Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
«ՀՀ տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով՝ սատանայական իրենց «պաշտամունքները» կատարելու համար։ Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ եւ անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը»:
Սա մի հատված է Միքայել, Բագրատ եւ Արշակ սրբազանների՝ ԱԱԾ մեկուսարանից հղած նամակից: Ստորեւ նույն թեմայով ունենք եւս մեկ հակիրճ մեջբերում, որի հեղինակը քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ են, իսկ գրառումը հասցեագրված է Նիկոլ Փաշինյանին. «Անընդունելի են Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի ու եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձեւավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը»,- գրում են Փաշինյանի ու փաշինյանականների անօրինական «կիրակնօրյակ»-ներով մտահոգ քաղաքացիները:
Նմանատիպ հույզեր եւ տրամադրություններ արտահայտող հայտարարությունները շատ-շատ են: Մարդիկ արդարացիորեն դժգոհություն են հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) նկատմամբ իշխանությունների ձեռնարկած հալածանքների առնչությամբ՝ պահանջելով վերջ տալ կամայականություններին եւ ամենաթողությանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ից ի վեր՝ արդեն 7-րդ անգամ անընդմեջ, մասնակցում է այն պատարագին, որի արարողության ընթացքում զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը: Առաջին երկու «զեղչումներն» արվել էին կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի կողմից, մյուս 5-ը՝ տարբեր քահանաների, բայց ոչ իրենց հոժար կամքով:
Վերջին՝ 7-րդ պատարագը, որին Փաշինյանը դարձյալ մասնակցում էր իշխանական թեւի ներկայացուցիչների մի անշուք խմբակով, դեկտեմբերի 7-ին էր՝ Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում, որտեղ էլ Փաշինյանի «խոփը դեմ առավ քարի»: Շիրակի թեմի որեւէ քահանա չհամաձայնեց պատարագ մատուցել նրա պայմանով, եւ անհրաժեշտություն առաջացավ շրջիկ քահանայի, ով պատարագի արարողության ժամանակ կզեղչեր Վեհափառի անունը։ Միայն երկար որոնումներից հետո ՔՊ-ականներին հաջողվեց պատարագիչ հոգեւորական գտնել ՀԱՍԵ Արմավիրի թեմից՝ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանին:
Դա շատերի զարմանքն էր հարուցել, քանի որ Տեր Մկրտիչը հավատարիմ է Ամենայն Հայոց Հայրապետին, համակարծիք է նրա որոշումների եւ անձամբ նրա հետ: «Յոթ Վերք»-ում մատուցած պատարագի տեքստի մեջ Տեր Մկրտիչը, այդու, զեղչեց Վեհափառի անունը եւ, ականատեսների վկայությամբ, առանց որեւէ մեկի հետ խոսելու, առանց լրագրողների կողմը նայելու՝ գլխիկոր հեռացավ։ Ի դեպ, Եկեղեցու կանոնների համաձայն, պատարագին Վեհափառի անունը զեղչելը խստիվ մերժելի է։ Բայց ամեն դեպքում Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ հասավ ուզածին: Պատարագը բավական ուշ սկսվեց. ձեռաց խաչը, սկիհը, խաչվառը, որոնք օգտագործվում են պատարագների ժամանակ, Ամենափրկիչ եկեղեցում զուգահեռաբար պատարագ մատուցող հոգեւորականներն իրենց հետ տարել էին:
Անբարեհարմարությունները, սակայն, այդքանով չէին ավարտվում: Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագին մասնակցելուց մեկ մարդու պես հրաժարվել էին երգչախմբի անդամները, հոգեւորականաց դասը, սարկավագները, մոմավաճառն ու հավաքարարը, նույնիսկ՝ ժամկոչը… այդ օրը ժամերգության կանչող զանգերը 200 տարվա ընթացքում առաջին անգամ չհնչեցին։ Իսկ թե ինչի մասին էին վկայում Ամենափրկիչ եւ «Յոթ Վերք» եկեղեցիներում մատուցված միաժամանակյա պատարագները, ավելի քան ակնբախ էր՝ առաջինում հավատավոր հայ քրիստոնյան ամուր կանգնած էր իր Եկեղեցու թիկունքին, մինչդեռ «Յոթ Վերք»-ում ԱԱԾ-ի ճնշումների տակ մատուցված կեղծ պատարագը պատմության մեջ կմնա որպես սրբապղծության ամոթալի ծես:
Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Շտայնմայերը ողջունել է Փաշինյանի պաշտոնական այցը եւ ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:
Պատասխան ելույթում Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ-ի հետ գործընկերության շրջանակում: Վարչապետի խոսքով՝ երկու երկրներին միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը, Հայաստանն ու Գերմանիան ակտիվորեն համագործակցում են երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Երկրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը եւս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթաժողովի անցկացումը, նշվել է, որ այն ծանրակշիռ հարթակ է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:
Այսքանը՝ զուտ պաշտոնական մասով: Իսկ ավելի, այսպես ասենք, «թեթեւ ժանրի» հանդիպումներում Փաշինյանը շատ արագ իր ամպլուայի մեջ է մտնում: Այդպես էր նաեւ Գերմանիայում՝ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ. նա ոգեւորված խոսում էր 2026-ին ՀՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասելով, որ այն «պատմական հնարավորություն է Հայաստանի ու տարածաշրջանի երկրների համար», խոսում էր պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու եւ ամրապնդելու մասին, խաղաղության մասին, որն, ըստ նրա, «ՔՊ-ի շատ կարեւոր ձեռքբերումն է»:
Եվ այդպես՝ Փաշինյանն իր ստերի շարանն արտահանել է Եվրոպա: Նա պատմում է, թե ինչպես է իր «Քաղպայմանագիր» կուսակցության եւ քաղաքական թիմի հետ միասին 2018 թվականին իրականացրել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն», եւ շատ ուրախ է, որ կարողացան անցնել այն ծանր ժամանակները. «դժոխքի միջով անցանք եւ հասանք այս կետին»,- ասել է նա՝ բարեբախտաբար, չմանրամասնելով, թե ինչ կետի է հասել, իսկ ավելի ստույգ՝ հասցրել իրավամբ դժոխքի պարունակներով անցած հայ բազմատանջ ժողովրդին, բայց ոչ՝ ՔՊ-ականներին, որոնք այդ ընթացքում դղյակներ էին կառուցում, թանկարժեք մեքենաներ ձեռք բերում եւ վայելում կյանքը:
Այնուհետեւ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին դեսպաններ Գերմանիայից եւ այլ երկրներից՝ այդ թվում Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը, Փաշինյանը խոստացավ, որ 2026-ի ԱԺ հերթական ընտրություններում ժողովրդի մանդատը ստանալուց հետո (միանշանակ համոզված է, որ կստանա) նախաձեռնելու է նոր Սահմանադրության ընդունումը, որն, ըստ նրա, օրակարգում է դեռ 2018-ից (փաստորեն իշխանության էր եկել հատուկ Հայաստանի Մայր օրենքը փոխելու համար, ոչ թե Ալիեւի պահանջով):
Ի պատասխան հավաքին ներկա դիվանագետների հարցերի՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը սկսեց բողոքել հոգեւորականներից, հայտարարելով, որ ՀԱՍԵ-ն կարգի բերելու կարիք ունի, ապա քննարկման մասնակիցներին հավաստիացրեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն: Մեկը չկար հարցներ՝ տո՛, ստախո՛ս, բա հարեւան երկրում ամենաբարձր պաշտոնական մակարդակով տարփողվող «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթը տարածքային պահանջ չէ՞, բա 240 քառ/կմ հայկական բռնազավթված տարածքները՝ Ջերմուկի մի հատվածը, Գեղարքունիքից հատվածներ, Սեւ լիճը, մյուս-մյուսները գրավյալ տարածքներ չե՞ն:
Հա, ի դեպ, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի մասին: Անհավատալի է, թե ԳԴՀ-ից ինչ ուղերձ հղեց Փաշինյանը Ալիեւին. նա կոչ արեց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ ադրբեջանցիներ բնակեցնելու մտքից, ինչի դիմաց խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Սա ուղղակի վերջն է՝ ինչպես կարո՞ղ ես հինավուրց պատմական Արցախը, որն անգամ խորհրդային միության օրոք ունեցել է ինքնավար կազմավորման կարգավիճակ, համեմատել ադրբեջանցիների՝ «Արեւմտյան Ադրբեջան» ցնդաբանության հետ, որը ոտից գլուխ կեղծիք է:
Եվ՝ ամենակարեւորը. ախր, դուք ո՞վ եք, որ խոսեք արցախցիների անունից, պաշտոնի ու աթոռի սիրույն՝ վաճառքի հանեք ձեր իսկ անմիջական մեղքով անտուն ու անինչք դարձած այդ մարդկանց սրբազան հողը՝ Հայրենիքը: Գոնե ամոթ ունեցեք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Դեկտեմբերի 7-ը Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: 37 տարի առաջ այդ օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթեւան: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ եւ 7 միջազգային կազմակերպություններ, հարյուրավոր փրկարարներ եւ բժիշկներ։
Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 10-ին մեկնարկեցին խորհրդարանական լսումներ՝ նվիրված Սահմանադրության օրվան։ Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը հայտարարեց՝ այս լսումներով պայքարի նոր փուլ են սկսում։ Հայտարարելով, որ ԼՂ-ի հակամարտությունը կարգավորված չէ, Դանիելյանը վստահություն հայտնեց, որ «ինչպես 1998-ին, այնպես էլ այսօր միասնական ջանքերով կհաղթահարենք բոլոր դժվարությունները»։ Լսումների օրակարգում երկու հարց էր՝ վերադարձի իրավունքը եւ գերիների խնդիրը: Լսումներին ներկա էին նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Հայաստանում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երեւան մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 10-ին, հանդիպել է իր երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման համար բոլոր հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը Իրանի եւ Հայաստանի երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները բնութագրել է որպես քաղաքակրթական եւ պատմական։ Շիրղոլամին ներկայացրել է Թեհրան-Երեւան երկկողմ հարաբերությունները բարիդրացիական քաղաքականության շրջանակներում ամրապնդելու եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու իր ծրագրերը:
Հակակոռուպցիոն դատարանը 2024թ. սեպտեմբերին մերժել էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերեւույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023թ.-ին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը: «Ազատությունը» դատախազությունից հետաքրքրվել էր նաեւ, թե ինչ ծավալի գույքն է կասկածելի համարվել, այդ հարցին անդրադարձ չի եղել, այլ մանրամասներ չեն փոխանցում:
«Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21 տոկոսը ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը»,- դեկտեմբերի 9-ին Բաքվում՝ Միլի մեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Նրա խոսքով՝ ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026թ.-ին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար։ «Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։ Այսօր Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում մի շարք երկրներ։ Նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է այնպիսի արդյունաբերական կլաստեր ստեղծել, որը կապահովի թե՛ ներքին պահանջարկը, թե՛ արտահանման հեռանկարները»,- նշել է Ադրբեջանի վարչապետը:

