Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ինչպես եւ սպասվում էր, իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանում վարչապետ աշխատող անձը: Վերջին ամիսներին այդ քաղաքի անունը ՀՀ-ում հաճախակի է հոլովվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Գրանադայում հոկտեմբերին նախատեսվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հովանու ներքո պետք է երկու հակամարտ երկրների միջեւ ստորագրվեր կամ նախաստորագրվեր «Խաղաղության պայմանագիր» անունով, բայց էությամբ թալանչիական մի փաստաթուղթ:
Համենայնդեպս՝ պայմանագրի մասին Հայաստանում այդպիսի պատկերացում ունի փաստաթղթի «երեսը» տակավին չտեսած գրեթե յուրաքանչյուր ոք: Մարդիկ չգիտեն՝ ինչ նախագիծ է ներկայացված: Փոխարենը քաջածանոթ են այն ներկայացրած ՔՊ-ական իշխանության եւ նրա առաջնորդի ապիկարությանը, բարի, ազգօգուտ գործի համար Փաշինյանի անպիտանելիությանը: Եվ, դրանից դատելով էլ, չեն վստահում վերջինիս ստորագրելիք փաստաթղթին, նրա բովանդակությանը: Բացի այդ, փորձագիտական մակարդակով կան պնդումներ, թե խաղաղության պայմանագրի մեկ տասնյակի չափ կետերը ադրբեջանանպաստ են, քանի որ Բաքվում են մշակվել, իսկ հայկական կողմի առաջարկները՝ մերժվել:
Վերջնարդյունքում «Խաղաղության պայմանագրի» նախագծում տեղ են գտել Երեւանի համար անընդունելի հայեցակետեր, որոնցից մեկը Տավուշի մարզի բոլոր 6 անկլավների, ինչպես նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հանձնումն է: Սա կնշանակի միջպետական երկու ճանապարհ՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վրաստանի եւ Իրանի կարեւոր ուղղությունները զիջել թշնամուն, որի նպատակը Հայաստանին ուզած ժամանակ աքցանի մեջ շնչահեղձ անելն է, ինչպես վարվեց Արցախի հետ: Գրանադայում ԵՄ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հոկտեմբերի վերջերին եռակողմ ձեւաչափով հանդիպել Բրյուսելում, որին Ալիեւը կանխավ տվել էր իր համաձայնությունը:
…Եվ այսպես՝ Փաշինյանը պատրաստակամ ժամանեց Գրանադա՝ ստորագրելու իր երազանքների պայմանագիրը: Հանձնվողական, այլանպաստ թղթեր ստորագրելը նրա տարերքն է. գագաթաժողովի շրջանակներում նախատեսված էր հնգակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Եվրամիության խորհրդի նախագահի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ, բայց… Բաքվի միապետը վերջին պահին հրաժարվել էր մեկնել: Պատճառը, ըստ Բաքվի, Ֆրանսիայի «ապակառուցողական դիրքորոշումն» է (նկատի ունի՝ հայամետ-Գ.Լ.), ինչպես նաեւ Փարիզի եւ Բեռլինի անհամաձայնությունը Գրանադայի հանդիպմանը Թուրքիայի մասնակցության մասով:
Ինչեւիցե՝ քառակողմ հանդիպումը կայացավ, որի նպատակն ընթացիկ իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարների ու ԵՄ անելիքների, ինչպեսեւ ԵՄ-Հայաստան օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցերի քննարկումն էր։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է հռչակագիր, որով ԼՂ-ում հոկտեմբերի 19-20-ը տեղի ունեցածը բնորոշվել է «զանգվածային տեղահանություն»: Հայտարարությունում ԵԽ նախագահը, Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը»։
Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին ու Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու, ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար: Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, «քանի որ այն բախվում է ԼՂ-ի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետեւանքներին»։ Ընդգծվեց, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ եւ իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որեւէ պայմանների, միջազգային մշտադիտարկման ներքո:
Անշուշտ, խոստումները, տուժածներին ֆինանսական հատկացումները եւ մյուս-մյուս աջակցությունները կարեւոր են, բայց ցեղասպան եւ ռազմատենչ պետության նկատմամբ ավելորդ մեղմ վերաբերմունք, հանդուրժողականություն չպետք է թույլ տրվի, որովհետեւ դա նրան լկտիացնում է: Ադրբեջանը բացեիբաց հայերի էթնիկ զտումների քաղաքական ուղեգիծ է որդեգրել եւ հետեւողականորեն առաջ է գնում, իսկ ռազմական հանցագործի ձեռքը բռնող չկա: «Կոյուղին» խցանվել է, այն բացելու եւ «կեղտը» միանգամից հեռացնելու փոխարեն ամեն օր բնակարանի ապականված ներսն ենք մաքրում: Բա եղա՞վ:
Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն պատգամավորների 60 կողմ, 22 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը եւ դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դեմ քվեարկողները խորհրդարանի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն էին: Հիշեցնենք, որ Հռոմի Ստատուտի աղմկահարույց պատմությունը բազմիցս արծարծվել է մամուլում եւ հանրությանը քաջածանոթ է այն համատեքստում, որ վերջին շրջանում, ի շարս հակառուսականության այլ խոսույթների, նոր փորձաքար էր դարձել հայ-ռուսական փոխհարաբերություններում:
Որքան էլ հայկական կողմը փորձում էր համոզել, որ փաստաթղթի վավերացումը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի եւ նրա ղեկավարի դեմ, Կրեմլը հակառակն էր պնդում՝ վավերացումը լուրջ մարտահրավեր է եւ ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա: ՀՀ ԱԺ-ում հարցի քննարկումից առաջ պաշտոնական Մոսկվան արդեն զգուշացրել էր «հետեւանքների» մասին, որոնք, ըստ էության, 8 կետից բաղկացած պատժամիջոցներ են: Դրանց ամբողջական ցանկի կիրառումը կարող է ուժգին հարված հասցնել ՀՀ տնտեսությանը, անվտանգային համակարգին, բնակչության բարեկեցությանը, ինչպես նաեւ կաթվածահար անել երկրի կենսագործունեության մի շարք կարեւոր ոլորտներ:
Փորձենք հիշողությամբ վերարտադրել ցանկում մատնանշված պատժամիջոցներից մի քանիսը. ա/ ՀՀ մատակարարվող ռուսական գազի սակագնի բարձրացում՝ ընդհուպ մինչեւ ոչ բարեկամական երկրների համար սահմանված գների չափով, ինչն այսօրվա սակագնի գրեթե տասնապատիկն է; բ/ Մեծամորի ԱԷԿ-ի գործունեության համար միջուկային վառելիքի մատակարարման դադարեցում; գ/ Ռուսաստան աշխատելու եկած բոլոր հայ միգրանտների արտաքսում; դ/ ՀՀ-ից Ռուսաստան գյուղմթերքների արտահանման, ինչպես նաեւ ՌԴ-ից Հայաստան սննդամթերքների ներկրման կասեցում եւ այլն: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը դիպուկ խոսք ունի՝ Ռուսաստանը վատ դաշնակից է, սակայն սարսափելի թշնամի է: Ա՛յ, սրանից պիտի զգուշանալ:
Շաբաթվա ամենաքննարկված թեմաներից մեկն էլ ադրբեջանական կողմի հրավերով (անշուշտ՝ նաեւ ֆինանսներով) հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի փորձագետների ուշացած այցն էր հայաթափված Արցախ: Առաքելության նպատակն էր տեղում ծանոթանալ իրավիճակին եւ որոշել «բնակիչների մարդասիրական կարիքները»: Այդ մասին նույն օրը հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը՝ շատերի համար պարզ դարձնելով, որ Ադրբեջանը գործի է գցել իր հանրահայտ «խավիարային» դիվանագիտությունը: Սա շուրջ 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան՝ ամենաառաջինը եւ ամենաանպատեհը, քանի որ ժողովրդի բռնի տեղահանության 10-րդ օրը Արցախում միայն ուրվականներ կարելի էր տեսնել:
Հաղորդագրության մեջ գործակալությունը ոչինչ չասող ձեւակերպմամբ նշում է, որ առաքելության կազմում ընդգրկված են կառույցի «տարբեր ներկայացուցիչներ»: Թե որ կոնկրետ երկրներն են ներկայացնում ՄԱԿ-ի սույն առաքյալները՝ APA-ն բազմանշանակ լռում է: Դու մի ասի՝ լռելու պատճառ կա, ընդ որում՝ բավական ծանրակշիռ. Արցախ ժամանած՝ ՄԱԿ-ի «տարբեր ներկայացուցիչները» Բաքվում հավատարմագրված եւ Ադրբեջանի բարեկամ հանդիսացող երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Պակիստանի, Ալբանիայի դիվանագիտական ճակատի ծառայողներ են։
Ակնհայտ է, որ Արցախ այցելած՝ ՄԱԿ-ի դիտորդներն ամեն կերպ փորձելու են տեղում ծածկադմբոց սարքել՝ պարտակելու համար Ադրբեջանի կատարած վայրագություններն ու ցեղասպանական մյուս գործողությունները, որպեսզի դրանք չներկայացվեն իբրեւ ԼՂՀ հայերի էթնիկ զտում։ Այս ճշմարտությունը բացահայտվելու դեպքում Ադրբեջանը պետք է ենթարկվի խստագույն պատժամիջոցների՝ ընդհուպ մինչեւ քրեական հետապնդման, իսկ նման բան Արեւմուտքը չի կարող անել իրեն էներգակիրներ մատակարարող երկրի ու նրա «առատաձեռն» ղեկավարության նկատմամբ, ինչը պարզ երեւում է նաեւ ՄԱԿ-ի հապճեպ պատրաստած եւ հրապարակած զեկույցից:
Ըստ էության, յուրայինների խումբը ժամանել էր Իլհամի ճակատից ցեղասպանի խարանը մաքրելու համար: Զեկույցում արձանագրված է, որ այդ օրվա դրությամբ Արցախում կարող է մնացած լինել 50-1000 էթնիկ հայ: Ընդհանրապես՝ ընդունված չէ պաշտոնական փաստաթղթերում նման մեծ միջակայքով թվեր ներկայացնել, որովհետեւ արժանահավատ չեն, ուստիեւ կասկածահարույց: Տարակուսելի է, որ դիտորդները Ստեփանակերտում «քաղաքացիական ենթակառուցվածներին, կրոնական, մշակութային կառույցներին, բնակելի շենքերին հասցված վնասներ» չեն տեսել, իսկ «քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի մասին չեն լսել»։ Մինչդեռ բազմաթիվ տեսանյութեր, հարցազրույցներ, փաստացի հակառակն են ապացուցում:
ՀՀ փորձագիտական շրջանակներում տիրապետող համոզմունք կա, որ հայկական կողմը, ՄԱԿ-ի զեկույցին ի հակակշիռ, պետք է ներկայացնի հակազեկույց՝ իրականության ճշմարտացի փաստագրմամբ: Նշված շրջանակները կարեւոր են համարում, որ ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները կարողանան միջազգային ատյաններին հասցնել Արցախում ողջ տեղի ունեցածի մեր խոսույթը՝ սկսելով նրանից, թե ինչպես եւ ինչու է արցախահայությունը լքել նախնիների երեքհազարամյա բնօրրանը, թողել իր լիքը տունուտեղը, հրաշակերտ բնությունը, հողն ու ջուրը, եւ հաշվված օրերի ընթացքում մազապուրծ հասել Հայաստան:
Այս հարցն իրենց պետք է տան եւ փորձեն պատասխանը գտնել բացարձակապես բոլորը՝ միջազգային հանրություն կոչվածից մինչեւ Հայաստանի ամենահետին փնթփնթանները, որոնք անամոթաբար խեթում են դժբախտության մեջ հայտնված իրենց արյունակիցներին՝ փոխանակ ապրումակցելու, մի ջերմ, սփոփիչ խոսք ասելու եւ նրա հետ կիսելու հացի վերջին պատառը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն է տվել ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւին, որը կոչ է անում ԵՄ-ին ու անդամ երկրներին՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ԼՂ-ում հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը՝ բանաձեւը նաեւ հորդորում է հետաքննել Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները, որոնք կարող են պատերազմական հանցագործություն դիտարկվել։ Փաստաթուղթն ընդունվել է քվեների 491 կողմ, 9 դեմ եւ 36 ձեռնպահ հարաբերակցությամբ։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարգավորման առանցքային հարցն էր, սակայն Հայաստանն ինքը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս»,- հոկտեմբերի 5-ին Սոչիում ընթացող «Վալդայան» ամենամյա համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։ Ռուսաստանի նախագահի խոսքով`«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից այդ տարածաշրջանը Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետեւանքն էին»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Եվս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Հուսով եմ՝ կողմերի միջեւ բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն ամուր համաձայնության, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,- ասել է նա՝ հավելելով. «Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի համար»:
Պաշտոնական Բաքուն ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին, ինչպես նաեւ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին ահաբեկչության մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊԱԾ-ն՝ նշելով, որ ղարաբաղցի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 7 հոդվածով, այդ թվում «կազմակերպված խմբի կազմում ահաբեկչության», «անօրինական զինված խմբերի ստեղծման» եւ «ահաբեկչության ֆինանսավորման» հատկանիշներով: Բաքուն ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել առնվազն 9 հոդվածով։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հոկտեմբերի 1-3-ը Թեհրանում էր աշխատանքային այցով, հանդիպել է Իրանի ԱԱ բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանի զարգացումներին առնչվող հարցեր: Գրիգորյանին ընդունել եւ նրա հետ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ զրույց է ունեցել նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Երկուստեք կարեւորվել է հայ-իրանական հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը:
Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ անխափան երթեւեկության համար։ Այդ մասին հոկտեմբերի 4-ին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հարցերին։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա հայերը, հավանաբար, մեզ սխալ են հասկացել, ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին եւ ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»,- ասել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ընդամենը 22 արցախցի հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Ղարաբաղի վերաինտեգրման գործընթացին: ՀՀ կառավարության հրապարակած վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունից հետո Հայաստան է տեղափոխվել 100 հազար 632 արցախցի: