Ըստ քաղաքական մի քանի ուժերի պայմանավորվածության՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունը տեղի կունենա հունիսի 20-ին։ Սահմանադրագետների հետ խորհրդակցելով՝ հետհաշվարկ ենք անում եւ հասնում մինչեւ ապրիլի 20-ից 30։ Հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, որպեսզի հետագա 14 օրվա ընթացքում երկու անգամ ձեւական փորձ արվի վարչապետ ընտրել, չստացվելու դեպքում արձակել ԱԺ-ն։
Դա կլինի մոտավորապես մայիսի 10-ից 20-ի մեջտեղում։ Ու քանի որ ԸՕ-ն սահմանում է 30-40 օր արտահերթ ընտրություն անցկացնելու համար, ապա հունիսի 20-ը լրիվ տեղավորվում է։
Նախընտրական քարոզարշավը, թվում է, թե առաջին հերթին սկսել է հենց վարչապետը։ Նա այցելում է մարզեր ու հանդիպումներ ունենում տեղացիների հետ, նկարվում ու հպարտանում ջերմ ընդունելությամբ։ Շատ անկեղծ որ լինեմ, Նիկոլ Փաշինյանի այս օրերի հանդիպումների լուսանկարները ինձ հիշեցնում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիների նմանատիպ հանդիպումները՝ քծնող ու լայն ժպտացող չինովնիկներ, երեխաներին դպրոցներից բերած տնօրեններ ու ուսուցիչներ, վարչապետի (նախագահի) ամեն խոսքից հետո ծափահարողներ ու «այո՜ո՜ո՜ո՜…» գոռացողներ, որոնք նույնիսկ չեն լսել, թե ինչ է ասել այդ բանախոսը։ Կարեւորը, ինչպես կասեր վարչապետի հիմնական դոնորներից մեկը, գլխաքանակն է։
Մեծ ու փոքր մի շարք կուսակցություններ եւս քարոզարշավի ճանապարհն են բռնել՝ հայտարարելով իրենց մասնակցության ու ստանալիք խորհրդարանական մանդատների մասին։
Հունիսի 20-ին ընդառաջ նախընտրական մրցավազքին պատրաստվողները, սակայն, վստա՞հ են, որ այդ օրը կլինի ընտրություն։
Ես վստահ չեմ։
Մինչեւ ապրիլի 20-30-ը ավելի քան 1 ամիս կա, իսկ այդ ընթացքում բազմաթիվ տարածաշրջանային պայմանավորվածություններ ու ստորագրություններ կարող են լինել, չեն բացառվում նաեւ անվտանգության երաշխիքները կամ այլ բանակցություններ։ Գուցե Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների արդյունքում գա եզրակացության, որ «ժողովուրդը իրեն չի արտոնել հրաժարական տալ, չկա հանրային պահանջ»։ Նման պարագայում մինչեւ ապրիլի վերջ Նիկոլ Փաշինյանը կշահի ոչ միայն ժամանակ, այլեւ զգալիորեն կթուլանա նրա նկատմամբ հանրային դժգոհությունը։
Facebook-ի ակտիվության ալգորիթմը աշխատում է մշտական հետեւողականության սկզբունքով։ Եթե պարբերաբար հրապարակումներ ես անում, ակտիվ ես, ապա Ցուկերբերգի ստեղծած արհեստական բանականությունը քեզ պահում է ամենավերեւում, բավական է մեկ ամիս պասիվանաս, եւ քո մասին կմոռանան բոլորը։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրա քաղտեխնոլոգիական թիմը կիրառում է հենց այդպիսի ալգորիթմ՝ հանրային դժգոհության ալիքը սառեցնել 1 ամիս անց հրաժարական տալու խոստումով։ Մեկ ամիս հետո վարչապետը կարող է հերթական անգամ հրաժարվել իր տված խոսքից, իսկ այդ դեպքում ընդդիմության համար մարդկանց փողոց հանելը շատ ավելի դժվար կլինի, նաեւ գյուղատնտեսական ակտիվ սեզոն է սկսվելու, մարդիկ կհոգնեն նույն փակ շրջանից ու կգնան տուն։
2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին։ Այնուամենայնիվ, գուցե Նիկոլ Փաշինյանն էլ այդ օրը նվեր մատուցի հայոց պետականությանը։
Նաիրի Հոխիկյան