Հայաստանում կայծակնային արագությամբ խուճապային տեղեկություններ տարածվեցին այն ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Հայաստան են ներթափանցել թշնամու դիվերսիոն խմբեր, ու մինչեւ հիմա նրանց տեղը հայտնի չէ։
Դա մարդկանց մեջ վախ առաջացրեց իրենց իսկ գոյության համար, մինչդեռ Ալեն Սիմոնյանի համար տեղեկատվության աղբյուր էր ՀՀ ԳՇ պետի հայտարարությունը, թե թշնամու մի խմբի հաջողվել է ներթափանցել ՀՀ տարածք, բայց նրանք շրջափակման մեջ են։
Ալեն Սիմոնյանը չէր վերցրել շրջափակման մեջ լինելու տեղեկատվությունը եւ տարածել էր միայն դիվերսիոն խմբի ներթափանցումը՝ վստահաբար նպատակ ունենալով մարդկանց մեջ վախ ու սարսափ տարածել։
Ինչո՞ւ։
Հետո ԱԺ նախագահին միացան նաեւ իշխանության այլ ներկայացուցիչներ ու ՔՊ պատգամավորներ՝ աղաղակելով թշնամուց ապասվող վտանգների մասին։ Ֆեյքերը սկսեցին սոցիալական ցանցերում լայնորեն տարածել հարձակման մասին հստակ ժամեր, կանխավարկածներ եւ այլն։
Իրականում ՀՀ իշխանության տարածած այս տեղեկությունները կիսաճշմարտություն էին։
Ճիշտ է, թշնամին առաջնագծին մոտ ունի կուտակումներ, կա հարձակման վտանգ, բայց չկան հստակ տեղեկություններ հարձակման ուղղությունների ու նույնիսկ ժամերի մասին։
Հիմա հակված եմ կարծելու, որ այս օրերին Հայաստանի իշխանությունները տարբեր միջոցներով փորձում են լրացուցիչ անհանգստություն ու խուճապ առաջացնել հանրության մեջ, որպեսզի շեղեն զոհերի, կորցրած դիրքերի, զորքի ունեցած խնդիրների, իշխանության դեմ հանրային ցասման թեմաներից։
Կարծում եմ՝ այս առումով թշնամու զորքերի կուտակումը առաջնագծի մոտ իր ներքաղաքական նպատակների համար է օգտագործում Հայաստանի իշխանությունը՝ դրանով վախեցնելով հանրությանը։
Դժվար թե օրեր առաջվա հարձակումից հետո թշնամին այսքան շուտ նոր հարձակում կսկսի։ Դեռ պիտի հարմար դիրքավորվի, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Ժողովրդին ահաբեկելու փոխարեն իշխանությունները լավ կանեն՝ այդ ժամանակն արդյունավետ օգտագործեն:
Նաիրի Հոխիկյան