16.04.2024

Еженедельный Обзор

19-26 նոյեմբերի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 19-20-ը աշխատանքային այցով ժամանել է Թունիս՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթաժողովին մասնակցելու եւ դրա ընթացքում գագաթաժողովի նախագահությունը Թունիսին փոխանցելու նպատակով (վերջին 4 տարիներին նախագահողը Հայաստանն էր): Փաշինյանը գագաթաժողովում հանդես է եկել ելույթով եւ այցի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունեցել մի շարք երկրների՝ Ֆրանսիայի, Թունիսի, Կանադայի առաջնորդների, ինչպես նաեւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Ջերբայում գործող՝ Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայացել էր «Մշակույթ եւ տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձեւավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն էր:

 

Մեկնաբանությունը

Թերեւս՝ ամենալավ բանը, որով արժեւորվեցին թունիսյան հանդիպումները, միջազգային եւս մեկ հարթակում Հայաստանի անունը հնչեցնելն էր եւ, մասնավորապես, մեր ոխերիմ հարեւանի ու նրա ագրեսոր ղեկավարի իրական դեմքը եւս մեկ անգամ աշխարհին ի ցույց դնելը: Այդ օրերին Թունիսում էր նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ամբիոնից բարձրաձայնեց Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները՝ սկսած անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի զինված հարձակումը ու դրանից հետո:

Ավելի ուշ գագաթաժողովի իր ելույթում ադրբեջանական ռազմական սրացմանը եւ ՀՀ-ի նկատմամբ այդ երկրի զավթողական նկրտումներին անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի աղետալի հետեւանքները: «Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան եւ պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր»,- շեշտել է նա:

Հանուն արդարության նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարարի եւ Կառավարության ղեկավարի ներդաշնակեցված ելույթները համարժեք ընկալվեցին ՖՄԿ գագաթաժողովի կողմից՝ մի կազմակերպության, որը 52 պետություն է ներկայացնում: Միջոցառման ավարտին ընդունվեց «Ճգնաժամային իրավիճակների հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձեւ, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Հայաստանին, եւ՝ խորին մտահոգությունը «վերջերս տեղի ունեցած զինված էսկալացիայի, հատկապես միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առթիվ»: Անդրադարձ եղավ ռազմագերիների, այլ պահվող անձանց, անհետ կորածների, ինչպեսեւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Ալիեւը Ադրբեջանի դեմ սադրանք է որակել թունիսյան գագաթաժողովի շրջանակում ընդունված փաստաթուղթը, որի հեղինակը, ըստ նրա, Ֆրանսիան է: Այդ մասին նա հայտարարել էր նոյեմբերի 20-ին՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: «Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, չնայած կարող էին նաեւ իրար եղբայրներ անվանել»,- հեգնել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ բանաձեւի նախնական տարբերակից բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են ի շնորհիվ Ադրբեջանի բարեկամ երկրների ջանքերի:

Ադրբեջանը Ֆրանսիայից երկրորդ հարվածը ստացավ, երբ դեռ չէր հասցրել ուշքի գալ առաջին հարվածից՝ այդ երկրի Սենատի նոյեմբերի 15-ին ընդունած բանաձեւից, որով Ֆրանսիայի օրենսդիր մարմինը կոչ է անում իր կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվից պահանջում է ՀՀ տարածքից դուրս բերել զորքերը եւ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Հատկանշական է, որ բանաձեւի ընդունմանը նախորդել էր Մակրոն-Ալիեւ հեռախոսազրույցը, որի ընթացքում Մակրոնը վերահաստատել էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու՝ Փարիզի պատրաստակամությունը, Իլհամ Ալիեւն էլ ընդգծել էր «չեզոքություն, անաչառություն եւ հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»:

Նոյեմբերի 20-ի իր ծավալուն ելույթում Ալիեւն անդրադարձել էր նաեւ ՀԱՊԿ-ին՝ պնդելով, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը, որն, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի անդամ է: Նրա վստահեցմամբ՝ Երեւանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները «չեն տրվել Երեւանի սադրանքներին»: Այս հայտարարությունը նա, ըստ երեւույթին, հարմարեցրել էր Երեւանում նոյեմբերի 23-ին նախատեսված ՀԱՊԿ նիստի օրվան, որին մասնակցելու էին եկել կազմակերպության բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինը (ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթաժողովի վերաբերյալ մեկնաբանությունը՝ տես ստորեւ):

 

Նոյեմբերի 23-ին Երեւանում մեկնարկել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելութը սկսեց հերթական անգամ քննադատելով ռազմական այս կառույցի գործունեությունը։ «ՀԱՊԿ-ը չաջակցեց Հայաստանին՝ մինչդեռ Հայաստանը մեկ գիշերում աջակցեց Ղազախստանին, որը թույլ տվեց Աստանային խուսափել միջպետական քաոսից»,- շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, եւ փաստացի մինչեւ հիմա մենք որեւէ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: Նախօրեին տեղի էր ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, Պնախարարների խորհրդի եւ ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որտեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է:

 

Մեկնաբանությունը

Սկսենք նրանից, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի, «ընդհանուր առմամբ համաձայնեցված» որոշումը, որի առնչությամբ Երեւանում առաջին հայտարարությունն արեց Զասը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների՝ նեղ կազմով նիստում չանցավ: Խոսքը ե՛ւ Հայաստանին օգնություն տրամադրելու համաձայնագրի, ե՛ւ ՀԱՊԿ-ի հռչակագրի մասին է: Օրակարգի 17 հարցերից 15-ն ընդունվել են, իսկ ՀՀ-ին վերաբերող այս երկու հարցը՝ ոչ: «Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստ, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- ամփոփիչ ճեպազրույցում հայտնել է պաշտոնից հեռացող Զասը։

Եկող տարվանից Հայաստանն ավարտում է ՀԱՊԿ-ում իր նախագահությունը եւ այն փոխանցում Բելառուսին։ Ավարտվում է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի լիազորությունների ժամկետը: Բայց այդ փոփոխություններով ՀԱՊԿ-ը չի դառնալու Հայաստանի համար ավելի արդյունավետ կամ Ադրբեջանի համար պակաս բարեկամ կառույց: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ խնդիրը ՀԱՊԿ-ը չէ, ոչ էլ՝ Ադրբեջանը: Խնդիրը տվյալ ռազմական դաշինքին անդամակցող պետությունն է, մասնավորաբար՝ այդ պետության առաջին դեմքը, ով մեր դեպքում դաշնակիցների հետ հարաբերությունները միայն փչացնել գիտի:

Ավելորդ է հիշեցնել ՀԱՊԿ-ի նախորդ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության եւ նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված ամոթալի պատմությունը, ինչից էլ սկսվեց մեր անփորձ ու ապաշնորհ իշխանությունների նկատմամբ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի համարժեք վերաբերմունքը: Այսինքն՝ անլուրջ: Եթե այդպես չլիներ, շատ հնարավոր է, որ Հայաստանն այսօր չկանգներ գոյութենական մարտահրավերների առջեւ, Ալիեւի լեզուն էլ այդքան չերկարեր: Բայց եղավ այն, ինչ եղավ, որի համար պետք չէ այլոց մեղադրել: Չեմ ալարի կրկնել հազար անգամ ասածներս՝ մեր անվտանգության երաշխավորը Հայոց բանակն է, որի երբեմնի հռչակի վերականգնումը հրամայական անհրաժեշտւթյուն է:

Եվ այսպես՝ ՀԱՊԿ-ը չդատապարտեց սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան, չպահանջեց զորքերը դուրս բերել 2021-ի մայիսից այս կողմ օկուպացրած հայկական տարածքներից, ինչի ակնկալիքն ուներ, բայց չստացավ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Ո՞րն էր, ուրեմն, նրա արձագանքը ՀԱՊԿ-ի օգնության համաձայնագրի եւ նախատեսված հռչակագրի չընդունմանը: Գուցե շատերի համար դժվար լինի դա պատկերացնելը, բայց Փաշինյանն առաջին անգամ հրաժարվեց ստորագրել իրեն «դեմ տված» թուղթը՝ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ համաձայնագիրը եւ այդ կառույցի հռչակագիրը։

Գրեթե կասկածից դուրս է, որ ՀԱՊԿ-ում «Ադրբեջանի բարեկամները», որոնցով Ալիեւը շատ է հպարտանում,- խոսքը, մասնավորապես, Բելառուսի նախագահի մասին է,- ամեն ջանք գործադրել են թույլ չտալու, որպեսզի փաստաթղթերում չսպրդի Բաքվին անհաճո որեւէ միտք ու բառակապակցություն: Չմոռանանք ՀԱՊԿ ՀԱԽ-ի հոկտեմբերի 29-ի արտահերթ առցանց նիստում Լուկաշենկոյի հուզական արձագանքը Փաշինյանի այն ձեւակերպմանը, որում ՀԱՊԿ-Ադրբեջան երկընտրանքի խնդիր էր դրվում: «Այսօր Ադրբեջանը գլխավորում է մեր մարդը, ինչպես կարելի է նման ձեւակերպում ներկայացնել»,- Փաշինյանին կշտամբել էր Լուկաշենկոն: Փաստորեն՝ ստացվում է, որ ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթաժողովում եւս հաղթեց Ադրբեջանը: Տարօրինակ է:

Այդ օրվա միջոցառումների համապատկերին կրկին աշխուժացել էին արեւմտամետ շրջանակների կողմից գեներացվող հակառուսական տրամադրությունները: Դրանք նույն խմբերն ու քաղհասարակության ակտիվականներն էին, որոնք Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի գործողություններ էին իրականացնում նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 19-ին Հայաստան այցի օրերին: Ինչպես այն ժամանակ, այս անգամ եւս, նրանք պահանջում էին ՀՀ իշխանություններից՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած երկրների հետ, որոնց թվում ՌԴ-ն, բնականաբար, չկար: Հնչում էին «Ո՛չ ՀԱՊԿ-ին», «Դո՛ւրս ՀԱՊԿ-ից» կոչեր եւ հակառուսական կարգախոսներ, որոնք տարածվում էին սոցցանցերով:

Անշուշտ, ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը խզելը ներկա պահի լավագույն լուծումը չէ, ավելին՝ դա անմտություն է, չի կարելի, քանի դեռ ավելի նպաստավոր լուծում գտնված չէ: Չպետք է մոռանալ, թե ովքեր են մեր հարեւանները եւ ինչ նպատակներ են հետապնդում, չպետք է մոռանալ, որ Արցախի սահմանին ռուս խաղաղապահն է կանգնած: Թշնամու նենգությունն ու չարամտությունը չափ ու սահման չի ճանաչում: Անգամ Երեւանում ՀԱՊԿ-ի աշխատանքային օրը նա կրակում էր հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, հայ զինծառայող հրազենային վիրավորում է ստանում: Անարգ ոսոխը նույնիսկ 1-2 օրով լարվածությունը սահմանին չթուլացրեց: Պատկերացրեք, թե ինչեր կանի, եթե բացարձակ ազատություն տրվի արյունոտ ձեռքերին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նոյեմբերի 23-ի հետմիջօրեին Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահը: Զվարթնոց օդանավակայանում Վլադիմիր Պուտինին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին դիմավորել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պուտինը ժամանել էր Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: Նույն օրը տեղի են ունեցել Պուտին-Փաշինյան երկկողմ բանակցությունները։ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը Երեւանում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, արծարծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական եւ քաղաքական խնդիրներ:

Կառավարությունը նոյեմբերի 24-ին հավանություն տվեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու Արդարադատության նախարարության առաջարկին։ Նոր ստեղծվելիք նախարարությունը ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։ Նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր։ ՆԳՆ եղել է նաեւ 90-ականներին, Ոստիկանություն էր դարձել Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2002-ին:

Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը եւ մինչեւ նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կայացվի։ «Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից՝ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն՝ մինչեւ 2024թ. խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,- ասված է գործադիրի տարածած հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճ առանձնազրուց է ունեցել նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ: «Մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,- Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.