Monday, 25 November 2024

F Free Platform

Ո՞ւմ էին ուղղված Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների ուղերձները

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անցյալ շաբաթ Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները: Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի խոսքերով՝ «առաջին անգամ կմշակվի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գումարտակային մարտավարական խմբերի համատեղ զորավարժությունների փորձը, մեկ ծրագրի շրջանակներում կգործեն հայկական ռազմաօդային ուժերի եւ Ռուսաստանի ավիահենակետի օդանավախմբերը»: Նա հավելեց, որ միասնական նախագծի շրջանակում hատուկ առաջադրանքների լուծման համար ակտիվորեն կկիրառվեն հարձակվողական դեսանտային խմբեր եւ հետախուզական միավորներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, որոնք մասնակցել են «Որոնում-2017» համատեղ հատուկ մարտավարական զորավարժություններին: Դվորնիկովը հույս հայտնեց, որ համատեղ գործողությունները թույլ կտան մշակել ապօրինի զինված կազմավորումների դեմ պայքարի հավաքական միջոցներ:

Այս զորավարժությունների հետ կապված մի շարք հարցեր են ծագում, որոնց պատասխանները ՀԱՊԿ-ի անվտանգության կառույցները նախընտրում են հրապարակավ չբարձրաձայնել: Ի՞նչ «հատուկ խնդիրներ» պետք է լուծեն նրանք Հայաստանում՝ ցամաքային եւ օդային ուժերի գրեթե ողջ զինանոցի կիրառմամբ: Ո՞վ է պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա:

Կարեւոր է նշել, որ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Հայաստանի պաշտոնյաները չեն խոսում Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի տարածքներում ռազմական իրադրության սրացման դեպքում ՀԱՊԿ-ի գործողությունների ծրագրի մասին: Բնականաբար՝ չկա ծրագիր, եւ Հայաստանն ինքը պետք է դիմակայի սպառնալիքներին՝ որտեղից էլ դրանք ծագեն:

Այդ առումով Թուրքիան եւ Իրանը միանշանակ չեն դիտարկվում: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատմականորեն հարաբերությունները մշտապես հիմնված են Կովկասում ու Մերձավոր Արեւելքում ազդեցության ոլորտների համար մրցակցային պայքարի վրա: Այժմ (ԽՍՀՄ փլուզումից հետո) Հայաստանն այս տարածաշրջանում Ռուսաստանի համար Թուրքիայի վրա քաղաքական ազդեցության գործիք է: Նույնիսկ եթե Թուրքիան ցանկանա հարձակվել Հայաստանի վրա, չի համարձակվի դա անել՝ առանց Ռուսաստանի համաձայնությունը ստանալու:

Մյուս կողմից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ հազիվ թե թույլ տան, որ նա Նախիջեւանից Հայաստանի հետ բաց պատերազմ սկսի: Այն զորավարժությունները, որ երբեմն Թուրքիան Նախիջեւանի տարածքում իրականացնում է ադրբեջանական զինված ուժերի հետ միասին, հավանաբար, Ադրբեջանում իրենց գործընկերոջը հանգստացնելու համար են եւ ցույց տալու, որ նրանք ռազմավարական գործընկերներ են: Իրանը Հայաստանի Հանրապետության ողջ գոյության ընթացքում եղել եւ մնում է հուսալի գործընկեր եւ հարձակվողական համարժեք ուժերով Հայաստանի վրա հարձակվել չի պատրաստվում: Ադրբեջանը, եթե նույնիսկ հարձակվի Հայաստանի վրա, ապա դա չի կարող անել առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու, քանի որ շատ լավ տեղյակ է, թե ինչով կարող է այն ավարտվել իր համար, եթե Ռուսաստանը ճիշտ ժամանակին հրաման չտա կանգնեցնել հայկական կողմի հակահարձակումը, ինչպես եղավ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ: Նույնիսկ, եթե դա տեղի ունենա, ապա ՀԱՊԿ-ը ենթադրյալ ռազմական հակամարտությանը երբեք չի միջամտի, քանի որ ե՛ւ Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսը, ե՛ւ Նազարբաեւի ղեկավարած Ղազախստանը Ադրբեջանի հետ ավելի մտերիմ են, քան «դաշնակից» Հայաստանի:

Մնում է Վրաստա՞նը: Բայց արդյո՞ք դա իրական է: Վրաստանը եւ Հայաստանը շատ ընդհանուր շահեր ունեն, եւ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Վրաստանին, քանի որ արտաքին աշխարհի եւ (կարեւո՛րը) Ռուսաստանի հետ բոլոր տրանսպորտային ուղիներն անցնում են Վրաստանով: Ամենայն հավանականությամբ, այդ լայնածավալ զորավարժությունների նպատակն է վախեցնել Վրաստանին եւ, միաժամանակ, ՆԱՏՕ-ին: Հոկտեմբերի 10-11-ը Ժնեւում տեղի ունեցան Անդրկովկասի անվտանգության ու կայունության վերաբերյալ հերթական խորհրդատվությունները, որտեղ Վրաստանից բացի, մասնակցում էին Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները: Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ «Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները շեշտել էին, որ ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի համագործակցության հետագա խորացումը տարածաշրջանային անվտանգության համար իրական սպառնալիք է»: Վրաստանը հստակ ընտրել է իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի հետ դաշինքում: Գործընթացն արդեն սկսվել է, եւ դժվար թե այն դադարեցվի: Այս տեսանկյունից Հայաստանն իր իրական անվտանգությունը տակավին չի ապահովել:

Մեկ այլ կարեւոր առանձնահատկություն եւս. նույն Դվորնիկովը հույս է հայտնել, որ համատեղ գործողությունները թույլ կտան անօրինական զինված կազմավորումների դեմ մշակել պայքարի հավաքական միջոցներ: Սա բոլորովին այլ մոտեցում է: Ո՞ւր են Հայաստանում այն ապօրինի զինված կազմավորումները, որոնցից այդքան վախենում է ՀԱՊԿ-ը: Միգուցե Հայաստանի իշխանությունները վախենում են մեկ տարի առաջ տեղի ունեցածի կրկնությունի՞ց: Ուրեմն ինչո՞ւ է պետք ավիացիան: Թե՞ վախն է մեծ:

Հնարավոր է՝ մտավախություն կա, որ տարածաշրջանում կարող են լուրջ խնդիրներ ծագել քրդական անջատողականության հետ կապված: Իրաքում անցկացրած հանրաքվեն տեսանելիորեն նոր շունչ տվեց քրդերին, ովքեր ապրում են Իրանի եւ Թուրքիայի՝ Հայաստանին հարող սահմանային գոտիներում: Կա հավանականություն, որ Ռուսաստանը վախենում է իր համար անցանկալի զարգացումներից հենց այստեղ՝ այն դեպքում, եթե Իրաքում տեղի ունեցած հանրաքվեից հետո գործընթացները տարածվեն նաեւ այն երկրներում, որոնց հոծ բնակեցված շրջաններում քրդերը կազմում են բնակչության մեծամասնությունը: Այս դեպքում Իրանը եւ Թուրքիան՝ չնայած հակառակորդներ են, տվյալ հարցում դաշնակիցներ կդառնան: Ապասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:

 

Կարապետ Կալենչյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.