- Շիրակի մարզկենտրոնում հոկտեմբերի 1-ին «Իմ հին ու նոր Գյումրին» կարգախոսի ներքո նշվեց «Գյումրու օրը»: Տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցան Գյումրու Մանկապատանեկան արվեստի պալատի շենքի բացման արարողությունը, «Երեխաներ եւ գույներ» մանկական միջոցառումը, «Արհեստների փառատոնը», «Հացի փառատոնը», Հովհաննես Շիրազի անտիպ «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը: Ավելի ուշ՝ Գյումրու կենտրոնական հրապարակում կայացան նաեւ ռետրո մեքենաների ցուցադրություն եւ փողային նվագախմբի ելույթը: Օրն ավարտվեց կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով ու հրավառությամբ:
- Բրյուսելում նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ հոկտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հանի հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին:
Արեւելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերն են քննարկվել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ Յոհաննես Հանի հանդիպումների ընթացքում: - Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը ձայների 7 կողմ, 81 դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին «Ելք» խմբակցության նախագիծը:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս առաջարկը քննարկվել եւ բացասական եզրակացության էր արժանացել դեռ անցած շաբաթ, սակայն առաջարկի հեղինակ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը՝ օգտվելով ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարել էր արտահերթ եւ այն ներկայացրել ԱԺ լիագումար նիստի քննարկմանը: - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 6-ին այցելեցին տարածաշրջան՝ Բաքվում ու Երեւանում քննարկելու ղարաբաղադրբեջանական հակամարտության կարգավորման, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված հարցեր: Նախօրեին Երեւան իր առաջին պաշտոնական այցն էր կատարել ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերը, որը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին մասնակցեց բարձր մակարդակի հանդիպումներին: «ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ»,- համանախագահների այցից առաջ այսպիսի հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ հավելելով, որ Շեֆերը՝ որպես ԱՄՆ համանախագահ, «պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»:
- Երեւանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Երեւան շոու-2017» ոսկերչական իրերի եւ ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսը, որը կգործի հոկտեմբերի 5-ից մինչեւ 8-ը: Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա, միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան եւ օտարերկրյա կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանը:
Weekly Update
Հոկտեմբերի 1-7
Հայացք Երևանից
-
Hits
7451 times