Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տեղեկացմամբ` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա (Լեւոն) Սարգսյանը, եւ նրա զավակները ապօրինի հարստացման ու հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործով ներգրավվել են որպես կասկածյալներ: Լյովա Սարգսյանը եւ նրա դուստրը՝ Անի Սարգսյանը, կասկածվում են ապօրինի հարստացման ու հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու, իսկ Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը՝ ապօրինի հարստացման մեջ: ՀՔԾ-ն հիշեցնում է, որ անցած ուրբաթ՝ հունիսի 29-ին, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրօրի 310.1 հոդվածի 1-ին եւ 314.3 հոդվածի 2-րդ մասերով։ Սերժ Սարգսյանի եղբոր եւ նրա զավակների համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
…Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, «Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, 2017 թվականի ընթացքում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր, ուստիեւ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգով` հայտարարատու պաշտոնատար անձ: Սակայն դեսպան Սարգսյանը, ինչպես նաեւ նրա դուստրը, 2017-ի հաշվետու ժամանակաշրջանի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն ներառել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը: Հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Ինչ վերաբերում է Լյովա Սարգսյանի որդուն՝ Նարեկին, ապա նա, ըստ ՊԵԿ-ի, ընդհանրապես հայտարարագիր չի ներկայացրել, չնայած պարտավոր էր։ Նարեկի դեպքում եւս 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:
Ուշագրավ է, որ այս պահին Լյովա Սարգսյանը երկրում չէ: Նրա օգնականի ասելով` Սարգսյանն արդեն 12 օր է, ինչ բացակայում է Հայաստանից։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է նա ստորագրություն տվել՝ երկրից չհեռանալու մասին։ Եվս մեկ հետաքրքրական փաստ. ապօրինի հարստացման հոդվածով օրեր առաջ մեղադրվեց նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով ի տարբերություն Սերժ Սարգսյանի եղբոր ու նրա զավակների, ձերբակալվեց, ապա ավելի ուշ կալանավորվեց։ Լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, Ղազարյանը չէր հայտարարագրել ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իր տանը կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերված ավելի քան մեկ միլիոն դոլարը եւ կնոջ հաշիվներում եղած ավելի քան 3 միլիոն դոլարը։ Այն, որ ապօրինի հարստացման եւ կոռուպիցայի դեմ պայքարի թիրախում հայտնվել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորները, «Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը միանգամայն բնական է համարում, քանի որ, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր հորդորում իրավապահ մարմիններին, թե «պետք է գլխից բռնել», եւ այժմ այդպես էլ արվում է: Իրավապաշտպանը շեշտում է, որ գործը պետք է հասնի Սերժ Սարգսյանին, ում հովանավորությամբ իր մերձավոր շրջապատը միլիոնավոր դոլարների կարողություն է կուտակել: Հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ գործը կարող է հասնել անձամբ Սերժ Սարգսյանին, Սաքունցը պատասխանել է. «Ես շատ կզարմանամ, եթե չհասնի Սերժ Սարգսյանին: Եթե չհասնի, այդ դեպքում ինձ մոտ շատ ավելի լուրջ հարցեր կառաջանան»: «Ազատության» զրուցակցի կարծիքով` պետք է ընթացք տրվի նաեւ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին հասցեագրվող մեղադրանքներին, մասնավորապես բիզնես խլելու դեպքերին, որոնց վերաբերյալ, ըստ իրավապաշտպանի, հստակ փաստեր կան. «Ես կարծում եմ, որ այդ «50-50»-ի զոհերը պետք է հիմա խոսեն: Որովհետեւ ապօրինի հարստացման արդեն մի մասը պայմանավորված է ոչ թե պետական բյուջեի ռեսուրսների յուրացմամբ, այլ ներդրում անող գործարարների ունեցվածքը կամ եկամուտները յուրացնելու դեպքերով»,- ասել է Սաքունցը` հավելելով, որ իրավապահ մարմիները պետք է քրեական գործ հարուցեն կազմակերպված եւ համակարգային կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ, որոնց արդյունքում, ըստ Սաքունցի, պետությունը 7 միլիարդ դոլարի պարտք է կուտակել, եւ երկրից միլիարդավոր դոլարներ են դուրս բերվել:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու, ունեցվածքի ու եկամտի իրական տվյալները չհրապարակելու դեպքերը մեզանում, թերեւս, ամենատարածված հանցատեսակներից են, որոնք, սակայն, նախորդ իշխանությունների կողմից երբեք պատշաճ ուշադրության չէին արժանանում: Տարիներ շարունակ ունեցվածքի հայտարարագրման հետ կապված հանցանքը մնում էր անպատիժ, քանի որ դրանում թաթախված էին իշխանական բուրգի ամենաբարձր էշելոնի ներկայացուցիչները, եւ անպատժելիությունը, բնականաբար, գեներացնում էր նոր հանցանքներ: Ուրեմն` բուրգի գագաթից էլ պետք է սկսվի «մաքրումը», ընդորում` մեծագույն զգուշությամբ, որպեսզի այն չվերածվի վենդետայի. չէ՞ որ խնդիրն առնչվում է նախկին եւ ներկա հազարավոր պետական պաշտոնյաների ու օլիգարխների, որոնց մեծամասնությունը պարզապես օգտվել է անպատժելիության հանգամանքից: Լյովա Սարգսյանի պարագան մի փոքր այլ է: Պետության առաջին դեմքի հարազատները միշտ հանրության ուշադրության կիզակետում են, նրանք իրավունք չունեն չարաշահելու իրենց դիրքը, այդաստիճան ցցուն դարձնելու արտոնյալի ու ամենակարողի իրենց «կարգավիճակը»: Մի օր պիտի գար, եւ եկել է պատասխան տալու ժամանակը:
Յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 3-ին բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով՝ այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
…Լավ, խաղատներում դրույքներ կատարելու մոլուցքը ինչ-որ կերպ հասկանալ կարելի է՝ նախորդ իշխանության օրոք դա բավական տարածված էր: Սակայն ի՞նչ էր մտածում Արա Վարդանյանը, երբ անգթորեն ցաքուցրիվ էր անում համայն հայերից հանգանակված գումարները: Ի՞նչ պատասխան էր տալու կամ ինչպե՞ս էր դուրս գալու ահռելի այդ կողոպուտի տակից: Ո՞ւմ կամ ինչի՞ վրա էր հույսը դրել: Տնօրենի խոստովանությամբ՝ հիմնադրամի վարկային քարտից վատնած միջոցներն ինքը ետ է վերադարձրել հանգանակված գումարների հաշվին, ապա անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնարկի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել «օնլայն» խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 միլիոն ՀՀ դրամ: Այսքանը՝ ըստ իր խոստովանության, իսկ իրական պատկերը կպարզեն հիմնադրամում սկսված ստուգումները, որոնք կատարվում են հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաեւ հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու նպատակով: «Միայն քննությունից հետո պարզ կլինի՝ Արա Վարդանյանը վերադարձրե՞լ է գումարները հիմնադրամ, թե՞ ոչ»,- «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Բայց միայն այն փաստը, որ Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից՝ ընդ որում մի քանի անգամ, ըստ Վանեցյանի, արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է։ Արդարացի պատիժն, անշուշտ, չի ուշանա: Ուղղակի դժվար է պատկերացնել, թե որքան մեծ կարող է լինել այն մարդու բարոյական գահավիժումը, որն ի վիճակի է հայոց պետականության, մասնավորապես Արցախի ամրապնդման հատուկ նպատակներով հանգանակված միջոցները մսխել խաղատներում: Սա «ստվերում» է անգամ դպրոցականների հանգանակությամբ բանակի համար հավաքված մթերքի հափշտակման տխուր պատմությունը, որի գլխավոր «հերոսը» գեներալ Մանվել Գրիգորյանն է: Տեսնենք ուրիշ էլ ինչ տհաճ անակնկալներ են ի հայտ գալու Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության հետագա բացահայտումների արդյունքում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Աղմկահարույց «Մարտի 1»-ի գործը` ողբերգական դեպքերից 10 տարի անց, վերակենդանացման միտումներ է դրսեւորում: Ինչպես «Ազատությանը» փոխանցել են Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիր է ուղարկվել այդ գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելու համար: Այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներից այսօր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի խոստումը, ըստ երեւույթին, կյանքի է կոչվում` առաջին անգամ կհարցաքննվի իրադարձությունների առանցքային դերակատարը` Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել էին Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ու դրա մերձակայքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկիզբ առած բախումների հետեւանքով տասը հոգի զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
…Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ իրենց գերատեսչությունը քաղաքական կամք ունի` բացահայտելու «Մարտի 1»-ի գործը: Իսկ հուլիսի 3-ին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց ու կալանքի միջնորդություն ներկայացվեց դատարան։ Սակայն, ՀՔԾ ղեկավարի խոսքով, այս պահին գեներալ Հարությունյանը Հայաստանում չէ, ինչպես նաեւ Հայաստանում չէ որպես վկա հարցաքննության կանչված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն տասը տարի է, ինչ քննում է 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, հայտարարեց նոր բացահայտման մասին։ Ըստ այդմ`պաշտպանության նախկին նախարարին` այլ անձանց հետ, առաջադրվել է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանք: Դատարանը որոշում է կայացրեց երկու ամսով կալանավորել նրան։ Չորեքշաբթի` հուլիսի 4-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս Սասուն Խաչատրյանը նշել է, որ հարցաքննության հրավիրվել են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւէ տվյալ հայտնել «Մարտի 1»-ի գործի հետ կապված։ «Որեւէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա, եւ հուսամ, որ դուք արդեն համոզվել եք դրանում»,- ասել է Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է հարուցված նոր գործին, ապա ՀՔԾ-ն հաղորդում է, որ Միքայել Հարությունյանը 2008-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։ Նրա ստորագրած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», եւ «երկրի բնականոն զարգացումն» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Խնդրո առարկա հրամանով ՀՀ զինված ուժերի կազմից ստեղծվել են նաեւ բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով: «Համաձայն Հարությունյանի ստորագրած հրամանի, Երեւանում փաստացի սահմանված ռազմական դրության եւ Զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձեւավորվել է զինվորական կառավարման նոր կառույց,- հաղորդում է ՀՔԾ-ն` շարունակելով. -Այդ կառույցի միջոցով իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ, որով Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել Երեւանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր»: Ըստ նախաքննական մարմնի, փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում Զինված ուժերը եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի ու հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: «Մարտի 1-ին հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ հատուկ միջոցների գործադրման հետեւանքով հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ: Պետությանը, Երեւան համայնքին ու քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք եւ ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին»,- այնուհետեւ հաղորդում է ՀՔԾ-ն: Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ 2008թ. փետրվարի 19-ին անցկացված՝ ՀՀ նախագահի ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրակեղծիքներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները։ Այս պատճառով էլ ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից եւ դուրս եկել փողոց՝ բողոքի ակցիաների։ Ընդ որում, այս ընտրախախտումները հանրությունը վերագրել է այդ ժամանակ դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին։
Հուսանք՝ մարտիմեկյան թնջուկն, ի վերջո, կբացահայտվի, եւ բոլոր մեղավորները՝ անկախ դիրքից ու պաշտոնից, կստանան իրենց արժանի պատիժը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը