Monday, 25 November 2024

W Weekly Update

15-22 ապրիլի 2023թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում ամենաշատը քննարկվող թեման Երեւանում ապրիլի 15-23-ն անցկացված՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության շուրջ զարգացումներն էին, որոնց սկանդալային երանգ էր հաղորդել Ադրբեջանի դրոշի հրկիզման գործողությունը: Սոցցանցերում սկիզբ առած եւ մի քանի օր շարունակված հանրային քննարկումները երկու տարամետ մասի էին բաժանվել՝ թեր եւ դեմ: Ադրբեջանական դրոշի այրման հեղինակը ճանաչված դիզայներ, «Հ1» հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանն էր, որին Ադրբեջանի դրոշը այրելու համար վարչապետի աշխատակազմը «Հ1»-ին հրահանգել էր ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ողջ երկրում հնարավորություն ունեցող ու դրանից օգտվող միայն մի մարդ գտնվեց` այն էլ արվեստի ոլորտից, որ փորձեց «ցեխից» մի փոքր բարձրացնել սեփական երկրի ու ժողովրդի արժանապատվությունը։ Հինգ տարվա մեջ հնարավորություն եւ առիթներ ունեցող ուրիշ ոչ մեկը դա չէր արել եւ, հնարավոր է, չի անելու դեռ երկար ժամանակ: Նրանք, ովքեր ասում են՝ տեղը չէր, աշխարհի առջեւ խայտառակ եղանք, սա քաղաքակիրթ արարք չէր եւ այլն, առնվազն անինքնասեր արարածներ են։ Միգուցե՝ անգամ հերթական հայտնի կամ անհայտ դավաճաններ։

Նախ` քաղաքակրթության մասով: Քաղաքակիրթ բողոքի եւ արժանապատվության ցուցադրման ձեւ է։ Քաղաքակրթության ծննդավայրերից մեկում ականատես լինելու համար, թե ինչպես են պայքարում եւ ինչեր անում` վատ չէր լինի հետեւել Ֆրանսիայի քաղաքական ամենատարբեր պայքարների ավանդույթին, որը սովորաբար ներառում է ոչ թե թշնամու դրոշների այրում, որովհետեւ Ֆրանսիան մեզ նման հուսահատ վիճակում չի հայտնվել, այլ` շատ հաճախ ամեն տեսակի հանրային գույքի այրում։ Ես, իհարկե, դա չեմ քարոզում եւ չեմ արդարացնում։ Պարզապես արձանագրում եմ, որ դա անչափ տարածված երեւույթ է քաղաքակրթական արժեքներ դավանող արդի բնօրրաններից մեկում։

Ինչ վերաբերում է աշխարհի առջեւ խայտառակ լինելու մասին մտայնություններին, ապա աշխարհն իրականում թքած ունի այս առաջնության եւ նրա բացման արարողության վրա։ Սա հակափաստարկների մասով: Ծանրամարտ դիտող քանի՞ ծանոթ ունեք արտասահմանյան որեւէ երկրում։ Թերեւս՝ դժվարանաք հիշել: Եթե դավադրաբար պարտված, լլկված, ներսից ու դրսից դավաճանված երկրում ծածանվում է իր ցեղասպան եւ պետականաքանդ, զավթիչ երկրի դրոշը, որի տակ տասնյակ հազարավոր հայորդիներ են նահատակվել՝ դրոշ, որի տակ կտտանքների են ենթարկվում հայ ռազմագերիները, ապա դա թուք եւ ամոթ է այդ երկրի համար։

Եվ եթե այդ երկրի վարչապետը ներկա է նման միջոցառմանը, ապա դա նշանակում է, որ երկիր չկա, ժողովուրդ չկա, պետություն չկա։ Ոչինչ չկա։ Արամ Նիկոլյանի արածը Ադրբեջանի դեմ բողոք եւ դիմադրության խորհրդանշական ակտ լինելուց առաջ եւ ամենից շատ` բողոք է այդ դրոշի ներկայությունն ապահովողների դեմ։ Դա հակադավաճանական ազդեցիկ քայլ է։ Դա մեսիջ է, որ այս ժողովրդի մեջ դեռ կան քչեր, որոնք համաձայն չեն համապետական անպատվությանն ու ինքնաստորացմանը եւ որ իշխանության դեմ հենց նրա քթի տակ կարող են դիմադրության թեեւ եզակի, բայցեւայնպես, օջախներ լինել։ Վստահ եմ, որ Նիկոլյանն այս եւ հաջորդ հանգամանքները մանրամասն չի հաշվարկել, բայց նրա արարքը պարունակում է դրանց բոլոր տարրերը։

Հաջորդ հանգամանքն այն է, որ հենց Հայաստանի կառավարչի եւ Ադրբեջանի իր «դաշնակցի» քթի տակ է տեղի ունենում տվյալ ակտը։ Դա ցուցիչ է, որ անգամ այդ դրոշի եւ նրա տակ հանդես եկող մարզիկների ներկայության փաստով Բաքվին ուղերձ հղող ու այդ ուղերձն անչափ կարեւորող Հայաստանի կառավարիչը եւ նրա թիմն անկարող են նույնիսկ իրենց համար այդքան կենսական ուղերձն անխափան մատուցել։ Իսկ սա նշանակում է, որ այս համակարգն անկարող է անգամ դահլիճում իր «դաշնակցի» դրոշի անվտանգությունն ապահովել, ուր մնաց՝ Հայաստանի այս վերջին կտորինը, երբ չկա անգամ այն ապահովելու ցանկություն։

Երրորդ հանգամանքը առավել ծանրակշիռ է եւ լուրջ։ Թշնամու դրոշի հետ Նիկոլյանի արածն ունենալու է քաղաքական լրջագույն հետեւանքներ։ Եվ սա այն չնախատեսված վտանգավոր կողմն է, որը ո՛չ Նիկոլյանը, ո՛չ էլ Նիկոլը չէին հաշվարկել։ Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը Ալիեւը՝ իմանալով իր գործընկեր Փաշինյանի տեսակը, վերագրելու է կանխամտածված եւ Փաշինյանի կողմից արտոնված նախապես հղացած ակցիայի։ Եթե անգամ հասկանա, որ դա իրականում այդպես չէ, կամ չի կարող այդպես լինել, միեւնույն է, կանխամտածված Փաշինյանին մեղադրելու է այն պլանավորելու մեջ։

Եվ սեփական հավատարմությունը Բաքվի իր ավագ գործընկերոջն ապացուցելու համար Փաշինյանն ինչ-որ հարցերում գնալու է ավելի մեծ զիջումների` որպես հավաստիացում ու երաշխիք, որ ինքը չի եղել դրա պլանավորողը։ Ու եթե ինքնակամ չգնա այդ զիջումներին` դրան, որպես «մեղքի թողություն», նրան անպայմանորեն հարկադրելու է անել Ալիեւը։ Չի բացառվում նաեւ, որ հայերին «դաս տալու» կամ պատժելու համար Ալիեւը ցուցադրական եւս մի ռազմական սադրանք իրականացնի։ Թեեւ, այսպես թե այնպես, իրականացնելու է, բայց կարող է պլանավորվածից առավել եւ հավելյալ ինչ-որ ստորություն անել։

Ի՞նչ է ստացվում: Որ չպե՞տք է այս վերջին պատճառներով Նիկոլյանը նման բան աներ։ Ամենեւին՝ ոչ։ Հայաստանը, իրեն սպորտի հովանավոր երեւակայող Կարեն Գիլոյանը եւ պետությունն, ընդհանրապես, պիտի չհամաձայնեին թշնամու մասնակցությանն ու նրա դրոշի ծածանմանը այս մրցումներին։ Իսկ եթե դրա համար պետք է հնարավոր չլիներ այս առաջնությունը Երեւանում անցկացնել` ապա չպետք է այն անցկացվեր։ Վերջապես ո՞ւմ է հարկավոր միլիոնավոր դոլարներ արժեցող նման միջոցառումների անցկացումը։ Ընդ որում` ծախսերի ճոխությունը, ինչպես «Հ1»-ի հետ զրույցում հայտնեցին կազմակերպիչները, հենց Հայաստանի նախաձեռնությունն է` տպավորելու միջազգային ֆեդերացիային։

Ո՞ւմ է, առհասարակ, հարկավոր նման միջոցառում անցկացնել մի երկրում, որը պատերազմի մեջ է, ջախջախված, թշվառությունից իր վերջին օրերն ապրող, որ գերիներ ու թարմ սպանվածներ ունի, որ զավթվում է ամեն օր։ Ընդ որում` ոչ թե ֆուտբոլի եւ ոչ անգամ թենիսի միջազգային մրցաշար, այլ` ծանրամարտի։ Յուրի Վարդանյանի տարիներն ու դարաշրջանը վաղուց են անցել, եւ սա ամենեւին այն մարզաձեւը չէ ու այն երկիրը չէ, որ պետք է նման ծախսեր եւ նման շքեղություն ու երջանկություն պրոյեկտի աշխարհին։

 

Մեկնաբանեց Հայկ Մարտիրոսյանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը. ապրիլի 20-ին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022թ.-ին եւ՛ որպես նախագահող, եւ՛ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Հետեւաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը:

Ապրիլի 17-18-ը Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին ընդունել է վարչապետ Փաշինյանը: Քննարկվել են ԼՂ հակամարտությանը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի ձեւավորմանը, Բերձորի միջանցքի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյան հանդիպում էր ունեցել պաշտոնատար այլ անձանց հետ:

ԱԺ-ում ապրիլի 20-ին մթնոլորտը կրկին լարվել էր։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության ծրագրի կատարողականի մասին ելույթի վերջում հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ, ի նշան բողոքի, չի հեռանալու ԱԺ ամբիոնից։ «Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես», - ասաց նա՝ հրավիրելով իր հետ համակարծիք գործընկերներին միանալ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հրահանգել անջատել հեռարձակումն ու դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք ուժով հեռացրին ընդդիմադիրներին։

Հայաստանի, Իրանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարություններն ապրիլի 20-ին քննարկել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ սրանք երեք երկրների գերատեսչությունների միջեւ նման՝ եռակողմ ձեւաչափով առաջին քաղաքական խորհրդակցություններն են։ «Նախանշվել են մշակութային ու միջմարդկային կապերի խորացման եւ տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի պետական դրոշը հրկիզած ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը: Հայաստանի ՆԳՆ լրատվական բաժնից հայտնել են, որ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում Նիկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.