Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ընտրություններին մասնակցած երեք մեծահարուստների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին՝ նախընտրական-հետընտրական պայքարն աստիճանաբար վերածելով բացահայտ հաշվեհարդարի։ Նիկոլը մոռանում է, թե 2018-ից հետո այս երեք մեծահարուստները ինչպես եւ ինչու վերստին հայտնվեցին Հայաստանի քաղաքական կյանքում։
2018թ. հեղափոխությունից հետո Փաշինյանն ինքը Քոչարյանին քաղաքական ասպարեզ բերեց միայն մեկ պատճառով, որ նախկինների հետ երեւութական պատերազմում եւ նրանց հետ համեմատվելիս կարողանա անխոչընդոտ հաղթել եւ պահպանել իշխանությունը։ Մանավանդ որ, որպես ընդդիմություն Քոչարյանն անչափ խոցելի էր եւ է։ Քոչարյանն իրականում քաղաքականություն վերադառնալու ցանկություն չուներ, եւ նրա համար արդար դատավարություն ապահովելու փոխարեն Փաշինյանը Քոչարյանին ուղղակի հրեց քաղաքական ասպարեզ։
Գագիկ Ծառուկյանն աջակցեց հեղափոխությանը, սակայն 2021թ. ԱԺ ընտրություններում պարտությունից հետո տեւական ժամանակ հեռու մնաց քաղաքականությունից, եւ այնտեղ էր վերադառնում կա՛մ հաշվեհարդարից վախենալով, կա՛մ բիզնեսը հնարավոր վտանգներից պահպանելու ձգտումներով։ Ծառուկյանը Փաշինյանին խանգարեց միայն վերջին՝ 2026թ. ընտրություններում, երբ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը փաստացի միավորվեց Քոչարյան-Կարապետյան չհայտարարված դաշինքին։
Սամվել Կարապետյանի դեպքը դեռ թարմ է. նրան քաղաքականություն հրեց դարձյալ Փաշինյանը՝ կալանավորելով «մեր ձեւով» արտահայտության համար։ Կարապետյանը քաղաքական թիմ ստեղծեց եւ մեդիա ռեսուրսներ «վերցրեց» իր ազատության եւ ՀԷՑ-ի վերադարձի համար։
Ստացվում է այնպես, որ Փաշինյանն ինքը, միայն ինքն է նրանց երեքին հրել քաղաքականություն, թերեւս, իր կառավարման ձախողումներն արդարացնելու հնարավորության համար։
Մինչդեռ ութ տարի լինելով Հայաստանում փաստացի եւ միակ իշխանությունը՝ յուրացնելով նաեւ իշխանության մյուս երկու ճյուղերը՝ օրենսդիրը եւ դատականը, Նիկոլ Փաշինյանը չփորձեց անգամ ի սկզբանե գործող օրենսդրության համաձայն բիզնեսն անջատել քաղաքականությունից։ Չձգտեց այնպիսի միջավայր ստեղծել, որ քաղաքականությունը չդառնա տանիք գործարարների համար, այլ մնա նրանց ասպարեզը, ովքեր քաղաքականություն կարող են բերել հասարակական արժեքներ, քաղաքական միտք, սկզբունքներ, ծրագրեր եւ հեռանկարներ։
Նման անհատների համեմատության մեջ Փաշինյանն ու նրա թիմը պարզապես զրկվելու էին իրենց ողջ «հմայքից»։ Նաեւ այդ պատճառով չբարեփոխվեց Ընտրական օրենսգիրքը, իսկ ընտրագրավը ոչ թե խորհրդանշական դարձավ, այլ մնաց Հայաստանի պես աղքատ երկրի համար անասելի բարձր։
Փաշինյանն ինքն է ամեն ինչ արել, որ քաղաքականությունը Հայաստանում մնա միայն մեծահարուստ առանձնաշնորհյալների արտոնությունը կամ ոչինչ չի արել, որ չեղարկի նման արտոնությունը եւ հավասար պայմաններ ստեղծի ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ Եվ այժմ Փաշինյանն ուզում է մենաշնորհ սահմանել նաեւ քաղաքականության վրա։
Վատնելով կառավարման ութ տարիները եւ Հայաստանի համար բացելով աղետալի պարտությունների էջը՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է անցել ռուբիկոնը՝ այս անգամ արդեն նաեւ ԿԸՀ-ի թվանկարչությամբ բաժանելով մանդատները։
Նիկոլ Փաշինյանն իրականում հայտարարում է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն այլեւս վտանգավոր է, եւ ասպարեզում պետք է մնան միայն նրանք, ովքեր ծափահարում են իր աղետաբեր քաղաքականությանը։ Նման իրավիճակում չհամաձայնողներին մնում են բանտերն ու փողոցները։
Սա ոչ թե հաղթողի, այլ պարտվողի վարքագիծ է, վարքագիծ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես սեփական մաշկ, կրում է 2020թ. նոյեմբերից ի վեր:
Նարինե Մկրտչյան

