26.11.2024

Еженедельный Обзор

31 օգոստոսի - 7 սեպտեմբերի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, որն առաջին անգամ նշվեց իր հազարամյա տարածքից հեռու։ 33 տարի առաջ այդ օրը Արցախը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվել է Հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է հանրաքվե, որը հաստատել է ԼՂԻՄ-ի անկախությունը։ Բնակչության 80%-ը մասնակցել է հանրաքվեին, եւ մասնակցածների ավելի քան 99%-ը քվեարկել է անկախության օգտին:

Այնուհետեւ նույն ամսին՝ դեկտեմբերին, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Կազմավորվել է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի է ունեցել Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն էլ ընդունել է Արցախի Հանրապետության Անկախության հռչակագիրը։

Անկախացումից 32 տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը հակաահաբեկչական գործողության անվան տակ լայնածավալ հարձակում գործեց հայկական երկրորդ Հանրապետության դեմ, սակայն Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ որեւէ քայլ չի ձեռնարկի՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար։ Առաջին անգամ հայաստանյան իշխանությունը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական հանձնառությունից: Հաշվված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով, ըստ ՀՀ ՔԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորած համարվել՝ 42-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.632 քաղաքացի է ժամանել Հայաստան։ Արցախը բռնազավթելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը: ՀՀ իշխանությունը Ալիեւ-Էրդողան զույգի հետ խոսքը մեկ արած՝ չի ուզում բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը՝ թեեւ շատ փորձագետների կարծիքով՝ այն կարող է անհրաժեշտության դեպքում դառնալ դիվանագիտական խաղաքարտ:

Արցախի բռնի տեղահանությունից ամիսներ անց հայաստանյան հանրային, քաղաքական, փորձագիտական պատմույթի առանցքային հարցերից մեկն Արցախի, արցախահայության ապագան է եւ հայկական շահերի իրացման հնարավորությունները՝ ի տրիտուր ՀՀ իշխանությունների փորձերի՝ ցույց տալու, թե չկա Արցախ, չկա ու չի եղել արցախյան հիմնահարց ու չկա արցախահայության՝ Արցախ վերադառնալու որեւէ հնարավորություն ու հեռանկար։ Ավելին՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի պնդմամբ՝ Արցախի հարցի արծարծումը դեմ է Հայաստանի պետական շահերին:

Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության սեպտեմբերմեկյան բոլոր այցելուները փաստեցին, որ արցախահայության՝ Արցախ վերադարձը հրամայական է, եւ  չնայած ներկան ծանր է, Արցախը՝ հայաթափված, իսկ Հայաստանի իշխանության քաղաքականությունը որեւէ հույս չի ներշնչում, անհրաժեշտ է նախադրյալներ ստեղծել՝ այդ հարցը նախ՝ ներքաղաքական, ապաեւ միջազգային օրակարգի մաս դարձնելու համար։ Օրերս Փաշինյանն իր տված ասուլիսում անդրադարձավ այս հարցին՝ անիրատեսական համարելով արցախյան օրակարգն այն ընկալումներով, որոնցով ներկայացվում է։

Եթե խնդիրը միայն ընկալումներն են, ապա հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ չասաց, թե որ ընկալումներով է այս հարցն իրատեսական, եւ ինչպես է ինքն անձամբ տեսնում Արցախի ու արցախահայության ապագան։ Թերեւս, պատճառն այն է, որ Փաշինյանը արցախյան հարցի հետ կապված իր սեփական ընկալումներն իրագործված է համարում։ Բայց՝ իզուր:

 

Օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր հրավիրել, որը սովորականից կարճ տեւեց՝ ընդամենը 2 ժամ: Սահմանափակ էր ոչ միայն ժամանակը, այլեւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարց ուղղած լրագրողների թիվը՝ երկու տասնյակը չգերազանցող: Տեսնես՝ ասելի՞քն է պակասել, թե՞ պաշտոնավարման ժամանակն է ընդհուպ մոտեցել եզրագծին: Է՛հ, երանի երկրորդը լինի, ժողովուրդն արդեն հոգնել է ստերից ու անիմաստ «ջուրծեծոցներից»: Իսկ բովանդակային առումով վերցրած՝ բանախոսի պատասխաններն ավելի շատ հարցեր առաջացրին, քան պարզաբանումներ տվեցին:

Գլխավոր գաղափարը, որ ասուլիսի սկզբից մինչեւ վերջ կարմիր թելի պես անցնում էր Փաշինյանի դատողությունների միջով, Ադրբեջանի նախագահի ու նրա արբանյակների հակահայկական թեզերի պաշտպանումն ու տիրաժավորումն է: Այս մարդը, առանց որեւէ չափազանցության, պատրաստ է՝ կյանքի գնով էլ լինի, ալիեւյան օրակարգը ներմուծել հայկական իրականության մեջ՝ ընդ որում առաջնահերթության կարգով, կամովին դառնալ Երեւանում, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարախոսն ու հովանավորը:

Նա չի հակադարձում, երբ Իլհամ Ալիեւը՝ չթաքցնելով մտադրությունը, հայտարարում է առաջիկայում ադրբեջանցի փախստականների առաջին խմբաքանակը՝ 120 հազար մարդ Հայաստան կամ, իր բառապաշարով, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձնելու մասին: Սա թվով մոտավորապես այնքան է, որքան անցյալ տարվա սեպտեմբերին Արցախից բնիկ հայեր բռնագաղթեցրեց Բաքվի բռնապետը: Հիմա էլ մեր տարաբախտ հայրենակիցները Մայր Հայաստանում Նիկոլի ձեռքը հանգիստ չունեն: Իշխանությունը նրանց ցաքուցրիվ անելու բացահայտ ռազմավարություն է առաջ տանում, թերեւս, Իլհամի «առաքյալների» համար «տեղ» բացելու նկատառմամբ:

Բայց բուն ասուլիսում, ըստ էության, լրագրող-վարչապետ հարցուպատասխանում արծարծված թեմաների հենքին, որոնցից մի քանիսին հակիրճ կանդրադառնանք, շատ ավելի տեսանելի են թե՛ բանախոսի մտածումների ուղերձները, թե՛ Փաշինյանի խոսքի վտանգավոր շեշտադրումները, որոնք՝ բովանդակությամբ ադրբեջանանպաստ լինելով, տեղ-տեղ անցնում են ռուբիկոնը: Որո՞նք են այդ ուղերձներն ու հայեցակետերը.

Առաջին. Լրագրողի հարցին, թե ինչու է վախենում խոսել նախկին բնակության վայրեր Արցախի բնակիչների վերադարձի մասին, Փաշինյանը հեռվից է գալիս, թեեւ դրա կարիքը չկա: Սա այն դեպքն է, երբ ասելիք չունի, բայց հարցին պատասխանել պետք է: «Ես ուզում եմ ասել, որ ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել: Ընդհակառակն՝ ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել ու ողջունվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից»,- նշել է նա՝ խոցելով միանգամից  երկու թիրախ՝ ԼՂՀ-ի լուծարման փաստաթուղթն իր հրահանգով ստորագրած Շահրամանյանը (այդ փաստաթուղթն, ի դեպ, իրավական ուժ չունի), եւ նախագահ ընտրվելու առիթով վերջինիս շնորհավորած «հայտնի շրջանակները»:

Արցախցիների վերադարձի իրավունքի իրացման խնդիրը Փաշինյանն իրատեսական չի համարում, որովհետեւ դա Ալիեւի սրտի ուզածը չէ: Եվ այդպես էլ՝ առանց սեթեւեթանքի, օգոստոսի 31-ին ի լուր աշխարհի հայտարարեց. «Արցախի հարցն ինձ համար նույնն է, ինչ Ադրբեջանի համար»: Կարճ, անկեղծ եւ ցնցող: Հատկապես՝ ցնցո՛ղ:

Երկրորդ. Հատուկ կարեւորության հարցերից մեկը Բաքվի մարդակուլ բանտերում հյուծվող հայ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերադարձնելու մասին էր: Նրանց թիվը, տարբեր տվյալների համաձայն, տատանվում է 28-ից մինչեւ 80-ի միջակայքում: «Երբ մեր ռուս գործընկերները խոսում են 2018-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է, որ իրենք գերիների հարցը շրջանցում են»,- դարձյալ հեռվից սկսեց՝ սա իր սիրած ոճն է: Ուրիշին մեղավոր հանելը նրան միշտ հաջողվում է. «Եթե ուզում ենք եռակողմ հայտարարությունները կարեւորել, մենք պետք է առաջին հոդվածից սկսենք կարդալ եւ տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է աներ, որ չի արել»:

Ակնարկում է, որ հայ գերիների վերադարձի հարցը, ըստ կողմերի միջեւ աշխատանքի բաշխման, ռուսական կողմի հոգածության տիրույթում է: Հետո, ըստ երեւույթին, հիշելով, որ Ռուբեն Վարդանյանը նախկինում ՌԴ քաղաքացի է եղել, հարցերի մի ամբողջ շարան է առաջ քաշում՝ ինչպե՞ս եղավ, որ նա հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից. ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը. ո՞վ նրան այդ իմաստով գործուղեց Հայաստան, հետո՝ ԼՂ. ի՞նչ նպատակով, ի՞նչ խոստումներով… «Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»,- հավաստիացնում է բանախոսը: Իսկ մենք ասում ենք՝ իշխանությունը չի զբաղվում գերիների հարցով: Տեսեք, որ լավ էլ զբաղվում են:

«Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիեւի բառերն են։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսեւորում է»,- նկատում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ իրավացիորեն համարելով, որ օգոստոսի 31-ին տեղի ունեցածը հայ-ադրբեջանական բարձր մակարդակի համատեղ ասուլիս էր, որից անմիջապես հետո Նիկոլի բոլոր ձեւակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ադրբեջանցի պաշտոնյաները:

Երրորդ. Խոսքային ուշագրավ ձեռնածությունների կարելի է հանդիպել լրագրողի այն հարցի արձագանքում, թե ՌԴ-ն արդյո՞ք որեւէ դերակատարում ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Փաշինյանն ուզում է իր լսարանին համոզել, որ երկկողմ ձեւաչափը, որով այս փուլում աշխատում են, շատ ավելի արդյունավետ է, ինչի մասին վերջին հեռախոսազրույցի ժամանակ «ուղիղ եւ անկեղծ» ասել է նաեւ ՌԴ նախագահին: Թե ինչից է երեւում այդ արդյունավետությունը, միայն ինքը կիմանա: Մենք կարող ենք լոկ ենթադրել, որ Ալիեւն այս փուլում մի փոքր «զադնի» է տվել՝ Փաշինյանի ինքնասիրությունը շոյելու համար: Եվ, ինչպես երեւում է, դա աշխատել է:

Ազերիները մի հայտնի արտահայտություն ունեն՝ «դալը գյոզդա», բառացի նշանակում է՝ «սպասիր հետեւանքին»: Երեխային կոնֆետով խաբելու պես մի բան: Շատ հնարավոր է՝ Փաշինյանը հասկացել է, որ ծուղակ է ընկել, բայց զինքը գետնով չի տալիս. «Ես ինքս Ադրբեջանի նախագահին դիվանագիտական խողովակներով առաջարկել եմ, որ տեղի ունենա հանդիպում երկկողմ  ձեւաչափով, ինչու, որովհետեւ նախկին շրջանում եղել է այդ ըմբռնումը, որ մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով եւ կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, քանի որ արդյունավետ է»: Ճա՞րըդ ինչ, Փաշինյան: Մի քիչ խիղճը կորցներ, կասեր՝ ես ինքս եմ Ալիեւից պահանջել երկկող ձեւաչափով աշխատել:

Խոսքի մեջ մի քանի անգամ ընդգծեց՝ «ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ…» Լավ, անհարմար չե՞ք զգում. ձեր միջեւ ե՞րբ է ընդհանուր ըմբռնում եղել, որ չենք նկատել: Դուք բանակցություններում նույնիսկ բանակցող չեք եղել, այլ ընդամենը կատարող: Իլհամն է թելադրում հայկական օրակարգը, դուք էլ ժողովրդի հետ կռիվս տալով, բայց բարեխղճորեն իրագործում եք Ալիեւի կարգադրությունները՝ պետության եւ նրա քաղաքացիների կյանքը վերածելով մղձավանջի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար. այսպիսի հայտարարություն է սեպտեմբերի 6-ին արել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը: Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից մեր հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք բացարձակապես անընդունելի է Իրանի համար»,- X-ում գրել է Արաղչին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով սեպտեմբերի 2-ին մեկնել է Սյունիքի մարզ: Նա տեսանյութ է հրապարակել ուղղաթիռով թռիչքից եւ գրել. «Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում, որի լիարժեք վերականգնումն ու կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է»: Նույն օրը Փաշինյանը այցելել էր նաեւ Կիրանց, մասնակցել գյուղի նորակառույց դպրոցի բացմանը, որը 50 մետր հեռավորության վրա է գտնվում Ադրբեջանի հետ սահմանից: Հատկանշական է, որ այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ էին հավաքվել, իսկ այցից ժամեր առաջ անվտանգության աշխատակիցները դպրոցից հեռացրել էին բոլոր աշխատողներին ու լրագրողներին՝ տարածքը ստուգելու համար:

Պաշտոնական այցով սեպտեմբերի 1-2-ը Թբիլիսիում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ողջունելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունը հայտնելով այդ գործընթացին: Հանդիպման ընթացքում կարեւորվել են հայ-վրացական ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել բարձրաստիճան պատվիրակությունների միջեւ պարբերական շփումների արդյունավետությունը:

«Ռուսաստանն ակնկալում է, որ Երեւանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը», - սեպտեմբերի 4-ին Վլադիվոստոկում՝ Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Երեւանը դե յուրե շարունակում է դաշինքի լիիրավ անդամ մնալ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ «Այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել։ Դա, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին»,- պնդել է Մարիա Զախարովան։

Սեպտեմբերի 3-ին Կառավարության կողմից առաջարկվող օրենքի նոր նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ մշակութային հաստատություններն «ազգային» բառի փոխարեն իրենց անվան մեջ կկրեն «պետական» բառը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ: Օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»,- մեկնաբանել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.