Monday, 25 November 2024

W Weekly Update

28 սեպտեմբերի - 5 հոկտեմբերի 2024թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու սեպտեմբերի 28-29-ի միջոցառումներին՝ Սրբազան մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողություններին: Սա էր շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման, իսկ հիմնական բանավեճը եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների հենքին վերջինիս Մայր աթոռ հրավիրել-չհրավիրելու նպատակահարմարության շուրջ էր: Եթե առաջին հարցի մասով օրակարգը կարելի է փակված համարել՝ նկատի ունենալով Մյուռոնի օրհնության արարողությանը իշխանության մի քանի ներկայացուցչի՝ ԱԺ երկու փոխնախագահի, 2-3 պատգամավորի ու ԳԿՄՍ նախարարի մասնակցությունը, ապա երկրորդ հարցի մասով բանավեճը ցայսօր շարունակվում է:

Իշխանությանը հրավեր ուղարկելու որոշումն ընդունել է Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը, որի մեկնությամբ՝ հրավերի ու հրաժարականի հորդորը պետք է հստակ տարանջատել համազգային միջոցառումների դեպքում: «Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է ընկալել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից եւ ամբողջական լոյալություն է դրսեւորում իշխանությունների որդեգրած քաղաքական գծի նկատմամբ»,- պարզաբանել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նա խոստովանում է, որ իշխանություններին հրավիրելու տարակույս ունեցել են նաեւ հոգեւորականները՝ հաշվի առնելով եկեղեցի-իշխանություն սրված հարաբերությունները: Սակայն հրավերը, ըստ Արշակ արքեպիսկոպոսի, ոչինչ չի նշանակում՝ հոգեւոր դասի դիրքորոշումը չի փոխվել, եւ մտահոգությունները չեն փարատվել:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ամենայն հայոց հայրապետը Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավոր հրամանատարին, հորդորեց վայր դնել պաշտոնական լիազորություններն ու հեռանալ, եկեղեցու եւ իշխանության ջրերը մեկ առվով չեն հոսում: Մինչ այդ էլ այնպես չէր, որ փոխադարձ հարաբերությունները ողողված էին ջերմությամբ: Եկեղեցին, թերեւս, միակ հանրակարգային (ինստիտուցիոնալ) կառույցն էր, որին նոր իշխանության եկած Փաշինյանի ու նրա խմբակի ձեռքը չէր հասնում: Եվ 2018-ի հուլիսին փաշինյանական բաշիբոզուկների մի խումբ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով առաջին հարձակումը գործեց եկեղեցու վրա:

Ատելության կծիկն այլեւս գլորված էր, եւ ծայր առավ փոխադարձ դժգոհությունների, քննադատությունների, իշխանական կողմից՝ անգամ վիրավորանքների արտահոսքը: Երկրի երկրորդ պաշտոնատար անձը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Կաթողիկոսին դիմում էր ավազանի անունով, ինչը խիստ վիրավորական է համարվում: Բանը հասավ նրան, որ 2024-ի տարեվերջյան գիշերը «Հ1»-ը կոպտորեն խախտեց ավանդույթն ու եթեր չհեռարձակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա շնորհավորական ուղերձը, որ սովորաբար հնչում էր երկրի ղեկավարի ուղերձից առաջ: «Հանրայինից» առաջարկել էին այն ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր աթոռը պատշաճ չէր համարել եւ մերժել էր:

Չնայած խոր տարաձայնություններին՝ Մայր տաճարի վերաօծման արարողությանը, այդուամենայնիվ, իշխանական վերնախավը մասնակցեց Փաշինյանի գլխավորությամբ: 2020թ. պատերազմից հետո առաջին անգամ էր, որ Փաշինյանին ու Կաթողիկոսին կարելի էր տեսնել նույն վայրում, ինչը, սակայն, չէր արտացոլվել որեւէ լուսանկարում։ Ավելին՝ Մայր տաճարի վերաօծման արարողության ընթացքում կաթողիկոսի ելույթում թաքնված սուր ակնարկներ կային՝ ուղղված Փաշինյանի իշխանությանը։ Հիմա ի՞նչ, «գնդակն» իշխանության դաշտո՞ւմ է:

 

Շաբաթը հարուստ էր արտաքին եւ ներքին կյանքի կարեւոր իրադարձություններով: Հոկտեմբերի առաջին օրը Երեւանում մեկնարկել էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երրորդ համաժողովը, որին Հայաստանի վարչապետից բացի մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի վարչապետները եւ Իրանի փոխնախագահը։ Փաշինյանն իր ելույթում խոսեց «հանրային ծառայությունների թվային փոխակերպման» մասին՝ ընդգծելով, որ թվայնացումը պետք է բխի քաղաքացիների եւ բիզնեսի հարմարավետությունից, այլ ոչ թե հակառակը։

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իր հերթին նկատեց, որ «ԵԱՏՄ-ում թվայնացման աշխատանքը ետ է մնացել պլանավորված ժամանակացույցից՝ չբացառելով, որ հնարավոր է պատճառը նաեւ այն է, որ պետությունները չեն կարողանում հեշտությամբ միանալ ԵԱՏՄ-ի միասնական թվային համակարգերին»։ Այս գործընթացը, նրա խոսքով, պետք է ամփոփվի 2025 թվականին։

Ղազախստանի վարչապետ Օլջաս Բեկտենովն առանձնացրեց հատկապես էլեկտրոնային մաքսակետի ստեղծման հարցում Աստանայի ձեռքբերումը, իսկ Ղրղըզստանի վարչապետ Աքիլբեկ Ժապարովն արձանագրեց, որ հաջողությունների են հասել առողջապահության ու մաքսային համակարգերի թվայնացման գործում։

Ռուսաստանի վարչապետը հայտնեց, որ Մոսկվան պլանավորում է երկրում հանրային ծառայությունների մեծ մասն արդեն 2030 թվականին մատուցել թվայնացված եղանակով։ Բացի դրանից, ՌԴ-ն, ըստ Միշուստինի, ջանքեր է գործադրում թվային ինքնավարության հարցում հաջողության հասնելու համար՝ «ստեղծելով սերվերային տնտեսություններ, արտադրելով պլանշետներ եւ այլն»: Ի դեպ, այս տարի լրանում է ԵԱՏՄ-ի հիմնադրման 10 տարին։ Ռուսաստանի վարչապետի կարծիքով՝ վերջին տասնամյակը վկայում է, որ միությունն արդեն կայացել է:

Համաժողովին մասնակցում էր նաեւ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Մեր հարեւանը մտադիր է ստանալ ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ։ Շատ փորձագետների պնդմամբ՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը ձեռնտու է Երեւանին, մեծապես դրա շնորհիվ է, որ ՀՀ-ում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական շարժընթաց է արձանագրում:

 

Անցնող շաբաթվա ներհայաստանյան զարգացումների համատեքստում ուրույն տեղ ու կշիռ ունի սեպտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած հանրահավաքը, որտեղ առաջին անգամ հայտարարություն հնչեց, որ գնալու են Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթեր պահանջելու եւ ճշմարտության ձայնը բարձրացնելու: Այս կոչը կարելի է ընկալել որպես շարժման ինքնավստահության որոշակի տարր: Եվ պատահական չէ, որ իշխանությունները նկատելի զգուշավորությամբ էին պատրաստվել ընդդիմության հնարավոր հակաքայլերին:

Իշխանությունների տագնապներն ակներեւ էին նաեւ «Սրբազան պայքարի» այդօրվա հանրահավաքի վերաբերյալ Ոստիկանության ու ԱԱԾ-ի տարածած հաղորդումներից, որտեղ նույնաբովանդակ կոչեր էին արվում՝ «զերծ մնալ հանրային կարգը խախտելուց եւ իշխանությունը զավթելու գործողություններից»։ «Ոստիկանությունը հետեւողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը»,- հաղորդում է Ոստիկանությունը: «ԱԱԾ-ն տիրապետում է օպերատիվ իրավիճակին եւ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները»,- Ոստիկանությանը երկրորդում է ԱԱԾ-ն:

Առաջինը, որ աչքի էր զարնում, «Հանրայինի» մոտ այդ պահին ոստիկանական մեծաթիվ ուժերի կենտրոնացումն էր: Սրբազան հայրը բարձրախոսով հորդորեց հավաքվածներին՝ պահպանել պատշաճ հանդարտություն՝ հիշեցնելով, որ իրենք ուղիղ եթեր են ուզել «Հ1»-ի ղեկավարությունից եւ այն ստանալու են: Շենքի մուտքի առջեւ ոստիկանական եռաշարք պատ էր՝ առաջին շարքը զրահավահաններով հանդերձավորված: «Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդելու. մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար»,- հեռուստաընկերության մուտքի մոտից հայտարարեց Բագրատ Սրբազանը:

 «Հանրայինը» չմերժեց Սրբազանի ու նրա աջակիցների ցանկությունը եւ հայտարարեց, որ պատրաստ է ուղիղ եթեր տրամադրել, բայց՝ հարցազրույցի ձեւաչափով: «Սրբազան պայքարի» առաջնորդը համաձայնեց նաեւ կարճ հարցազրույց տալ՝ ժողովրդին ուղղված ուղերձից առանձին, եւ այդպես էլ եղավ: Բագրատ Սրբազանի հետ միասին Հանրային հեռուստաընկերություն են մտել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հանրային գործիչներ Էդգար Ղազարյանը եւ Կարեն Բեքարյանը։ Չնսեմացնելով շարժման առաջամարտիկներից ոչ մեկի վաստակն ու արժանիքները, նկատենք, որ Սրբազանի գործունեության շունչն ու ոգին այս եռյակն է:

Հոկտեմբերի 2-ի հավաքում Էդգարի եւ Կարենի ելույթները, առանց չափազանցության, կարելի է կոթողային որակել: Բարձր ոգեղենությունը, հռետորական պաթոսը, անվիճելի փաստարկվածությունը, խոսքի համոզչականությունը, կուռ տրամաբանությունն ու հստակ ձեւակերպումները առաջին բառից մինչեւ վերջ բառը ունկնդրին պահում են էլեկտրականացված վիճակում: Բայց դա բառերով չես նկարագրի, լսել է պետք:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հոկտեմբերի 3-ին խոշտանգման եւ արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան. այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել են նրա փաստաբանները։ Մինչ Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են որեւէ մանրամասն հայտնել հայցի մասին, Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Նշվում է, որ Վարդանյանը այդ ժամանակ պատժախուց է տեղափոխվել, նրան ստիպել են կանգնած մնալ, արգելել են լողանալ եւ երկու օր ջուր չեն տվել։

Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին ձայների 28 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժել է Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված՝ ԼՂ ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանի քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել քննիչ հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել արցախցիների սոցիալական խնդիրները, նրանց նկատմամբ ատելության խոսքը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի տպավորությամբ՝ արցախցիների նկատմամբ ատելությունը խրախուսվում է ՀՀ բարձրագույն իշխանության մակարդակով։

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա։ Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Փաշինյանն այդ օրը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ, իսկ հոկտեմբերի 4-5-ը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթաժողովին: Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ ու հրթիռներ պետք է տրամադրի, ինչպես նաեւ՝ խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում: Նախօրեին Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ դրան նախորդել էր նրա պաշտոնանկության հարցը քննարկելու պահանջով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ստորագրահավաքը:

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ։ «Ես ժամանել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում փորձեմ ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որպեսզի այդ հարաբերությունները լինեն այն վիճակում, որը կբավարարի մեզ»,- TAСС-ի փոխանցմամբ՝ ասել է Արսենյանը։

Ադրբեջանական Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել «Գիշերային անսպասելի հարձակում հակառակորդի թիրախի վրա» թեմայով։ Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Պնախարարությունը. «Հատուկ նշանակության ջոկատայինները սահմանափակ տեսանելիության պայմաններում ներթափանցել են պայմանական հակառակորդի խորքը եւ կատարել դարանակալման, ստուգայցային եւ մարտական պատրաստության այլ առաջադրանքներ»,- ասված է հաղորդագրությունում: APA գործակալության համաձայն՝ վարժանքներն անցկացվել են Նախիջեւանում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.