Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Հոկտեմբերի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոր նախագահ ունեցավ. աշխատանքային գործունության ժամկետն ավարտվելու կապակցությամբ Տիգրան Մուկուչյանին այդ պաշտոնում փոխարինեց ԱԺ պետաիրավական հանձնաժողվի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը, որը հոկտեմբերի 3-ին ԿԸՀ նախագահ էր ընտրվել խորհրդարանի միայն իշխանական պատգամավորների 65 «կողմ» ձայնով: Հովակիմյանին այդ պաշտոնին առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նա այդ կուսակցության հիմնադիր անդամներից էր եւ ՔՊ վարչության անդամ, սակայն ԿԸՀ նախագահի ապաքաղաքականացված պաշտոնը ստանձնելու համար օրեր առաջ վայր էր դրել կուսակցական անդամատոմսը, ինչպես նաեւ հրաժարվել էր պատգամավորական մանդատից: Վահագն Հովակիմյանի թեկնածությանը դեմ էին արտահայտվել մոտ երկու տասնյակ ՀԿ-ներ։ Տարածած հայտարարությամբ նրանք խնդրահարույց էին համարել կուսակցական գործչի առաջադրումն այդ պաշտոնին։
Մեկնաբանությունը
Ամենայն հավանականությամբ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վախը հատել է «թույլատրելիի» շեմը եւ հասել այնպիսի մի նիշի, որ վերջինս սկսել է վախենալ անգամ սեփական ստվերից: Եթե ոչ վախով, ապա ուրիշ ինչո՞վ բացատրել Սահմանադրությամբ ապաքաղաքական համարվող կառույցների ու առանցքային պաշտոնների համատարած կուսակցականացումը՝ սկսած ԲՈՒՀ-երի ռեկտորներից մինչեւ դատախազություն: Հիմա էլ եկել է ԿԸՀ-ի հերթը: ՀՀՇ-ից մնացած՝ «պոլի փետ լինի, բայց մերը լինի» նշանաբանը գործում է, ինչպես ասում են, իր ողջ պերճանքով եւ թշվառությամբ: Աթոռն անառիկ պահելու համար իշխանությունը ո՛չ օրենքի է նայում, ո՛չ Սահմանադրության:
Հավանաբար այդպես ապահով է՝ առանց գլխացավանքի, յուրայինների միջավայրում, որտեղ խոսքը դեռ բերանիցդ դուրս չեկած՝ կատարողներն իրարով են անցնում: Վահագն Հովակիմյանը լրագրողներին հավաստիացնում է, որ ինքն անհանգստացած չէ նրանով, որ ԱԺ-ում ընտրվել է բացառապես իշխանական պատգամավորների 65 քվեով՝ ընդ որում դրանցից մեկը հենց իր քվեն էր: Այն, որ ինքը մասնակցել է իր ընտրության քվեարկությանը, ըստ նրա, որեւէ իրավական խնդիր չի առաջացնում, «քանի որ մինչեւ հաջորդ երկուշաբթի շարունակում եմ մնալ ԱԺ պատգամավոր»:
Լավ, իրավական խնդիր, միգուցեեւ, չի առաջացնում, իսկ բարոյակա՞ն… ինչպե՞ս կողքից կնայվի այն գործողությանը, որ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկում է ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի օգտին, այսինքն՝ ինքն իր օգտին: Ի՞նչ է սա՝ զավե՞շտ, փոքրոգությո՞ւն, գեղջկական ճապկությո՞ւն… Թե՞ իշխանության համար բարոյականություն ասվածը սոսկ զգացմունքային կատեգորիա է: Նա իրեն վատ չի զգում նաեւ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը. «Որեւէ խնդիր այդ առումով չեմ տեսնում… պատրաստվում եմ այդ պաշտոնում աշխատել արդար, անկեղծ, թափանցիկ, առանց որեւէ կաշկանդվածության»,- վստահեցնում է Հովակիմյանը՝ չնայած նրա անկեղծությանը հազիվ թե հավատացող գտնվի:
Ո՞վ է Վահագն Հովակիմյանը: Աշխատանքային ուղին սկսել է լրագրությամբ՝ շուրջ 15 տարի աշխատելով Նիկոլ Փաշինյանի խմբագրած՝ նախ «Օրագիր», ապաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ 2012-2016 թթ. աշխատել է որպես ԱԺ պատգամավոր Փաշինյանի օգնական: Այնուհետեւ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ընտրվել ՔՊ վարչության անդամ, երկու տարի անց ընդգրկվել կուսակցության ընտրացուցակում եւ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ անցել խորհրդարան: Այսինքն՝ ամբողջ գիտակցական կյանքը եղել է Փաշինյանի ստվերում, նրանից անբաժան: Հիմա փորձում է պնդել, թե կաշկանդված չէ որեւէ պարտավորվածությամբ:
«Մարդ, որ իր ողջ կարիերայով պարտական է Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրին», չի կարող ԿԸՀ-ի անաչառ նախագահ լինել»,- այս կարծիքին է տարիներ շարունակ ընտրական գործընթացը դիտարկող խմբի անդամ Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա, նույնիսկ եթե Հովակիմյանը լինի ԿԸՀ ամենալավ նախագահը, միեւնույն է, հանրության կողմից չի կարող անկողմնակալ պաշտոնյա ընկալվել: Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մեկն է այն 17 ՀԿ-ներից, որոնք պահանջել են վերանայել այս առաջադրումը. «ԿԸՀ անդամի եւ, մասնավորապես, նախագահի պաշտոնում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական եւ քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը»,- ասված է ՀԿ-ների տարածած համատեղ հայտարարության մեջ։
Զավեշտն այն է, որ ընդդիմադիր Փաշինյանն ու նրա կողմնակիցներն էին տարիներ շարունակ ծանակում իշխանություններին՝ ապակուսակցական մարմիններում յուրային դրածոներ նշանակելու համար։ Անգամ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի քննադատության առաջին թիրախներից մեկը նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էր, որին մեղադրում էր ՍԴ-ն «սեփական դուքանի» վերածելու մեջ: Շատ չանցած՝ ինքը եւ իր թիմը գերազանցեցին բոլոր նախորդներին՝ ՔՊ-ի «դուքան» դարձնելով նույն ՍԴ-ն, ԲԴԽ-ն, ՄԻՊ գրասենյակը, ԲՈՒՀ-երը, ամբողջ դատաիրավական համակարգը, նույնիսկ ՏԻՄ-երը:
Այժմ կադրային նշանակումների ու տեղաշարժերի հիմքը դարձել է ոչ թե մասնագիտական որակը կամ աշխատանքային փորձառությունը, այլ բոլորին հայտնի անձի հանդեպ տածած հավատարմությունը: Վահանգն Հովակիմյանի օրինակն այդ առումով խիստ տիպական է: Մամուլում չհերքված հրապարակումներ եղան առ այն, որ նա իր բարձրագույն կրթության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ է հրապարակել: Այսպես, լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ ինքնակենսագրականում մատնանշած՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, պարբերաբար դուրս մնալով ԲՈՒՀ-ից եւ այդպես էլ չկարողանալով ավարտել այն: Ինչ վերաբերում է նույն ԲՈՒՀ-ի փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետն ավարտած լինելուն՝ պարզվել է, որ նրա նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:
Բայց ուսումնատենչ երիտասարդի կրթության ծարավն այսքանով չի հագեցել: Անցյալ տարվա մայիսին՝ 47 տարեկանում, ինչպես վկայում է մամուլը, նա ստանում է մասնավոր ԲՈՒՀ-ի՝ Մովսես Խորենացու համալսարանի դիպլոմ եւ իրավագիտության բակալավրի որակավորում: Հատկանշական է, որ մինչ այդ, լրագրողական համեստ ընդունակություն ու փորձ ունեցող Հովակիմյանը հասցրել էր հեղինակել եւ ԱԺ-ում հանդես գալ, ոչ ավել-ոչ պակաս, ՍԴ փոփոխություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ: Հավանաբար՝ մտածել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարող է լինել վարչապետ, ես ինչո՞ւ չեմ կարող լինել սահմանադրագետ:
Այդ մտայնությամբ էլ առանց իրեն անբարեհարմար զգալու ստանձնել է նոր պաշտոնը: Փույթ չէ, թե Սահմանադրությամբ ԿԸՀ նախագահին ներկայացվող պահանջների գրեթե ոչ մի բնութագրիչով չի համապատասխանում այդ պաշտոնին: Փաշինյա՛նը սաղ ըլնի…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Զրույցներում անդրադարձ է եղել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրախորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Նիկոլ Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Բլինքենը ողջունել է առաջընթացը երկու երկրների միջեւ պաշտոնական խաղաղության բանակցություններում։ Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ բանակցված համաձայնագիրը տեւական խաղաղության միակ ճանապարհն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով Ղազախստանում էր, որտեղ մասնակցում էր Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ հաղորդում են կառավարությունից: Այդ օրերին Աստանա էր մեկնել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մասնակցելու ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացվող՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչպես նաեւ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարությունը քննադատել էր Արեւմուտքին՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն կերպ միջամտելու եւ Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու համար:
Գործադիրի ղեկավարը հոկտեմբերի 12-ին Կառավարությունում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, սակայն վարչապետի պաշտոնական կայքում հանդիպման մասին հաղորդագրություն եւ լուսանկար չեն հրապարակվել։ Արցախի նախագահի խոսնակը հոկտեմբերի 9-ին էր հայտարարել, որ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը գալիս է Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայտարարությունից 3 օր էր անցել, իսկ պատվիրակության հետ հանդիպում տեղի չէր ունենում, եւ կողմերից ոչ մեկը չէր պարզաբանել, թե ինչումն է խնդիրը: Միայն 3 օր անց՝ կիրակի օրով, Փաշինյանն ընդունեց Արցախի նախագահին՝ առանց պատվիրակության անդամների:
Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերն են հոկտեմբերի 12-ին քննարկվել Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում՝ հայտնում են Կառավարությունից: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:
Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել «խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերը», հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բիշքեկում հարցազրույց տալով ադրբեջանական հեռուստաընկերություններին։ Նա Ղըրղըզստանի մայրաքաղաքում էր Ադրբեջանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում։ AzTv-ի հաղորդման համաձայն՝ Բայրամովն ասել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորելու հիմքը հանդիսանան։