Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա ընթացքում ամենաշատն արծարծված եւ աղմուկ հանած թեման պետական խորհրդանիշների՝ մասնավորապես ՀՀ զինանշանի մասին Նիկոլ Փաշինյանի մի քանի հնչեղ դիտարկումներն էին, որոնք նա բարձրաձայնել էր ավելի վաղ՝ ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Հարցին անդրադառնալու առիթն այս անգամ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հայտարարությունն էր, թե մեր «կադաստրի թուղթը», որի մասին ակնարկում էր շաբաթներ առաջ, ՀՀ զինանշանն է։ «Ի՞նչ է ասում զինանշանը մեր ապագայի մասին,- պատգամավորին միանգամից հակադարձեց Փաշինյանը,- եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է հայտարարում ենք` «ոչնչացրեք մեզ»:
Այնուհետեւ նա հորդորեց զինանշանին նայելով՝ «զբաղվել ինքնահայեցմամբ», քննել իր ներաշխարհը, հոգեբանությունը, հասկանալ պետական խորհրդանիշների արտահայտած ուղերձները: Փաշինյանի պնդմամբ՝ պետական զինանշանին պատկերված՝ Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991թ. հիմնված մեր անկախ պետության հետ կապ չունեն: Նույնը, ըստ նրա, վերաբերում է զինանշանի վրա պատկերված առյուծին, որը «Հայաստանի բնական պայմաններում այլեւս չի ապրում»: Այն, որ գործադիրի ղեկավարը թյուր պատկերացում ունի զինանշանի մասին կամ դիտավորյալ նսեմացնում է նրանում պատկերված խորհրդանիշները, միանշանակ է:
Փույթ չէ, որ հայկական բնաշխարհում այսօր առյուծ չի ապրում եւ, ընդհանրապես, խորհրդանիշը բնավ դրանով չէ պայմանավորված: Ինչ վերաբերում է Նոյյան տապանի եւ Արարատ լեռան հետ նորանկախ Հայաստանի կապին, ապա այդ կապը կա, եւ այն տեսանելի է միայն իսկական հայի աչքերով, նրա պատմական ու հոգեւոր հիշողությամբ: Իհարկե, այդ կապը տեսնել չեն կարող անցյալ դարի սկզբներին հայության «կադաստրի վկայականը» վայրագաբար կողոպտած թուրքը եւ, առավել եւս, 100 տարվա պատմական անցյալ ունեցող ազերին: Զտարյուն հայը չտեսնել չի կարող: «…Ես չեմ պատկերացնում մի մարդ, որն ինձնից ավելի հայրենասեր լինի»,- որքան էլ զավեշտալի հնչի ու ամոթաբեր դիտվի, հայտարարել է Փաշինյանը:
Այն անձը, ով «զահլա» չուներ կռվելու 30 տոկոս լճի, ձյունածածկ ինչ-որ բարձունքի կամ դժգույն, դժբախտ Շուշիի համար: Այն անձը, որը միջազգայնորեն նշանավորվեց որպես հայկական Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած առաջին հայ ղեկավար: Այն անձը, որը մաս-մաս հանձնում է Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն: Եվ, վերջապես, այն անձը, որը չի պատկերացնում իրենից ավելի հայրենասեր որեւէ մարդու: Ճիշտ է՝ չի մատնանշում, թե կոնկրետ որ երկրի հայրենասեր մարդու մասին է խոսքը, բայց ենթադրել կարելի է:
Մեր պետականության հիմքերը թիրախավորող թեզերի շրջանառումը մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը: Ի՞նչ է ստացվում: «Մինչ Ալիեւը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին՝ բանակ, պետականություն, կրոն, պատմական հիշողություն, Ցեղասպանության ճանաչում, Արցախ… իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է մեր դիմադրողականությունը, կոտրում մեր ազգային արժանապատվությունը»,- ՖԲ իր էջում գրել է հայտնի գործարար, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը դավադրաբար տանուլ տալուց, ապաեւ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Փաշինյանն այժմ էլ սկսել է ժրաջանորեն հանդես գալ ելույթներով, որոնցով հարցականի տակ է դնում հայոց պետականության գոյությունն ընդհանրապես: Սա գիտակցված օրհասի տանող ճանապարհ է:
Իսկ 44-օրյայից մոտավորապես երեք տարի անց՝ հունիսի 20-ին, երկիրը «գիտակցված օրհասի» տանող անձը որոշեց ինքնակամ գնալ հարցաքննության: Բայց ոչ թե իրավապահ ատյան՝ թեեւ այդտեղ նույնպես իր համար բավականաչափ անվտանգ է, այլ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող, այսպես կոչված, ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ամբիոնը կարելի է օգտագործել՝ հանրությանը փոխանցելու ինքնարդարացման, ստերի ու մանիպուլյացիաների հերթական խմբաքանակ՝ փորձելով վրայից մաքրել պարտության մեղքը եւ ժողովրդի կպցրած՝ դավաճանի, հողատուի ու կապիտուլյանտի խարանը:
Ընդդիմադիր զույգ խմբակցությունները («Հայաստան» եւ «Պատիվ ունեմ»), որոնք հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից բոյկոտում են դրա աշխատանքները, նախօրոք հայտնել էին, որ չեն մասնակցելու հունիսի 20-ի նիստին, որպեսզի դրանով չլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին: Ընդհանրապես՝ բոլոր գրված ու չգրված կանոնների տրամաբանությամբ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքակազմ է համարվում, հետեւաբար կոռեկտ չէ, որ իշխանությունն այն «իրենով» է արել, եւ հիմա յուրայիններով հավաքված՝ ինքնագովաբանության մթնոլորտում անպտուղ նիստեր են գումարում եւ հարթ ու սահուն ընդունում շեֆի քիմքին հաճո որոշումներ:
Սա ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեցող մոտեցում է՝ առավել եւս իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած պետության համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է պահանջվել այս միջոցառմանը, եթե չասենք շոուին, լավագույնս պատրաստվելու համար: Վաղօրոք մշակվել են հարցերը, կատարվել դերաբաշխումները եւ զգուշացվել, որ ավելորդ հարցեր չհնչեցնեն: Ընդհանուր համակարգողի պատասխանատու գործը, ըստ թերթի, ստանձնել է Քննիչ հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն էլ իշխանական պատգամավորներին նախապես հրահանգել էր՝ ինչից խոսել ու ինչ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին:
Նման պայմաններում, անշուշտ, հանձնաժողովի անաչառության մասին ավելորդ է խոսել, քանզի իշխանությունը, որ պարտության հիմնական մեղավորն է, չի կարող պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելիս լինել անկողմնակալ: Տպավորությունն այնպիսին է, որ խնդրո առարկա հանձնաժողովը հատուկ ստեղծվել է որպես Փաշինյանի քավարան: Այդտեղ վերջինիս մասնակցությունը, ակներեւաբար, հանրության աչքին «թոզ փչելու» նպատակ ուներ: Ապացույցներից մեկն այն է, որ եռժամյա «հարցաքննությունը» հեռարձակվեց գրեթե բոլոր ալիքներով: Եվ դա այն դեպքում, երբ բարձրաստիճան շատ զինվորականների ու պաշտոնատար այլ անձանց հարցաքննություններն անցել էին փակ պայմանակարգով:
Իսկ ի՞նչ էր ասում գերագույն գլխավոր հրամանատարի դիրքը զբաղեցրած անձը, որի միակ առնչությունը բանակի հետ 2016թ. ապրիլյան Քառօրյայից շաբաթներ անց 1-2 օր կամավոր հիմունքներով խրամատ փորելն է եղել: Նա սկսեց Մադրիդյան սկզբունքների ու Կազանյան գործընթացի շուրջ բանակցությունները մանիպուլացնելուց եւ հասավ մինչեւ 44-օրյա պատերազմի ընթացքի, պարտությունից եւ ցավալի կորուստներից խուսափելու հնարավորությունների, չօգտագործված պաշարամիջոցների խեղաթյուրումները: Ընդգծեց, որ իր նախորդներից վատ ժառանգություն է ստացել, ամեն ջանք գործադրել է՝ շտկելու բացթողումները, սակայն ոչինչ չի ստացվել:
Եզրահանգումը մեկն է՝ մեղավոր են բոլորը՝ նախկինները, հազարավոր դասալիքները, դիրքերը լքածները, անբարեխիղճ հրամանատարները, լրտեսական շարասյուները, բայց ոչ երբեք ինքը… Ինքը փորձում է իրեն դուրս դնել քաղաքական պատասխանատվությունից, ինչը նրան, կարծես թե, միշտ հաջողվում է, քանի դեռ իշխանության ղեկին է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հունիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նաթալի Լուազոյի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի սրման՝ մասնավորաբար սննդամթերքի մատակարարման ու հիվանդների բուժօգնության հարցը։ Գործադիրի ղեկավարը կարեւորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք եւ ԼՂՀ: Իր հերթին՝ Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու, ինչպես նաեւ լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը: Հունիսի 22-ին ԵԽԽՎ նստաշրջանում հրատապ կարգով քննարկվել է Լաչինի միջանցքի ճգնաժամը:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին եռօրյա աշխատանքային մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման օրակարգի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 19-ին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Երկուշաբթի երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ: Ընտրական մրցաշարում անցկացրած երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել եւ D խմբի աղյուսակում 6 միավորով հաջորդում է առաջատար Թուրքիայի ընտրանուն, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր:
Կապանի դատարանում հունիսի 21-ին հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար եւ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Ախունդովն ապրիլի սկզբին Նախիջեւանից Սյունիք ներթափանցած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկն է: Մյուսին՝ Ագշին Բաբիրովին, դատարանն ավելի վաղ դատապարտել էր 11,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով անօրինաբար հրազեն եւ ռազմամթերք տեղափոխելու համար։