26.11.2024

Еженедельный Обзор

16-23 սեպտեմբերի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթը լի էր հախուռն իրադարձություններով, որոնք միանգամից փոթորկեցին երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական մթնոլորտը: Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը՝ խախտելով փխրուն հրադադարը, լայնածավալ հարձակում գործեց Արցախի դեմ: Թշնամին շփման գծի երկայնքով հրթիռահրետանային հարվածներ հասցրեց Պաշտպանական բանակի դիրքերին եւ կրակ բացեց մայրաքաղաք Ստեփանակերտի ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ: Վնասվեցին բնակելի շենքեր, կրթամշակութային օջախներ, հիվանդանոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարեց, թե «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացնում»։

Ակնհայտ էր, սակայն, որ փարիսեցիաբար հայտարարված «հակաահաբեկչական միջոցառումների» քողի տակ Ադրբեջանն իրականում հայաթափման գործընթաց էր սկսել ընդդեմ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայերի: Պաշտպանության բանակի մոտավորապես 5 հազար զինծառայողի դեմ թշնամին դուրս էր բերել մինչեւ ատամները զինված իր 60 հազարանոց զորքը, բայց չնայած դրան, Արցախի ՊԲ հերոսամարտիկներն անհնարինն արեցին՝ կասեցնելու հակառակորդի առաջխաղացումը, նրան պատճառելով հսկայաքանակ կորուստներ: Ցավոք, կորուստներ ունեցավ նաեւ հայկական կողմը եւ նահանջեց, քանի որ թշնամու շարքերն անընդհատ համալրվում էին:

Ադրբեջանի երկօրյա նախահարձակ ռազմական գործողությունների հետեւանքով՝ մինչեւ ռուսական միջնորդությամբ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացած հայ-ադրբեջանական հրադադարի պայմանավորվածությունը, Արցախը տվեց շուրջ 200 զոհ եւ 400 վիրավոր՝ այդ թվում քաղաքացիական անձինք, կանայք ու երեխաներ: Այս օրերին Ստեփանակերտում խառնիճաղանջ վիճակ է, մարդիկ չգիտեն՝ որտեղ գտնեն իրենց ու իրենց երեխաների փրկությունը: Արցախի մայրաքաղաքի մատույցներում՝ Արմենավան եւ Կրկժան թաղամասերում, ազերի թուրքը մոլեգնում է, ուզում է Ստեփանակերտ մտնել: Հայաստան տեղափոխվել ցանկացողներն իրերը կապած սպասում են, բայց հումանիտար միջանցք չեն բացում:

Բաքուն վստահեցնում է, թե խաղաղ բնակիչները չեն տուժի: ՀՀ վարչապետի աթոռին գամված անձը երկրորդում է Բաքվի պնդումը, թե՝ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչության համար ուղիղ սպառնալիք չկա»: Փակագծերում նշենք, որ նույն օրը ՄԱԿ-ում Արցախի հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը Փաշինյանի հենց այս հայտարարությանը հղում արեց՝ հերքելու համար Արցախում ադրբեջանական զինուժի բարբարոսությունների մասին ՀՀ ԱԳ նախարարի հաղորդումները: Երեւի աշխարհում չտեսնված-չլսված բան է թշնամիներից մեկի մեղքը մյուսի հղմամբ մաքրելը: Ընդ որում՝ մտացածին հղմամբ: Իսկ իրականությունն այն է, որ նույն պահին հայկական Հաթերք գյուղում ադրբեջանցի զինվորները խողխողում էին խաղաղ բնակչին:

Ընդհանրապես՝ վայրագությունների համար թիրախ են ընտրվել Մարտունու եւ Մարտակերտի սահմանամերձ գյուղերը, որտեղ անվտանգության միջոցների իսպառ բացակայության պայմաններում վխտում են զինվորական համազգեստի տակ քողարկված բաշիբոզուկներն ու մարդասպանները: Ադրբեջանը սկսել է իր գլխավոր նպատակներից մեկի իրագործումը՝ էթնիկ զտումը, ինչը նրան թույլ կտա Արցախում ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման մեկընդմիշտ փակել: Եվ այն, ինչ ԼՂ-ում հիմա անում է Ադրբեջանը, նույն թուրքական ձեռագիրն է Հայոց ցեղասպանության ժամանակ՝ զանգվածաբար բնաջնջել բնիկ ժողովրդի մեծամասնությանը, հայրենազրկել, զինաթափել եւ տեղահանել՝ թողնելով աննշան «փշրանքներ»:

Ադրբեջանն ի լուր աշխարհի հայտարարում է, որ հակաահաբեկչական գործողություն են սկսել՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար: Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունի: Եթե նկատի ունի ԱդրԽՍՀ-ի օրոք գոյություն ունեցած սահմանադրական կարգը, ապա չպետք է մոռանալ, որ Արցախն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել: Իսկ եթե խոսքն անկախ Ադրբեջանի մասին է, անկարելի է անտեսել, որ անկախ Ադրբեջանի կազմում ԼՂ-ն երբեք չի եղել, հետեւաբար Ադրբեջանի սահմանադրությունը չի կարող տարածվել ղարաբաղցիների վրա: Թեկուզ այն պարզ պատճառով, որ հիմնարար այդ փաստաթղթի ընդունմանը Արցախի ժողովուրդը չի մասնակցել:

Ամբողջ այս շիլաշփոթը Արցախի հարցում ՀՀ կառավարության վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքն է, Փաշինյանի այն ամբարտավան հայտարարության արդյունքը, թե՝ «ինչ ուզում ենք՝ էն էլ բանակցում ենք», որի վերջին ակորդը հնչեց 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում: Իսկ միգուցե 2018-ին փողոցից իշխանության եկած խմբակի ծրագրային նպատակը, որ երբեք չբարձրաձայնվեց, բայց տողատակերից հասկացվեց, հենց Արցախի «գլխացավանքից» ազատվե՞լն էր:

 

Դժվար է առանց խորն ուսումնասիրության պնդել՝ Արցախի դեմ ադրբեջանական զինված ագրեսիա՞ն խթանեց սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած՝ ընդդիմության բազմամարդ հանրահավաքը, թե՞ հանրահավաքն արագացրեց անարգ ոսոխի նախահարձակ գործողությունները: Հպանցիկ դիտարկումն առաջին վարկածի օգտին է խոսում, որովհետեւ թշնամին հանրահավաքից շատ ավելի վաղ էր սկսել պատերազմի պատրաստություններ տեսնել: Թե՛ Ադրբեջանի հարձակումը, թե՛ ընդդիմության միջոցառումը տեղի ունեցան նույն օրը, սակայն, 6 ժամվա տարբերությամբ, նախ ագրեսիան էր, իսկ օրվա վերջում՝ հանրահավաքը: Երեւում է՝ Ալիեւը շտապում է, չի ուզում բաց թողնել «ուժեղ տղա» երեւալու եզակի շանսը:

Իլհամի շտապողականությունը պարզ բացատրություն ունի. փաշինյանական երերուն իշխանությունը, ըստ երեւույթին, երկար չի ձգի, քանզի այլեւս չունի աջակցություն ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Պաշտոնական Բաքուն դա լավ է հասկանում եւ ամեն ինչ անում է Երեւանի հետ կապված բոլոր ծրագրերը, պարտք-պահանջները իրագործել նախքան ՔՊ-ական իշխանության տապալվելը: Մանավանդ որ, միջազգային հանրությունը սկսել է ուժեղ ճնշումներ գործադրել, ինչը նշանակում է՝ «տե՛ս, տղա, համը չհանես»: Փաշինյանի հանգամանքն ուրիշ է. նա ձախողակ ղեկավար դուրս եկավ, փչացնում է՝ ինչի ձեռք է տալիս, ուստի բանի տեղ դնող չկա՝ լինի տանը, թե, առավել եւս, դրսում:

Փոխարենը նա ունի սեփական վտանգի սուր հոտառություն, որի դեմ էլ ուղղում է պետական բոլոր ռեսուրսները՝ մասնավորապես բյուջեի գումարներն ու ոստիկանական բիրտ ուժը: Ժողովուրդն արդեն գիտի՝ հենց Նիկոլը գործի է դնում փողը, ուժը եւ Պետրոս Ղազարյանին՝ ուրեմն զգում է իր մոտալուտ քաղաքական վախճանը: Անձամբ ինքը եւս անմասն չի մնում բոլորիս դրամական մասհանումներով աշխատող «Հ1»-ի եւ իր բուծած ֆեյքային ֆաբրիկաների մանր կճղակավորների գարշահոտ արձակող քարոզչությունից: Մարտակերտի գյուղերում նորօրյա թուրք ենիչերիներն արյան բաղնիքներ են սարքում, կտտանքների ենթարկում մարդկանց, բռնաբարում, ինքն ասում է՝ քաղաքացիների համար սպառնալիք չկա:

Ինչո՞ւ է այդպես ասում, գիտե՞ք. չի ուզում, որ իր պատճառով անտուն թշվառական դարձած տասնյակ հազարավոր մարդիկ՝ իսկը «հանրահավաքի մատերիալ», գան-լցվեն Երեւան՝ համալրելով Հանրապետության հրապարակի բազմահազար բողոքավորների շարքերը: Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին՝ պետք է նկատել, որ ընդդիմության նախաձեռնած այս միջոցառումը բավական մեծ ներուժ ունի եւ օրեօր թափ է հավաքում՝ ի հեճուկս այն մարման տանելու՝ իշխանության վիթխարի ջանքերի ու «բերետավորների» աննախադեպ դաժանության, որը ոչնչով չի տարբերվում Արցախում հայերին խոշտանգող տականքից: Փաշինյանն այդ մասին նախօրոք զգուշացրել էր՝ սպառնալով. «Բախտներդ փորձեք, ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք»:

Սա, երեւի, նրա այն բացառիկ «խոստումներից» է, որը կատարվում է անվերապահորեն: Դեռ մի բան էլ ավելի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայկական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի: Կրեմլն ավելի ուշ հաղորդել է զրույցի մասին՝ մանրամասնելով, որ Պուտինը գոհունակությամբ ողջունել է հակամարտության սուր փուլը հաղթահարումը եւ նշել ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը «ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման ու սեպտեմբերի 21-ին Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ վարելու վերաբերյալ»։

Սեպտեմբերի 22-ին ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչի դիմումը եւ միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Դիմումն ուղղված էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակին: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախի շրջափակման հետեւանքով տեղահանված բնակչության սոցիալական խնդիրները: Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետեւանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:

Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը. այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։ «Ես ասել եմ, որ մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության. Երեւանի ավագանու մանդատը չէ, որ մեզ հետաքրքրում է, այլ ամբողջական իշխանափոխության գործընթացը»,- լրագրողներին փոխանցել է Թեւանյանը:

Հայաստանում ՌԴ դեսպանատունը սեպտեմբերի 19-ին բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ։ Այդ մասին դեսպանատան աշխատակիցները հայտնել են ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։ Այդ օրը բազմաթիվ մարդիկ էին հավաքվել ՌԴ դեսպանատան մոտ՝ հայտարարելով, որ գործողություններ են պահանջում Արցախ խաղաղապահներ ուղարկած Մոսկվայից:

Սեպտեմբերի 19-ին ՀՅԴ գրասենյակում երկու տասնյակ քաղաքական ուժերի մասնակցությամբ հավաք է տեղի ունեցել, որի արդյունքների մասին տեղեկությունները սուղ են։ Ավելի վաղ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հրավիրել էր իրենց կուսակցության գրասենյակ՝ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման եւ լուծումներ գտնելու նպատակով:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.