Monday, 25 November 2024

W Weekly Update

8-15 հուլիսի 2023թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նիկոլ Փաշինյանը սկսել է հերթով ոչնչացնել հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» հիմնասյուները. հուլիսի 1-ին իշխանությունը՝ ի դեմս ԱԺ քաղաքական մեծամասնության, Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկեց վերջին ընդդիմադիր պատգամավորին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին: Անցած տարի, երբ իշխանությունը ԱԺ փոխխոսնակի ու տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացրեց Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին, Թովմասյանը խորհրդարանական հանձնաժողով ղեկավարող միակ ընդդիմադիր պատգամավորն էր մնացել, այսպես ասած՝ վերջին մոհիկանը:

Այդպիսով՝ Դոնթի բանաձեւով ԱԺ ընդդիմությանը հասանելիք պաշտոնների քվոտան ամբողջապես զրոյացվեց՝ զրոյացնելով նաեւ խորհրդարանական ժողովրդավարությունը, որով իշխանությունները շատ էին սիրում գլուխ գովել: Մեծ հաշվով, իշխանության եւ ընդդիմության ջրերը «մեկ առվով» երբեք չեն հոսել. առաջինը կռվարար է ու իրասածի, երկրորդը՝ չհանդուրժող ու համառ: Յոթերորդ եւ ութերորդ գումարումների ԱԺ նիստերի դահլիճն իր օրում բազմաթիվ վիճաբանություններ, հայհոյանքներ ու լեզվակռիվներ է տեսել, երբեմն նաեւ՝ ձեռնամարտեր, որոնց ստիպված էին լինում միջամտել եւ կողմերին իրարից բաժանել ԱԺ անվտանգության ծառայողները:

Թագուհի Թովմասյանն, ըստ էության, կազմակերպված, սկզբունքային պատգամավոր է, ընդդիմադիր գործընկերների վստահեցմամբ, լավ էր կատարում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Նա խորհդարան էր եկել ՔՊ-ի համամասնական ցուցակով, բայց 2020-ին դուրս էր եկել խմբակցությունից եւ անդամակցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝  հայտարարելով, որ հայրենիք հանձնողների հետ ինքը ճանապարհ չունի անցնելու: Նա տեղի ունեցածը պարզ քաղաքական վրեժխնդրություն է համարում, ընդ որում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Թովմասյանի լիազորությունների դադարեցման առնչությամբ նույն օրը տարածած հայտարարության մեջ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ մեծամասնություն կազմող ուժի կողմից ներկայացված նախագիծը գնահատել է որպես ՔՊ-ական իշխանության օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկը. «Ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումները շինծու են եւ զրպարտչական, գործընթացն ինքնին քաղաքական է եւ միտված ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու նպատակին»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Հատկանշական է, որ հուլիսի 11-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որը զույգ ընդդիմադիր խմբակցությունները լրիվ կազմերով բոյկոտել էին, քննարկում՝ որպես այդպիսին, տեղի չունեցավ, Թովմասյանի հասցեին քննադատական խոսք կամ ելույթ չհնչեց, նրան ուղղված որեւէ հարց չծագեց (առողջական խնդիր ունենալու պատճառով ինքը նիստին չէր մասնակցում): Հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը կարճ ելույթով ներկայացրեց իշխանության «հիմնավորումները», թե Թովմասյանը ԱԺ խորհրդի մի շարք նիստերի չի մասնակցել, անտարբերություն է ցուցաբերել իր պարտականությունների հանդեպ եւ այլն: Տպավորություն էր, թե մարդուն առանց հիմնավոր պատճառի հեռացնում են պաշտոնից:

Եվ սա առաջին դեպքը չէ: Ճիշտ նման անբովանդակ հիմնավորումներով էր Փաշինյանի իշխանությունը նախորդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկել ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի անողոք քննադատներից էր։ Ըստ երեւույթին, սա ոմանց համար ուղղակի աշխատաոճ է՝ անհաճո, այլ մոտեցումներ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց զրկել լծակներից՝ անգամ եթե դրանք երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ:

 

Հայաստանում վերջին շրջանում աննախադեպ եւ խիստ արատավոր մի երեւույթ է գլուխ բարձրացրել՝ ոստիկան-փաստաբան հակամարտությունը: Ծառայության բերումով ծագող վեճ-վիճաբանությունների ժամանակ կողմերից մեկի նյարդերը տեղի են տալիս, ու վեճերը երբեմնակի վերածվում են ծեծի: Եվ քանի որ իր պաշտպանյալի խնդրով ավելի հաճախ փաստաբանն է այցելում ոստիկանական բաժին, քան՝ հակառակը, բռնության թիրախում հայտնվողը գրեթե միշտ «հյուրընկալվող» կողմն է լինում՝ փաստաբանը:

Ոստիկան-փաստաբան խորացող դիմակայությունը հաղթահարելու առիթով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ընդդեմ ոստիկանական բռնությունների» արդեն երկրորդ անգամ գործադուլ հայտարարած բողոքավոր փաստաբաններին: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ստորագրել համատեղ հուշագիր, որով կստեղծվի ոստիկաններից ու փաստաբաններից կազմված արագ արձագանքման հանձնախումբ՝ արձագանքելու համար ոստիկանական բռնությունների դեպքերին։ «Կան պաշտոնական հավաստիացումներ, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների դեպքեր այլեւս չեն կրկնվի»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ոստիկանական բաժանմունքներում իրենց պաշտպանյալների եւ իրենց նկատմամբ բռնությունների մասին փաստաբանները սկսել են ահազանգել դեռ այս տարվա սկզբից: Առաջին միջադեպը փետրվարին էր. Էրեբունու ոստիկանական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ու նրանց անչափահաս պաշտպանյալներին։ Իսկ վերջինը՝ մեկ ամիս առաջ. Կենտրոնի բաժնում բռնության էին ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանն ու նրա պաշտպանյալը։ Այս երկու դեպքերով քրեական գործեր էին հարուցվել։ Կարեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին խոշտանգելու գործով երկու ոստիկանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, կասեցվել է նրանց պաշտոնավարումը։

Փաստաբանները նշում են, որ ոստիկանական բաժանմունքներում բռնությունները տեղի են ունենում ՆԳ փոխնախարար, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի թողտվությամբ, որի հրաժարականի պահանջի տակ ստորագրել է Հայաստանի 2.600 հոգանոց փաստաբանական համայնքի ավելի քան 500 անդամ: Ցույցի մասնակիցները Հովհաննիսյանին հռչակել են «փաստաբանների թշնամի» եւ այդ մակագրությամբ վկայականը ոստիկանության ծառայողների միջոցով փոխանցել նրան։ Ոստիկանական համակարգի այլասերվածությունը, որի բացասական հետեւանքներն այսօր սկսել են տարածվել նաեւ փաստաբանների վրա, չի կարելի նորություն համարել:

Ուժային կառույցների ներկայացուցիչների՝ հատկապես գույնզգույն բերետավորների այլասերվածությունն ու լպիրշությունը ոչ այնքան հեռավոր «թավշյա» ժամանակների ծնունդ են, որոնք՝ անցնելով «ասֆալտին փռելու», «պատերով տալու» բոլորիս հայտնի փորձությունների միջով, հասան ՀՀ բոլոր քաղաքացիներին, փաստաբաններին, մինչեւ անգամ զոհված զինծառայողների սեւազգեստ մայրերին: Ականջիս մեջ մինչ օրս դեռ հնչում է նրանցից մեկի մորմոքը. «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա, խփում էին մեզ, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ տանում էին եւ ուժով խցկում ոստիկանական մեքենաները»: 21 սեպտեմբերի 2022թ., Եռաբլուր:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը։ Այս հանդիպումը թեեւ նախատեսված էր հուլիսի 21-ին, բայց, փաստորեն, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն ավելի շուտ հանդիպեցին։ Վերջին անգամ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են մայիսի 14-ին, ապա հունիսի 1-ին Քիշնեւում՝ արդեն հնգակողմ ձեւաչափով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ, 7 ուժային գերատեսչությունների ղեկավարներ հուլիսի 10-ին քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շարունակվող նախահարձակ քաղաքականության հետեւանքով խորացող հումանիտար եւ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախագահ Էմանյուել Մակրոնի հրամանով հուլիսի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Օլիվյե Դեկոտինյին։ Դիվանագետը մինչ այս Էրբիլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն էր։ Նա Թվիթերում արդեն գրել է, որ ավարտում է առաքելությունը Իրաքի Քուրդիստանում: Դեկոտինյին ՀՀ-ում պաշտոնը կստանձնի հուլիսի 21-ից։ Ֆրանսիայի դեսպանատնից «Ազատությանը» հայտնեցին, որ գործող դեսպան Անն Լույոն պաշտնոնից հեռանում է «անձնական պատճառներով»։ Նա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր 2021-ի օգոստոսից:

«Հայաստանը պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարություններն ամրագրի թղթի վրա»,- հուլիսի 11-ին Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը։ «Եթե անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի բոլոր բաղադրիչները՝ ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Այժմ եկել է այդ խոսքերը թղթի վրա ամրագրելու ժամանակը, որպեսզի դրանց տակ ստորագրություններ դրվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հաստատված իրադրությունը, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը՝ ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությունը՝ միջազգային ներգրավմամբ: Անդրադարձել է եղել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը եւ այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով հուլիսի 13-ին Լիսաբոնում էր: Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիայի իր պաշտոնակցի, ինչպես նաեւ օրենսդիր թեւի ներկայացուցիչների հետ եւ այցելել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.