Thursday, 02 May 2024

W Weekly Update

22-29 օգոստոսի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը վարչապետը նշել է, որ կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, «եւ սա սկզբունքայնորեն կարեւոր նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար»: Ռազմավարական առումով Փաշինյանը կարեւորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, այլեւ սոցիալական այդ չարիքի կանխարգելման հստակ գործող մեխանիզմների ներդրումը` այն հաշվով, որպեսզի այն` «իբրեւ հանրային խնդիր, ընդհանրապես չլինի օրակարգում»:

Քննարկվել են նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, հակակոռուպցիոն կրթության ու իրազեկման հարցեր:

…Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչպես հայտնի է, իշխանության եկավ առանցքային մի շարք կարգախոսներով, որոնցից էր կոռուպցիայի եւ քրեաօլիգարխիայի դեմ պայքար մղելու հավաստիացումը: Միանգամից նշենք, որ «թավշյա» հեղափոխությունից ի վեր անցել է ավելի քան երկու տարի, բայց հայտարարված պայքարի արդյունքները թե´ կոռուպցիայի ուղղությամբ, թե´ քրեաօլիգարխիկ համակարգում այնքան էլ փայլուն չեն: Կփորձենք այսօրվա իրականության հետ համադրել կոռուպցիան արմատախիլ անելու մասին վարչապետի նախընտրական խոստումները եւ ցույց տալ երկրում կոռուպցիոն երեւույթների հետ կապված իրավիճակը: Այո, խնդիրը վաղուց գոյություն ուներ եւ այն լուծելու ուղղությամբ գործող իշխանություններն անցած երկու տարում որոշակի աշխատանք կատարել են: Բայց` այնքան աննկատ, որ փոփոխությունները գրեթե տեսանելի չեն: Ըստ էության, փոխվել է կոռուպցիայի ձեւը` դառնալով ավելի «թափանցիկ», բովանդակությունը մնացել է նույնը: Մեր ակնարկը բարձրաստիճան պաշտոնյաներին ու պետական ծառայողներին` իբրեւ աշխատավարձի հավելում, տրվող պարգեւավճարների մասին է:

Մեծ հնչեղություն ստացած պարգեւավճարների թեման, որը սկիզբ էր առել 2018 թվականի վերջերից, մինչեւ օրս չի կորցրել իր հրատապությունը եւ հանրության մեջ բնորոշվում է որպես «օրինականացված կոռուպցիա»: Այդ խնդրին հասարակության սեւեռվածությունը պայմանավորված է նախեւառաջ բաշխվող պարգեւավճարների աննախադեպ բարձր չափերով ու հաճախականությամբ: Տարակուսանք է հարուցում հատկապես այն, որ պաշտոնյաների բազային աշխատավարձերն օրինական կարգով բարձրացնելու փոխարեն` նրանց անխտիր գումար են բաժանում, անունն էլ դրած պարգեւավճար: Կապ չունի` լա՞վ աշխատող է, վա՞տ աշխատող է, կատարո՞ւմ է իր պարտականությունը, թերակատարո՞ւմ է: Որոշված է, եւ վերջ: «Եթե ժողովուրդը մտածում է, որ պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը վատ որոշում է, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է: Նա կարող է նոր հեղափոխություն անի, մեզ էստեղից քշի, բերի հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում եւ լափում էին պետական բյուջեն»,- հանրային ընդվզումներին այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը: Սա նրա մանիպուլյատիվ հնարքներից մեկն է:

Իրականությունն այն է, որ Փաշինյանը նույն պետական բյուջեից, որը «լափում» էին նախկինները, «կաշառում» է իրեն հավատարմորեն ծառայող թիմակիցներին եւ մյուս պաշտոնյաներին ու պետական աշխատողներին: Իսկ բաշխվող գումարները բավական տպավորիչ են: Այսպես` 2019-ին ոստիկանությունում պարգեւավճարների ընդհանուր չափը կազմել է 8,8 մլրդ դրամ, ՊԵԿ-ում` 5,6 մլրդ, քաղաքապետարանում` 1,7 մլրդ, ԱԺ-ում` 1,4 մլրդ դրամ եւ այլն: Ամփոփ ասած` պետական ապարատում անցած տարվա պարգեւավճարների ընդհանուր չափը գերազանցել է 30 միլիարդ դրամը: Իսկ 2020-ի պետբյուջեում, մամուլի տվյալներով` «չնախատեսված ծախսեր» հոդվածով զուտ պարգեւավճարների համար 120 միլիոն դոլար է հատկացված:

Բերենք ուշագրավ եւս մեկ թիվ, որը տնտեսական լրագրողների հետ հանդիպմանն օրերս հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահը: Ըստ այդմ` վերջին երկու տարում մեկ աղբյուրից պետգնումներն աճել են 72%-ով: «Պետական գնումները կոռուպցիայի համար ամենագայթակղիչ ոլորտն են: Ինչպե՞ս մենք հավատանք, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ կամ` իբր, համակարգային կոռուպցիա չկա»,- իր մեկնաբանության մեջ շեշտել է բազմափորձ Քոչարյանը: Կոռուպցիայի շուրջ պատկերը կամբողջանա, եթե վերոնշյալին հավելենք մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան արտահանված եւ Կրասնոդարի օդանավակայանում առգրավված ծխախոտի խոշոր խմբաքանակների մասին ապրիլին մամուլում շրջանառված տեղեկությունները: Որոշ լուրերի համաձայն` աղմկահարույց բիզնեսի հետեւում Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ու մերձավորներն են. կինը` Աննա Հակոբյանը, աներձագը` ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, եղբայրը` Սիփան Փաշինյանը:

Ինչ վերաբերում է քրեաօլիգարխիայի դեմ պայքարին, որը եւս Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից է, ապա կարելի է այն նույնպես ձախողված համարել: Վարչապետի աթոռին նստելուց հետո Փաշինյանը փոխեց նրանց նկատմամբ ոչ միայն վերաբերմունքը, այլեւ եզրութաբանությունը` օլիգարխի փոխարեն գործածելով գորովալից` «սեփականատեր» եզրը: Սրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը։ «Այսօրվա այս հանդիսավոր արարողությունն այն մասին է, որ գերմարդկայինը մեզ համար այլեւս մարդկային է, առօրեական, աշխատանքային, եւ մեր այսօրվա պարգեւատրվողները դրա վառ ապացույցն են, դրա օրինակը եւ առհավատչյան»,- իր ելույթում նշել է վարչապետը:

Նրա միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգեւատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 27-ին հանդիպել է երկրի մշակութային հաստատությունների մի շարք ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել եւ լուծումներ գտնել:

«Շատ դեպքերում մարդիկ նյութական դժվարությունները հաղթահարելու են, բայց եթե մշակութային կյանքը սահմանափակվի կամ գոյություն չունենա, համարյա անհնար է լինելու ապրել»,- ասել է Սարգսյանը` մշակութային հաստատությունների ղեկավարներին առաջարկելով ժամանակավորապես օգտագործել նախագահական նստավայրի շենքի եւ բացօթյա տարածքի հնարավորություններն իրենց ծրագրերի իրականացման համար:

Օգոստոսի 26-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումներն ու այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Մարտական հենակետը ստուգելու նպատակով հայ սպա Գուրգեն Ալավերդյանը օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել եւ հայտնվել էր հակառակորդի տարածքում, որտեղ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ հինգ տարբեր հոդվածով: Ադրբեջանի կողմից Ալավերդյանի առաջադրված բոլոր մեղադրանքները, ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի, անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը` անորակ ավանդական բեմադրություն: Խոսնակի փոխանցմամբ` ՊՆ-ը մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ եւ շարունակում է ինտենսիվ կերպով աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված զինծառայողին ներկայացնում է որպես դիվերսանտ, ինչը հայկական կողմը հերքել է:

17 April 2023
10 April 2023
03 April 2023
28 March 2023
22 March 2023
13 March 2023

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.