1. Ի՞նչ է եղել
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող եւ ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: «Դրա հետեւանքով,- ասել է նա,- մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, հայկական որոշ այլ գյուղեր»:
Դրանից ավելի վաղ Բերձոր քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էին տողերիս հեղինակը (անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը-խմբ.), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը եւ այլք։ Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։
2. Որտե՞ղ է Բերձորը եւ ինչո՞ւ է այն կարեւոր
Բերձոր քաղաքը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա՝ գրեթե հավասար հեռավորության վրա հայկական այդ երկու քաղաքներից։ Այս քաղաքը, որ Ադրբեջանը կոչում է Լաչին, հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից թեժ մարտերով ազատագրվել է 1992թ. մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, ինչի շնորհիվ բոլոր կողմերից շրջափակված Արցախի հիմնական հատվածը ցամաքային կապ ստացավ Մայր Հայաստանի հետ։ Դրանից հետո քաղաքը դարձել է նորաստեղծ Քաշաթաղի շրջանի կենտրոնը, իսկ քաղաքով անցնող ավտոմայրուղին, որը հիմնանորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, դարձավ ՀՀ-Արցախ հիմնական տրանսպորտային ենթակառուցվածքը եւ այդպիսին է մնում մինչ օրս։
Այս պատճառով Բերձորը ժողովրդի կողմից ստացավ «կյանքի ճանապարհ» անունը։ Ավելին՝ հետագայում հենց այս քաղաքով եւ նրան հարող հատվածով էին անցնում ՀՀ-ից Արցախը սնուցող ենթակառուցվածքները՝ էլեկտրականության, գազամատակարարման ենթակառուցվածքները, հեռախոսային եւ համացանցային կապի մալուխները։ Քաղաքի՝ Արցախի համար ռազմավարական կարեւորությամբ պայմանավորված՝ 1990-ականներից ի վեր բոլոր բանակցային շրջափուլերում ենթադրվել է բուն քաղաքն ու նրա շրջակայքի հատվածը՝ «Լաչինի միջանցք» անվամբ (20-40 կմ լայնությամբ), թողնել հայկական կողմին՝ որպես Հայաստանի եւ Արցախի հանրապետություններն իրար կապող անխափան ցամաքային կապ։
3. Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից հետո
Արցախյան երրորդ պատերազմից եւ ՀՀ դե-ֆակտ իշխանության կապիտուլյացիայից հետո, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարության, հաստատվեց «Լաչինի միջանցքը», որն ունի 5 կմ լայնություն եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Արդյունքում Բերձոր քաղաքը եւ դրան հարակից մի քանի գյուղեր թեեւ չընկան ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն ամբողջությամբ շրջափակված են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից եւ գտնվում են խիստ խոցելի վիճակում։
Բերձորում եւ հարակից շրջանում, որը հայաթափվել էր 18-րդ դարի երկրորդ կեսերին, 1992 թվականից ի վեր նորից վերահաստատվել էին հայեր, որոնց թվում էին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից եւ Հյուսիսային Արցախից բռնագաղթվածներ, Սիրիայից, Իրաքից, Ռուսաստանից հայրենադարձներ եւ այլն։ 2020թ. նոյեմբերին Բերձոր քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 2000 մարդ, իսկ հարակից գյուղերի (Աղավնո, Եղծահող, Ներքին Սուս) հետ միասին այս հատվածում բնակվում էր ավելի քան 3 հազար մարդ։
Պատերազմից հետո Աղավնո եւ Եղծահող գյուղերը շարունակում են մնալ հայաբնակ, իսկ Բերձոր քաղաքը մասամբ է բնակեցված (շուրջ 200 հոգի)։ Շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինները, որոշ առեւտրային կետեր եւ եկեղեցին։ Չնայած համեմատաբար սակավ բնակչությանը, այնուամենայնիվ, այս բնակավայրերը ներկայումս եւս կարեւորագույն նշանակություն ունեն ՀՀ-Արցախ կապի համար, քանի որ նրանց առկայությունը հավելյալ անվտանգային միջավայր է ստեղծում միջանցքով անցնող քաղաքացիների համար (անցնում են հայկական բնակավայրերի միջով), ինչն իր հերթին առավել մեծ զգոնության է դրդում նաեւ միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներին։
4. Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանն ուզում վերցնել քաղաքը
Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի, «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։
Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։ Ստացվում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, քանի որ ոչ միայն խախտված են ժամկետները (ըստ հայտարարության, նոր ճանապարհի հարցը պետք է քննարկվեր 2023թ. նոյեմբերից ոչ շուտ), այլեւ նախնական պայմանավորվածությունն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պետք է համաձայնեցված լինի կողմերի միջեւ։
Թե՛ Արցախի Հանրապետության ղեկավարությունը, թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես չեն խոսում որեւէ նման համաձայնեցման մասին, սակայն տողերիս հեղինակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։ Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկա է գաղտնի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է եռակողմ հայտարարությունը, որին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքում։
Նաիրի Հոխիկյան