Monday, 25 November 2024

W Weekly Update

28 հոկտեմբերի - 4 նոյեմբերի 2023թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նախորդ տարվանից ՀՀ-ում ներդրված Ոստիկանության պարեկային ծառայությունը, որը Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությունն է եւ, կարելի է ասել, նրա հպարտության առարկան, արդեն հասանելի է Հայաստանի բոլոր մարզերում: Հոկտեմբերի 28-ին գործադիրի ղեկավարը Կապանում մասնակցում էր պարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման նորամուտին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ակնհայտ է, որ նման շարքային հավաքի առիթով մասնակիցների ներկայացուցչական պատկառելի կազմ ապահովելու հիմնական նպատակը տվյալ միջոցառմանն առանձնակի շուք ու կարեւորություն տալն է: Եվ այն հանգամանքը, որ կազմակերպիչների նպատակը հենց դա է եղել, երեւում է Փաշինյանի բացման խոսքի առաջին իսկ պարբերությունից. «Ահա տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք: ՀՀ ողջ տարածքում պարեկային ոստիկանությունն այլեւս իրողություն է… սա մի վառ օրինակ է, թե ինչպես են մտքերը ձեւակերպվում, դառնում որոշումներ, ապա իրականացվում եւ արտահայտվում իրական կյանքի մեջ»,- այնպես է պերճախոսել նախկին լրագրողը, ասես Հայաստան աշխարհի վրա երկնային մանանա է թափվել:

Այնուհետեւ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, որոնք աջակցություն են ցուցաբերել Հայաստանում պարեկային ոստիկանության ստեղծմանը եւ սատարել «ոստիկանական բարեփոխումներին»: Խոսքն այն համակարգի մասին է, որը մի հրահանգով կարող է խաղաղ ցույցի մասնակիցներին «փռել ասֆալտին» կամ «բորդյուր» կերցնել, իսկ Եռաբլուրում քաշքշել, բերման ենթարկել զոհված զինծառայողների սեւազգեստ մայրերին: Վերջում էլ փարիսեցիաբար հայտարարել, թե «բարեփոխումների թիվ մեկ նպատակը ՀՀ քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը եւ ազատությունը պաշտպանելն է»: Այնինչ՝ եթե այս երկրում կա «թիվ մեկ նպատակ», ապա դա իշխող ՔՊ-ի առաջնորդի աթոռն անառիկ պահելն է:

Գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհի «ամենաոստիկանացված» պետությունների շարքում է, որտեղ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով միջինում 1.000 ոստիկան է «հասնում», այսինքն՝ եռապատիկ-քառապատիկ ավելի, քան, ասենք, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ԵՄ երկրներում: Եվ բնավ պետք չէ զարմանալ, որ բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ կառավարության շենքի մուտքերը 5-6 շարքով ոստիկանական օղակի մեջ են առնվում: Անգամներով բարձր են նաեւ համակարգի ծառայողների վարձատրության չափերը՝ եթե համեմատենք, օրինակ, սահմանապահ պայմանագրայիների հետ, որոնց աշխատանքը շատ ավելի ծանր ու վտանգաշատ է:

Ուշագրավ եւս մեկ հանգամանք. ոստիկանների թվի եւ նրանց ֆինանսավորման աճին զուգահեռ՝ աճում է հանցագործությունների, վթարների, հակոտնյա այլ երեւույթների թիվը, թեեւ պետք է հակառակը լիներ: Պատճառը հասկանալի է՝ ոստիկանության հիմնական գործառույթը ՀՀ-ում ոչ թե հանցագործությունների կանխումն ու բացահայտումն է, այլ իշխող վարչակարգի հարատեւության պահպանումը եւ նրա դեմ բողոքի, դժգոհության ցանկացած դրսեւորման կանխումը: Այստեղ արդեն ոստիկանության բարեվարքության, արհեստավարժության, գրագիտության, դաստիարակության մասին խոսելն իսկ ավելորդ է: Տվյալ դեպքում պարզապես գործ ունենք ոստիկանական լիազորություններով օժտված հրոսակախմբի հետ:

 

Դատաիրավական համակարգում տիրող ամենաթողության, հակաիրավական բարքերի մասին էր ահազանգում նաեւ ՀՀ փաստաբանական հանրությունը հոկտեմբերի 31-ին հրավիրված ճեպազրույցում: Առիթն այս անգամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերին Հանրապետության հրապարակ դուրս եկած ցուցարարներն էին, որոնց իրավապահները ցայսօր կալանքի տակ են պահում՝ չխնայելով անգամ անչափահասներին: 16-ամյա Սամվել Միրզոյանը անազատության մեջ է հոկտեմբերի 18-ից: Միակողմանի ծնողազուրկ արցախցի տղան մեղադրվում է «զանգվածային անկարգություններին մասնակցելու համար»: Իրեն առաջադրված մեղքը նա չի ընդունում:

«Զանգվածային անկարգություններ» ասվածը, թերեւս, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցն է: Այն վարչապետի, որը գրչի մի հարվածով արցախցի այդ պատանուց ու նրա տասնյակ հազարավոր սերնդակիցներից խլել է ամեն ինչ՝ տունուտեղը, հայրենիքը, ապագան, արժանապատվությունը: Փաստաբանի խոսքով՝ տղան առողջական խնդիր ունի, որը դատարանը հաշվի չի առել, մերժվել է նաեւ տնային կալանք տալու միջնորդությունը: Փոխարենը, ըստ փաստաբան Աբգար Պողոսյանի, դատավորն ընտրել է անչափահասի համար նախատեսված ամենախիստ միջոցը՝ մեկամսյա կալանքը՝ համարելով, որ «մեղադրյալը կարող է ազդել գործով անցնող անձանց վրա»։

Իրավիճակի ամբողջ զավեշտականությունն այն է, որ «գործով անցնող անձինք» հիմնականում ոստիկաններ են… մի՞թե մեր իրավական համակարգի ծառայողներն այնքան անճարակ են, որ կարող են տեղի տալ անչափահաս մի տղայի ճնշումներին։ Բայց գանք հաջորդ զավեշտին: Սամվելին ներկայացված մեղադրականում նշվում է, որ, իբր, «ֆիզիկական բռնություն է կիրառել», բայց չի հստակեցվում, թե ում նկատմամբ։ Որպես ապացույց բերված տեսանյութերում եւս հարցի պատասխանը չկա, փաստաբանը դրանք ուշի-ուշով ուսումնասիրել է, բայց Սամվելին որեւէ դրվագում չի գտել։ Մնում է առանց սխալվելու մտավախության՝ միանշանակ պնդել, որ սա քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ վարույթների շարքից է:

Իշխանությունների հիմնական խնդիրը, որին հավատարմորեն ծառայում է Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն, հանրահավաքներից հնարավորինս շատ ցուցարարներ կալանավորելն ու դրանով վախի մթնոլորտ ստեղծելն է: Սեպտեմբերյան հանրահավաքների մասնակիցների, հետեւաբար եւ կալանավորվածների մեծ մասը երիտասարդներ են, որոնց ինքնությունը տակավին ձեւավորման փուլում է, եւ կալանքի տակ մնալը, հոգեվերլուծաբանների գնահատմամբ, կարող է խորը հետքեր թողնել նրանց արժեքային համակարգի վրա: «Ազատությունից զրկելու միջոցով մարդուն հնարավոր է թե՛ որոշակիորեն կոտրել, թե՛ որոշակիորեն մերձեցնել քրեական ենթամշակույթին»,- զգուշացնում է փորձագետ Զարուհի Հովհաննիսյանը:

Նա հիշեցնում է, որ 2022-ից օրենքը փոխվել է, եւ իրավապահները կարող են որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Ավարտին մոտ՝ մի փոքր վիճակագրություն. սեպտեմբերյան իրադարձությունների առնչությամբ հարուցվել է 35 գործ, կա 5 տասնյակի չափ մեղադրյալ, որից 31-ը կալանքի տակ են: Այդ թվում՝ երկու անչափահաս երեխայի մայր, ի դեպ, դարձյալ արցախցի Տաթեւիկ Վիրաբյանը, որը նմանապես մեղադրվում է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ «անկարգություններին մասնակցելու համար»։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը՝ մեջբերելով օրենքի հատկանիշները, հստակեցնում է, որ իր պաշտպանյալի գործողություններում որեւէ հանցակազմ չկա:

Ապացույց հանդիսացող տեսանյութում պարզ երեւում է, որ Տաթեւիկը ջրով լի շիշը փոխանցում է մեկին, ինչն էլ իրավապահները բնութագրել են որպես շիշ նետելու արարք: Շեքսպիրը կնախանձեր մեր իրավապահների երեւակայությանը…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի հարցով փակ քննարկում՝ մասնակցությամբ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ Արցախի Ազգային ժողովի պատգամավորների։ Հանդիպմանը ներկա էին նաեւ հասարակական-քաղաքական գործիչներ Արցախից ու Հայաստանից։ Հանդիպման ժամանելիս՝ Շահրամանյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։ Ընթացքում փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «ոչ մի նշանակովի պաշտոնյա չի կարող լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը»:

Չինաստան այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը եւ լիագումար նիստին՝ հայտնում են ՊՆ-ից։ Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմկուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում գործակցությանը եւ դրա զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը:

Երկուշաբթի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, փոխվարչապետն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպեսեւ ԵՄ տնտեսական ու ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականների կարճաժամկետ եւ միջնաժամկետ կարիքները:

Այս տարվա 9 ամիսներին հանցագործությունների դեպքերն աճել են 12.1%-ով կամ 3.193 դեպքով: Եթե 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանցագործությունների թիվը 26 հազար 489 էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 29 հազար 682 է: Հանցագործությունների աճը պայմանավորված է թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի զենքի եւ կաշառակերության դեպքերի բացահայտմամբ: ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյան հոկտեմբերի 30-ին խորհրդարանում տեղեկացրեց, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 2.294-ով, կաշառակերության դեպքերը՝ 295-ով:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մշտադիտարկման գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան,- ասված է ԵԽԽՎ հաղորդագրությունում: Երեւանում Վեհաժողովի ֆինն եւ շվեդ համազեկուցողները կհանդիպեն Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, Արդարադատության եւ ՆԳ նախարարներ Գրիգոր Մինասյանի եւ Վահե Ղազարյանի, Ազգային ժողովի պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Համազեկուցողները կմեկնեն նաեւ Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների եւ Լ Ղ-ից բռնի տեղահանված փախստականների հետ:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն հեռացել էր ադրբեջանական վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ «Դժվար է հասկանալ, թե որն էր նման առաքելության նպատակը», - նշված է ինստիտուտի՝ հոկտեմբերի 29-ին տարածած հաղորդագրության մեջ։ Կառույցը կոչ է անում ՄԱԿ-ին՝ նախապատրաստել համապատասխան առաքելություն դեպի Արցախ, որը կներառի միջազգային թիմի անդամներ հակամարտության հանդեպ չեզոք երկրներից՝ տեղում ընթացիկ իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.