Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Նախորդ շաբաթավերջին՝ նոյեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստատեսությանը՝ գլխավորապես «ծանրանալով» նախօրեին ՀՀ կառավարության նիստում իր հնչեցրած հայտարարությունների վրա, որոնք, ըստ էության, արձագանքն էին օկուպացված Շուշիում Իլհամ Ալիեւի նոյեմբերի 8-ի հերթական հոխորտանքների կամ, ՀՀ գործադիրի ղեկավարի բնորոշմամբ, «տխրահռչակ ելույթի»: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը երբեւէ հանդես չի եկել ավանդական մամուլի ասուլիսով: Դրանք եղել են հեռավար, իսկ վերջին շրջանում նա նախընտրում է պատասխանել բացառապես Հանրային հեռուստատեսության հարցերին: Թե ինչու է լրագրողական համայնքի մյուս ներկայացուցիչներից վերջնականապես երես թեքել՝ որեւէ պարզաբանում չկա:
Մեկնաբանությունը
Այն, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը խուսափում է լրագրողների հետ դեմառդեմ շփվելուց, ինքնին հասկանալի է. նա այդկերպ, փաստորեն, խույս է տալիս «անհարմար» հարցերից: Դրանք պարբերաբար հոլովվող առանցքային հարցեր են, որոնց վերաբերյալ տարբեր ժամանակներում տարբեր ու իրարամերժ տեսակետներ է հայտնել՝ այդպիսով խճճվելով իր իսկ հակասական պատասխանների սարդոստայնում: Դրանից էլ այդ հարցերն իր համար դարձել են «անհարմար»: Ավելի ճիշտ՝ ինքն է եղել այդ հարցերն այդպիսին դարձնողը: Իսկ, առհասարակ, Փաշինյանի դեպքում թյուրիմացությունների մեծ մասը անկայուն, փոփոխական սկզբունքների եւ տենդենցիոզ մոտեցումների հետեւանք է:
Այս տրամաբանության «պատուհանից» էլ կդիտարկենք նրա վերջին հարցազրույցի մի քանի հիմնական հայեցակետեր:
1. Խաղաղության պայմանագրի եւ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի մասին. Նման պայմանագրի ստորագրման թեման քանիցս արծարծվել է, հնչել են տարբեր տեսակետներ՝ հիմնականում քննադատություններ ու անհամաձայնություններ, ինչը եւս հասկանալի է. Ադրբեջանը սահմանի մեկ տասնյակից ավելի հատվածներում մոտ 130 քառակուսի կմ-ի չափ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածքում եւ այդտեղից դուրս գալու միտք չունի: Գրեթե ամեն օր ադրբեջանական զորամիավորումները կրակ են բացում հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Հետպատերազմական երկու, իբր, խաղաղ տարիների ընթացքում՝ ոչ մարտական գործողությունների պայմաններում, թշնամու գնդակից զոհվել է 18 հայ զինծառայող: Կանխվել են ներթափանցման մի քանի փորձեր:
Միայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցել է 200-ից ավելի զոհ ու անհետ կորած, շուրջ 300 վիրավոր՝ այդ թվում քաղաքացիական անձինք: Էլ չասած հսկայական ավերածությունների, նյութական կորուստների ու 7,5 հազարից ավելի տեղահանվածների մասին: Այս օրերին էլ թշնամին անարգել ամրանում է Ջերմուկի, Սյունիքի, Գեղարքունիքի մերձակայքում եւ մյուս գրավյալ տարածքներում, խոչընդոտում է սեպտեմբերյան գրոհը կասեցնելու ժամանակ զոհված հայ զինվորների աճյունների դուրսբերումը, որոնք մնացել էին միջդիրքային գոտում՝ ՀՀ տարածքում: Այս հակիրճ նկարագրության հենքին անգամ Ադրբեջանի հետ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել:
Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան բացելու իր ծրագիրը թմբկահարող Փաշինյանը, ով շտապում էր օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, կարծես թե, հասկացել է նման ծրագրի մեռելածին լինելը եւ իր հարցազրույցում՝ «հայի հետին խելքով», կարեւորում է խաղաղության երաշխավորի անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում, ըստ նրա, պայմանագիրը ոչ մի արժեք չի ունենա եւ, հնարավոր է, ստորագրելուց մի քանի օր անց պատերազմ սկսվի: Խաղաղության երաշխավորի թեմայի արծարծումը հարիր է Փաշինյանի բնույթին. սա նշանակում է, որ մտադիր է գտնել մեկին, ում վզին կարող է փաթաթել խաղաղության պատասխանատվությունը:
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին նա հենց այդ դիտանկյունից է մոտենում: Բավական է հիշել ադրբեջանական զինուժի կողմից Փառուխի բռնագրավման գործողությունը, ինչի առնչությամբ Փաշինյանն անընդհատ շեշտում էր, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հետեւաբար Հայաստանն այստեղ անելիք չունի, Ռուսաստանը պետք է պարզաբանումներ տա եւ այլն: Իրականում ցանկացած պետության համար խաղաղության երաշխավորը սեփական Զինված ուժերն են՝ մարտունակ բանակը, որը մեր դեպքում նույն Փաշինյանի ձեռամբ քայքայվել է: Միայն անպատասխանատու ղեկավարը կարող է ապավինել օտար ուժերի բարեհաճությանը:
2. «Մադրիդյան սկզբունքների» համատեքստում նախկիններին ուղղված մեղադրանքների մասին. Հարցազրույցում Փաշինյանը նախ՝ որերորդ անգամ կրկնեց իր այն մոլորությունը կամ դիտավորությունը, թե Լիսաբոնի 1996 թվականի գագաթաժողովում միջազգային հանրությունը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս եւ ՀՀ-ն դա ընդունել է՝ թեեւ այն ժամանակ Հայաստանը վետո էր դրել: Տպավորություն է, թե Փաշինյանը ոչ մի առիթ բաց չի թողնում՝ արտաբերելու Ադրբեջանին հաճո տեքստեր: Նույնը նրա խոսույթում միշտ կրկնվում է մադրիդյան սկզբունքներին եւ ՄԱԿ-ի չորս բանաձեւերին անդրադառնալու դեպքում: Հղումների համար նա մի հավաստի աղբյուր ունի՝ դա ադրբեջանական տեսակետն է:
Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ փաշինյանական խեղաթյուրված մեկնությունները բազմիցս հերքվել եւ փաստական ապացույցներ են բերվել առ այն, որ խնդրո սկզբունքներն արցախյան բանակցային գործընթացի ամենահաջողված հանգրվաններից է: Բայց, միեւնույն է, նա շարունակում է «իր էշը քշել»: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա պնդում է, որ 2007-2008-ին ՀՀ դիվանագիտությունը, ըստ մադրիդյան սկզբունքների, արդեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Բայց չի ասում, թե այդ դեպքում ինչու Ադրբեջանը հրաժարվեց խնդրի կարգավորման՝ իր համար այդքան նպաստավոր տարբերակից: Կամ՝ ինչի մասին էին, ուրեմն, դրանից հետո 10 տարի շարունակված բանակցությունները:
Փաշինյանը շատ լավ գիտի, բայց թաքցնում է ակնհայտ ճշմարտությունը, որ մադրիդյան երեք սկզբունքներից մեկը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որի իրացումը նախատեսվում էր նախկին ԼՂԻՄ մարզի տարածքում անցկացվելիք հանրաքվեի միջոցով՝ Արցախում 1988թ.-ին բնակված հայերի ու ադրբեջանցիների թվի մոտավորապես 75/25 տոկոս համամասնությամբ: Թաքցնում է, որ, ըստ մադրիդյան դիպաշարի, Ադրբեջանին վերադարձվում էին այն 5 շրջանները, որոնք ծառայում էին որպես անվտանգության գոտի եւ ենթակա էին փոխանակման Արցախի կարգավիճակի դիմաց: Բնականաբար, ԼՂՀ-ի կազմում պահպանվում էին ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլեւ Քարվաճառի ու Բերձորի շրջանները: Վերջին երկուսի վերադարձը նախատեսվում էր Արցախի կարգավիճակի ճանաչումից հետո միայն:
3. 1991թ. դեկտեմբերի 21-ի՝ Ալմա-Աթայի Հռչակագրի դրույթների համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին. Այ, սա արդեն տենդեցիոզ վարքագծի վառ օրինակ է, երբ Հռչակագրի դրույթներից «կառչում» ես ընդամենը մեկից, բայց եզրահանգումը տարածում ամբողջ տեքստի վրա: Ընդ որում՝ հատուկ այն դրույթից, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, եւ որն ավելի համահունչ է Արցախի դավաճանաբարո հանձնման մտադրությանը: Նա դարձյալ անտեսում է Հռչակագրի սույն դրույթին նախորդող կետը, որտեղ պարզ նշված է. «ԱՊՀ երկրների միջեւ հարաբերությունները պետք է զարգանան նաեւ ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա»:
Ավելին՝ Փաշինյանը ոչ միայն դիտարկվող հարցազրույցում, այլեւ Սոչիում ու եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցություններում՝ հղում անելով Ալմա-Աթայի Հռչակագրին, թաքցնում է ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը վավերացնող՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. փետրվարի 18-ի որոշման բովանդակությունը, որտեղ բերված մի շարք կարեւորագույն վերապահումներով՝ «տարածքային ամբողջականության ճանաչում եւ հարգում» ձեւակերպման հետ մեկտեղ, ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլեւ ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռնվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով եւ ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե:
Պատմաբան Վահե Սարգսյանն այդ առնչությամբ իր խոր վրդովմունքն է հայտնել ՀՀ-ում վարչապետ աշխատող, սակայն Ադրբեջանի շահերը պաշտպանող անձնավորության զեղծարարությունների առնչությամբ. «Անամոթությունն ու իրերը գլխիվայր շուռ տալու արվեստն այնպիսի աստիճանի են գլուխ բարձրացրել Նիկոլ Փաշինյանի մեջ, որ վերջինս՝ օրը ցերեկով տրորելով, «սպանելով» ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. փետրվարի 18-ի որոշումը, շրջանցում է նրանում տեղ գտած պատմական կարեւորագույն վերապահումները»,- ՖԲ-ում գրել է պատմաբանը:
4. Ադրբեջանի հետ շփման գոտիներով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին. Սկսենք նրանից, որ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը, որին Փաշինյանն անդրադարձավ թե՛ Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում եւ թե՛ «Հ1»-ին տված իր հարցազրույցում, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանինն է: Վերջինս իր առաջարկը գործադիրին էր ներկայացրել դեռեւս սրանից երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերերազմն ավարտվելուց անմիջապես հետո, բայց այն Կառավարության կողմից հետեւողականորեն անտեսվում էր մինչեւ մի շարք առաջարկների փաթեթում նոյեմբերի սկզբներին Բաքու փոխանցելը:
Իսկ մինչ այդ Թաթոյանին հաջողվել էր անցյալ տարի մեծ ջանքերի գնով իր մոտեցումները ներառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի հատուկ բանաձեւում։ 2 տարի առաջ այս կարեւոր հայեցակարգին աջակցելու փոխարեն, ինչպես վկայում է նախկին օմբուդսմենը, ՀՀ կառավարությունը՝ ԱԺ կառավարող խմբակցության եւ նույն քաղաքական թիմի տեղական պաշտոնյաների հետ միասին, անում էր հակառակը` մշտապես հերքում էր սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանցիների անօրինությունների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունները, արդարացնում նրանց ապօրինի տեղակայումները, թաքցնում խախտումների փաստերը՝ գողություններ, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ, կրակոցներ եւ այլն։
Այս ամենը՝ հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանցիների ցայսօր չդադարող հանցանքները, թշնամանքի՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, խոսուն ապացույցներ են, որ այդ երկիրն ամենեւին էլ չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ: Եվ այս իրողությունների խորապատկերին խաղաղության մասին միակողմանիորեն խոսելը առնվազն քաղաքական կուրություն է: Այնպես որ, հայ-ադրբեջանական սահմանագիծը ապառազմականացված անվտանգության գոտիներով «ծածկելու» առաջարկը ոչ թե երկու տարի ուշացումով պիտի ներկայացվեր Իլհամ Ալիեւի դատին, այլ երկու տարի առաջ դառնար հայկական օրակարգի մաս եւ դրվեր բոլոր բանակցությունների սեղանին՝ որպես ստեղծված իրավիճակում Հայաստանի եւ Արցախի համար անվտանգության հրամայական:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձեւ՝ կոչ անելով կառավարությանը՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Բաքվին՝ դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից եւ երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը կմնա անփոփոխ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի եւ նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում։
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած՝ երկու երկրների ԱԳ նախարարների եւ դրան հետեւած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Բլինքենը, ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի աղբյուրի, ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը եւ Բլինքենի անձնական ներգրավվածությունը:
ԱԺ-ում նոյեմբերի 15-ին մեկնարկել է հերթական քառօրյան, որին ներկա էին նաեւ կես տարուց ավելի նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին, հայտարարեց. «Մենք այստեղ ենք եւ դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ։ «Սա ՀՀ Ազգային ժողովն է, եւ մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը, ձեր սեփականություն չէ»։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ երկար ժամանակ փողոցում էին պայքարում «այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ»։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության հարցեր: Կառավարությունից հաղորդում են, որ կարեւորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Ընդգծելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երեւանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժաղովի նիստ:
Վերջերս ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների կողմից լավ փաստագրված են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները. նոյեմբերի 14-ին Թվիթերում այսպիսի գրառում է կատարել հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա նկատել է՝ առաքելությունը ԵՄ-ին եւ մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումները հրահրված չեն եւ Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ լավ ծրագրված ահաբեկչություն են: