26.11.2024

Еженедельный Обзор

5-12 նոյեմբերի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Երկամսյա դադարից հետո նոյեմբերի 5-ին խորհրդարանական ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք էր հրավիրել՝ վերնագրելով այն «Համազգային միասնական հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի»: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին մասնակցեց եւ ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Հանրահավաքին մասնակցում էին մի շարք քաղաքական ուժեր եւ հասարակական գործիչներ: Նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանություններն ու քաղաքացիները պահանջ էին ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ ապահովել Արցախի անվտանգությունը եւ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կներառվի Ադրբեջանի կազմում: Նման հայտարարություններ հնչեցին նաեւ Ֆրանսիայի հրապարակում:

 

Մեկնաբանությունը

Թեպետեւ նոյեմբերի 5-ի հանրահավաքը Արցախի շուրջ համախմբվելու հստակ ուղերձ ուներ, սակայն ժողովրդի մասնակցության առումով կազմակերպիչների սպասելիքներն ի դերեւ ելան: Ակնհայտ դարձավ խիստ անցանկալի մի իրողություն՝ Արցախն այլեւս ՀՀ-ում, կարծես թե, դադարել է լինել համազգային հոգածության, հպարտության ու ներշնչանքի աղբյուր, արդար պայքարի խորհրդանիշ: Սա ցավալի արձանագրում է:

Ասում են՝ սերունդ է փոխվել, եւ մարել են 88-ի համախմբումի ու զարթոնքի ալիքը, հայոց պահանջատիրության ոգին, որը տիրականորեն ողողել էր Երեւանի փողոցներն ու հրապարակները: Խնդիրը, սակայն, սերունդը չէ: 2016-ի Քառօրյան, ինչպես նաեւ հաջորդ՝ 44-օրյա պատերազմը ժամանակակից երիտասարդության հայրենասիրության, կամային բարձր արժանիքների մասին վկայող բազմաթիվ օրինակներ են տվել եւ դեռ տալու են: Մեր ցավը սերնդին սխալ ճանապարհով առաջնորդողներն են, նրան մոլորեցնողները, ներքին թշնամանքի, սեւ-սպիտակի, հայաստանցի-ղարաբաղցի հողի վրա միմյանց դեմ հանողները, հանուն «30 արծաթի», Հայրենիք վաճառողները:

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ նոյեմբերի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների համեմատական պարզ դիտարկումը բավական խոսուն է, եւ ոչ միայն մասնակցային տարբերության կամ համախմբվածության ցուցանիշի առումով: Արցախում հանրությունը պառակտելու փորձերը չեն անցել, «կռո» ղարաբաղցու կամքը կոտրել, միասնությունը խաթարել չի հաջողվել: Անշուշտ, դրանում որոշակի դեր ունի ընդհանուր վտանգի զգացողությունը, որը սովորաբար միավորում է մարդկանց: Բայց մի՞թե պակաս վտանգավոր է Հայաստանի իրավիճակը, որտեղ ազերի անկուշտ գազանը դիրքավորվել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մատույցներում:

ՀՀ իշխանական շրջանակները չարախնդում են, նսեմացնում ընտրազանգված հավաքելու հարցում ընդդիմության կարողությունը, ծաղրում: Այս մարդիկ անթաքուն հրճվանք են ապրում, որ «հաջողել» են ազգը մասնատելու, Արցախի հանդեպ ատելություն սերմանելու, իշխանական իրենց աթոռներն անառիկ պահելու գործում: Փույթ չէ, թե՝ պետական սահմանների անառիկությունը տանուլ տալու գնով: Սա է գործող իշխանության դեմքը: Լիներ ժողովրդականություն վայելող իշխանություն՝ անխոս կմիանար «Ի աջակցություն Արցախի» համազգային հայտարարված հանրահավաքին, ինչպես Արցախում էր:

Այնտեղ էլ իշխանությանն առանձնապես ժողովրդական չես համարի, բայց գոնե ձեւական՝ հոկտեմբերի 30-ին ԱՀ նախկին եւ այժմյան ղեկավարները միացել էին Վերածննդի հրապարակում մեկնարկած բազմահազարանոց հանրահավաքին, որն ընթանում էր Արցախի խորհրդարանում առավոտյան ժամը 10-ից անցկացվող արտահերթ նիստին զուգահեռ: Մինչդեռ ՀՀ ԱԺ նախագահը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին, խայտառակություն է որակել այն՝ մասնավորապես հայտարարելով. «Հայաստանի ընդդիմությունն առաջնորդվում է «մի՛ հապաղիր, խայտառակվի՛ր մինչեւ վերջ» կարգախոսով»:

Դեռ հանրահավաքից օրեր առաջ ակնհայտ էր, որ իշխանությունները՝ տեղեկանալով միջոցառմանը հասարակական-քաղաքական այլ ուժերի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հատուկ ներկայացուցչի, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին, մինչեւ վերջ արձակել էին իշխանական վարձու «ֆեյքերի» ու նրանց փնջային համակարգողների կամ, իրենց լեզվով ասած, «հազարապետների» եւ «հարյուրապետերի» սանձերը, սոցցանցերը հեղեղել կեղտոտ հակաքարոզչությամբ: «Ֆեյսբուք»-ում նոյեմբեր ամսվա առաջին հնգօրյակը արմատական ընդդիմության, նրա առաջնորդների եւ, առհասարակ, ընդդիմադիր հայացքներ ունեցող երեւելի անձանց հասցեին ատելության ու մաղձի գեներացման իսկական շքահանդես էր:

Իշխանությունները ձեռնարկել էին հանրահավաքը տապալելու գործնական քայլեր: Եթե նույնպիսի ջանադրությամբ լծվեին պետականամետ որեւէ հրատապ գործունեության, տնտեսությանը, կրթությանը, բանակին ու անվտանգային համակարգին առնչվող որեւէ ծրագրի, հաստատ երկիրը շատ արագ դուրս կգար բարգավաճման մայրուղի: Բայց՝ ոչ, հանկարծ որոշեցին, որ խիստ կարեւոր է նոյեմբերի 5-ը «անտառ-տնկարկի» ծրագրի շրջանակում հայտարարել համապետական ծառատունկի օր եւ ապահովել երկրի հիմնարկ-ձեռնարկությունների, հաստատությունների ու միավորումների անձնակազմերի, երեւանցիների զանգվածային մասնակցություն:

Բայց շատ ավելի զավեշտալի բան պատահեց. ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքի նախօրեին իր քաղաքացիներին հրապարակայնորեն զգուշացրեց ձեռնպահ մնալ նոյեմբերի 5-ին մարդաշատ վայրեր այցելելուց, ինչը կարող է վտանգավոր լինել՝ պայմանավորված ընդդիմության այդ օրվա զանգվածային միջոցառումներով: «Նույնիսկ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման եւ, հնարավոր է, բռնության»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: Այսքանից հետո ո՞վ է գլխից ձեռք քաշել՝ գնալ Ֆրանսիայի հրապարակ: Դեռ լավ է, որ չասացին՝ տնից, ընդհանրապես դուրս չգաք:

Առճակատումներ, բռնություններ, բարեբախտաբար, չեղան, բայց հաղորդագրությունն ինքնին մտածելու տեղիք է տալիս՝ մեր «մեդիայի» պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրները այս որքա՛ն են ուռճացրել հանրահավաքի թեման, ընդդիմությունից «բո-բո» սարքել, որ ամերիկյան դեսպանատունը ստիպված է եղել վերահաս վտանգից զգուշացնել իր քաղաքացիներին, «ձեռի հետ» էլ սարսափահար անել միասնական հանրահավաքի հավանական մասնակիցներին: Իսկ միգուցե ՀՀ-ում ծառայող ամերիկացի դիվանագետները տեղի իշխանության խնդրանքո՞վ են այդպիսի մի «բադիկ» բաց թողել:

Ամփոփենք: Ամեն դեպքում Համազգային հանրահավաքը կայացավ եւ, ի հեճուկս չկամների ու չարակամների, չունեցավ մասնակիցների սղություն: Միջոցառումը բովանդակային առումով հագեցած էր, պետականամետ եւ մարտահրավերներից ամենակարեւորի հստակ շեշտադրումներով: Գլխավոր նպատակը, որն Արցախին սատարելն է եւ նրա օրինական պահանջին զորավիգ լինելը, վերահաստատվեց հանրային համերաշխության կնիքով. «Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում», «Որեւէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Սրանք արցախահայության համար «կարմիր գիծ» են, որին Ֆրանսիայի հրապարակն անհողդողդ արձագանքեց. «Մայր Հայաստանը պատրաստ է պայքարել ինքն իրեն եւ իր զավակի համար»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին ՀՀ կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների՝ մասնավորապես հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ֆեյսբուքում այս մասին գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Ըստ նրա, ավելի ուշ նախատեսված է նաեւ Բլինքեն-Միրզոյան- Բայրամով հանդիպում: Իսկ ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նոյեմբերի 6-ին Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկ վարժությունում վաստակելով 15.050 միավոր, գերազանցեց իր բոլոր մրցակիցներին եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ՀՀ հավաքականի մեկ այլ անդամ՝ Հարություն Մերդինյանն էլ նախօրեին նժույգ-թափերի վարժությունում գրավել էր երրորդ հորիզոնականը՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին իրենց տանը հայտանբերվել են 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8-ամյա եւ 12-ամյա երեխաների դիերը։ Շիրակի մարզի դատախազ Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցել է, որ տեղի ունեցածը դաժան սպանություն է։ Հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին եւ նույն հոդված 2-րդ մասի 5-րդ կետերով։ 155-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը 15 տարվա, երկրորդը՝ առավելագույնը 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.