30.09.2025

Еженедельный Обзор

30 օգոստոսի - 6 սեպտեմբերի 2025թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, որը հասկանալի պատճառով նշվեց Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ չնայած ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, «Իրավունք» թերթի տեղեկացմամբ, թիվ մեկ խնդիր էր դրել իրավապահ համակարգի առջեւ. «Ինչ ուզում եք արեք, մարդաշատ հանրահավաք աչքս չտեսնի»: Ասում են՝ հասարակական կարգի պահապանների սիրտը դող էր ընկել՝ հանկարծ շատ մարդ չհավաքվի: Ինչ-որ է՝ հանրահավաքը, որին մասնակցում էին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, բարեբախտաբար, անցավ շատ կազմակերպված, իրավապահները գրեթե «անգործ» էին մնացել:

Ակցիայի մասնակիցները հրապարակ էին բերել Հայաստանի եւ Արցախի դրոշները, ինչպես նաեւ Բաքվի բանտում պահվող հայ գերիների լուսանկարները: Միջոցառման առանցքում երեք հիմնական պահանջ-խնդիրներ էին. առաջին՝ Արցախի հարցը լուծված չէ, եւ ԼՂՀ-ից բռնի տեղահանվածները պետք է վերադառնան պապենական երկիր, վերատիրանան իրենց ունեցվածքին: Երկրորդ՝ Բաքվում ապօինաբար պահվող հայ գերիները եւ շինծու քրեական գործերով անցնող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք: Եվ երրորդ՝ ՀՀ-ի եւ Արցախի ազգային իրավունքների ու շահերի պաշտպանությունը:

Արժե փոքր-ինչ ավելի մանրամասն անդրադառնալ վերը հիշատակված թեմաներին՝ ելնելով հանրահավաքում դրանց արծարծումների ընդհանուր տրամաբանությունից կամ հիմնահարցերն ուղղակի դիտարկելով խնդրո առարկա քննարկումների լույսի ներքո:

Եվ այսպես՝ արցախցիների վերադարձը Արցախ: Սա, թերեւս, տեսակարար կշռով ամենահանգամանորեն դիտարկված թեման էր: «Արցախյան շարժումը չի ավարտվել, վերադարձ լինելու է»,- այս խոսքերով էր սկսվել հանրահավաքը: Ամբիոնի մոտ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էր: Ըստ նրա՝ վերադարձն Արցախ ազգի գերագույն նպատակն ու նրա արժանապատվության հարցն է։ Վերադարձի կարեւորության օգտին էլ ավելի ծանրակշիռ փաստարկ էր բերում հաջորդ բանախոսը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վանահայր Անդրեաս Թավադյանը։

Արցախի անկախությունը, նրա խոսքով, «թղթի վրա չի ծնվել, այն նվաճվել է մեր եղբայրների արյամբ, եւ պետք է վերադարձվի»: Համընդհանուր կարծիքով՝ Արցախի հողը ժամանակավորապես թշնամու ձեռքին է, բայց Արցախի ոգին ապրում է բոլորիս մեջ, քանի որ Արցախը սոսկ աշխարհագրություն չէ, այն հավատքի, հայրենասիրության եւ արդարության խորհրդանիշ է։ Համազգային միասնություն եւ համախմբվածություն. սա է, ցուցարարների խորին համոզմամբ, Արցախի եւ արցախցիների տունդարձի բանալին: Այդ խնդիրների շուրջ էին Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանի ու մյուսների ելույթները:

Հանրահավաքի կենտրոնական թեմաներից հաջորդը ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման մասին է։ Հակառակ խաղաղության մասին իշխանությունների մեծադղորդ խոսքերի, մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ պահանջներն ու դիրքորոշումները հստակ ձեւակերպված հնչեցին հանրահավաքի ամբիոնից՝ հասկանալ տալու ի լուր աշխարհի, որ խաղաղությունն ու ռազմագերիների առկայությունը կամ բռնազավթած տարածքից զորքի չդուրսբերումը անհամատեղելի են: Իշխանականները սուտ հավաստիացումներ են տալիս, թե գերիների հարցն իրենց օրակարգում է եւ ամեն առիթով, իբր, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, սակայն իրականում «սայլը տեղից չի շարժվում»:

Ադրբեջանական գերության մեջ պահվող հայազգի անձանց՝ մասնավորապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ընտրախավի ազատ արձակումը, կարծես թե, այնքան էլ գործող իշխանությունների «սրտով» չէ՝ թեկուզ տարօրինակ հնչի: Անշուշտ՝ հասկացողը կհասկանա, թե ինչ նկատի ունենք: Փաստն այն է, որ մեր տարաբախտ հայրենակիցներն արդեն երկու տարի տառապում են ադրբեջանական զնդաններում, ենթարկվում անլուր կտտանքների ու նվաստացումների՝ հայրենի պետության կողմից չստանալով որեւէ աջակցություն: Մամուլից օրերս տեղեկացանք, որ Բաքվի բանտում կյանքին վերջ տալու փորձեր է արել 22 օր հացադուլ անող հայ գերին՝ համարելով, որ այն պայմաններում, որոնցում ապրում է, իր կյանքը կոպեկի արժեք չունի:

Հայոց ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանված չեն. հանրահավաքում այս թեմայով հանդես եկած հռետորները համոզմունք հայտնեցին, որ այդօրվա միջոցառումը միայն Արցախի անկախության եւ արցախցիների վերադարձի մասին չէ: Այն նաեւ ՀՀ անկախության, տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության ամրապնդման մասին է, եւ այդ համատեքստում Ադրբեջանին հորդորում են զորքերը դուրս բերել Հայաստանի շուրջ 240 քառ./կմ բռնազավթած տարածքներից: Լրագրողների` քանիցս կրկնվող հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը միշտ վստահեցնում էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում այդ խնդիրն ինքնին կստանա իր լուծումը:

Բայց դրան՝ բացի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանից եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից, դժվար թե այլ հավատացող գտնվի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայաստանի եւ Պակիստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Մոհամմադ Իշաք Դարը օգոստոսի 31-ին համատեղ կոմյունիկե են ստորագրել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ տարածված հաղորդագրության՝ երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան բարեկամական հարաբերություններ՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության ու խաղաղ գոյակցության սկզբունքները։ Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում նորերս անցկացված՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։

Սերժ Սարգսյանի գործով հոկտեմբերի 2-ին հրավիրված դատական նիստին դատախազը գույքային հայց է ներկայացրել Երրորդ նախագահի ու մյուս մեղադրյալների դեմ: Մեղադրողը խնդրել է նրանց ճանաչել գույքային պատասխանող եւ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամ: Նախկին նախագահը մեղադրվում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Երեւանի Իսակովի պողոտայի եւ «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Դատախազությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը դա արել է հողամասերը «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 %-ը պատկանում է Երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:

Սեպտեմբերի 1-ից ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս լուծարված է: Կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ նամակը։ Բաքվի հաղորդման համաձայն՝ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել են Նախարարների խորհրդի որոշումը. «Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը՝ նույնիսկ տասնամյակների հակամարտությունից եւ անվստահությունից հետո»,- ասել է Սինիրլիօղլուն։

Քառօրյա աշխատանքային այցով Չինաստանում գտնվող՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Թիենծին քաղաքից գնացքով ուղեւորվել է մայրաքաղաք Պեկին: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին Փաշինյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում ունեցել ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ: Չինաստանի մայրաքաղաքում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը: Նախօրեին Փաշինյանը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձեւաչափի հանդիպմանը, ինչպես նաեւ զրույցներ ու հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մեկնարկել է այն շինության քանդումը, որտեղ շուրջ երեք տասնամյակ գործում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական Azertag գործակալությունը՝ հատուկ ընդգծելով, որ օրվա ընտրությունը պատահական չէ. «Այս շենքում էին հանդիպումներ անցկացվում օտարազգի հայամետ քաղաքական գործիչների հետ, որոնք այցելում էին օկուպացված տարածքներ։ Այս շենքում էին անօրինական հավատարմագրեր ու մուտքի վիզաներ տրամադրվում օտարերկրացի լրագրողներին։ Այս շենքում նստած էր այսօր Բաքվում դատվող Դավիթ Բաբայանը, որը հայտարարում էր, թե ադրբեջանական դրոշը Ղարաբաղում կարող է ծածանվել միայն դեսպանատան շենքի վրա»,- չարախնդորեն գրում է Ադրբեջանի պետական լրատվականը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.