ 52. 874 մարդ եւ 2 միլիոնից ավել աշխատավարձ ստացածներ՝ 627 մարդ: Այս թվերը կարելի է առանց դժվարության մանիպուլացնել եւ ստանալ ուզածդ արդյունքը: Բոլորովին այլ պատկեր կստացվի, եթե, օրինակ, ընդհանուր թիվը՝ տվյալ դեպքում 65 հազարը, բաղդատենք ոչ թե 3, այլ 4 սեգմենտի, կամ փոխենք թվերի միջակայքերը՝ նայած, թե որն է մեր նպատակը: Բերված օրինակում նպատակը, ըստ երեւույթին, բարձր աշխատավարձ ստացողների թիվն արհեստականորեն ուռճացնելն է, հետեւաբար կամայականորեն մեծացվել է երկրորդ սեգմենտի միջակայքը՝ ձգվելով 150 հազար դրամից մինչեւ… 2 միլիոն: Պարզ է, որ այդ ընդարձակ միջակայքում ամենամեծ թիվը կստացվի: Բայց խնդիրը միայն սա չէ. կան «ձեռնտու» եւ «ոչ ձեռնտու» փաստեր: Առաջինին հղում են անում, իսկ երկրորդը նետում մի կողմ: Ուրեմն կարիք կա՞ զարմանալու, որ տարատեսակ հաշվետվություններ, զեկույցներ ներկայացնելիս՝ մի դեպքում համեմատում են, օրինակի համար, կատարված հանցագործությունների տվյալները, մյուս դեպքում՝ խնամքով թաքցնում:
Այնպես որ, եթե մարդու կյանքում չկան իրական, շոշափելի բարեփոխումներ, նրան ոչինչ չի կարող համոզել, թե ապրուստը լավացել է: Նույնիսկ՝ 100 փաստերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: ԱԱԾ պաշտոնական կայքէջում հրապարակվել է Վանեցյանի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
…Վանաձորյան ասուլիսում` պատասխանելով Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «…դա տեղի է ունեցել, կարելի է ասել, ԱԱ ծառայության տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում եւ փոխադարձ համաձայնությամբ… ես ասում եմ պաշտոնապես, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, որ որեւէ պրոբլեմ ունենա սպայի պատվի հետ, չի՛ եղել մի դեպք, այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչի մասին է նա ասում հիմա»: Ուրեմն` ի՞նչ է ստացվում` պետության երկու ամենաառանցքային դեմքերը իքս խնդրի շուրջ նստում են քննարկումների, այն էլ` մի քանի անգամ, ու հանկարծ հրաժարակա՞ն… Կարծում եմ` վարչապետը առնվազն անկեղծ չէ:
Արթուր Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին եւ հանրային ընկալումներում Նիկոլ Փաշինյանի եզակի հաջողված նշանակումներից մեկն է համարվում, որի բարձր վարկանիշը ցայսօր պահպանվում է անխաթար: Քաղաքագիտական սուր հոտառություն չի պահանջվում` կռահելու համար, որ Վանեցյանի նման կադրին, առանց լուրջ պատճառի, պաշտոնանկ անելը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: Թե´ վարչապետի անհոդաբաշխ արձագանքը եւ թե´ ԱԱԾ ղեկավարի հայտարարությունից բերված վերոհիշյալ դրվագը վատ քողարկված կերպով վկայում են, որ վերջինիս հրաժարականն ավելի շուտ անձնական խնդիրների հետ է կապված, իսկ գործընթացի հիմքում, ամենայն հավանականությամբ, ոչ այլ ինչ է, քան մեր ազգային տաքարյունությունը: Չնայած չի բացառվում, որ որոշ հանգամանքների բերումով Վանեցյանը ստիպված է եղել կատարել ինչ-որ գործ կամ իրականացնել ինչ-որ հանձնարարություն, հապճեպորեն ընդունված ինչ-որ որոշում, որը, նրա կարծիքով, սպայի արժանապատվության տեսակետից վիրավորական է: Ոչ ոքի համար հաճելի չէ, երբ, ասենք, փորձում են իր ձեռքով շագանակներ հանել կրակից:
Ամեն դեպքում ԱԱԾ այժմ արդեն նախկին տնօրենի պաշտոնանկությունը բուռն արձագանք է առաջացրել հանրության շրջանում, մամուլում եւ սոցցանցերում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով` Արթուր Վանեցյանի գործունեությունը վաղուց չէր տեղավորվում ժողովրդավարական տրամաբանության մեջ, ինչը երեւում է նաեւ նրա հրաժարականի տեքստից: «Ինքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը քիչ է գլուխ հանում պետականությունից, վատ է տարբերակում առաջնային ու երկրորդական հարցերը եւ այլն: Այսինքն, ինքը համարում է, որ անվտանգության մարմիններն ավելի կոմպետենտ են այս հարցերում, քան երկրի քաղաքական ղեկավարությունը»,- նշել է Իոաննիսյանը: Ուշագրավ դիտարկում է ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել Հայկ Ա. Մարտիրոսյանը: Ըստ նրա, պետության ղեկավարը չպետք է թույլ տա, որ իր հատուկ ծառայության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու «աստիճանաբար դառնա ռոք աստղ»: «Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ, հետո առանց բացատրության հեռացնելով ու շանս տալով հանդես գալ տուժող ընդդիմադիրի դիրքերից` ամենաանխոհեմ պահվածքներից է, որ երկրի կառավարիչը կարող է իրեն թույլ տալ: Սա լավ ցուցիչ է, թե ինչպես է այս վարչապետը կատարում կոպտագույն սխալներ, հետո փորձում շտկել դրանց որոշ մասը, երբ հետեւանքներն այլեւս շատ ծանր են լինելու»,- գրում է Մարտիրոսյանը: Իսկ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի վերծանմամբ`Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպայի պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից, ինչը վտանգում է «հայրենիքի հանդեպ պարտքը», եւ հրապարակավ դրա մասին հայտարարում է։ «ԱԱԾ-ի եւ Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ եւ նույնպես կարող են հրաժարվել կատարել «տարերային», «հախուռն», առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մի տարբերակ, այդ պաշտոններում նշանակել «սպայի պատվով» չծանրաբեռնված անձանց: Եվ այստեղ նրան «անսպասելիորեն» օգնության է հասնում «անկախ» ու «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարները դառնում են քաղաքական պաշտոններ։
«Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- եզրակացնում է Դանիելյանը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի դիտակմամբ` այս հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում կապրի: «Այս իրավիճակը կարող է այնքան լարվել, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասունանա»,- չի բացառում Ենոքյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը պատահական չի համարում, որ պետական համակարգն առաջինը լքեց հենց պետական կառավարման համակարգում հաջողած թիվ 1 բարձրաստիճան պաշտոնյան: «Կարծում եմ` շատ տրամաբանական է Վանեցյանի հրաժարականը. ո՞վ չգիտի, որ իսկական պրոֆեսիոնալը երկար չի կարող աշխատել այսքան ոչ պրոֆեսիոնալ հանրային իշխանության կազմում»,- նշել է Բաբայանը:
Արձագանքներն ու գնահատականները շատ են ու բազմազան: Եվ տեսակետների այդ խճանկարն ամբողջացնենք որոշակի շրջանակների դիրքորոշումն արտահայտող մի անդրադարձով` «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառմամբ. «Թավշյա» իշխանության խոհանոցում հայտնված կադրային սպան, ի վերջո, գիտակցել է այդ իշխանության ողջ «մերկությունը»՝ մակերեսայնությունը, կարճատեսությունը, կամակորությունը, անհետեւողականությունը, թերեւս նաեւ այն օտար ազդեցությունները, որոնք կան այդ իշխանության վրա, եւ որոնք նրան տանում են անխուսափելի անկման ճանապարհով։ Գիտակցել է եւ որոշել այս փուլում լվանալ ձեռքերը` ապագայում իրեն գործողությունների ազատություն թողնելու նպատակով»։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին։ Փաշինյանը ողջունել է փառատոնի անցկացումը եւ վստահեցրել, որ այն կնպաստի Սեւանա լճի հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ կառավարությունն ու Սեւանա լճի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սեւանի զարգացման մասին: Խոսելով Սեւանա լճի մասին՝ կառավարության ղեկավարը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:
Նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նախագահն ի դեմս Անդրեա Վիկտորինի՝ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին այն հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին: «Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր եւ, հուսով եմ, կլինի նաեւ ապագայում»,- նշել է նախագահը։ Անդրեա Վիկտորինն իր խոսքում ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է բարեփոխումների գործընթացում աջակցել Հայաստանին: Դեսպանը նշել է, որ ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք մտադիր է իրագործել իր պաշտոնավարման ընթացքում:
Սեպտեմբերի 15-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Խաչվերացի տոնը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի ու փառաբանության հիշատակին: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, որի հաջորդ օրը հավատացյալները հարգանքի տուրք են մատուցում ննջեցյալների հիշատակին: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: