Արցախի ժամանակավոր կորստով պայմանավորված՝ հարազատ դպրոցից կտրված եմ, բայց հեռվից հետեւում եմ երեւանյան դպրոցներին, ուսուցչի, աշակերտի ու նրա ծնողի վարքուբարքին։ Արձագանքս գուցեեւ չընդունեն շատերը, բայց պիտի հարմարվենք այն իրողությանը, որ ոչ բոլորն են սիրում լսել ճշմարտությունը։ Այդուհանդերձ՝ ճշմարիտ խոսքը, ինչպես ասում են, թեւեր ունի, վաղ, թե ուշ, կճախրի ազատ՝ հասնելով ամենքին, բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Հերթական տարին է, որ մի շարք դասագրքեր չհասցրեցին ժամանակին տպագրել, եւ սեպտեմբերի երրորդ տասնօրյակն արդեն թեւակոխած՝ բարձր դասարանցիները դասի են գնում առանց «Հայոց պատմություն» (այժմ՝ «Հայաստանի պատմություն») ուսումնական ձեռնարկների: Դրանց փոխարեն 10-րդ եւ 11-րդ դասարանների սովորողները՝ թերեւս միառժամանակ, օգտվելու են ինչ-որ թղթապանակներից:
Դժգոհություններ կան նկատելիորեն խեղաթյուրված դասագրքերից: Օրինակ՝ 9-րդ դասարանի պատմության դասագրքում Արցախի հայաթափման մասին ընդամենը յոթ տող է գրված, այն էլ՝ ոտից-գլուխ աղճատված. իբր՝ ԼՂ-ն Շահրամանյանն է հանձնել, Նիկոլը ոչ մի կապ դրա հետ չունի: Մյուսը. առաջին դասարանցիների Այբբենարանում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը պատշաճ ներկայացված չէ, ինչը լուրջ սայթաքում է: Եվ սա բոլորը չէ. հայ մեծերից մի քանիսի անուններն ու բարձրարժեք ստեղծագործությունները տեղ չեն գտել գրականության եւ պատմության դասագրքերում: Ավելի ճիշտ՝ հանիրավի հանվել են ուսումնական ծրագրերից:
Աճող սերնդի մեջ ազգային հպարտության, արժանապատվության, հայրենասիրության զգացմունքներ ու արդար պայքարի ոգի արթնացնող գեղարվեստական երկերը, իրական եւ պատմական վեհ կերպարները, հերոսական դրվագները դարձել են արգելված թեմաներ: Իշխանության վարած տարտամ, անվճռական քաղաքականությունն աննկատ սողոսկում է գիտակրթական ոլորտ՝ առաջացնելով անորոշություն եւ քաոս: Ուսումնառությունը՝ իբրեւ կայուն գիտելիքների ձեռքբերման հնարավորություն, կորցնում է իր երբեմնի թովչանքը: Սովորողը փախչում է գրքից, ծնողն անտարբեր է:
Գալիս եմ այն մտքին, որ հասարակության մեջ կերպափոխվել են ուսուցչի, աշակերտի եւ ծնողի կերպարները։ Խելացի ուսուցիչը երբեք դասագրքային կեղծիքը չի հրամցնի իր աշակերտին, ավելին՝ կպայքարի նման արատավոր երեւույթների դեմ, բայց կգտնվի ակնհայտ չարաշահումներին անտարբեր մեկ ուրիշը, ով իր փոքրիկ աշխատավարձը կամ աշխատանքը չկորցնելու սիրույն՝ պատրաստ կլինի գնալ ընդդեմ խղճին եւ ուսուցչի վսեմ կոչմանը: Իհարկե, նույն «արշինով» չի կարելի չափել բոլոր աշակերտներին ու ծնողներին, բայց այսօրվա դպրոցականների ուսումնատենչության եւ նրանց ծնողների կողմից իրականացվող դաստիարակչական աշխատանքի առումով իրավիճակը հուսադրող չէ:
Կրթական համակարգը միակը չէ, որ կառավարման արդյունավետության նիշով շահեկանորեն զիջում է խորհրդային մոդելին՝ ընդհանրապես, եւ հետանկախական շրջանի մյուս իշխանությունների որդեգրած պրակտիկային՝ մասնավորապես: Մեր օրերի հետընթացի պատճառները լուրջ հետազոտության կարիք ունեն: Պարզել է պետք, թե «որտեղ է թաղված շան գլուխը»:
Նատաշա Պողոսյան