Monday, 25 November 2024

W Weekly Update

7-14 հոկտեմբերի 2023թ.

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ընթացիկ շաբաթը մեկնարկեց լրատվադաշտում մեծ աղմուկ հանած մի թեմայի քննարկմամբ, որն առնչվում է դպրոցական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում զետեղված քարտեզին, որտեղ գրքի հեղինակը՝ Սմբատ Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի ժամանակահատվածի՝ Ք. ա. 80 թվականի քարտեզի վրա ներկայացրել է ներկա աշխարհաքաղաքական քարտեզը՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ, նույնիսկ, Ադրբեջանի տարածքներով, ընդ որում՝ վերջինիս տարածքում ներառելով Արցախը: Այս հանգամանքը լուրջ դժգոհություն էր առաջացրել թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ հասարակության լայն հատվածի շրջանում:

Փորձագիտական եւ հանրային տրտունջներին արձագանքել է դասագրքի հեղինակային խումբը՝ հայտարարելով, որ քարտեզի խնդրո առարկա տարբերակը հրատարակվել է՝ առավել պատկերավոր ցուցադրելու ժամանակակից երկրների տարածքները՝ մ.թ.ա. ժամանակահատվածում՝ Տիգրան Մեծի ստեղծած հայկական կայսրության տարածքում: Ըստ դասագրքի հեղինակային անձնակազմի, իրենց մտադրությունները բարի են եւ ամեն ինչ արվել է, որպեսզի աշակերտները դյուրին յուրացնեն առարկան: Թերեւս՝ կարելի էր կատարվածն ընդունել որպես մեթոդաբանական հնարք եւ առաջ անցնել, բայց այստեղ մի մեծ, չարդարացված «բայց» կա:

Նախ սկսենք նրանից, որ ուսումնական ձեռնարկի հեղինակը պետք է շատ վառ երեւակայություն ունենա, որպեսզի մեր թվարկությունից առաջ 80-ական թվականները պատկերող քարտեզում որեւէ համատեքստում հիշատակի Ադրբեջան կոչվող երեկվա պետության անվանումը: Եվ երկրորդ՝ վերջինիս տարածքում՝ առանց գծանշման, ներառի Լեռնային Ղարաբաղը (Արցախ), որը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել: Մասնագետները դասագրքում մի քանի տասնյակ աղավաղումներ, աղճատումներ եւ այլ կարգի դիտողություններ են մատնանշում, ավելին՝ առաջարկում են խոտանել գիրքը, իսկ հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկել:

Անունը դրել են «Հանրակրթական պետական նոր չափորոշիչ», ու դրա ծխածածկույթի հետեւում խեղաթյուրում են աճող սերնդի հայրենասիրական ոգին, աշխարհընկալումը, քամահրում մեր ազգային, պատմամշակութային արժեքները: Ապշել կարելի է՝ որտեղի՞ց այսքան թրքամտություն հայ պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ տվյալ դեպքում ԳԿՄՍ նախարարի ու նրա թիմի գեներում եւ որտեղի՞ց այսքան հակակրանք, թույն ու ատելություն ամեն հայի եւ հայեցիի նկատմամբ: Հանրությունը դեռ չի հասցրել «մարսել» 5-րդ դասարանի «Հայոց լեզու» դասագրքի շապիկի շուրջ դարձյալ մեծ աղմուկ հանած պատմությունը, հիմա էլ՝ սա:

Հիշեցնենք, որ խոսքը երկու ամիս առաջ նշյալ ուսումնական ձեռնարկի փոփոխված կազմի մասին է, որի վրա Հայաստանի դրոշի փոխարեն նոր գրքի կազմը ձեւավորվել է ադրբեջանական դրոշի գույներով: Այսքան պատահականություններ չեն կարող լինել, եւ այս ամենի անմիջական պատասխանատուն ԳԿՄՍ նախարարությունն է՝ ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի:

 

Շաբաթվա ընթացքում լայն քննարկման արժանացած խնդիրներից մեկն էլ Հայաստանի տարածքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի չդադարող հավակնություններն են: Ինչպես եւ սպասվում էր, Արցախի հանձնմամբ՝ Բաքվի միապետի զավթողական մոլուցքը չի մարել, կրկին պատերազմի սպառնալիքներ է տեղում: Հիմա էլ Ալիեւն ու Էրդողանը ՀՀ-ի տարածքների վրա են աչք դրել՝ «Զանգեզուրի միջանցք», Տիգրանաշեն, եւս 7 անկլավ Տավուշի մարզից եւ այլն: Հայաստանում շատերն են հասկանում, որ Ալիեւը նոր գրոհի է պատրաստվում, եւ հիմնական թիրախը երկուսն են՝ հարավում Սյունիքը, հյուսիսարեւելյան հատվածում՝ Տավուշը:

Թշնամու վերահաս ներխուժման վտանգի մասին խոսում են ոչ միայն ընդդիմադիր գործիչներն ու անկախ փորձագետները, այլեւ իշխանության ներկայացուցիչները: ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծումը «շաբաթների հարց է»: Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո, ըստ նրա, թշնամու զինված ագրեսիայի հավանականությունը կտրուկ բարձրացել է: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Բալայանն ասել է Brussels Signal-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ միջազգային իրավունքը հարգելու՝ Ադրբեջանի խոստումները սին խոսքեր են:

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ընդգծել է հայ դիվանագետը եւ հավելել. «Հիմնական խնդիրն այն է, որ նախագահ Իլհամ Ալիեւն իր էքսպանսիոնիստական ծրագրերի համար մինչեւ հիմա չի առերեսվել որեւէ կոնկրետ հետեւանքի»: Նա միաժամանակ բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված որեւէ նկրտում չունի՝ մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ:

Իրականում Ալիեւը մտադիր է ավելին պոկել, քանի որ իր աստեղային ժամն է: Վերջերս Թուրքիայի նախագահի հետ Շուշիում հանդիպման ժամանակ նա որերորդ անգամ հայտարարեց, որ «Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է»: Դեմը թուլամորթ Փաշինյանի փոխարեն կարգին ղեկավար լիներ՝ կբռներ վզակոթից, կտաներ Սյունիք, մի քան բուռ հող կկերցներ, կկշտացներ եւ քամակին երկու աքացի խփելով, կուղարկեր ետ՝ զգուշացնելով մյուս անգամ այս կողմերում չերեւալ:

 

Հոկտեմբերի 10-ին Երեւանի ավագանու առաջին նիստում «Քաղպայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընտրվեց Երեւանի քաղաքապետ, թեպետ ընտրություններում նրան առաջադրած քաղաքական ուժը քվեների մեկ երրորդն էլ չէր ստացել։ Նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Հանրային ձայն» կուսակցությունները։ Նիստը բոյկոտել էին «Ազգային առաջընթաց»-ը եւ «Մայր Հայաստան»-ը, որոնց «բաժին» էր հասել համապատասխանաբար 14 եւ 12 մանդատ:

Եվ այսպես՝ նիստը կայացավ, եւ Երեւանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը, որն իր ընտրությամբ պարտական է Դոգ մականունով Վարդան Ղուկասյանին: Աննշան մի վերապահմամբ կարելի է ասել, որ Ավինյանին հենց Դոգը դարձրեց քաղաքապետ: Բանն այն է, որ ՔՊ-ի եւ նրան միացած «Հանրապետություն» կուսակցության ձայները բավարար չէին ավագանու առաջին նիստում քվորում ապահովելու համար: Ուստիեւ պահանջվում էր անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Սակայն իրադրությունը «փրկեց» Դոգի գլխավորած «Հանրային ձայն»-ը՝ իր ստացած 7 մանդատից 5-ը «ներդնելով» Ավինյանի ընտրության գործի մեջ: Կամ՝ կամ գործարքի:

«Հանրային ձայն»-ը այն կառույցներից է, որ ընտրություններից առաջ, սովորաբար, իշխանությունը հատուկ նպատակով ստեղծում է որպես «մեկանգամյա օգտագործման» գործիք: Ընտրությունների արդյունքում ինքն իրենից զարմացած, բայցեւ իշխանություն-ընդդիմություն ճամբարների միջեւ իր կարեւորությունը գիտակցող «Հանրային ձայն»-ը մի կարճ ժամանակ փորձեց իրեն «ծանրացնել», խաղեր տվեց երկուսի արանքում՝ հայտնելով, որ կմիանա կողմերից նրա հետ, ով քաղաքապետարանում իր թիմին կհատկացնի վերահսկողական բոլոր գործառույթները: Այսինքն՝ «ամենայուղոտ պատառը»:

Եվ քանի որ ընդդիմադիր «Մայր Հայաստանը» եւ Մարությանի «Ազգային առաջընթացը» համաձայնվել էին մայրաքաղաքում ստացած իշխանությունը ծառայեցնել Հայաստանում ամբողջական իշխանափոխության նպատակին, պաշտոնների վերաբաժանման հարցով ամենաքիչն էին հետաքրքրված: Համենայն դեպս՝ այդպես էին ցույց տալիս: Եվ կատարվեց այն, ինչը պիտի կատարվեր՝ Ավինյանը դարձավ… Դոգի քաղաքապետը եւ կանի այն, ինչ նա կասի՝ «Ասե՛ք, անե՛նք» սկզբունքով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին հեռախոսով քննարկել են ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր. այս մասին հաղորդել է Հայաստանի վարչապետի գրասենյակը։ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով: Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը նշում էր ծննդյան 71-ամյակը:

«Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հոկտեմբերի 12-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներին իր ելույթն այսպես սկսեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ 9 ամիս առաջ դարձյալ այս ամբիոնից արդեն նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը այդպիսի ծրագիր է իրագործում։ «Հազարամյակներ շարունակ ԼՂ-ում ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում հայազգի մարդիկ գրեթե չկան, եթե սա էթնիկ զտում չէ, տիկին նախագահ, ապա ես չգիտեմ՝ ո՞րն է էթնիկ զտումը»,- շեշտել է Կիրակոսյանը:

Հայազգի լեգենդար նախկին ֆուտբոլիստ եւ վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պարգեւատրվել է Լեւ Յաշինի անվան մեդալով։ Հոկտեմբերի 12-ին Սիմոնյանը դարձավ 97 տարեկան։ Նա 1949-1959 թվականներին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ում եւ իր խփած 160 գոլով ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։ Նիկիտա Սիմոնյանը 1973 թվականին Երեւանի «Արարատ»-ի մարզիչն էր, երբ «Արարատ»-ը դարձավ նախկին ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարեւորվել է դրա շարունակականությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանության հետեւանքով առկա հումանիտար իրավիճակին:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 11-ին այցելել է Սյունիքի մարզ։ Ըստ Սյունիքի մարզպետարանի՝ Կոպիրկինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկել է «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ կապված, հումանիտար խնդիրների լուծման ու մի շարք այլ հարցեր»: Նույն օր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին էլ այցելել էր Արարատի մարզ։ Նա եղել է մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում, քննարկել ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Դեսպանը նաեւ հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված եւ իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.