Tuesday, 26 November 2024

F Free Platform

Բերձորի հանձնումն աղետաբեր է լինելու

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մինչեւ սեպտեմբեր Բերձորն այլեւս մեզ չի պատկանելու։ Սա է իրականությունը, որի շուրջ արդեն հերթական բանավոր պայմանավորվածությունը ձեռք են բերել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, Արցախն էլ ստիպված է լինելու հաշվի նստել այդ պայմանավորվածությունների հետ։

Մենք դեռ չենք հասկանում, թե ինչ է նշանակում Բերձորի հանձնում Ադրբեջանին եւ Լաչինի գործող միջանցքի փոխարինում մեկ ուրիշով։ Դա հայկական կողմի համար ավելի աղետալի է լինելու, քան 2020-ի պատերազմ էր եւ 2021-ի իրադարձությունները։ Բերձորի հանձնման հետեւանքները մենք կզգանք հենց 2022-ի դեկտեմբերին, երբ առաջին ձյունը տեղա։ Այդ մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկա օրերին։

Մենք կարող ենք կանխել Բերձորի հանձնումը, եթե առաջին հերթին մտածենք «հանուն»-ի կատեգորիայով։ Հանուն Արցախի ամրության մենք կարող ենք փրկել Բերձորը՝ վերաբնակեցնելով այն մոտ 1000 մարդով։ Դա հնարավոր է: Ես արդեն մի շարք գործարարների ու հիմնադրամների հետ պայմանավորվել եմ, տրամադրվելու են կահույքը, գույքը, նույնիսկ ընտանի կենդանիներ։ Բայց Բերձորը վերաբնակեցնելու համար կամք ու ցանկություն է պետք։ Եվ այդ ցանկությունը պետք է ունենան ոչ միայն իշխանական լծակ ունեցող անձինք, այլեւ ընդդիմությունը։

Այո, ընդդիմությունը կարող է փրկել Բերձորը, եթե իր առջեւ դնի Բերձորը փրկելու ծրագիր։ Եվ այդ փրկության ծրագիրը կարող է ոչ միայն պահել մեր Բերձորը, այլեւ մարդկանց կողմից վստահության նոր խթան դառնալ։

2020-ի պատերազմից ամիսներ առաջ զօրուգիշեր պայքարում էի իշխանության տարբեր սենյակներում, որ արբանյակն ունենանք։ Դրանով մենք կկարողանայինք կանխել թշնամու ԱԹՍ-ների գործոնը։ Չստացվեց արբանյակի ծրագիրը, քանի որ իշխանությունը գործարքի մեջ էր թշնամու հետ, իսկ ընդդիմությունն ասում էր, որ լծակներ չունի։

Ես չեմ ուզում Բերձորը հանձնի Նիկոլը, որ հետո ապացուցեմ, թե ինչքան վատ ու դավաճան է Նիկոլը։ Գուցե Նիկոլը ճիշտ էր ասում ժամանակին, որ ես «անուղեղ հայրենասեր» եմ, բայց ես չեմ կարող իմ պետականության շահն ու հայրենակիցների անվտանգությունը փոխարինել քաղաքական կամ խմբային նպատակահարմարության  հետ:

Բերձորը տալը աղետ է լինելու, եւ դրա վրա աչք փակելը՝ մեծագույն հիմարություն։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.