Tuesday, 26 November 2024

W Weekly Update

15-22 հոկտեմբերի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները, դասախոսները քայլերթեր ու բողոքի այլ գործողություններ էին իրականացնում Երեւանի փողոցներում եւ Հանրապետության հրապարակում՝ իրենց դժգոհությունը հայտնելով մի քանի բուհեր միավորելու՝ ՀՀ կառավարության որոշման դեմ։ «Բրյուսովի ուսանողը հաղթելու է», «Պահանջում ենք արդարություն», «Մենք չենք ձուլվելու»՝ վանկարկում էին ցուցարարները։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը լրագրողների հետ զրույցում նկատում է, որ իրենց բուհը բարձր նշաձող է համալսարանական շարժման մեջ։ «Բրյուսովը բենդ է, եւ բրենդ է նաեւ համալսարանական շարժման համար»,- ասում է Հակոբջանյանը՝ հավելելով, որ համալսարանի կրթության միջավայրը բարեբեր ու նորարար է, այն չի կարելի խաթարել: Օտար լեզուների դասագրքերի 80-90 տոկոսի հեղինակները, ըստ նրա, Բրյուսովի դասախոսներն են։

 

Մեկնաբանությունը

Բուհերի խոշորացման վերաբերյալ գործադիրի որոշման նախագիծը, որը պատշաճ կերպով չի դրվել հանրային քննարկման, ենթադրում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմում Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական պետական համալսարանի (կարճ՝ Բրյուսով) եւ Հայաստանի ֆիզկուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտի միավորում: Կրթության ոլորտում շուրջ 90 տարվա արգասավոր ուղի անցած եւ միջազգայնորեն որոշակի ճանաչում ձեռք բերած Բրյուսովի համալսարանը չի բարձրաձայնում, սակայն ակներեւ է, որ վիրավորվածության ներքին զգացողություն ունի այլ բուհի կցորդի իր ապագա կարգավիճակի համար:

Բայց խնդիրը միայն վիրավորվածությունը չէ: Անարդար է, որ վարկանիշային սանդղակում հայաստանյան 16 բուհերի եռյակում գտնվող եւ բարձր պահանջարկ ու հեղինակություն վայելող Բրյուսովը, ի դեպ՝ Հայաստանի ամենալավ ապագա հարսնացուների կրթօջախը, ինչով էլ Երեւանի խորհրդանիշներից մեկն է, միացվում է Մանկավարժականին՝ վերջինիս հետ չունենալով մասնագիտական «լիարյուն հարազատություն». Բրյուսովը ինքնավար ու ինքնաբավ, բազմաֆունկցիոնալ, լավ ավանդույթներ եւ միջազգային լայն կապեր ունեցող կրթական հաստատություն է, որի ամենամյա շրջանավարտների թվում մանկավարժի որակավորում ստացողներն ընդամենը 15 տոկոս են կազմում:

Համալսարանում գործող 4 ֆակուլտետներն են՝ «Թարգմանություն եւ միջմշակութային հաղորդակցություն», «Կրթություն եւ մասնագիտական մանկավարժություն», «Ռուսաց եւ օտար լեզուներ», «Սոցիալական գիտություններ եւ սերվիս»։ Ուսուցումն իրականացվում է կրթության եռաստիճան համակարգով՝ բակալավրի որակավորում ստացողները դառնում են լեզվաբանության, բանասիրության, սերվիսի, մասնագիտական մանկավարժության, քաղաքագիտության, լրագրության ոլորտի բարձրակարգ մասնագետներ, իսկ մագիստրոսի որակավորում ստացողները մասնագիտական իրենց գործունեությունը ծավալում են լեզվաբանության, բանասիրության, քաղաքագիտության, լրագրության, սերվիսի, հանրային կառավարման, թարգմանչության, եվրոպագիտության, միջազգային հարաբերությունների եւ այլ ոլորտներում:

Այն մասին, որ «դամոկլյան սուր» է կախվել Բրյուսովի գլխին, բուհի չորսուկես հազար ուսանողները եւ 700-հոգանոց պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմերը տեղեկացան ցույցի դուրս գալուց 2 օր առաջ, ինչը ցնցակաթված էր բոլորի համար: ԿԳՄՍ նախարարությունը գաղտագողի, առանց բուհի ղեկավարության ու ուսանողության կարծիքը հաշվի առնելու, պատրաստել է «երկուսը մեկում» միավորման նախագիծը եւ ներկայացրել Կառավարության հաստատմանը: Միայն դրանից հետո տհաճ անակնկալը մատուցվել է հասցեատերերին: «Մենք թույլ չենք, որ համալսարանն այդպես ողբերգական ավարտ ունենա իր փայլուն պատմությունից հետո»,- բուհի միավորմանը նվիրված քննարկման ժամանակ նշել է Համաշխարհային գրականության եւ մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը։

Բուհական կրթության համակարգում նախատեսված բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները միացման ձեւով վերակազմավորելու մասին վաղուց էր խոսվում: Միաժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մակարդակով շրջանառվում էր Աշտարակում ակադեմիական քաղաք հիմնելու եւ երեւանյան բուհերն այնտեղ տեղափոխելու մի գաղափար, որը, մեղմ ասած, այնքան էլ ոլորտի մասնագետների սրտովը չէր: Նրանք համոզմունք էին հայտնում, որ բուհերի թե՛ արհեստական միավորումը, թե՛ տեղափոխությունը ինքնին չեն կարող ուսման որակի առումով որեւէ դրական փոփոխություն բերել:

Իրական բարեփոխումների հիմքը կրթության ոլորտում ընդհանրապես, եւ բարձրագույն հաստատություններում՝ մասնավորապես, ուսուցման արդիական տեխնոլոգիաների ու առաջադիմական փորձի ներդրումն է, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, ուսումնական ծրագրերի բարեփոխումը եւ, անշուշտ, ինչպես ընդունված է ասել՝ «խելացի» դասագիրքը: Բայց կատարելության հասնելու ձեւերն ու միջոցներն այսքանով չեն ավարտվում. դրանք անսահմանափակ են, ուղղակի պետք է կարողանալ աշխատել ժամանակի հրամայականին համընթաց՝ մեթոդական երաշխիքներ մշակող գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցաբար:

Բրյուսովցիների բողոքի գործողությունների ընթացքում ամենաշատ հնչող հարցը, որի պատասխանը կամ չտրվեց, կամ լղոզվեց պաշտոնյաների բառակույտերի վայրիվարո խճճվածքում, հետեւյալն է. ի՞նչ խնդիր է ուզում լուծել Կառավարությունը միավորման այս ձեռնարկով: Մարդիկ ընթերցում, վերընթերցում են նախագծի «հիմնավորում» ենթաբաժինը, սակայն որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն գտնում, եւ սկիզբ են առնում վարկածները՝ «շենքեր են ազատում իրենց «սրտի» օլիգարխներին էժան գներով հատկացնելու համար». «դիտավորյալ փլուզում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգը». «իշխող ՔՊ-ն կողմնակիցների պակաս ունի, հետեւաբար խոշորացումների է գնում». «հաջորդը պոլիկլինիկաներն են լինելու» եւ այլն:

Է, ով իմանա, միգուցե իրական պատճառը հենց այս վարկածներից մե՞կն է: Բայց թե որ մեկը՝ դժվար է ասել. դա ցույց կտա ժամանակը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 20-21-ը Երեւանում էին ԵԱՏՄ անդամ մյուս 4 պետությունների՝ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի վարչապետները, որոնք հոկտեմբերի 20-ին մասնակցեցին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով, իսկ հաջորդ օրը՝ ընդլայնված կազմով հանդիպմանը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է համաշխարհային տնտեսական անկայուն իրավիճակում ավելի հստակ, համակարգված աշխատանքի անհրաժեշտության մասին։ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հոկտեմբերի 17-ին երկօրյա այցով Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Նախագահ Դեյվիդ Փրայսին ուղեկցում էին Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեւինը: Այցի երկրորդ օրը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ Փրայսի մամուլի ասուլիսը: Ամերիկացի կոնգրեսականներին ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ դնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան, որտեղ իր պաշտոնակցի՝ Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես, շրջել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Իրանական կողմը դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը. այս մասին հայտարարել է հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ: Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, հայտարարել է, որ առաջընթացի հիմնական խոչընդոտը «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է եւ ՀՀ-ի հետ փոխադարձ լուծումների գնալու դժկամությունը»:

ԵԽԽՎ 47 պատգամավորներ համատեղ գրավոր հայտարարությամբ հոկտեմբերի 19-ին պահանջել են ադրբեջանական զինուժի անհապաղ եւ անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ բոլոր ռազմագերիների ու գերեվարված անձանց անհապաղ հայրենադարձում։ «Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերում՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Կան խոշտանգումների սարսափելի փաստեր, գերի ընկած եւ մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի ապացույցներ»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու ահազանգի մասին տվյալները Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե. այս մասին հոկտեմբերի 18-ին ԶԼՄ-ներին փոխանցել են իրավապահները։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանն արդեն դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Նա պնդում է՝ այդ օրն առավոտյան իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել է իր վրա, հայհոյել ու սկսել հարվածել։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն գցել են գետնին ու հիմնականում գլխին հարվածել, հետո հեռացել են։ Ղազարյանն ասում է, որ հարձակվողները որեւէ պահանջ իրեն չեն ներկայացրել, ու պնդում է՝ հարձակումն իր քաղաքական գործունեության պատճառով է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.