Monday, 25 November 2024

E Editorial

«Ծեծվածների» հանդիպումը Սոչիում եւ Մոսկվայում

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նոյեմբերի 15-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն առաջին հայացքից հայ հասարակությանը հուզող հարցերում որեւէ հստակություն չմտցրեց: Միայն այն փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում կայացած՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից անմիջապես հետո, լարվածության մեծ ալիք բարձրացրեց: Բանն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանին այնպիսի մի բան կառաջարկի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, ինչից դժգոհ կմնան Արեւմուտքը եւ հայկական սփյուռքը: Սակայն, ո՛չ Պուտինի հետ նրա հանդիպումից, ո՛չ էլ Պուտինի ու Սարգսյանի հանդիպումից հետո որեւէ լուրջ հայտարարություն չարվեց Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ավելին՝ դատելով տարբեր կադրերից, հանդիպողները մի փոքր ձանձրացած էին թվում: Եթե ​​հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին օրերին կտրուկ աճել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հիստերիան, որը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, ամեն գնով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը եւ այլն, ըստ երեւույթին, այս ամենն ուներ իր պատճառները:

Այդպիսի պատճառներ կարելի է տեսնել ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային դիվանագիտական ​​իրավիճակի շեշտակի փոփոխության մեջ: Ավելի շուտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առանցքային դիրքորոշումների վերականգնման մեջ: Դեռ մի լավ չըմբոշխնած այն ուրախությունը, որ կարողացան Հայաստանի իշխանություններին համոզել, որպեսզի հանեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ իրենց պահանջները, Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյունին կանգնեց Վիեննայի համաձայնագրերի պայմանները կատարելու եւ հակամարտության գոտում զորքերի շփման գծում վերահսկողության մեխանիզմեր տեղակայելու՝ ԱՄՆ-ի սկզբունքային պահանջի վերածնման փաստի առջեւ: Նախ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը ղարաբաղյան կարգավորման հարցում որոշել է պահպանել առկա քաղաքական ուղեգիծը: Դրանից գրեթե անմիջապես հետո Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհուրդների հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները հայտնեցին իրենց դիրքորոշումները, որոնք հանգեցնում էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությանը:

Հասկանալի է, որ հույսը, թե կարող են կարգավորման դիվանագիտությունը տեղափոխել Մոսկվայի ծածկույթի տակ, որտեղ Հայաստանի համար նախատեսված էր զուտ «դամքաշ» դերը, Ադրբեջանին ու Թուրքիային չհաջողվեց: Մոսկվան ինքը հետքայլ կատարեց՝ Հայաստանին թողնելով ծիծաղելի վիճակում: Ակնհայտ է, որ հիմնական դերը խաղացել է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նոր համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել այդ երկրների նախագահների կողմից՝ Վիետնամում տեղի ունեցած ԱԽՏՀ-ի գագաթաժողովում: Հայտարարությունը, թե սիրիական հարցը ռազմական լուծում չունի, Ռուսաստանի նախագահի համար դարձավ փրկչական գործողություն, որը գոնե ինչ-որ կերպ փրկեց նրա դեմքը. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նրան կարեւոր մարդու տեղ դրեց: Փոխարենը Թուրքիայի նախագահ Էրդողանը դուրս մնաց այդ համաձայնագրից: Պատահական չէր նրա հայտարարությունը, որ եթե Սիրիայում չկա ռազմական լուծում, ուրեմն թող Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը իրենց զորքերը դուրս բերեն այդ երկրից: Բայց արդեն ուշ էր. Էրդողանը ստիպված էր Սոչի գնալ այլեւս կայացված իրավիճակում: Այնտեղ արդեն անելու բան չկար. հարկավոր էր միայն լուռ համաձայնվել այն ամենի հետ, ինչ կասեին: Ըստ երեւույթին, հենց այդպես էլ եղել է, դատելով Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունից, թե Թուրքիայի հետ հարաբերությունները գրեթե լիովին վերականգնված են:

Իսկ Սերժ Սարգսյանին առհասարակ ոչինչ չէր մնում, քան համաշխարհային հանրությանը եւ սեփական ժողովրդին պարզաբանել, թե ինչու հանկարծ որոշեց օգնել Ադրբեջանի նախագահին՝ իր ժողովրդի անվտանգության հաշվին: Նա չի կարող դա բացատրել, չի կարող նաեւ ասել, որ իր ռուս, թուրք եւ ադրբեջանցի գործընկերների ամբողջ «եղբայրությունը» հայտնվել էր «ծեծվածների» դերում: Ուրախալին սոսկ այն է, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նորից հնարավորություն ստացավ օգտագործելու «Վիեննայի համաձայնագրեր» արտահայտությունը: Եթե կամքը բավարարի նաեւ հայտարարել, որ կարգավորման ցանկացած բանակցություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի շփման գծում վերահսկող մեխանիզմներ տեղակայել, հնարավոր կլինի ասել, որ մեր դիվանագիտությունը դեռ լիովին «մեռած չէ»: Ընդ որում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աղոթում է, որպեսզի հայ գործընկերները հանկարծ այդպիսի բան չանեն: Հազիվ թե արժե եւս մեկ անգամ օգնել Ադրբեջանին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.