Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա առանցքային թեմայում ներառված էին Հանրային ռադիոյին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի տված հարցազրույցի ամենաաղմկոտ հիմնադրույթները, որոնց շուրջ էլ հանրային լայն քննարկումներ էին ծավալվել: Հանրության դժգոհությունն ու հիասթափությունը այնքան խորն էին Հռչակագրի, Սահմանադրության, հայ ինքնության, «Ցլապատումի», կարմիր շորի եւ այլնի մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հակասական մտքերից, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ստիպված եղավ ավելի ուշ հանդես գալ «մեղայականով» ու հայցել ռադիոլսողների ներողամտությունը՝ խոստովանելով, որ Հանրային ռադիոյի տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը «լավ ժուռնալիստիկա» չէր։
Գարեգին Խումարյանը,- այսպես է գործադիր տնօրենի անունը,- իրեն է մեղավոր համարում չստացված հարցազրույցի համար: «Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր… ես էի պնդում, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի»,- պարզաբանել է տնօրենը: Վերջինիս համար եւս վիճարկելի են զրույցում Փաշինյանի արծարծած մի շարք հակահայ շեշտադրումներ, որոնց հարցազրուցավարը, փոխանակ հակադարձելու, լռելյայն համաձայնվում էր:
Կառավարության ղեկավարն ասում էր՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ եւ, նույնիսկ, այլաբանորեն՝ ցուլի ու կարմիր կտորի նկարագրությամբ, պատկերում է մի տեսարան, որտեղ ճանապարհի երկու եզրերին «կոտոշները սրած» ցլերն են՝ պատրաստ հուժկու խոյահարված հասցնել ճանապարհով անցնող կարմիր շորով անձանց: Անցորդներն անվտանգ տեղ հասնելու համար պիտի կամ հանեն կարմիր շորը, որն իրենց համար թանկագին մասունք է, նախնիներից ստացած նվեր, կամ անցնեն՝ իրենց կյանքի համար վտանգն անտեսելով՝ ինչ կլինի, թող լինի: Այլաբանության մեջ ցլերը, բնականաբար, թուրքերն են, կարմիր շորով անցորդները՝ հայերը:
Ո՞րն է այս սիլլոգիզմի տրամաբանական եզրահանգումը: Անհամբեր սպասում ես հանգուցալուծմանը՝ ակնկալելով, որ այն կլինի մոտավորապես հետեւյալ կարգի. «եկեք ուժեղանանք», որպեսզի թշնամին մեր ճանապարհին երբեք չկարողանա խոչընդոտ ստեղծել: Բայց՝ ոչ, այլաբանության հեղինակը լրիվ հակառակ լուծումն է առաջարկում. ազատվել տատիկների գործած կարմիր շորից, դեն նետել այն՝ ցլերին չկատաղեցնելու համար: [Փակագծերում նշենք, որ ցուլը ոչ թե կտորի կարմիր գույնից է կատաղում, այլ շորն իր դեմ թափահարելուց]: Փաստորեն մեզ առաջարկվում է ազատվել մեզ համար ամենաթանկ արժեքներից՝ Հայոց լեզվից, պատմությունից, մեր ավանդույթներից եւ ինքնությունից, մի խոսքով՝ դադարել հայ լինելուց:
Ցուլի կերպարում Փաշինյանն, ի դեպ, կարող էր հային «տեղավորել», ինչը բոլոր առումներով ավելի մոտ կլիներ իրականությանը, որովհետեւ ցուլը ուժեղ, հսկա եւ բանող կենդանի է՝ հատկանիշներ, որոնք հարիր չեն բնույթով թույլ, անբան, ավերակող թուրքին: Բայց ինքը ենթագիտակցորեն թուրքին այլ կերպ է ընկալում եւ, ինչպես ժամանակին խոստովանել էր, չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում: Դե, ճաշակի հարց է: Անձամբ տողերիս հեղինակի համար այդ լծկան, անխոնջ, դիմացկուն կենդանին շատ ավելի հային է խորհրդանշում, քան աչքն ուրիշի ունեցվածքին տնկած նզովյալ ազգին: Ասենք՝ Փաշինյանն իսկի մեր պետական խորհրդանիշների վրա է ձեռք բարձրացնում, ինչ մնաց ցուլի խորհրդանիշը:
Հարցազրույցում շոշափվում են շատ թեմաներ՝ անվտանգություն, բանակ, արտաքին հարաբերություններ, օրինակարգություն, Սահմանադրություն, պետականություն, պատմական արդարություն, Հռչակագիր եւ այլն: «Ցլապատումը», որին հանգամանալից անդրադարձ կատարվեց, ըստ իս, ամենաբնութագրականն է բոլոր արծարծված թեմաների համար: Հատկապես՝ խառնիճաղանջ բովանդակության, անառողջ տրամաբանության, ոճական վայրիվերումների եւ աղճատած եզրահանգումների տեսակետից: Իսկ ամենից ահավորը հարցազրույցի վերջաբանն է, երբ սկսում է տրտնջալ ժամանակի սղությունից՝ ասելով, որ բոլոր ռիսկերը կառավարելու համար մեզանում չկան պատշաճ մթնոլորտ եւ միջավայր:
Եվ ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է նրան մտատանջող միջավայրը: Այստեղ արժե մեջբերել զրույցի վերջին պարբերությունն ամբողջությամբ: Ահավասիկ. «Մեզ մոտ չպետք է լինի այն միջավայրը․ բա որ ես այս տատիկի գործած շորը հանեմ, պապան ի՞նչ կմտածի, բա եղբայրներս ինչ կմտածեն։ Պետք է գնալ պապայի հետ էլ, եղբայրների հետ էլ, երեխաների հետ էլ խոսել, ասել ժողովուրդ՝ այսպես է իրավիճակը։ Մեզ պետք է գնալ եւ կարողանալ վերադառնա՞լ, դա էլ է ընտրության հարց, այդպիսի ընտրություն էլ է լինում, որ ասում են՝ պապան էլ, երեխաներն էլ, եղբայրներն ու քույրերն էլ ասում են՝ ոչինչ, այդ կարմիր շորը հագած գնա, անցի, կանցնես՝ կանցնես, չես անցնի՝ մի հատ լավ խաչքար կդնենք, հիմա ի՞նչ է եղել»:
Հասկացա՞ք կոդերի լեզուն: Այս անձնավորությունն արդեն մտքինը բացահայտ է ասում. նա ուզում է խաչքար դնել Հայոց պետականության վրա, եթե «կարմիր շորը» չհանենք մեր վրայից: «Կարմիր շորը» կարող է Սահմանադրություն լինել, Հռչակագիր, Զինանշան, Հայոց պատմության դասագիրք, «Զանգեզուրի միջանցք…» Որը կուզեք:
Երեւանի ավագանիում փետրվարի 7-ին իրավիճակը թեժ էր: Ավագանու ընդդիմադիր 3 անդամ վաղաժամկետ զրկվեց մանդատից, այդ թվում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը (Նարե-Սոսե): Իր որոշումն ավագանին հիմնավորել էր բացակաների թույլատրելի քանակը գերազանցելու, քվեարկություններին չմասնակցելու հանգամանքով: Ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախաձեռնությունը ՔՊ-ի եւ նրա հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցությանն էր: Քաղաքային իշխանությանն այս հարցում ջանասիրաբար աջակցում էր նաեւ «Հանրային ձայն» խմբակցությունը:
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը եւ ավագանու անդամ Վահե Եսայանը նախ եկան ու քվորում ապահովեցին, որպեսզի նիստը կայանա, ապաեւ ապահովեցին ավագանու անդամներին մանդատից զրկելու համար անհրաժեշտ 33 ձայները: Նախապես օրակարգում ավագանու հինգ անդամի մանդատից զրկելու հարց էր դրված, սակայն «Մայր Հայաստանից» Զարուհի Փոստանջյանին ու Գեւորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար ձայները չբավարարեցին. «Հանրային ձայն»-ը ավագանու այս երկու անդամի մանդատազրկմանը կողմ չքվեարկեց:
«Հանրային ձայն»-ը Արտակ Գալստյան-Վարդան Ղուկասյան զույգի «երախայրիքն» է: Քաղաքական այս նորելուկի առաջնորդներից Գալստյանը կուսակցությունը ղեկավարում է կալանավայրից, իսկ Ղուկասյանը (Դոգ)՝ ԱՄՆ-ից: Ավագանու՝ 2023թ. սեպտեմբերյան ընտրություններում «Հանրային ձայն»-ը անսպասելիորեն ստացել էր ձայների մոտ 10 տոկոսը եւ 7 մանդատ: Քաղաքական խարդավանքներում լավ թրծված Դոգը շատ արագ կողմնորոշվեց եւ արժեքավոր «ռեսուրս» դարձավ դժվար վիճակում հայտնված ՔՊ-ական քաղաքապետի համար, որն իր դուստր կուսակցության՝ «Հանրապետության» հետ միասին ավագանիում հազիվ 32 ձայն ուներ՝ ընդդիմադիրների 33 ձայնի դիմաց:
«Հանրային ձայն»-ի համար դա բարենպաստ միջակայք էր՝ խուսանավելու եւ իշխող ուժի հետ շահավետ գործարքների գնալու առումով, ինչը եւ անում է: Անցած հոկտեմբերին՝ ընտրություններից հետո, ավագանու առաջին նիստում իրական հնարավորություն կար մայրաքաղաքում փոխելու իշխանությունը, եթե «Հանրային ձայն»-ը կոալիցիա կազմեր «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի հետ: Վարդան Ղուկասյանը պատրաստակամ էր միանալ ընդդիմությանը՝ նախապայմանով, որ քաղաքապետարանի վերահսկողական ապարատը անցնի «ՀՁ»-ին: Գործարքը տեղի չունեցավ եւ «ՔՊ»-«Հանրապետություն» զույգին հաջողվեց իրենց կողմը քաշել Դոգի կուսակցությանը:
Վերջին ծառայությունը «Քաղպայմանագրին» «Հանրային ձայն»-ը մատուցեց փետրվարի 7-ին՝ միանալով Հայկ Մարությանին մանդատից զրկելու քվեարկությանը: Իրականում «մանդատազրկման» այս նախաձեռնության թիրախը Մարությանն էր, որից Ավինյանը վտանգ է զգում: Հեռացման ենթակա մյուս 4 անձինք, պարզապես, «ներկայացման» բեմազարդերն էին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հունվարի վերջից մինչեւ փետրվարի սկիզբ այցելել են Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիներին։ Կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին փետրվարի 5-ին «Ազատությանը» տեղեկացրեց, որ գերիների պայմանների, առողջական վիճակի գնահատման հետ մեկտեղ հնարավորություն է տրվել բոլորին կապ հաստատել ընտանքիների հետ: Բաքվի բանտերում 23 հայեր են պահվում, 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, 6-ը՝ քաղաքացիական անձինք, 9-ը՝ ռազմագերիներ:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր: Փաշինյանն ու Քվինը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:
«Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան հույս ունի, որ Երեւանը դա հաշվի կառնի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 7-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն չի կարող առանցքային գործընկեր լինել պաշտպանության ոլորտում։ «Մեր երկրները մնում են դաշնակիցներ։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի եւ ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի»,- ընդգծել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով Նիդերլանդներում էր: Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ եւ միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների ու Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիեւին «համոզիչ հաղթանակի» առթիվ: Էրդողանը ոչ միայն նամակ է հղել, այլեւ զանգահարել է Ալիեւին՝ հույս հայտնելով, որ ընտրությունների հաջող ավարտից հետո կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ «Հայաստանի հետ բանակցությունները, որոնցում Դուք մեծ աշխատանք եք կատարել՝ որպես հաղթանակած առաջնորդ, կհանգեցնեն նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Էրդողանը: Ադրբեջանում հատուկենտ անկախ լրատվամիջոցներ են հաղորդում աղաղակող կեղծիքների մասին:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս 13 օր պայմանական ազատազրկման։ Դատավորը հայտարարեց, որ Չարչյանի նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չի կիրառվի եւ կսահմանվի փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ 64-ամյա պրոֆեսորը մեղադրվեց իր ղեկավարած «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:
Փետրվարի 6-ին ժամը 13:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է պահեստազորային, 1985 թվականին ծնված Արթուր Վարուժանի Գրիգորյանը: ՊՆ-ից հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն՝ նշված է հաղորդագրությունում: